Միստիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Միստիցիզմ (հին հունարեն՝ μυστικός - թաքուն, խորհրդավոր[1]), փիլիսոփայական և աստվածաբանական ուսմունք, ինչպես նաև աշխարհըմբռնման և աշխարհընկալման միջոց՝ հիմնված զգացմունքների, ինտուիցիայի և իռացիոնալիզմի[2] վրա։ Միստիկ վերապրումը ուղիղ, անձնական շփումն է, միաձուլումը կամ ձգտումը որևէ բացարձակ ճշմարտության, իսկ կրոնի շրջանակներում հաճախ նույնացվում է աստվածության կամ Բացարձակի[3] հետ։ Միստիցիզմի էությունը[4] Աստծո կամ Բացարձակի հետ միաձուլումն է։ Համաշխարհային բոլոր կրոններում և հավատամքներում հանդիպում են միստիկ տարբեր վարդապետություններ, որոնք ունեն ընդհանրություններ. ձգտում են ինտուիտիվիզմին և սիմվոլիզմին, ենթադրում են որոշակի հոգեբանաֆիզիոլոգիական վարժությունների կամ մեդիտացիաների փորձառություն, որն անհրաժեշտ է անձի հոգեկանի և բանականության[5] որոշակի վիճակի հասնելու համար։ Միստիցիզմին են առնչվում մի շարք ուսմունքներ՝ տանտրիզմ (հինդուիստական, բուդդիստական կամ վաջրայանու), ձեն, կաբալա, ռոզենկրեյցականություն, հասիդիզմ, գնոստիցիզմ, իսիխազմ, սուֆիզմ[6] և այլն։