Պաֆնուտի Չեբիշև
From Wikipedia, the free encyclopedia
Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև (ռուս.՝ Пафнутий Львович Чебышёв) (մայիսի 4, մայիսի 4 (16), 1821[1], Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859)[17] և 24 այլ երկրների ակադեմիկոս[18]։
Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են մաթեմատիկական անալիզին, հավանականությունների տեսությանը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսությունը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկումների տեսությունը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։
Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի (1871), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1874), Լոնդոնի թագավորական ընկերության (1877) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։