Մաթեմատիկական անալիզ
From Wikipedia, the free encyclopedia
Անալիզը՝ որպես ժամանակակից մաթեմատիկայի բաժին, մաթեմատիկայի զգալի մաս է, պատմականորեն ծագել է դասական մաթեմատիկական անալիզից և բացի դասական մաս համարվող դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվներից ներառում է նաև այնպիսի բաժիններ, ինչպիսիք են իրական և կոմպլեքս փոփոխականով ֆունկցիաների տեսությունը, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների տեսությունը, վարիացոն հաշվարկումը, հարմոնիկ անալիզը, ֆունկցիոնալ անալիզը, դինամիկ համակարգերի և էռգոդիկ տեսությունները, գլոբալ անալիզը։ Ոչ ստանդարտ անալիզ՝ մաթեմատիկական տրամաբանության և անալիզի բաժին, որը կիրառում է մոդելների տեսության մեթոդները ամենից առաջ դասական բաժինների այլընտրանքային ֆորմալիզացման համար։
Հանրահաշվի և երկրաչափության հետ միասին համարվում է մաթեմատիկայի երեք հիմնական ուղղություններից մեկը։ Մյուս ուղղությունների հետ համեմատած՝ անալիզի հիմանկան տարբերող հատկանիշն է որպես հետազոտության առարկա փոփոխական մեծություններով ֆունկցիաների առկայությունը։ Այդ դեպքում, եթե անալիզի տարրական բաժինները դպրոցական ծրագրերում և նյութերում հաճախ միավորում են տարրական հանրահաշվի (օրինակ` գոյություն ունեն բազմաթիվ դասագրքեր և կուրսեր «Հանրահաշիվ և անալիզի ներածություն» անվանմամբ) հետ, ապա ժամանակակից անալիզը բավականին շատ օգտագործում է ժամանակակից երկրաչափական բաժինների մեթոդները, մասնավորապես՝ դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի։