From Wikipedia, the free encyclopedia
Կալպուրնիա (լատին․՝ Calpurnia), Հուլիոս Կեսարի կին, որի հետ վերջինս ամուսնացած է եղել իր սպանության ժամանակ։ Ըստ ժամանակակից աղբյուրների՝ առաքինի և հավատարիմ կին է եղել, չնայած իր ամուսնու դավաճանություններին, և նախազգուշացված լինելով նրա կյանքին սպառնացող վտանգի մասին՝ ապարդյուն փորձել է կանխել այն[3]։
Կալպուրնիա լատին․՝ Calpurnia | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | գրող |
Ամուսին | Հուլիոս Կեսար[1][2][2] |
Ծնողներ | հայր՝ Լուցիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինոս[1][2][2], մայր՝ Rutilia?[2][2] |
Calpurnia Pisonis Վիքիպահեստում |
Ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 76 թվականին և հանդիսացել Լուցիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինի դուստրը․ հայրը կոնսուլ է եղել մ․թ․ա․ 58 թվականին։ Եղբայրը նույնպես կոնսուլ է դարձել (մ․թ․ա․ 15 թվական)[4]։
Կեսարի հետ ամուսնացել է մ․թ․ա․ 59 թվականի վերջին, վերջինիս կոնսուլության շրջանում[5][6][7][3]։ Եղել է մոտավորապես տասնյոթ տարեկան և հավանաբար իր խորթ աղջկանից՝ Հուլիայից, տարիքով փոքր։ Հուլիան Կեսարի միակ դուստրն էր առաջին կնոջից և այդ ժամանակ ամուսնացած էր Գնեոս Պոմպեոսի հետ, որը Սուլլայի նախկին աջակիցներից էր ու մ․թ․ա․ 70 թվականին կոնսուլ էր եղել, իսկ վերջերս դարձել էր Կեսարի մտերիմ քաղաքական դաշնակիցներից մեկը[Ն 1][6]։
Նախքան այս ամուսնությունը Կեսարը երկու կամ երեք անգամ ամուսնացած էր եղել։ Մանկության տարիներին նշանված է եղել հարուստ հեծյալի դուստր Կոսուցիայի հետ[9][10], սակայն որոշակի անորոշություն կա կապված այն բանի հետ, թե արդյոք իրականում այդ ամուսնությունը տեղի է ունեցել[Ն 2]։ Ըստ պատմագիր Սվետոնիոսի՝ Կեսարն ստիպված է եղել հրաժարվել նշանադրությունից, երբ տասնվեց տարեկանում[Ն 3] առաջադրվել է որպես Յուպիտերի ավագ ֆլամին․ բարձրաստիճան քրմի պաշտոն, որը պահանջում էր ամուսնացած լինել կոնֆարեատո կոչվող արարողությամբ (միայն պատրիկների համար նախատեսված ավանդական հանդիսավոր ամուսնական արարողություն, որտեղ հարսն ու փեսան կիսում էին մաքրած ցորենից պատրաստված թխվածք, ու որտեղ ներկա էին լինում ֆլամիններ, ավագ քահանա ու տասը վկա)[10]։
Դրանից հետո Կեսարն ամուսնացել է պատրիկյան դասին պատկանող և այդ ժամանակ Հռոմում ամենաազդեցիկ մարդու՝ Լուցիուս Կոռնելիուս Ցիննայի դուստր Կոռնելիայի հետ։ Բոլոր առումներով նրանց ամուսնությունը երջանիկ է եղել, և ծնվել է Կեսարի միակ օրինական երեխան՝ Հուլիան։ Ցիննայի տապալումից ու մահից հետո բռնակալ Սուլլան պահանջել է Կեսարից ամուսնալուծվել իր թշնամու աղջկանից․ պահանջ, որը Կեսարը հրաժարվել է կատարել՝ վտանգի ենթարկելով անգամ իր կյանքը[10][11][12]։ Կոռնելիան մահացել է մ․թ․ա․ 69 կամ 68 թվականին, երբ նրա ամուսինը պատրաստվում էր մեկնել Հռոմեական Իսպանիա։
Իսպանիայից վերադառնալուց հետո Կեսարն ամուսնացել է Սուլլայի թոռնուհի Պոմպեայի հետ, սակայն նրանց ամուսնությունը սկանդալով է ավարտվել։ Մ․թ․ա․ 63 թվականին Կեսարն ընտրվել է ավագ քահանայի պաշտոնում (լատ.՝ Pontifex Maximus) և պաշտոնական բնակավայր ստացել Հռոմի Վիա Սակրա գլխավոր փողոցում։ Այդտեղ մ․թ․ա․ 62 թվականի ձմռանն անցկացվել են «Լավ աստվածուհու» (լատին․՝ Bona Dea) սրբազան ծեսերը, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է եղել։ Սակայն Պուբիլոս Կլոդիոս Պուլչեր անունով մի փառամոլ երիտասարդ ազնվական ներս է մտել կանացի հագուստով ծպտված՝ հավանաբար Պոմպեային գայթակղելու նպատակով։ Նրա հայտնաբերումը ցնցել է հռոմեական ազնվականությանը և բամբասանքներ են տարածվել Պոմպեայի հավատարմության մասին[7]։ Կեսարն այլ ելք չի ունեցել, բացի ամուսնալուծվելը․ ոչ այն պատճառով, որ ինքն անձամբ հավատացել է այդ բամբասանքներին, այլ նրա համար, որ ավագ քահանայի կինը պետք է կասկածից վեր լիներ[Ն 4].[13][14][15]
Այնուհետև Կեսարն ամուսնացել է Կալպուրնիայի հետ, որն իր ժամանակակիցների նկարագրությամբ համեստ, հաճախ՝ ամաչկոտ կին էր[16]։ Բոլոր առումներով Կալպուրնիան հավատարիմ և առաքինի կին է եղել, որը հանդուրժել է Կեսարի բոլոր սիրավեպերը[3]։ Բամբասանքներ կային, որ վերջինս գայթակղել է մի շարք նշանավոր մարդկանց, այդ թվում՝ առաջին եռապետության իր երկու դաշնակիցների կանանց[17]։ Որոշ ժամանակ մտերիմ է եղել Սերվիլիայի հետ և այդ կապը բաց գաղտնիք էր Հռոմում[17]։ Բամբասանքներ կային, որ Կեսարն է Սերվիլիայի որդու՝ Բրուտոսի հայրը[18], թեև սա ժամանակագրական առումով անհնար էր[Ն 5][19], և որ Սերվիլիան փորձել է Կեսարի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի իր դուստր Յունիա Տերցիան, որն, ըստ բամբասանքների, դարձյալ Կեսարի դուստրն էր[Ն 6][17]։ Կեսարը սիրավեպեր է ունեցել նաև Մավրետանիայի թագուհի Էվնոյայի, ինչպես նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ․ վերջինս պնդել է, որ Կեսարն է իր որդու՝ Պտղոմեոս XV-ի հայրը, որը պատմության մեջ հայտնի է որպես Կեսարիոն[21][22]։ Կալպուրնիայի հետ ամուսնությունից Կեսարը զավակներ չի ունեցել։
Ըստ հռոմեացի պատմագիրների՝ Կեսարի սպանությունը կանխագուշակվել է մի քանի վատ նախանշաններով, ինչպես նաև էտրուսկացի գուշակ-քուրմ Սպուրինայի կողմից, որը նախազգուշացրել է Կեսարին մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին կամ դրա մոտակայքում իրեն սպասվող մեծ վտանգի մասին[23][24][25]։ Կեսարի սպանության նախորդ գիշերը Կալպուրնիան երազում տեսել է, որ Կեսարին դանակահարել են, և որ նա մահացել է իր գրկում։ Առավոտյան նա աղաչել է ամուսնուն չգնալ սենատ, ինչպես ինքն էր պլանավորել, և տեղի տալով կնոջ մտահոգությանն ու աղաչանքներին՝ Կեսարը որոշել է չգնալ[23][24][25][26][27]։ Սակայն նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Դեցիմուս Յունիուս Բրուտոսը, որին Կեսարը վերջերս էր պրետոր նշանակել, և որը նրա դեմ գաղտնի դավադիրներից մեկն էր, եկել է Կեսարի տուն ու համոզել նրան ուշադրություն չդարձնել նախանշանների վրա ու գնալ սենատ[23][26][28][29]։
Ամուսնու սպանությունից հետո Կեսարի բոլոր անձնական փաստաթղթերը, այդ թվում և նրա կտակն ու գրառումները, ինչպես նաև նրա ամենաարժեքավոր ունեցվածքը Կալպուրնիան փոխանցել է կոնսուլ Մարկոս Անտոնիոսին, որը Կեսարի ամենավստահելի դաշնակիցն էր ու դավադրության մեջ ներգրավված չէր[30]։ Կեսարից հետո այլևս չի ամուսնացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.