Պերեսլավլ Զալեսսկի, հաճախ՝ պարզապես Պերեսլավլ (ռուս.՝ Пересла́вль-Зале́сский, часто просто Переславль. չշփոթել ներկայիս Ուկրաինայի տարածքում գտնվող հին սլավոնական քաղաք Պերեյասլավլի հետ), քաղաք (1152 թվականից[2][3]) Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Յարոսլավլի մարզում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է՝ առանց այդ շրջանի կազմի մեջ մտնելու, քանի որ ունի մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակ[4]։ Այդ շրջանի սահմաններում՝ որպես մունիցիպալ կազմավորում, 2018 թվականից ձևավորում է Պերեսլավլ Զալեսսկի անվանումը կրող քաղաքային օկրուգը[5][6]։ Ընկած է Պլեշչեևո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից 140 կիլոմետր հեռավորության վրա։ «Պլեշչեևո օզերո» անվանումը կրող ազգային պարկի կենտրոնն է։ Զբաղեցնում է 23,01 քառակուսի կիլոմետր տարածք[7]։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 37 738։ Ավտոմայրուղիներով կապված է Մոսկվայի, Արխանգելսկի, շրջակա խոշոր քաղաքների՝ Յարոսլավլի, Վոլոգդայի, Իվանովոյի, Կոստրոմայի, Տվերի, Վլադիմիրի հետ։ Գործում է նաև Պերեսլավլ երկաթուղային կայարանը։ Քաղաքն ընդգրկված է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում ներառված ութ հիմնական բնակավայրերի շարքում։ Ընդ որում՝ դա արվել է հենց այդ երթուղու գաղափարը հղացած ժուռնալիստի՝ Յուրի Բիչկովի առաջարկությամբ[8]։ 2009 թվականին Պերեսլավլ է այցելել մոտավորապես 290 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 6 հազար օտարերկրացի[9]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել