Նիկոլա Բուալո

ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia

Նիկոլա Բուալո

Նիկոլա Բուալո-Դեպրեո (ֆր.՝ Nicolas Boileau-Despréaux, նոյեմբերի 1, 1636(1636-11-01)[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 13, 1711(1711-03-13)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ, քննադատ, կլասիցիզմի տեսաբան։ «Քերթողական արվեստ» պոեմում շարադրել է բանաստեղծական օրենքներն ու կարծրատիպերը։

Արագ փաստեր Նիկոլա Բուալոֆր.՝ Nicolas Boileau, Ծնվել է ...
Փակել

Կյանքը և ստեղծագործությունը

Նիկոլա Բուալոն ծնվել է խորհրդարանի քարտուղարի ընտանիքում[7]։ Ստացել է դասական փայլուն կրթություն, սովորել իրավաբանություն և աստվածաբանություն, սակայն հետո նվիրվել է գեղարվեստական խոսքին։ Այս բնագավառում նա ձեռք է բերել ճանաչում` շնորհիվ «Սատիրներ» ստեղծագործության (1660)։

1677 թվականին Լյուդովիկոս XIV-ը նրան Ժան Ռասինի հետ նշանակել է պալատական պատմագիր` պահպանելով իր դիրքը Բուալոյի նկատմամբ` չնայած նրա սատիրայի համարձակությանը։

Բուալոյի լավագույն սատիրներից են ութերորդը («Sur l’homme») և իններորդը («À mon esprit»): Բացի այդ` նա գրել է շատ ուղերձներ, օդաներ, էպիգրամներ։

Մահացել է 1711 թվականի մարտի 13-ին Փարիզում։

«Քերթողական արվեստ»

Thumb
Նիկոլա Բուալո, «Քերթողական արվեստ», 1674

Բուալոյի ամենանշանակալից աշխատոթյունը «Քերթողական արվեստ» (ֆր.՝ «L’art poétique») պոեմ-տրակտատն է, որ բաղկացած է չորս երգից։ Այն կլասիցիզմի տեսության գեղագիտական ամփոփումն է։ Բուալոն այն համոզմունքն ունի, որ պոեզիայում, ինչպես կյանքի մնացած այլ ոլորտներում, ամենից վեր պետք է դասվեն առողջ միտքն ու բանականությունը (bon sens), որին պիտի ենթարկվեն երևակայությունն ու զգացմունքը։ Ինչպես ձևով, այնպես էլ բովանդակությամբ բանաստեղծությունը պետք է հասկանալի լինի բոլորին, սակայն թեթևությունն ու հասանելի լինելը չպետք է դառնան գռեհիկ ու ստոր։ Ոճը պետք է լինի բարձր, շքեղ, սակայն միևնույն ժամանակ` պարզ և զերծ ճոռոմ արտահայտություններից։

Բուալոյի ազդեցությունը

Որպես քննադատ` Բուալոն մեծ հեղինակություն է վայելել` մեծ ազդեցություն գործելով 18-րդ դարի ողջ պոեզիայի վրա, մինչև կլասիցիզմին փոխարինելու եկավ ռոմանտիզմը։ Նա քննադատում էր ժամանակի հեղինակավոր մարդկանց` ծաղրի ենթարկելով սեթևեթանքը, սենտիմենտալությունը, երկերեսանիությունը, շինծու լինելը, մատնանշելով ժամանակի ֆրանսիական պոեզիայի, հատկապես Ռասինի, Մոլիերի գործերը։ Իր «Քերթողական արվեստում» նա թելադրում է գեղարվեստի ճաշակ, որ երկար ժամանակ պարտադիր պայման էր ֆրանսիական գրականության մեջ («Պառնասի օրենսդիր»)։

Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչները ևս կրել են Բուալոյի ազդեցությունը` հավատարիմ մնալով նրա հռչակած սկզբունքներին։

«Անալոգիոն»

Իր «Անալոգիոն» («Le Lutrin») երգիծական պոեմում Բուալոն ցանկանում էր ցույց տալ, թե որն է իսկական կոմիզմը` իր հակակրանքն արտահայտելով ժամանակի կենցաղային գռեհիկ գրականության նկատմամբ, որ բավարարում էր մեծ թվով ընթերցողների ճաշակը։ Ներառելով ծիծաղաշարժ որոշ դրվագներ` պոեմը, սակայն, զուրկ է իրական, կենդանի հումորից և առանձնանում է ձանձրալի երկարաբանություններով։

Բուալոն և հնի ու նորի բանավեճը

Արդեն հասուն տարիքում Բուալոն ներքաշվեց հնի և նորի համեմատական արժանիքների մասին ժամանակին մեծ տարածում գտած վեճի մեջ։ Որոշ բանախոսների համար անառարկելի փաստ էր անտիկ գրողների նկատմամբ ֆրանսիացի ժամանակակից բանաստեղծների գերազանցությունը, ովքեր կարողացել էին լավագույնս միավորել անտիկ ձևերի գեղեցկությունը բովանդակության արդի բարոյախոսության հետ։ Մյուս կողմը, սակայն, պնդում էր, որ ֆրանսիացի ժամանակակից գրողները երբեք չեն գերազանցի անտիկ դարաշրջանի մեծ ուսուցիչներին։ Իր մեկնաբանությունները կցելով Կասիոս Լոնգինի ստեղծագործությունների հրատարակությանը` Բուալոն հանդես եկավ որպես անտիկ դասականների ջերմ ջատագով[8]։ Սակայն պաշտպանությունը սպասելի արդյունքի չհանգեցրեց, և ֆրանսիական հասարակությունը շարունակեց հենց իրեն` Բուալոյին, գերադասել Հորացիոսից։

Բուալոն և մյուս կլասիցիստները

Բուալոյի անունը մի շարքում է դասվում Ռասինի և Մոլիերի անունների հետ, որոնց հետ նրան միավորում էր ամուր բարեկամությունը։ Բուալոն երբեք նախանձի զգացմունք չի դրսևորել իր նշանավոր ժամանակակիցների հանդեպ, ընդհակառակը, նա առաջինն է պաշտպանել Ռասինին «Ֆեդրայի» նկատմամբ հնչած քննադատություններից։ Նույն աջակցությունն է դրսևորել Մոլիերի նկատմամբ` հասկանալով այդ երկու խոշոր գրողների առավելություններն ու գիտակցելով նրանց արժանիքները արդեն մոռացված բանաստեղծների հանդեպ։

Բուալոն և կանայք

Տասներկուամյա տարիքում Բուալոյին վիրահատել են երիկամային անբավարարությունից, ինչի հետևանքով նա դարձել է իմպոտենտ։ Հենց այդ հանգամանքով է հաճախ բացատրվել, ջերմ զգացմունքների, երանգների բացակայությունը նրա պոեզիայում, այնտեղ հանդիպող քննադատությունը կանանց ու սիրո նկատմամբ, նրա չոր, զուսպ ոճը։

Երկեր

  • «Սատիրներ» (Satires, 1660—1668).
  • «Ուղերձներ» (Épîtres, 1669—1695)
  • «Քերթողական արվեստ» (Art poétique, 1674)
  • «Տրակտատ բարձրագույնի մասին» (Կասիոս Լոնգինի երկերի թարգմանություն, Traité du sublime, 1674)
  • «Անալոգիոն» (Le Lutrin, 1674—1683)
  • «Երկխոսություն վեպի հերոսների մասին» (Dialogue sur les héros de roman, 1688)
  • «Լոնգինի քննադատական վերլուծություն» (Réflexions critiques sur Longin, 1694—1710)
  • «Շառլ Պերոյի նամակները» (Lettres à Charles Perrault, 1700)

Ծանոթագրություններ

Տես նաև

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.