From Wikipedia, the free encyclopedia
Մելվին (Մել) Ջերոմ Բլանք (մայիսի 30, 1908[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 10, 1989[1][2][3][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան և հումորիստ։ Պրոֆեսիոնալ հումորիստի իր վաթսունամյա գործունեությունը սկսել է ռադիոյում՝ որպես գովազդային հաղորդավար։ Ավելի հայտնի է «Warner Bros.» ընկերության մուլտֆիլմերի հնչյունավորմամբ այսպես կոչված «Ամերիկյան մուլտիպլիկացիայի ոսկե դարաշրջանում» և «Hanna-Barbera» ընկերության հեռուստատեսային մուլտֆիլմերի հնչյունավորմամբ ավելի ուշ շրջանում[6]։
Մել Բլանք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 30, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 10, 1989[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, radio drama actor և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000305 |
Մել Բլանքի ձայնային հնչյունավորմամբ խոսում են մի շարք հերոսներ՝ Բագս Բաննի նապաստակը, Փորքի խոզուկը, Սիլվեստր կատուն, Թվիթի ճուտիկը և այլն։ Հնչյունավորող դերասանի իր արտասովոր տաղանդի շնորհիվ Բլանքը ստացել է «1000 ձայնով մարդ» մականունը[7][8]։
Ծնունդով Մելվին Ջերոմ Բլանքը (անգլ.՝ Blank) 16 տարեկան հասակում փոխել է իր ազգանվան գրելաձևը՝ «Blank»-ը դարձնելով «Blanc»-ի։ Ըստ վարկածի՝ նա այդ որոշումն ընդունել է դպրոցական տարիքում, երբ ուսուցիչն իրեն ասել է, որ ինքը ոչինչ չարժե և ամբողջ կյանքում կմնա որպես իր ազգանվան մարմնավորում (անգլ.՝ blank-դատարկ)։
Դերասանի գործունեությունը Բլանքը սկսել է 1927 թվականից՝ աշխատանքի ընդունվելով «KGW» կայանում։ 1953 թվականին աշխատանքի է անցել «KEX» կայանում, իսկ 1935 թվականին՝ «Warner Bros» ընկերությանը պատկանող «KFWB» կայանում։ 1936 թվականին աշխատանքի է անցել «CBS» հեռուստառադիոցանցում։ 1930-ական թվականների վերջից կանոնավոր կերպով մասնակցել է հայտնի ռադիոհաղորդավար և կատակերգու Ջեք Բեննիի շոուում՝ մարմնավորելով տարբեր կերպարների։ «The Jack Benny Program» ծրագրին մասնակցելու շնորհիվ ձեռք բերած հաջողության արդյունքում Բլանքը 1940-ականներին թողարկել է սեփական շոուն՝ եթերում մնալով գրեթե 1 տարի[9]։
1936 թվականին Մել Բլանքը միացել է «Warner Bros.» ընկերության կոլեկտիվին։ Բլանքը սիրում էր պատմել, թե ինչպես է Շլեզինգերի երաժշտական տնօրեն Նորման Սպենսերն ի սկզբանե հրաժարվել իրեն աշխատանքի ընդունել՝ ասելով, որ իրենք արդեն ունեն իրենց անհրաժեշտ բոլոր ձայները։ Սպենսերի մահից հետո Տրեգ Բրոունը, որը պատասխանատու էր հնչյունավորման համար, Բլանքին ներկայացրել է ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Թեքս Էյվերիին, Բոբ Քլեմփեթին, Ֆրից Ֆրիլինգին և Ֆրենկ Տաշլինին։
Առաջին մուլտֆիլմը, որի վրա աշխատել է Բլանքը, 1937 թվականին Թեքս Էյվերիի նկարահանած «Picador Porky» մուլտֆիլմն էր (Բլանքը հնչյունավորել է խմած ցուլին)։ Ավելի ուշ «Porky’s Duck Hunt» ֆիլմում հնչյունավորել է Փորքի խոզի դերը (այս ֆիլմում առաջին անգամ եթեր դուրս եկավ Դաֆֆի Դաքը, որին ևս հնչյունավորել է Բլանքը)։ Շուտով արդեն Բլանքը հնչյունավորել է մի շարք հերոսների։
Իր ողջ գործունեության ընթացքում Բլանքը, գիտակցելով իր տաղանդի կարևորությունը, փորձել է հեղինակային իրավունքները պաշտպանել պայմանագրերով և առանց տատանվելու դատական գործեր է հարուցել բոլոր այն դեպքերում, երբ համարել է, որ իր հեղինակային իրավունքները խախտվել են։ Որպես կանոն՝ ձայնային հնչյունավորող դերասանների անունները չէին հիշատակվում տիտրերում, սակայն Բլանքը դարձավ բացառություն․ 1943 թվականին նա կարողացավ Լեոն Շլեզնիգերի հետ կնքել այնպիսի պայմանագիր, ըստ որի՝ իր հնչյունավորած ֆիլմերի տիտրերում հստակ նշվում էր՝ «Ձայնը հնչյունավորել է Մել Բլանքը» (անգլ.՝ «Voice characterization by Mel Blanc»)։
Բլանքը ասում էր, որ իր համար ամենադժվարը եղել է Իոզեմիթ Սէմի կերպարի հնչյունավորումը (կովբոյ-կարտոֆիլ, որը մշտապես բղավում էր շրջապատողների վրա), քանի որ անհրաժեշտ էր մշտապես լարել կոկորդը[10]։
1961 թվականի հունվարի 24-ին Բլանքը ենթարկվեց ավտովթարի՝ ստանալով մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ երկու ոտքի և կոնքոսկրի կոտրվածք, նաև գանգուղեղի վնասվածք, որի պատճառով երեք շաբաթ գտնվում էր կոմայի մեջ[11][12]։ Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հայտնում էին նրա մահվան մասին։ Իր ինքնակենսագրականի մեջ Բլանքը պատմում է, որ իր վերականգնման ընթացքում ստացել է շուրջ 15 000 բացիկ՝ շուտափույթ առողջանալու մաղթանքով։
Ապաքինվելուց հետո Բլանքը հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ այն բանից հետո, երբ բժշկին չի հաջողվել հասնել իր «գիտակցությանը», նա օգնել է իրեն դուրս գալ կոմայից՝ իր հետ շփվելով Բագս Բաննիի նման։ Բլանքն անձամբ չի հիշում այդ դեպքերի մասին, բայց նրա կինը և որդին հավատացնում էին, որ երբ բժիշկը նրան հարցրել է՝ ինչպե՞ս ես Բագս Բաննի, նա Բաննիի ձայնով պատասխանել է։ Բլանքն անգամ շնորհակալություն է հայտնել Բագսին իր կյանքը փրկելու համար[13][14][15]։
Մարտի 17-ին Բլանքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն, որտեղ նրան դիմավորել է շուրջ 150 հոգի։ Մարտի 22-ին նա դատի է տվել Լոս Անջելեսի քաղաքապետարանին, քանի որ իր ավտովթարը նախորդ երկու տարվա մեջ 26-րդն էր այդ նույն վայրում, և քաղաքային իշխանությունները պարտավոր էին լուծել խնդիրը։
Այդ ժամանակահատվածում Բլանքը հնչյունավորում էր «Ֆլինթսթոուններ» մուլտսերիալի Բարնի Ռաբլի դերը։ Նրա ապաքինման շրջանում դերը ժամանակավորապես հնչյունավորել է Դոուզ Բաթլերը։ Մի քանի սերիայի թողարկումից հետո պրոդյուսերները պայմաններ ստեղծեցին, որպեսզի Բլանքը կարողանա ձայնագրվել առանց տանից դուրս գալու[16]։
1960-ականների սկզբին՝ «Warner Bros»-ի հետ պայմանագրի ավարտից հետո, Բլանքն աշխատանքի է անցել «Hanna-Barbera» ընկերությունում՝ շարունակելով դերասան-հնչյունավորողի իր գործունեությունը։ Այդ շրջանում նրա հնչյունավորած կերպարներից առավել հայտնի են Բարնի Ռաբբլը և պարոն Սփեյսելին։ Թեև Բլանքը նոր էր սկսել աշխատել հեռուստատեսությունում, բայց հաշվի առնելով նրա փորձը «Warner Bros»-ում՝ դժվար էր նրան նորեկ անվանել։
1962-1967 թվականներին Բլանքը Չակ Ջոնսի հետ միասին աշխատում էր «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի նոր սերիայի հնչյունավորման վրա։
1960-ականների սկզբին «Warner Bros»-ը թողարկել էր դասական կերպարների մասնակցությամբ հեռուստատեսային առաջին կարճամետրաժ ֆիլմերը և դրանցից որոշների հնչյունավորման համար հրավիրել Բլանքին։ Նա հնչյունավորել է Դաֆֆի Դակին, Թվիթի ճուտիկին, Սիլվեստր կատվին, սակայն «Hanna-Barbera»-ն նրան չի թույլատրել հնչյունավորել Բագս Բաննիին[17]։
Մել Բլանքի հնչյունավորած ամենահայտնի կերպարներից է Բագս Բաննի նապաստակը, որը անընդհատ գազար է ուտում։ Փորձը ցույց է տվել, որ ոչ մի այլ միրգ կամ բանաջարեղեն գազարի նման զրնգուն ձայն չի հանում, այդ պատճառով Բագսի կերպարը հնչյունավորելիս Բլանքը գազար էր կծում, ծամում և թքում հատուկ ամանի մեջ։ Դա հիմք է հանդիսացել լուրեր տարածելու, որ Բլանքը գազարից ալերգիա ունի։ Որոշ աղբյուրներ պնդում էին, թե Բլանքը չի հանդուրժել գազարի համը[18]։ 1984 թվականին տված հարցազրույցում Բլանքը հերքել է այդ լուրերը և հաստատել, որ գազարից ալերգիա չունի։ Ավելի ուշ արված հայտարարություններում Բլանքը մեկնաբանել է, որ գազար չի կերել միայն ժամանակ խնայելու պատճառով, քանի որ գազարը թքելը ավելի արագ էր, քան ծամելը և կուլ տալը[19][20][21]։
1980-ականների սկզբին Բլանքն աշխատել է Հիթքլիֆ կատվի հնչյունավորման վրա։ Բացի այդ, շարունակել է իր սիրելի կերպարների հնչյունավորումը հեռուստատեսային գովազդներում, այդ թվում՝ Իոսեմիթ Սէմը և Թասմանական Հրեշը, որոնց հնչյունավորելը շատ է ազդել նրա ձայնալարերի վրա[22]։
Մել Բլանքի վերջին աշխատանքը կինոասպարեզում «Ով է դավել Ռոջեր ճագարին» գեղարվեստական ֆիլմն է, որտեղ նա մի փոքր հատված է հնչյունավորել Դաֆի Դակի մասնակցությամբ[23]։
1989 թվականի հուլիսի 10-ին Մել Բլանքը մահացել է սրտի անբավարարությունից։ Նրա տապանաքարի վրա գրված է․ «Ահա և վերջ, ընկերներ։ Մել Բլանք՝ 1000 ձայնով մարդը» (անգլ.՝ «That’s All Folks! Mel Blanc, Man of 1000 Voices»)[24]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.