From Wikipedia, the free encyclopedia
Մեդիա ակտիվիզմ, ակտիվիզմի լայն կատեգորիա, որն օգտագործում է մեդիայի և հաղորդակցության տեխնոլոգիաները սոցիալական և քաղաքական շարժումների համար։ Մեդիա ակտիվիզմի ձևերից են վեբկայքերում լուրեր հրապարակելը, տեսա և ձայնային (աուդիո) հետաքննություններ անելը, բողոքի ակցիաների մասին ինֆորմացիա տարածելը կամ ԶԼՄ-ներին և հաղորդակցությանն առնչվող քաղաքականությունների մշակմանն ուղղված արշավներ կազմակերպելը։
Մեդիա ակտիվիզմն օգտագործվում է տարբեր նպատակներով։ Այն հաճախ գործիք է ցուցարարների և անարխիստների համար՝ տարածելու այն ինֆորմացիան, որը կա՛մ չի հրապարակվում հիմնական լրատվամիջոցներում, կա՛մ գրաքննված է հրապարակվում[1]։ Քաղաքական դրդապատճառներով հաքերային հարձակումների և առցանց արշավների որոշ ձևեր նույնպես համարվում են մեդիա ակտիվիզմ։ Որպես կանոն, մեդիա ակտիվիզմի նպատակը լրատվամիջոցներով այս կամ այն հարցի շուրջ ինֆորմացիայի տարածումն է, ինչը երբեմն դրդում է գործողությունների[2]։
Մեդիա ակտիվիզմը բնակչության խոցելի խմբերին հնարավորություն է տալիս լսելի դարձնել իրենց ձայնը և համախմբվել, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս ավելի ինքնուրույն առաջ տանել իրենց նախաձեռնություններն ու գործողությունները՝ նպաստելով սոցիալական փոփոխությունների[3]։ Խոցելի համայնքներից բացի, մեդիա ակտիվիզմը հնարավորություն է տալիս նաև երիտասարդ սերնդին լսելի դարձնել իրենց ձայնը՝ հատկապես այն հանգամանքներում, երբ դրա համար իրավական սահմանափակումներ կան, օրինակ՝ երբ տարիքային շեմով պայմանավորված՝ նրանք քվեարկելու իրավունք չունեն։ Համացանցն օգնում է այս անհատներին իրենց անօգնական չզգալ, երբ, օրինակ, քվեարկելու իրավունք չունեն[4]։ Սա առաջնորդների համար գործողությունները համակարգելու ծախսարդյունավետ մեթոդ է, իսկ անհատների համար՝ նախաձեռնություններին առցանց ներգրավվելու միջոց[5]։ Մյուս կողմից, սա նաև հայտնի անձանց շրջանում տարածված ակտիվիզմի ձև է, որի արդյունավետության շուրջ տարակարծություններ կան[6]։ Մեդիա ակտիվիզմի քննադատություններից մեկն այն է, որ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն հնչեցնել իրենց կարծիքը տարբեր լրատվական հարթակներում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ արմատական տեսակետները կարող են ավելի մեծ կարևորություն ստանալ և անկախ դրանց իրական կարևորությունից, կարող են խեղաթյուրել շարժման ընդհանուր ընկալումը՝ թույլ տալով, որ ծայրահեղ տեսակետները ստվերեն ավելի հիմնավորված կարծիքները[7]։
Սոցիալական ցանցերը հաճախ են դիտվում որպես մեդիա ակտիվիզմի ձև։ Սոցիալական մեդիայի ինտերակտիվ բնույթը և լայնածավալ օգտագործումն օգտատերերին հնարավորություն են տալիս արդյունավետ և արագ տարածել ինֆորմացիան ու իրենց շուրջ աջակիցներ հավաքել[8]։ Facebook-ի և Twitter-ի նման հարթակները կարող են շատ ավելի մեծ լսարանի հասնել, քան ավանդական լրատվամիջոցները։ Չնայած հաճախ առցանց նախաձեռնություններով հետաքրքրված անձանց միայն մի փոքր տոկոսն է, որ հետաքրքրություն է հայտնում մասնակցել նաև օֆլայն նախաձեռնություններին, սոցիալական ցանցերում նրանց ակտիվությունը համարվում է «գործում ներգրավվելու առաջին քայլը»[9]։ «Սոցիալական ցանցերն օգնել են մեզ ինքնակազմակերպվել՝ չունենալով առաջնորդներ»,– ասել է 22-ամյա Վիկտոր Դամասոն, որը 2013 թվականին Սան Պաուլոյի գլխավոր՝ Պաուլիստա պողոտայում ցույցի էր մասնակցում։ «Մեր գաղափարները, մեր պահանջները քննարկում ենք Facebook-ում. չկան ո՛չ հանդիպումներ, ո՛չ կանոններ»[10]։
Ուղիղ հեռարձակման հավելվածները կամ կայքերը լրատվական այլ ձևեր են, որոնք գրաքննության դեպքում կարող են փոխարինել հեռուստատեսությանը։ Այդպիսի օրինակ է Ստամբուլի բողոքների ցույցերը, երբ փաստացի լրատվամիջոցների և հեռուստատեսության օբյեկտիվության բացակայության պատճառով մարդիկ ինֆորմացիա էին ստանում ուղիղ հեռարձակումներից[11]։ Մյուս կողմից, շատ ցուցարարներ իրենց սմարթֆոններում ունեին «WhatsApp» կամ «Walkie-Talkie» հավելվածները՝ միմյանց հետ կապ պահպանելու նպատակով, քանի որ դրանք հնարավորություն էին տալիս անմիջապես կիսվել ինֆորմացիայով[12]։ Ավելին, «WhatsApp»-ի նման հավելվածների օգտագործումը կարող է նպաստել ցուցարարների կազմակերպվածությանը, քանի որ նման հավելվածներն ունեն լրացուցիչ հնարավորություններ, օրինակ՝ խմբային հաղորդագրությունները[13]։ «YouTube»-ը ինֆորմացիայի տարածման մեկ այլ արդյունավետ գործիք է և սովորաբար օգտագործվում է, երբ օգտատերերը յություբյան տեսանյութերով կիսվում են իրենց ֆեյսբուքյան կամ թվիթերյան էջերում։
Մշակույթի խլացումը մեդիա ակտիվիզմի մեկ այլ ձև է, որի ժամանակ ակտիվիստները յուրացնում են հիմնական լրատվամիջոցների կողմից օգտագործվող ծանոթ տարրերը, խորհրդանիշները կամ փոխաբերությունները՝ դրանք ներկայացնելով նորովի և ոչ ավանդական ձևերով[14]։ Մշակույթի խլացման հիմնարար նպատակն է մարտահրավեր նետել հաստատված նորմերին և այլընտրանքային ուղերձներ հղել։ Հատկանշական է, որ մշակութային խլացումները միտումնավոր օգտագործում են հիմնական լրատվամիջոցների կողմից առաջարկվող ռեսուրսներն ու հարթակները՝ դրանք որպես արժեքավոր գործիքներ դարձնելով՝ իրենց տարակարծությունները բարձրաձայնելու և ուշադրություն հրավիրելու այն հարցերի վրա, որոնք այլ կերպ կարող են անտեսվել։
Մեդիա ակտիվիզմն ընդլայնել է իր ուսումնասիրության շրջանակները՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ լրագրությունը և լրատվական մեդիան[15]։ Մեդիա ակտիվիզմը սովորեցնում է լսարանին դառնալ սեփական մեդիա արտադրողներ[16] ։
Սոցիալական ցանցերը դարձել են քաղաքական և սոցիալական շարժումների կազմակերպման համաշխարհային գործիք[17]։ Դրանք ամրապնդում են ցուցարարների միջև արդեն գոյություն ունեցող քաղաքական և սոցիալական օֆլայն հարաբերությունները[18]։ Երիտասարդության շրջանում մեդիա ակտիվիզմը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես են երիտասարդները մասնակցում բողոքի ցույցերին և որոշակի խնդիրների և սոցիալական կապերի շուրջ ձևավորում առցանց համայնքներ[19]։
CRRC Armenia-ի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում սոցիալական մեդիան նպաստել է քաղաքացիական նախաձեռնություններում առավել մեծ թվով մարդկանց ներգրավմանը։
Դիտարկված 17 քաղաքացիական նախաձեռնություններից 10-ի ժամանակ օգտագործվել են սոցիալական ցանցերը։ Ակտիվիստների համար ամենատարածված մեդիա գործիքը եղել է Facebook-ը (առնվազն 10-ի ժամանակ)։ Քաղաքացիական արշավներից 5-ն ունեցել են պաշտոնական կայքեր, ինչը նշանակում է, որ տվյալ նախաձեռնության համար առանձին վեբկայք ստեղծելը Հայաստանում տարածված պրակտիկա չէ։
Հայաստանում մեդիա ակտիվիզմի դրսևորման վառ օրինակներից մեկը 2013 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումն էր, որը հասարակության և շատ փորձագետների կարծիքով դարձավ արտաքին քաղաքականության ոլորտում հանկարծակի և անսպասելի շրջադարձ։ Պատճառն այն էր, որ հայտարարությանը նախորդող երեք տարիների ընթացքում Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Արևմտամետ քաղաքացիական ակտիվիստները և բազմաթիվ քաղաքացիներ ստեղծեցին ֆեսյբուքյան նախաձեռնություն։ Օնլայն հարթակում ունենալով ավելի քան 5000 մասնակից, փողոցում ակտիվիստական գործողություններին մասնակցում էին սակավաթիվ մարդիկ։
Նույն՝ 2013 թվականին, Հայաստանի իշխանությունները մտադիր էին թանկացնել տրանսպորտի ուղեվարձը 50%-ով (100 դրամից դարձնելով 150 դրամ)։ Թանկացումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Նույն օրը ձևավորվեց առցանց շարժում, որն ավելի ուշ տեղափոխվեց Երևանի փողոցներ՝ վերածվելով բողոքի ակցիայի։ Ակցիայի դրսևորումներից էր հայտնի մարդկանց կողմից՝ քաղաքացիներին սեփական ավտոմեքենաներով տեղափոխելը՝ կոչ անելով չօգտվել հանրային տրանսպորտից։ Որոշումից վեց օր անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց ուղեվարձի թանկացման մտադրությունից հրաժարվելու մասին։
Մեդիա ակտիվիզմի մյուս օրինակը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն էր, որի ժամանակ քաղաքացիները բողոքում էին կուտակային կենսաթոշակային նոր օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ։ Ստեղծվեցին առցանց տարբեր էջեր, ծավալվեց իրազեկման և քննարկումների շարք։ Բողոքի ակցիայի ժամանակ մարդիկ լուսանկարում էին իրենց բութ մատը ներքև և «Դեմ եմ» գրությամբ պիտակներով հրապարակում սոցիալական ցանցերում[20]։
Չինաստանն ունի գրաքննության մասին խիստ օրենքներ, որոնք զգալիորեն սահմանափակում են մամուլի ազատությունը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ լրատվամիջոցները ոչ միայն ազատ չեն, այլև ճնշվում են[21]։ Չինաստանի երիտասարդությունն ակտիվորեն ներգրավված է մամուլի ազատության բարելավմանն ուղղված շարժումներում՝ հատկապես առցանց նախաձեռնություններում, և դրական փոփոխությունների հասնելու համար առաջնորդվում են մեդիա ակտիվիզմի սկզբունքներով[22]։ Չինաստանում ինտենսիվ քաղաքացիական քննարկումները տեղի են ունենում առցանց[22]։ Կառավարությանը քննադատելու համար երիտասարդներն ակտիվորեն օգտագործել են երգիծանքը (հետագայում ստացել է «գետի խեցգետնի քննադատություն» անվանումը), որի հետևանքով համացանցում ակտիվացել են քաղաքացիական քննարկումները։ Չինաստանում մեդիա ակտիվիստները, օգտագործելով իրենց առցանց ներկայությունը և ինտերնետի ընձեռած ազատությունը, խեղաթյուրում էին պատկերները։ Օրինակ՝ նրանք ձևափոխել էին Մերիլին Մոնրոյի լուսանկարը՝ դերասանուհու դեմքը փոխարինելով Չինաստանի կոմունիստ առաջնորդ Մաո Ցզե Դունի դեմքով։ Լուսանկարը մակարգրվել էր որպես Մաորիլին Մաորո։ Լուսանկարում զետեղել էին նաև մի հիերոգլիֆ, որը չինարենում հնչում է որպես հայհոյանք։ «Մաորիլին Մաորոն» «գետի խեցգետնի» «հակառակորդն» էր։ «Գետի խեցգետին» տերմինը «ներդաշնակ» բառի բառախաղն է։ «Գետի խեցգետինը» միջոց էր, որով չինական գրաքննությունը նպատակ ուներ նպաստել հասարակության կայունությանը։ Չնայած գրաքննության միջոցով սոցիալական ներդաշնակությունը խթանելու ենթադրյալ նպատակին՝ այն ձախողվեց[23]։
Չինաստանում երիտասարդները և այլ մեդիա ակտիվիստներ նոր մեթոդներ են բացահայտել՝ քաղաքական և հասարակական երևույթներն անուղղակիորեն քննադատելու համար՝ շրջանցելով կառավարության գրաքննությունը։ Սոցիալական մեդիան ինչ-որ բան քննադատելու նորագույն մեթոդներից է։ Ակտիվիստները միկրոբլոգներ են օգտագործում՝ կառավարությանը քննադատելու համար[24]։ Հետևաբար, բլոգ վարելը ևս քաղաքացիական մասնակցության միջոց է՝ հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ կառավարությունները գրաքննություն են իրականացնում։
2011 թվականի Արաբական գարնան խռովությունների ժամանակ Թունիսում, Լիբիայում և Եգիպտոսում լայնորեն օգտվում էին սոցիալական մեդիա հարթակներից՝ տեղեկատվության մոբիլիզացման, կազմակերպման և տարածման համար։ Այս երկրները շեշտը դրեցին իրենց հասարակությունների՝ սոցիալական մեդիա հարթակներն արդյունավետ օգտագործելու կարողության վրա և տեղական մակարդակով նախաձեռնություններ սկսեցին՝ այնպիսի ժողովրդավարության հասնելու համար, որը դուրս է ազգային սահմաններից[25]։ Արաբական երկրների երիտասարդ բնակչությունը հայտնի է սոցիալական ցանցերի միջոցով հասարակական փոփոխությունների հասնելու գործում իր առանցքային դերով։ Այս երևույթը հատկապես նկատելի է այն միջավայրերում, որտեղ կառավարությունները համարվում են ռեպրեսիվ[26]։
Եգիպտացի ցուցարարները սոցիալական ցանցերն օգտագործում էին՝ հանրահավաքներ կազմակերպելու և քաղաքական ուժի մոբիլիզացման հետ կապված մարտահրավերներն ու ծախսերը մեղմելու նպատակով[27]։ Սոցիալական մեդիայի օգտագործումը քաղաքացիական ներգրավվածության համար նոր ուղիներ բացեց Եգիպտոսում։ Նախորդ 30 տարիների ընթացքում քաղաքացիական մասնակցության նման հնարավորությունները ճնշվել էին[27]։ Այս խռովությունները մասնակից ազգերի ներսում հանգեցրին կատաղի հակամարտությունների, իսկ մեդիան և մեդիա ակտիվիզմը վճռորոշ դեր խաղացին նոր Կառավարության ներքո նոր ազգային ինքնության ձևավորման գործում[25]։
Ժամանակին Ֆերդինանդ Մարկոսի պաշտոնանկությունից հետո Հարավարևելյան Ասիայի երկրներից ամենաազատ մամուլը Ֆիլիպիններում էր՝ նոր թերթերի և ռադիոկայանների արագ տարածման շնորհիվ[28]։ Տարիների ընթացքում, սակայն, այս իրավիճակը փոխվեց՝ հատկապես Մագինդանաոյի սպանդից հետո, երբ 34 լրագրող սպանվեց մեկ միջոցառման ժամանակ[29]։ Ավանդական լրատվամիջոցներում առկա շահերի բախումը ևս խոչընդոտում է մամուլի թափանցիկ լինելուն. երկրի մի շարք խոշոր թերթերի սեփականատերերը մի քանի ընտրյալ ընտանիքներ են, որոնք մրցակցում են թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ[28]։ Դրա արդյունքում տեղական կազմակերպություններն օգտվում են ինֆորմացիայի տարածման այլընտրանքային ձևերից։ Օրինակ՝ բնիկ ֆիլիպինցիներն իրենց առցանց լրատվամիջոցն են ստեղծել՝ տեղական խնդիրները՝ օրինակ հողերի զավթումը, միջազգային լսարանի համար լուսաբանելու նպատակով, քանի որ տեղական կորպորացիաներն ու քաղաքական ուժերն ազդում են հիմնական լրատվամիջոցների վրա[30]։
2010 թվականին ֆիլիպինցի Մերի Ջեյն Վելոսոն, որն արտասահմանում որպես տնային օգնական էր աշխատում, ձերբակալվեց և դատապարտվեց Ինդոնեզիայում՝ 2,6 կգ հերոինի մաքսանենգության համար[31]։ Դատարանը նրան դատապարտեց մահապատժի։ Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պնդում էին, որ Վելոսոյին շահագործել են այն անձինք, որոնք նրան ներքաշել էին ապօրինի թմրանյութեր տեղափոխելու գործում և նրան պետք է հնարավորություն ընձեռնվի պաշտպանվել դատարանում[32]։ Իրավապաշտպանների և առցանց մեդիա ակտիվիստների համատեղ ջանքերի շնորհիվ Վելոսոյի մահապատիժը հետաձգվեց։ «Change.org» կայքում նրան աջակցելու խնդրագիրն ամենաարագ տարածվող և ամենաշատ ստորագրված առցանց խնդրագրերից մեկն էր տարածաշրջանում[33]։
Մեդիա ակտիվիզմը երկար պատմություն ունի Միացյալ Նահանգներում, դրա վառ օրինակներից են՝ Ամերիկայի անկախության պատերազմում հեղափոխական պամֆլետիստները, Քաղաքացիական պատերազմին նախորդող տասնամյակների ընթացքում աբոլիցիոնիստական մամուլը և աշխատավորական շարժման տարիներին սոցիալիստական մամուլը, որոնցից էր «The Appeal to Reason» թերթը, որն աջակցում էր նախագահի թեկնածու Յուջին Դեբսին[34]։
«Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը, որը սկսվեց 2011 թվականի աշնանը, ևս մեկ օրինակ է, երբ սոցիալական մեդիան մեծապես նպաստում է նախաձեռնությանը։ Դա ժողովրդական շարժում էր, որը սկսվեց 2011 թվականի սեպտեմբերի 17-ին Մանհեթենի Ազատության հրապարակում։ Երբ «Գրավի'ր Ուոլ Սթրիթը» շարժման ցուցարարները սկսեցին հավաքվել այգիներում և վրաններում, նրանց կողմից առաջ քաշված հիմնական խնդիրներից մեկը տնտեսական անհավասարությունն էր։ Ձմռանը ոստիկանությունը ցրեց ցուցարարներին։ Երկրում շարժմանը մասնակցողների թիվը սկսեց նվազել, սկզբնական ոգևորությունը թուլացավ և ի վերջո շարժումը մարեց։ Շարժման ընթացքում տարածում գտավ «Մենք 99 տոկոսն ենք» կարգախոսը։ 99 տոկոսն այն մարդիկ էին, որոնք ցածր եկամուտ ունեին և պայքարում էին փոփոխությունների համար՝ ի տարբերություն այն 1%-ի, որոնք ֆինանսապես ապահովված էին և իրենց ձեռքում էին պահում սոցիալական, քաղաքական և տնտեսական լծակները[35]։ Շարժումը Մանհեթենից տարածվեց նաև Միացյալ Նահանգների մյուս քաղաքներ և ամբողջ աշխարհ[36]։ Այն Թունիսում և Եգիպտոսում սկսված ժողովրդական խռովությունների հետևանքն էր։ Հիմնական նպատակը եկամուտների անհավասարության և կոռուպցիայի դեմ պայքարն էր։ Թեև շատերը կարծում էին, որ շարժումը մարել է, սակայն այն շարունակվեց այլ ձևերով։ Շարժման նշանակալի հաջողություններից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացման համար մղվող պայքարում նրա ունեցած ներդրումն էր, թեև այս հաջողության մասին քչերը գիտեն։ Բողոքի ակցիաներից ոգևորված՝ Նյու Յորքի արագ սննդի ոլորտում աշխատողները 2012 թվականի նոյեմբերին գործադուլ հայտարարեցին, ինչը հանգեցրեց ազգային շարժման՝ նվազագույն աշխատավարձն ամբողջ երկրում բարձրացնելու և ժամը 15 դոլար դարձնելու համար[37]։ Նյու Յորքի երթը ճանապարհ հարթեց տասնյակ հազարավոր աշխատողների համար, որոնք հարյուրավոր քաղաքներում միացան բողոքի ցույցերին՝ պահանջելով բարձր վարձատրություն։
«Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման ցուցարարներն օգտագործում էին սոցիալական մեդիայի գործիքները՝ շարժման մասին իրազեկվածությունը բարձրացնելու, հանդիպումների, հանրահավաքների և միջոցառումների մասին մասնակիցներին տեղեկացնելու, ինչպես նաև գրավելու լրատվամիջոցների ուշադրությունը ոչ միայն տեղական մակարդակով, այլև ամբողջ երկրով մեկ։ Սոցիալական մեդիայի հարթակները, ինչպիսիք են՝ Facebook-ն ու Twitter-ը, օգտագործվում էին տարբեր վայրերից մարդկանց՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբելու համար։ Շարժումն սկսվեց փոքր թվով մարդկանցից, որոնք ունեին ընդհանուր գաղափար։ Երբ սկսվեցին միջոցառումները, հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, դրանք արժանացան ԶԼՄ-ների ուշադրությանը։ Արդյունքում «ստեղծվեցին» այն էական հարթակները, որոնց միջոցով մասնակիցները ցանկանում էին հասնել բաղձալի փոփոխությանը[38]։
«Սևամորթների կյանքը կարևոր է» (անգլ.՝ Black Lives Matter) շարժումը, որն աֆրոամերիկացիների նկատմամբ բռնության ու ռասիզմի դեմ ուղղված արշավ էր, իր վրա մեծապես կրել է մեդիա ակտիվիզմի ազդեցությունը. շարժման առաջնորդները, հեշթեգները և քաղաքականությունն առաջ են քաշվել սոցիալական ցանցերում։ #Blacklivesmatter հեշթեգը 2013 թվականին ստեղծել են Փեթրիս Քալըրսը, Ալիսիա Գարզան և Օփալ Թոմեթին՝ այն բանից հետո, երբ Ջորջ Ցիմերմանն արդարացվեց Ֆլորիդայում տասնյոթամյա Թրեյվոն Մարտինին սպանելու համար[39]։ Գարզան Facebook-ում հրապարակում արեց հետևյալ վերնագրով՝ «Սիրո գրառում սևամորթների համար», որտեղ ասում էր. «Մեր կյանքը կարևոր է, սևամորթների կյանքը կարևոր է»։ Հեշթեգը համախմբող դեր կատարեց տարբեր նախաձեռնությունների համար, որոնք կենտրոնացած էին սևամորթների իրավունքների պաշտպանության վրա[40]։
«Սևամորթների կյանքը կարևոր է» շարժումը միավորում էր աֆրոամերիկյան համայնքին։ Այս արշավը ոչ թե բռնություն էր քարոզում, այլ՝ միասնություն։ Շարժման վերաբերյալ կարող են լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական տեսակետներ՝ կախված նրանից, թե ինչպես են լրատվամիջոցները ներկայացնում դրա վերաբերյալ ինֆորմացիան։ «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժումը սկսվեց 2013 թվականին, երբ մարդիկ Twitter-ում, Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում սկսեցին օգտագործել #BLM, #BlackLivesMatter, #equality հեշթեգները։ Ի պատասխան սևամորթների համայնքի դեմ ակնհայտ բռնություններին՝ ավելի քան 50 ԱՄՆ կազմակերպություն համախմբվեց՝ պայքարելու մաշկի գույնով պայմանավորված խտրականության դեմ։ Այսօր սա դեռ խնդիր է մնում, և որոշ մարդկանց կարծիքով լրատվամիջոցները դրական առումով չեն նպաստել շարժմանը, ինչի հետևանքով տարաձայնություններ են ծնվում, և մարդիկ սկսում են ավելի շատ ատել միմյանց՝ համախմբվելու փոխարեն։ Երբեմն կեղծ լուրեր հայտնող լրատվամիջոցները կարող են տվյալ ինֆորմացիան մատուցել կոնտեքստից դուրս, ինչն առաջացնում է մարդկանց վրդովմունքը[41]։
Աֆրոամերիկացիներն ավելի շատ են օգտվում Twitter-ից, քան սպիտակամորթները։ 2014 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առցանց սևամորթների 22%-ը, իսկ սպիտակամորթների 16%-ն է օգտվում Twitter-ից[42]։ Սոցիալական տարբեր շարժումների ժամանակ ստեղծվել են #OscarsSoWhite, #handsupdontshoot և #icantbreathe հեշթեգները, որոնք նպաստել են համացանցում առանձին ենթամշակույթի ձևավորմանը, որը կոչվել է «Սև Twitter»[43]։ Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Ջելանի Քոբը պնդում է, որ Սև Twitter-ը նույնքան կարևոր դերակատարում է ունեցել «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման համար, որքան հեռուստատեսությունը՝ սևամորթների քաղաքացիական իրավունքների համար պայքարի ժամանակ[44]։
Twitter-ում և Facebook-ում քաղաքացիների տեղեկատվությունը մեծապես ազդում է այն բանի վրա, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցները լուսաբանում բռնության, խտրականության և այլ ոտնձգությունների մասին պատմությունները[45]։
Սառույցով դույլի մարտահրավերը (անգլ.՝ Ice Bucket Challenge) մեդիա ակտիվիզմի ձև էր, որը տարածվեց առցանց հարթակներում՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Այս հիվանդությունը, որը հայտնի է նաև «Լու Գերիգի հիվանդություն» անվամբ, մահացու է. նյարդային բջիջների քայքայման հետևանքով վնասվում են մարդու շարժողական ֆունկցիաները[46]։ Մարտահրավերը կայանում է որևէ մեկի գլխին մի դույլ սառը ջուր լցնելու և Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի ասոցիացիային նվիրատվություն կատարելու մեջ։ Ամեն ինչ սկսվեց 2014 թվականի հուլիսին, երբ Քրիս Քենեդին հրավիրեց քրոջը՝ Ջենեթ Սեներչիային, մասնակցելու մարտահրավերին։ Սեներչիան ոգևորությամբ ընդունեց մարտահրավերը՝ ի աջակցություն ամուսնու, ում մոտ ախտորոշվել էր այս հիվանդությունը։ Շուտով մարտահրավերը լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում՝ Twitter-ում, Facebook-ում ու Instagram-ում[47]՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների, քանի որ շատերն են զգում այս հիվանդության ներկայությունն իրենց կյանքում և ցանկանում են առաջընթաց տեսնել հիվանդության դեմ պայքարում։ Մարտահրավերի աջակիցներն ընդհանուր առմամբ 115 մլն դոլար նվիրաբերեցին Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի ասոցիացիային, որպեսզի հանրության շրջանում բարձրացվի հիվանդության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև դրա համար բուժում գտնվի[48]։
Ջոզեֆ Քոնին 2012 թվականին Ուգանդայի՝ «Տիրոջ դիմադրության բանակ» կազմակերպության առաջնորդն էր։ Նա մեղադրվում էր ավելի քան 60 000 ուգանդացի երեխաների առևանգման մեջ. տղաներին դարձնում էր անզգա մարդասպաններ, իսկ երիտասարդ աղջիկներին՝ սեռական ստրուկներ։ Քոնին սպանում էր բոլոր նրանց, ովքեր կանգնում էին իր ճանապարհին։ 2012 թվականին «Անտեսանելի երեխաներ» ամերիկյան բարեգործական կազմակերպությունը Քոնիի արարքների մասին կարճամետրաժ ֆիլմ նկարեց և հրապարակեց YouTube-ում։ Ֆիլմը դարձավ բոլոր ժամանակների ամենաարագ դիտումներ գրանցող տեսանյութը՝ 6 օրվա ընթացքում ունենալով ավելի քան 100 մլն դիտում։ 2005 թվականից Քոնին հետախուզվում էր Միջազգային քրեական դատարանի կողմից՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Սոցիալական ցանցերում՝ հատկապես YouTube-ում ու Twitter-ում, մեծ ուշադրության արժանանալուց հետո՝ 2008 թվականին, ԱՄՆ-ն վերջապես «Տիրոջ դիմադրության բանակ»-ը ճանաչեց որպես ահաբեկչական խմբավորում։ ԱՄՆ-ը նույնիսկ 100 զինվոր ուղարկեց Ուգանդա՝ Քոնիին գտնելու և ձերբակալելու հարցում տեղի իշխանություններին օգնելու նպատակով։ Հարյուր հազարավոր մարդիկ Twitter-ում գրառումներ էին անում «#stopkony» հեշթեգով։ Քոնիի մասին տեսանյութը վճռորոշ դեր խաղաց աննախադեպ մասշտաբով միջազգային ջանքերի մոբիլիզացման գործում՝ Աֆրիկայում տվյալ անձով պայմանավորված երկարատև խնդիրը վերջապես լուծելու համար։
Տեսանյութն արդյունավետ էր աշխարհի տարբեր ծայրերում ինֆորմացիան մարդկանց հասցնելու և նրանց ներգրավելու գործում՝ ուշադրություն հրավիրելով մի խնդրի վրա, որի մասին շատերը հնարավոր է և չգիտեին մինչև տեսանյութը դիտելը։ Սա ապացույց էր այն բանի, որ եթե մարդիկ իմանում են ինչ-որ խնդրի մասին և օգնելու հնարավորություն են ունենում, ապա օգնում են[49]։ Սոցիալական արդարության համար մղվող արշավները հանրության հետ հաղորդակցվելու համար օգտագործում են նոր մեդիա ռազմավարություններ։ Առցանց հրապարակումները, փոդքասթները և սոցիալական մեդիայի մշակութային նոր նորմերը միաձուլվել են ավանդական հանրահավաքների, բողոքի ակցիաների և լոբբիստական ջանքերի հետ և ստեղծել են նոր տեսակի փոփոխություններ, որոնք ավելի գրավիչ են մասնակիցների համար[50]։ Այս նոր սոցիալական հարթակները հանրությանը հնարավորություն են տվել լինել և՛ սպառող, և՛ մեդիա արտադրող՝ արագացնելով սոցիալական փոփոխությանն ուղղված նրանց ջանքերի տարածումն աննախադեպ ձևով, ինչպիսին Քոնիի տեսանյութն էր։
2016 թվականի «Dakota Access» նավթամուղի շինարարության դեմ բողոքներն ԱՄՆ-ում հնդկացիների մասնակցությամբ վերջին ժամանակների ամենամեծ բողոքի ցույցերից էր, որի ժամանակ սոցիալական ցանցերը մեծ դեր խաղացին նավթամուղի կառուցման վերաբերյալ «Standing Rock Sioux» ցեղի մտահոգություններն ամբողջ աշխարհին հայտնելու գործում։ Բողոքի ակցիան կոչվում էր «NoDAPL» կամ «Կանգնի՛ր «Standing Rock»-ի կողքին» շարժում։ Շարժումը խորհրդանշող հեշթեգների թվում էին «#NoDAPL»-ը, «#StandwithStandingRock»-ը, «#Waterislife»-ը և «#ReZpectOurWater»-ը։
2016 թվականի շարժման ընթացքում ավելի քան մեկ միլիոն ֆեյսբուքյան օգտատեր չեք-ին եղավ «Standing Rock Sioux» ցեղի ռեզերվացիայում, որը տեղակայված է Հյուսիսային Դակոտայի և Հարավային Դակոտայի սահմանին՝ Միսսուրի գետի երկայնքով[51][52]։ Ֆեյսբուքում չեք-ինները ցույց տվեցին շարժման զանգվածային տարածումը[53]։ 2016 թվականի նոյեմբերի 20-ին սոցիալական ցանցերում տարածվեցին ուղիղ հեռարձակումներ և տեսանյութեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են Հյուսիսային Դակոտայի իրավապահներն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, էլեկտրաշոկերներ, ձայնային և այլ ոչ մահաբեր զենքեր[54] օգտագործում շարժման ցուցարարների նկատմամբ[55], որոնք իրենց անվանում էին «ջրի պաշտպաններ»։
Շարժման ժամանակ մեծ թվով մարդիկ մոբիլիզացվեցին, որոնք մեկնեցին Հյուսիսային Դակոտա՝ Միսսուրի գետի և Քենոնբոլ գետերի միախառնման վայր, որտեղով անցնում էր նավթամուղը։ Այս վայրը մոտ էր գտնվում «Standing Rock Sioux» ցեղի ռեզերվացիային։
Վենեսուելայի քաղաքական դաշտում սոցիալական մեդիան օգտագործվել է ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար, այդ թվում՝ 2012 թվականին նախագահ Ուգո Չավեսի վերընտրության քարոզարշավի և 2013 թվականին Նիկոլաս Մադուրոյի և Էնրիկե Կապրիլես Ռադոնսկու նախագահական քարոզարշավի ժամանակ։ Սոցիալական ցանցերն օգտագործվում էին հանրահավաքներ և քաղաքական միջոցառումներ կազմակերպելու համար և ազդում էին քարոզարշավների բովանդակության վրա[56]։ Ընդդիմադիր թեկնածու Կապրիլեսը սոցիալական մեդիան օգտագործում էր աջակիցներ հավաքելու և ընտրողների հետ կապ պահպանելու համար[57]։ Մեդիա ակտիվիզմի այս տեսակն ամենից շատ տարածված էր Վենեսուելայի երիտասարդների շրջանում, որոնք տեխնոլոգիական հմտություններ ունեին[56]։
2013 թվականի մարտի 14-ին Վենեսուելայի Գիտական, քրեագիտական և քրեաբանական հետախուզության կորպուսը ձերբակալեց Լուրդես Ալիսիա Օրտեգա Պերեսին՝ Twitter-ում կատարած «երկիրն ապակայունացնող» մի գրառման համար[58]։
Ֆիջիի Ռոտուման կղզու էթնիկ բնակիչները փոքրամասնություն են կազմում, քանի որ նրանց գրեթե 80%-ն արտագաղթել է։ Թվային հաղորդակցությունը մեծապես նպաստում է Ռոտումանի մշակույթի պահպանմանը[59]։ Թվային մեդիա հաղորդակցության հնարավորությունները Ռոտումանի բնակիչներին թույլ են տալիս պահպանել սեփական մշակույթը և կապը միմյանց հետ։
Գիտնականները փորձել են ստեղծել տեսական մոդելներ՝ սոցիալական շարժումների և ակտիվիզմի համատեքստում մեդիայի օգտագործումը պատկերելու համար։ Այսպիսի օրինակ է սոցիալական մեդիան օգտագործող քաղաքական շարժումների չորս փուլանոց մոդելը, որը ստեղծել են Ռոդրիգո Սանդովալ-Ալմասանը և Խ. Ռոման Խիլ-Գարսիան[60].
Գիտնականները մատնանշել են նաև սոցիալական մեդիա ակտիվիզմի թույլ կողմերը։ Որոշ քննադատներ պնդում են, որ մեդիա ակտիվիզմը և համացանցային ակտիվիզմը պետք է լուսաբանվեն ավանդական լրատվամիջոցներով՝ զգալի ուշադրության արժանանալու համար։ Սոցիալական շարժումները՝ հատկապես նրանք, որոնք սկիզբ են առել սոցիալական ցանցերում, մեծ թվով մասնակիցներ պետք է ունենան՝ սոցիալական մեդիա հարթակներում իրենց ակտիվությունը պահպանելու համար[60]։
2009 թվականի Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցող բողոքի ցույցերի և մեդիա ակտիվիզմի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ թվային բովանդակությունը և զանգվածային լրատվամիջոցները պետք է հուզական ազդեցություն ունենան լսարանի վրա, որպեսզի խթանեն քաղաքացիների ակտիվությունն ու ներգրավվածությունը[61]։
Մեդիա ակտիվիզմը հնարավորություն է ընձեռել նաև բնիկ ժողովուրդներին բարձրաձայնել տեղական ինքնակառավարման բացթողումները։ Օգտագործելով մեդիա տեխնոլոգիաների և առցանց հաղորդակցության տված հնարավորությունները՝ բնիկ ժողովուրդները կարողանում են «դուրս գալ» իրենց բնակավայրերից և համախմբվել այլ ազգային փոքրամասնությունների հետ, որոնք բախվում են նմանատիպ խնդիրների[30]։ Ֆիլիպինների բնիկ ժողովուրդները կարողացել են օգտագործել առցանց մեդիան՝ տեղական լրատվամիջոցներով տարածվող սխալ և կողմնակալ պատկերացումները հերքելու և իրենց խնդիրներն ու պահանջները միջազգային լսարանին հասցնելու համար։ Մեդիա ակտիվիզմը բնիկ ժողովուրդներին թույլ է տալիս նաև մոբիլիզացնել արտասահմանյան դաշնակից կազմակերպությունների, անհատների, կառավարությունների աջակցությունը՝ հատկապես, երբ տեղական ակտիվիզմը խոչընդոտվում է սպառնալիքներով կամ բռնությամբ, օրինակ՝ քաղաքական ոտնձգություններով կամ արտադատական սպանություններով[30]։ Մեդիան, երբ օգտագործվում է որպես ակտիվիզմի գործիք, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր. խորհրդանշելով դրա պատմական նշանակությունը՝ այն միաժամանակ ճանապարհ է հարթում դրա հետագա կարևորության համար։ Նույն ձևով, բնիկ ժողովուրդների կյանքը նկարագրող արձանագրությունները ոչ միայն ընդգծում են դրա պատմական նշանակությունը, այլև ազդում են գաղութատիրության ապագա ընկալումների վրա և բնիկ ժողովուրդների համար ծառայում են որպես իրենց հողերի նկատմամբ իրենց իրավունքները հաստատելու միջոց[62]։
Ավստրալիայի բնիկ ժողովուրդները և Տոռես նեղուցի կղզիաբնակներն ավելի հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից, քան ոչ բնիկ ավստրալացիները[63]։ Oգտագործելով սոցիալական մեդիան, մասնավորապես մեմերը՝ նրանք վիճարկում են Ավստրալիայի պատմության վերաբերյալ առկա տեսակետները[64]։ Ավստրալիայի բնիկ ժողովուրդների և Տոռես նեղուցի կղզիաբնակների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման համապարփակ ուսումնասիրության ընթացքում Բրոնվին Քարլսոնը և Ռայան Ֆրեյզերը պարզել են, որ շատ մարդիկ տհաճ փորձառություն են ունենում սոցիալական ցանցերում, օրինակ՝ ենթարկվում են թրոլինգի և ռասիզմի, բայց, այդուհանդերձ, կարևորում են սոցիալական մեդիան. «Շատերի համար այն անգնահատելի գործիք է դարձել իրենց հույսերի ու երազանքների իրականացման գործում։ Այն օգնել է նրանց «գտնել» և կիսվել իրենց ինքնությամբ և ստեղծել փոխադարձ վստահության, հարգանքի, հոգատարության և բարության համայնքներ»[65]։ Սոցիալական մեդիան կարևոր գործիք է ակտիվիստների հավաքական ինքնությունը ձևավորելու և զարգացնելու համար։
Չնայած մեդիա ակտիվիզմի առավելություններին՝ կան մարդիկ, որոնք դեմ են դրա՝ որպես կազմակերպչական գործիք օգտագործելուն։ Տեխնոլոգիաների թերություններից մեկն այն է, որ իշխանության ներկայացուցիչները կարող են օգտագործել համացանցը՝ ակտիվիստներին հետևելու և թիրախավորելու համար[61]։ Իշխող վերնախավը կամ նրանք, ովքեր վտանգ են զգում մեդիա ակտիվիզմից, փորձում են հակազդել դրան՝ ֆիլտրելով համացանցը, արգելափակելով որոշակի կայքեր, նվազեցնելով ինտերնետ կապի արագությունը և հետևելով այն օգտատերերին, որոնք առնչվում են առցանց քաղաքական բովանդակության հետ[61]։
Այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Հյուսիսային Կորեան, Վենեսուելան և Չինաստանը, փորձել են սահմանափակել մեդիա ակտիվիզմը տարբեր մարտավարությունների միջոցով։ Չինաստանը մեդիա գրաքննություն է իրականացնում՝ ազգային ներդաշնակության պատրվակով, թեև Արտաքին հարաբերությունների խորհուրդը պնդում է, որ առցանց ակտիվիզմը ճնշվում է՝ իշխանությունների քաղաքական կամ տնտեսական շահերը պաշտպանելու համար[66]։ Հյուսիսային Կորեայում պետությունը սահմանափակում է թվային հաղորդակցության գրեթե բոլոր ձևերը, սակայն մի քանի անդրազգային քաղաքացիական լրագրողներ, օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսները և ինֆորմացիոն կրիչները՝ քաղաքացիներին և արտերկրում ապրողներին ճշգրիտ լուրեր են հաղորդել[67]։
Չնայած մեդիա ակտիվիզմն ակտիվիզմի ձև է, այն բարձր ռիսկայնություն պարունակող ակտիվիզմ չէ, այլ ավելի շատ՝ հաղորդակցության միջոցով կազմակերպման ձև։ Սլեքթիվիզմ տերմինն օգտագործվում է ընդգծելու համար, որ մեդիա ակտիվիզմը՝ հատկապես թվային ոլորտում, կարող է ներառել սոցիալական խնդիրների մասին զրույցներ և քննարկումներ, սակայն պարտադիր չէ, որ դրանք վերափոխվեն կոնկրետ գործողությունների, որոնք փոփոխության կհանգեցնեն[68]։ Քննադատները պնդում են, որ մեդիա ակտիվիզմը միշտ չէ, որ կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել սոցիալական կամ քաղաքական ռեժիմների դեմ պայքարում, սակայն շատերն են այն ընդունում որպես հաղորդակցման հզոր գործիք՝ համախոհ մարդկանց միավորելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.