Խոսքի մասեր
From Wikipedia, the free encyclopedia
Խոսքի մասեր, լեզվի բառապաշարի բառաքերականական խմբերն են, որոնք ընկած են քերականական կառուցվածքի հիմքում։ Խոսքի մասերը հատուկ են աշխարհի բոլոր լեզուներին, բայց, պայմանավորված լեզվի հիմնականում կառուցվածքային տիպով, տարբեր է նրանց որոշման հիմունքը, ուրեմն և՝ քանակը։ Ձևական քերականությունը որպես տարբերակման միջոց ընտրել է բառերի ձևը, ձևական հատկանիշները (Պեշկովսկի, Ուշակով) կամ համատեղել դրանց ձևն ու արտահայտած իմաստը (Մ. Աբեղյան)։ Ըստ լեզվաբան Գուրգեն Սևակի՝ խոսքի մասերը, ինչպես և մյուս լեզվական կատեգորիաները, ունեն նաև իմացաբանական արժեք և արտացոլում են մարդու մտածողության զարգացումը՝ աստիճանական առաջընթացի ժամանակ իմացության և լեզվի հարստացման ճանապարհին[1]։ Աճառյանի կարծիքով, եթե խոսքի մասը փոխում է իր գործածությունը, ապա փոխում է նաև խոսքի մասը (օրինակ՝ թագավոր, հույն)։ Նա նաև բերում է այլ օրինակներ, թե ինչպես են արտահայտությունները, բառակապակցությունները դառնում լեզվական մեկ միավոր և սկսում կիրառվել որպես անուն խոսքի մաս (ասեկոսե, Հայսմավուրք)։ Երևույթը տիպական է նաև այլ լեզուների համար (ֆրանսերեն, անգլերեն, զիրյեներեն)։ Բառերի տեսակների այսպիսի փոխանակությունը Աճառյանն անվանում է փոխակարգություն (hypostase)[2]: Մանվել Ասատրյանը տվյալ բառի խոսքիմասային պատկանելությունը որոշելու համար հաշվի է առնում հետևյալ տվյալները․
- բառի ընդհանուր իմաստ,
- բառի ձևավորումն ու ձևաբանական առանձնահատկությունները,
- բառի շարահյուսական կիրառությունները[3]։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ըստ արդի լեզվաբանության ընդունված հայեցակարգի՝ հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, ձայնարկություն, որոնք որոշվում են համապատասխան բառախմբերի ընդհանուր նշանակությամբ։
Խոսքի մասերը կազմում են բարդ համակարգ, որի բաղադրիչները միմյանց նկատմամբ նույնանման կապի ու հարաբերության մեջ չեն։ Կան անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ, կապը և շաղկապը, մի կողմից՝ գոյականը, ածականը, թվականը, մակբայը, մյուս կողմից՝ դերանունը) և ոչ-անմիջականորեն հարաբերակից խոսքի մասեր (օրինակ՝ ձայնարկությունը և բայը, թվականը և շաղկապը)։