ավստրիացի գրող, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ռայներ Մարիա Ռիլկե (գերմ.՝ Rainer Maria Rilke, լրիվ անունը. René Karl Wilhelm Johann Josef Maria Rilke - Ռենե Կառլ Վիլհելմ Յոհան Յոզեֆ Մարիա Ռիլկե, դեկտեմբերի 4, 1875[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - դեկտեմբերի 29, 1926[4][7][1][…], Մոնտյո, Շվեյցարիա[5]), 20-րդ դարի գերմանալեզու ամենաազդեցիկ բանաստեղծ-մոդեռնիստներից։ Գրել է նաև պատմվածքներ, վեպ և մշակույթին ու արվեստին նվիրված հոդվածներ։ Ֆրանսերենից և այլ լեզուներից կատարել է բազմաթիվ թարգմանություններ։ Նրա ժառանգության կարևորագույն մի մասը ծավալուն նամակագրությունն է։
Ռայներ Մարիա Ռիլկե Rainer Maria Rilke | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ René Karl Wilhelm Johann Josef Maria Rilke |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5][6] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1926[4][7][1][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտյո, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Raron[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և վիպասան |
Լեզու | գերմաներեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Գերմանիա, Ավստրիա և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Կարլ Ֆերդինանդ համալսարան[9] և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Ժանրեր | Dinggedicht? և արձակ |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը, Դուինյան էլեգիաներ, Սոնետներ Օրփեոսին, Worpswede? և The carousel? |
Ամուսին | Կլարա Վեստհոֆ[10][11][12][…] |
Համատեղ ապրող | Կլեր Գոլ, Բալադինե Կլոսովսկա, Լու Անդրեաս-Սալոմե և Nimet Eloui? |
Զավակներ | Ռութ Սիբեր-Ռիլկե |
Ազգականներ | Յարոսլավ ֆոն Ռիլկե |
Կայք | rilke.de |
Rainer Maria Rilke Վիքիպահեստում |
Ռիլկեն ծնվել է 1875 թ.-ի դեկտեմբերի 4-ին, Պրահայում, որը այն ժամանակ ողջ Բոհեմիայի հետ մտնում էր Ավստրիա-Հունգարիայի մեջ։ Հայրը՝ Յոզեֆ Ռիլկեն (1838-1906), երկաթուղային ծառայող էր։ Մայրը՝ Սոփի Էնցը (1851-1931), հավակնոտ և պատվախնդիր մի կին, սերում էր պրահյան ֆաբրիկանտների բարեկեցիկ ընտանիքից։ Իր երազած կյանքը նա ամուսնության մեջ չգտավ։ Ռիլկեն ընտանիքի առաջին որդին էր։ 1884 թ.-ին Ռիլկե ամուսիններն ամուսնալուծվում են։ Տղան մնում է հոր մետ։ Մոր և որդու հարաբերությունները մշտապես մնում են լարված։
Ծնողները վաղ մանկությունից բանաստեղծական և նկարչական ընդունակություններ հանդես բերած իրենց որդուն 1885 թ.-ին ուղարկում են սբ. Պյոլտենի զինվորական ռեալական դպրոց՝ նրան պատրաստելով սպայական կարիերայի։ Զինվորական դպրոցի բարքերը ծանր ազդեցություն են ունենում պատանու նուրբ ներաշխարհի վրա։ 1891 թ.-ին առողջության պատճառով թողնում է այդ դպրոցը։ Լինցում հաճախում է առևտրի ակադեմիա, որը նույնպես շուտով թողնում է։ 1895 թվականից սկսում է գրականություն, արվեստի պատմություն և փիլիսոփայություն ուսանել Պրահայում, իսկ 1869 թ.-ից իրավագիտություն ուսանելու նպատակով մեկնում է Մյունխեն։
1897 թ.-ին Մյունխենում հանդիպում է ինտելեկտուալ մեծ կարողությունների տեր Լու Անդրեաս-Սալոմեին, որը նրա անձնական և ստեղծագործական կյանքում իր որոշակի դերն ունի։ Վերջինս Նիցշեի աշակերտուհին էր, ում հանգուցյալ փիլիսոփան ամուսնության առաջարկ էր արել, իսկ 1912/13 թթ. Զիգմունդ Ֆրոյդի ընթերական էր։
1897 թ.-ին տեղափոխվում է Բեռլին։ Այստեղ ծանոթանում է Ստեֆան (կամ Շտեֆան) Գեորգեի բանաստեղծություններին։ 1897 թ.-ին իր առաջին ճանապարհորդությունն է կատարում Իտալիայում։ Այնուհետև, հաջորդ երկու տարիներին Անդրեա ամուսինների հետ երկու անգամ այցելում է Ռուսաստան, ուր Մոսկվայում հանդիպում է Լև Տոլստոյին, նկարիչներ Իլյա Ռեպինին ու Լեոնիդ Պաստեռնակին՝ Բորիս Պաստեռնակի հորը։ Ճանապարհորդությունը կրկնվում է նաև 1900 թ.-ին, երբ նա Լուի հետ լինում է Սանկտ-Պետերբուրգում և Վոլգայի շրջանի բնակավայրերում։
1900 թ.-ի աշնանը Վորպսվեդեում հյուրընկալվում է Հայնրիխ Ֆոգելերին, որտեղ հանդիպում է Օտտո Մոդերզոհնին, Պաուլա Մոդերզոհն-Բեքերին, Կառլ Հաուպտմանին և քանդակագործուհի Կլարա Վեստհոֆին։ Հաջորդ տարվա գարնանը Կլարան և Ռիլկեն ամուսնանում են։ 1901 թ.-ին ծնվում է նրանց դուստրը՝ Ռութը (1901-1972), որը հետագայում մեծ ավանդ է ունենում հոր ժառանգության քննական հրատարակությունը կազմելու գործում։ 1902 թ.-ին մեկնում է Փարիզ՝ քանդակագործ Օգյուստ Ռոդենի մասին մենագրություն գրելու նեպատակով։ Կնոջ հետ հարաբերությունները միշտ պահպանվում են, սակայն Ռիլկեն գերադասում է ապրել առանձին, առանց քաղաքացիական պարտավորությունների։ Մշտական ֆինանսական դժվարությունները նրան հաճախ ստիպում են հոնարարային աշխատանքներ կատարել։
Փարիզյան առաջին ժամանակահատվածի դժվարությունները հետագայում կնկարագրվեն Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը միակ վեպում։ Ռիլկեն ինտենսիվ շփվում է փարիզյան ժամանակակից արվեստի ներկայացուցիչների հետ։ Նրան առանձնապես հետաքրքրում են Օգյուստ Ռոդենը և Պոլ Սեզանը։ Փարիզը դառնում է բանաստեղծի մշտական բնակավայրերից։ Մինչև 1906 թ.-ը քարտուղարում է Ռոդենին։ Փարիզյան շրջանի արդյունքը Նոր բանաստեղծություններ (1907) և Նոր բանաստեղծություններ, երկրորդ մաս (1908) ժողովածուներն են, երկու Ռեքվիեմ-ները (1909) և 1904 թ.-ից սկսված Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը վեպը, որը լույս է տեսնում 1910 թ.-ին։
Ռիլկեն արդեն Եվրոպայում հայտնի բանաստեղծ էր, երբ վեպից հետո սկսվում է նրա երկար, գրեթե տասներկու տարի տևած ստեղծագործական ճգնաժամը։ 1912 թ.-ին իր երկրպագու և հովանավորուհի իշխանուհի Մարի ֆոն Թուրն ունդ Տաքսիսին (ի դեպ, նրանն է Ռիլկեին տրված դոկտոր սերովբեական բնութագրական բնորոշումը) պատկանող Դուինո ամրոցում սկսում է Դուինյան էլեգիաները, սակայն դրանք կարողանում է ավարտել միայն 1922 թ.-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվում է Գերմանիա։ Մեծավ մասամբ ապրում է Մյունխենում։ Պատերազմը նրա վրա ծանր տպավորություն է թողնում։ Դա արտահայտված է 1914 թ.-ին գրված Հինգ երգ շարքում։
1919 թ.-ին ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Որևէ տեղ մշտական բնակություն հաստատելու նրա ջանքերը ապարդյուն էին։ Միայն 1921 թ.-ի ամռանն է կարողանում հաստատվել Շատո դե Մուզոյում (Շվեյցարիա, Վալիս կանտոն)։ Ստեղծագործական հանկարծահաս բռնկումով մի քանի շաբաթում ավարտում է Դուինյան էլեգիաներ և Սոնետներ Օրփեոսին շարքերը։
1923 թ.-ից ծագում են առողջական մեծ խնդիրներ, որոնք առողջարանային կյանք են պահանջում։ Վերջին, համեմատաբար երկար կանգառը Փարիզում, որի ժամանակ նրան մեծարում է փարիզյան գրական շրջանակը։ 1923/26 թթ. են վերաբերվում բազմաթիվ առանձին բանաստեղծություններ և ֆրանսերենով գրված քնարական բանաստեղծությունների շրջանը։ Թարգմանում է իր մեծ ժամանակակցի՝ Պոլ Վալերիի բանաստեղծությունները։
Սոսկ կյանքի վերջին ամիսներին է պարզվում Ռիլկեի հիվանդությունը. սպիտակարյունության հազվադեպ և անբուժելի մի տեսակ։ Բանաստեղծն իր մահկանացուն կնքում է Վալմոնտի առողջարանում և 1927 թ.-ի հունվարի 2-ին, իր ցանկության համաձայն, թաղվում է Ռարոնի փոքրիկ եկեղեցու պատի տակ։ Նրա գերեզմանին, իր կտակի համաձայն, փորագրվում են իր իսկ ձեռքով գրված տապանագրի տողերը.
Rose, oh reiner Widerspruch, Lust,
Niemandes Schlaf zu sein unter soviel
Lidern.
Վարդ, օ, մաքուր առարկում,
այդքան կոպերի տակ ոչ մեկի քունը չլինելու
հրճվանք։
Ռիլկեն թողել է հարուստ և ամբողջական ժառանգություն, ինչը 20-րդ դարի բանաստեղծության այն սակավաթիվ երևույթներից է, որը կարելի է համարել ապագայի բանաստեղծություն։ Ռիլկեի Կարուսել բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Եղիշե Չարենցը (հավանաբար ռուսերենից)։
Վաղ շրջանի գործերին են պատկանում Ճանապարհի սպասում, Երազներով պսակազարդ և Ճրագալույց ժողովածուները։ 1897/98 թթ. գրված Ինձ տոնի առթիվ ժողովածուում արդեն զգալի են մարդկային ներաշխարհի դիտարկումները։ 1899 թ.-ին ստեղծվում է Կոռնետ Քրիստոփ Ռիլկեի սիրո և մահվան եղանակը կարճ արձակ գործը։ Ժամագիրքը ժողովածուն (3 մաս, 1899-1903, առաջին հրատարակությունը՝ 1905 թ.-ին) միջնադարյան ավանդական աղոթագիրք է, վաղ շրջանի թերևս բարձրակետը, որում Աստծո և մարդու պանթեիստական և գոյաբանական հարաբերություններն են։ Արտակարգ նրբության են հասցված բանաստեղծությունների ռիթմավորումը և հանգավորումը։ Զգալի են ռիլկեական հռչակավոր աշխարհաներտարածության -„Weltinnenraum“ – սահմանների ուրվագծերը։
Միջին շրջանի երկերից առանձնանում են Նոր բանաստեղծությունները և Մալտե Լաուրիդ Բրիգեի նոթերը վեպը։ Երկուսում էլ հիմնական մեթոդը մարդկային ներաշխարհի և հիմնարար փորձի արծարծումներն են, բայց ոչ միայն ներքինի բանաստեղծական «հետազոտությունները», այլև դրա խորհրդանշական, առարկայական և ենթակայական արտացոլումները՝ վերապրված իրերի մեջ և իրերով։ Իրերը մեր օգնության կարիքն ունեն բանաստեղծական սկզբունքը ձևավորում է բանաստեղծելու մի նոր «մեթոդ», որն իր էութենական կողմերով գերմանական և համաշխարհային բանաստեղծություն է մտցնում իր-բանաստեղծություն հասկացությունը. այն հատկանշվում է նրանով, որ խոսում է ոչ թե իրերի մասին, այլ խոսեցնում է իրերը։ Այդ բանաստեղծության մեջ արտահայտվելու հնարավորություն են ստանում կյանքը, սերը, սարսափելին, քնքուշը, մանկությունը, մահը… Երկիր, ահա, ահա այն, ինչը կամենում ես դու`
անտեսանելի
մեր մեջ վերամարմնավորվել։– Սա չէ՞ քո երազանքը` մի անգամ անտեսանելի լինել։– Երկի՜ր, անտեսանելի՜։ Ի՞նչն է, եթե ոչ կերպարանափոխությունը, քո
խնդիրը անհետաձգելի։
Երկիր, դու սիրելի, ես ուզում եմ։ Օ, հավատա,
հարկավոր չեն
քո գարունները այլևս, որ ինձ նվաճեն,– մեկը, ախ, մի միակ գարունդ ադեն շատ է արյան համար։ Վաղուց ի վեր պատրաստ եմ ես քեզ, առանց
անվանման։
Ճշմարտացի ես դու հավերժորեն, և քո
սրբազան հղացումը
մահն է հուսալի։
(Թրգմ․ Հակոբ Մեվսեսի)
Ուշ շրջանի գործերում (1912/22) Ռիլկեն, իր ողջ էքզիստենցիալ և օնթոլոգիական հարուստ ներկապնակը ի սպաս է դնում կյանքը, նրա ողջ սարսափներով և փլուզումներով հանդերձ, հաստատելու օրփեական մի սկզբունքի, որը վերջին երկու կոթողային շարքերում հասնում է գրեթե տոնական աստվածացման՝ ապոթեոզի։
Այս ամենին պետք է ավելացնել ռիլկեական բացառիկ լեզուն, առոգանությունը, հնչողականությունը, վիբրացիան, պրոսոդիկան։ «... Մեծ քնարերգության այդ աղբյուրը... գրել է մի տող, որը իմ սերունդը չի մոռանա. Եվ հաղթանակ՝ չկա։ Միայն՝ հաղթահարում»։ «Wer spricht von Siegen? Ueberstehn ist alles»։ (Գոթֆրիդ Բենն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.