From Wikipedia, the free encyclopedia
Նոր Շիրական կամ Նուշիրական, Մեծ Հայքի թագավորության չորս բդեշխություններից մեկը՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Զարեհավան քաղաքը։ Պարսկահայքի հետ շփոթմունքն առաջացել է այն հանգամանքից, որ Նոր Շիրականի բդեշխության տասը գավառներից յոթը եղել են Պարսկահայքի մաս[2]։
Պարսկահայք նահանգը և Նոր Շիրականի բդեշխությունը | |
Երկիր | Մեծ Հայք |
Ներառում է | Այլի, Առնա, Արասխ, Դասն, Զարեհավան, Թրաբի, Մահկերտ տուն, Մարի, Տամբեր և Նիխորական |
Վարչկենտրոն | Զարեհավան |
Խոշորագույն քաղաք | Զարեհավան |
Հիմնական լեզու | գրաբար |
Ազգային կազմ | հայեր, ասորիներ, մարեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի |
Պատմական շրջան(ներ) | Պարսկահայք, Ադիաբենե |
Սահմանակցում է | Ադիաբենե և Ատրպատական (Պարթևստան, ապա՝ Սասանյան Պարսկաստան) |
Եղել է տարածքով ամենամեծ բդեշխությունը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Պարսկահայքի Հեր և Զարևանդ գավառներին և Վասպուրականին, հյուսիս-արևմուտքում և արևմուտքում՝ Նպատական և Նիխորական լեռնաշղթաներով՝ Վասպուրականին և Կորճայքին։ Արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հարավում սահմանակցում էր Պարթևստանի (ապա՝ վերջինիս իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանի) ենթակայության տակ գտնվող Ադիաբենեին և Ատրպատականին։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Արևելյան հատվածում՝ Ուրմիո լճի երկայնքով, ունի դաշտային ռելիեֆ։ Միաժամանակ հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի ներքին ավազաններից մեկի՝ Ուրմիո լճի և Տիգրիս գետի աջակողմյան օժանդակ Մեծ Զաբ գետի վտակների ջրբաժան-ջրաբաշխը։
Բդեշխությունը եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության աս բդեշխության կազմ[3]։ Սկզբնական ժամանակներում բդեշխներին նշանակել է թագավորը (սովորաբար մերձավորներից)։ Հետագայում, ավատատիրական հարաբերությունների հաստատմանը և խորացմանը զուգընթաց, նրանք դարձել են ժառանգական իշխողներ։
Ազնվապետական գահնամակում չորս բդեշխները դասվել են թագավորից անմիջաբար հետո՝ իբրև գահերեց իշխաններ։ Նոր Շիրականի բդեշխության մեջ մտնող գավառները վասալական կախման մեջ են եղել բդեշխից՝ վճարել են հարկեր և տրամադրել զորք։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)՝ 428 թվականից առհասարակ վերանալով որպես վարչատարածքային միավոր։
Ինչպես բդեշխությունը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Գավառում կար նաև սակավաքանակ հայ բնակչություն։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։
Բացի վարչատարածքային կենտրոն Զարեհավան քաղաքից՝ հիշատակվում են Նախճավան, Շնավհ, Ամադիա և Մահկերտ քաղաքները, Տամբեր և Զինթա բերդերը, Սաղամաս (Սալմաստ), Որմի (Ուրմիա) և այլ բնակավայրերը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.