Հաղպատի վանական համալիր
From Wikipedia, the free encyclopedia
Հաղպատ, հայկական առաքելական վանական խոշոր համալիր Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղպատ (այլ կիրառումներ)
Հաղպատի վանական համալիր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հաղպատ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Հաղպատի և Սանահինի վանքեր |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Նշան, Զանգակատուն, Ժամատուն Համազասպի, Մատուռ, Մատուռ-ավանդատուն, Մատուռ-ավանդատուն, Մատուռ Բարսեղի, Սմբատի և Բագրատի, Մատուռ Նաջմադինի, Մատուռ Քուրդ իշխանի, Շրջապարիսպ, Սեղանատուն, Խաչքար, Գավիթ Սբ. Նշան եկեղեցու, Գավիթ Սբ. Նշան եկեղեցու, Գերեզմանոց, Գրատուն, Եկեղեցի Սբ. Աստվածածին (Խաթունաշեն), Եկեղեցի Սբ. Աստվածածին (Ջգրաշեն) և Եկեղեցի Սբ. Գրիգոր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 966 թ. |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Haghpat Վիքիպահեստում |
Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, մատենադարան[2]։ Մեծ դեր է կատարել հայ մատենագրության և մանրանկարչության գործում[2]։
Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[3]։
Անվանում
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։
Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Հախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Տեղադրություն
Վանական համալիրը կառուցված է Հաղպատ գյուղի կենտրոնական մասում՝ բարձր սարահարթի վրա[4]։ Աշխարհագրորեն այն երկու կողմից եզերված է Սուրբ Լույս և Տերունական լեռներով, իսկ մյուս կողմերից՝ Կայան Բերդ և Սաղիձորի կիրճերով[4]։
Պատմություն
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի[5] թագավորը և նրա կին Խոսրովանույշը[6]՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար։ Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը։ Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։
1064 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին, ճանաչելով սելջուկ թուրքերի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները։ Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105-1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի)։ Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը։ 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները։
12-րդ դար
1177-1178 թվականներին Վրաց թագավոր Գեորգի III-ի դեմ Իվան Օրբելու գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի Արծրունիներին։ Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր։ Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս։
12-րդ դարի 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև 13-րդ դարում՝ Զաքարյան իշխանների տիրապետության օրոք։ Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին։ Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը։ 1185 թվականին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարի 1-ին քառորդին, վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացու օրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի։ Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ։ Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը։ 13-րդ դարի 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։
Մոնղոլական արշավանքների նախօրեին՝ 1233 թվականին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է։ Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը։ 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը։ Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր։ Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ։
13-18-րդ դարեր
11-13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան։ Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին։ Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում։ Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է։ Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել։
14-րդ դարի վերջին՝ Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ։
14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի։ Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ։ Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի։
1555 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է Սեֆյան Իրանին և ընդգրկվել Քարթլի-Կախեթի վալիության մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ։ 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին։ Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները։ Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ։ Ըստ արձանագրության տվյալների՝ 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո։ 1676-1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը։
17-18-րդ դարերում լեզգիները բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751-1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում։ 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում։ Վրաց թագավոր Հերակլ II-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը։ Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս։ Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է Սայաթ-Նովան՝ Տեր-Ստեփանոս անվամբ։
1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»։
19-րդ դար
19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808-1811), Աստվածատուր Արցախեցին (1811-1814) և Ներսես Աշտարակեցին (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը։ Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին 1822-1824 թվականներին ապաստանել Հաղպատում։ Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Իվան Պասկևիչի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է Բեսարաբիա, որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ Հարություն Ալամդարյանը 1830-1832 թվականներին աքսորվել է Հաղպատ։
1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը։ Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ։ Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին Դեբեդ գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ։
20-րդ դար
Խորհրդային իշխանության տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան։ Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ Ալեքսանդր Թամանյան, 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954-1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965-1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973-1975 թվականներին՝ Հ. Գասպարյան)։
1989 թվականին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։ Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ճարտարապետություն
Համալիրի՝ տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինություններն ի վերջո կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը։ Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին (976-991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը։ Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով։ Մուտքեր ունի հյուսիսային և արևմտյան կողմերից։
Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով։ Արևելյան, հարավային և հյուսիսային ճակատները ջլատված են եռանկյունաձև հատվածքով երկուական ուղղաձիգ խորշերով, որոնք, կառույցին թեթևություն և տարածական կոշտություն հաղորդելուց բացի, զուսպ մշակված քիվերի և պսակների հետ կազմում են նրա հարդարանքի էական տարրը։ Արևելյան ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները՝ կանգնած դեմ հանդիման, ձեռքերում՝ եկեղեցու մանրակերտը։ Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել։ Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած Քրիստոսը, իսկ դրանից ցած՝ «Ավետման», «Ծննդյան» և «Մկրտության» տեսարաններ (10-րդ դար)։ Հարավային պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու՝ Խութլու Բուղայի պատկերները (13-րդ դար)։ 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին,ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ։
- Հաղպատի վանական համալիրի տեղադրությունը քարտեզում
- Հաղպատի վանքի հատակագիծ
Սուրբ Նշան եկեղեցի
Հաղպատի և Սանահինի վանքային համալիր | |
Monasteries of Haghpat and Sanahin* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (ii)(iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1996 (20-րդ նստաշրջան) |
Համար | 777 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից է Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210-1225), որը կառուցված է եկեղեցու արևմտյան կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում։ Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արևելյան և արևմտյան ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի։ Ուղղանկյուն հատակագծով ընդարձակ դահլիճը ծածկված է երկու զույգ, միմյանց հետ խաչվող կամարներով, որոնք արևելյան կողմում հենվում են եկեղեցու արևմտյան պատին կից որմնասյուներին, իսկ արևմտյան կողմում՝ առանձին կանգնած սյուներին։
Չորս կամարներով ստեղծված կենտրոնական քառակուսին իր հերթին ծածկված է դրանց վրա հենված խաչվող կամարների մի նոր, առավել փոքր համակարգով՝ ստեղծելով բարդ, սակայն տեկտոնիկ, տրամաբանված ու գեղարվեստորեն հարուստ ու բազմապլան տարածական կոնստրուկտիվ հորինվածք, որն ավարտվում է երդիկով և սլացիկ ռոտոնդայով։ Գավթի արտաքին պարզ ու զուսպ հարդարանքի ֆոնի վրա առավել շեշտված երևում է հարուստ զարդաքանդակներով մշակված արևմտյան շքամուտքը։
Համալիրի երկրորդ գավիթը (1255), որը կառուցող վանահոր անունով կոչվում է նաև «Համազասպի ժամատուն», գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային կողմում, մոտ 8 մ հեռավորությամբ։ Կառույցը պատկանում է քառակուսի հատակագծով կենտրոնակազմ չորս սյուների վրա հենված կամարածածկ և երդիկավոր գավիթների տարածված տիպին և ամենամեծն է դրանց շարքում (մոտ 330 մ2)։ Արևելյան կողմում առանցքային տեղադրությամբ այն հաղորդակից է անհամեմատ փոքր չափերով միանավ թաղածածկ եկեղեցուն, որն ունի ընդամենը 20 մ2 մակերես։ Վերջինիս և գավթի այս անսովոր և անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու գործառնական դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն, առանձին շինություն՝ ժողովարան։
Փոքր չափեր ունի նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին (1125), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, անկյուններում՝ ավանդատներով (արևմտյան կողմում՝ կրկնահարկ), թաղածածկ և երկլանջ տանիքով կառույց է՝ տեղադրված Սուրբ Նշան եկեղեցու գավթին կից, հարավային կողմում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Համալիրի երրորդ փոքր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար), գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու գավթի հյուսիսային կողմում, նախկին սրահ-դամբարանի պահպանված մասից 2 մ հեռավորությամբ։ Ներքուստ խաչաձև, սակայն առանց ավանդատների, կենտրոնակազմ գմբեթավոր կառույց է, որի հյուսիսային և հարավային խաչաթևերի խորությունն այնքան փոքր է, որ հատակագծում դրանք ընդգրկվել են եկեղեցու պարզ ուղղանկյան եզրագծի մեջ։ Արևմտյան ճակատի առանցքով տեղադրված շքամուտքը հարդարված է քանդակազարդ շրջանակով։ Եկեղեցին կոչվում է նաև Խաթունաշեն, կառուցողի՝ Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի անվամբ։
Գրատուն
Վանքի գրատունը (11-րդ դար, վերակառուցվել է 1258-1262 թվականներին) քառակուսի պարզ հատակագծով սրահ է, սկզբնապես ծածկված է եղել փայտե սյունահեծանային կոնստրուկցիայով։ Վերակառուցման ժամանակ այն փոխարինվել է քարաշեն խաչվող կամարների համակարգով, որը հենվում է պատերին կից հավելված որմնասյուների վրա։ Ծածկի կենտրոնական քառակուսին պսակվում է ութանիստ վրանաձև երդիկավոր գմբեթով։ Սրահի որմնակամարներով ջլատված պատերն ունեն նաև որմնախորշեր, որոնք կատարել են գրապահարանի դեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու և «Համազասպի ժամատան» միջանկյալ տարածքում՝ գրատան վերաշինության հետ միաժամանակ կառուցված սրահի մեջ։
Համազասպի ժամատուն
Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը 1257 թվականին կառուցել է Համազասպ Անեցի վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18, 68 x 18, 20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։
Զանգակատուն
Հուշարձանախմբից անջատ՝ գրատան հյուսիսարևելյան կողմում, մոտ 5 մ հեռավորությամբ կանգնած է 25 մ բարձրություն ունեցող զանգակատունը, որը նմանատիպ առավել վաղ և լավագույն օրինակներից է։ Նրա երկհարկ հիմնական զանգվածը ավարտվում է սյունազարդ զանգաշտարակով։ Առաջին հարկի հատակագծի եզրագիծը հավասարաթև խաչ է, երկրորդ հարկինը՝ այն ներգծող քառակուսի՝ հատված անկյուններով։ Այս համադրության շնորհիվ արտաքին անկյուններում ստեղծվել են ստալակտիտային տրոմպների համակարգով պսակվող ուղղաձիգ խորշեր, որոնք շքամուտքի ու լուսամուտների կամարազարդ բացվածքների շրջակալների, ճակտոնների քիվերի և հովհարաձև վեղարով զանգաշտարակի հետ կառույցին հաղորդում են թեթևություն և վերասլաց համաչափություն։ Պատի միջին բարձրության վրա գտնվող շարքերից մեկը, որը չի ընդհատվում բացվածքներով, ողջ պարագծով կառուցված է որպես հակաերկրաշարժային հոծ գոտի, որտեղ քարերը միմյանց ագուցված են ձգման ուժերին դիմակայող ատամնաձև ելուստներով։ Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով։ Առաջին հարկում կան երկու, իսկ երկրորդում՝ չորս մատուռ-աղոթարաններ՝ ինչի պատճառով վիմագրերում կառույցն անվանվում է նաև եկեղեցի։
Սեղանատուն
Հայ միջնադարյան աշխարհիկ կառույցների մեջ բացառիկ տեղ է գրավում սեղանատունը (1220-ական թվականներ), որը կառուցված է վանքի պարսպապատ տարածքի հյուսիսային եզրին։ Արևելք-արևմուտք երկայնական առանցքով ուղղանկյուն ընդարձակ սրահ է՝ կողմերի 1։2 հարաբերությամբ։ Կենտրոնական մասում լայնական առանցքով դրված երկու սյուներով սրահը բաժանված է երկու քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է որմնասյուներին և կենտրոնական սյուներին հենվող խաչվող կամարների համակարգով և ութանկյուն երդիկավոր գմբեթով։ Մուտքը արևմտյան կողմից է, իսկ արևելյան պատը ներքուստ ձևավորված է կամարակապ խորշով։
Վանքի աղբյուր
Պարսպապատ տարածքից դուրս՝ մոտ 100 մ արևելք, գտնվում է վանքի աղբյուրը (1258)։ Այն ուղղանկյուն հատակագծով երկարավուն սրահ է, որի երեք պատերը խուլ են, իսկ հարավային երկայնական պատը ձևավորված է երկթեք տանիքի ճակտոնի տակ առնված կենտրոնակակն մեծ կողմնային երկու փոքր կամարակապ բացվածքներով։ Ներսում՝ հյուսիսային պատի ողջ երկայնքով, տեղադրված են միմյանց հետ հաղորդվող վեց տաշտակներ, որոնց միջով հոսում է ջուրը։ Նույն ուղղությամբ ավելի հեռու՝ բարձունքի վրա գտնվում է Եկեղեցի Կուսանաց Անապատ (Տիրամոր Եկեղեցի)՝ Սուրբ Տիրամայր եկեղեցով (13-րդ դար), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն փոքր կենտրոնագմբեթ կառույց է։
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Գավթից հարավ տեղադրված Սուրբ Գրիգոր եկեղեցին (1025) դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով, թաղակապ շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են (արևմտյանները՝ կրկնահարկ)։
Հուշարձաններ
Վանական համալիրի տարածքում և շրջակայքում պահպանվել են մեմորիալ և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից առավել նշանավոր է բարձրարվեստ պատկերաքանդակներով հարուստ «Ամենափրկիչ» խաչքարը, որը տեղադրված է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ՝ սրահի ներսում։ Հիշարժան են նաև Ուքանանց իշխանական տոհմի երեք խաչքար-դամբարանները՝ վանքի հյուսիսարևմտյան պարսպի մոտ։
Հաղպատի վանական համալիրում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է 10-18-րդ դարերը։ Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների, տնտեսական կյանքի և վանքի շինարարական գործունեության մասին։
- «Ամենափրկիչ» խաչքարի վրայի գրություններ
- Խաչքար «Ամենափրկիչ»
- «Ամենափրկիչ» խաչքարի վրայի գրություններ
Համաշխարհային Ժառանգություն
1996 թվականին Հաղպատի վանական համալիրը Հայաստանի հուշարձաններից առաջինն է ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Պատկերասրահ
- Սուրբ Նշան եկեղեցին Հաղպատի համալիրում
- Զանգակատունը և Սուրբ Նշան եկեղեցին
- Հաղպատի վանական համալիրի գավիթ
- Սուրբ Նշան եկեղեցու գմբեթ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.