Հայաստանի Հանրապետության ջրագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 միլիարդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը[1]։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ՀՀ գետերը պատկանում Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6%-ը)ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։
Հայաստանում կան 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։
Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխային բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30-50%)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 մ 3/վրկ է։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ և այլն)։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են (թույլ ու միջին հանքայնացմամբ)։ Սևանա լճի և Մեծամոր գետի ջրերի աղիությունը համապատասխանաբար 700-725 մգ/լ և 500-520 մգ/լ է։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 միլիոն տ է (0,4 միլիոն տ՝ Կուրի, 0,9 միլիոն տ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 միլիոն տ (0,8 միլիոն տ՝ Կուրի, 1,2 միլիոն տ Արաքսի ավազանում)։
ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը և այլն։
ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթնոլորտային տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ․ ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։
ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ և այլն (Գեղամա լեռնաշղթայում), Գազանա, Կապուտան ևն (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև և այլն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձրլեռնային գոտում, որտեղ բարձր լեռնագագաթների վրա (Աժդահակ, Արմաղան և այլն) կան նաև խառնարանային լճեր։ ՀՀ հս-արմ․ մասում, Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, Տավուշի մարզում, մոտ 1350 մ բարձր․ վրա՝ Պարզ լիճը, Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։ ՀՀ ընդերքը հարուստ է անուշահամ արտեզյան ջրերի ավազաններով։