From Wikipedia, the free encyclopedia
Մուրատ-Ռափայելյան վարժարան, հայկական վարժարան Վենետիկում։ Գիշերօթիկ է, 1980-ականներին սովորում էր մոտ 120 սան, որից շուրջ 45-ը՝ անվճար։ Վարժարանն ունի հարուստ գրադարան, թանգարաններ, մարզական հրապարակներ, գործում են «Սայաթ-Նովա» նվագախումբը, թատերական խմբակը։
Այնտեղ բացի հայերից, ուսանել են հայագետներ Հայնրիխ Հյուբշմանը, Մ. Բրոսսեն, Յորգանը և ուրիշներ[2]։
Հիմնադրվել է 1836 թվականին, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ, Էդվարդ Ռափայելի Ղարամյանի միջոցներով՝ Ռափայելյան վարժարան անվամբ։ 1870 թվականից կոչվում է Մուրատ-Ռափայելյան (կրթական հաստատությանն է միանում Փարիզի Մուրադյան վարժարանը, որը 1929 թվականին անջատվում և նորից բացվում է Փարիզում, սակայն Մուրատ-Ռափայելյան վարժարանը պահպանում է իր անունը (Սամվել-Մուրադյան վարժարան)։
1917 թվականին տեղափոխվել է Հռոմ, 1918 թվականին՝ նորից Վենետիկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1950 թվականին։ Սկզբնական շրջանում վարժարանն առաջնորդվում էր գիմնազիական ծրագրով, ուներ 6-ամյա դասընթաց։ 1867 թվականին Ֆրանսիայի, 1879 թվականին Իտալիայի կառավարությունները Մուրատ-Ռափայելյան վարժարանն օժտում են լիցեյական իրավունքներով։
Մուրատ-Ռափայելյան վարժարանում դասավանդել են Ղևոնդ Ալիշանը, Ս․ Թեոդորյանը, Մ․ Նուրիխանը, Վ․ Ավգերյանը, Ա․ Գասքանտիլյանը, Դ․ Նազարեթյանը, Գ․ Ճելալյանը, Գ․ Նահապետյանը, Թ․ Թովմաճանյանը, Մ․ Թաշճյանը, Վ․ Հացունին, Մ․ Ճանաշյանը, Ս․ Ագլյանը, Հ․ Ապոյանը, Սինանյանը, Հ․ Դերձակյանը, Ա․ Ճարյանը, Ա․ Ղազիկյանը, ֆրանսիացի և իտալացի ուսուցիչներ Ալեանսքը, Մ․ Տամեն, Տե-Լուգան, պրոֆեսոր Գալոն, վարժարանի «Հայկական քայլերգի» հեղինակ Ավրելիանոս Բոնձիլագուան։
Շրջանավարտներից են Դանիել Վարուժանը, Թովմաս Թերզյանը, Մ․ Աճեմյանը, Վ․ Սվաճյանը, Ա․ Արապյանը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Փափազյանը, Էդգար Շահինը, Զարեհ Մութաֆյանը, Գուրգեն Ալեմշահ, Էդգար Մանասը, Սրապիոն Հեքիմյանը, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը և ուրիշներ։ Վարժարանում սովորել են նաև եվրոպացիներ։ Անվանի հայագետներից Հյուբշմանը, Պ․ Ֆետտերը, Ֆ․ Նևը, Բրոսսեն, Է․ Դյուլորիեն, Ն․ Յորգան, Ֆ․ Ֆեյդին և ուրիշներ մշտական կապերի մեջ են եղել Մխիթարյանների և Մուրատ-Ռափայելյան վարժարանի հայագետների հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.