From Wikipedia, the free encyclopedia
«Իջնում էր անցած տարվա ձյունը» (ռուս.՝ «Падал прошлогодний снег»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Թաթարսկին Սերգեյ Իվանովի սցենարով 1983 թվականին[1]։ Նկարահանվել է պլաստիլինային մուլտիպլիկացիայի տեխնիկայով։ Սյուժեի հիմքում զվարճալի ամանորյա[2] հեքիաթ է, որը պատմում է տոնածառի համար եղևնի փնտրելու գնացած տղամարդու մասին։
Իջնում էր անցած տարվա ձյունը ռուս.՝ Падал прошлогодний снег | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | երգիծանք և ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Տատարսկի |
Սցենարիստ | Սերգեյ Իվանով |
Հնչյունավորում | Ստանիսլավ Սադալսկի |
Երաժշտություն | Գրիգորի Գլադկով |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 19,75 րոպե |
Թվական | 1983 |
Մուլտֆիլմն առանձնանում է նրանով, որ մուլտֆիլմի հերոսների աֆորիստական արտահայտությունները, որոնք լի են աբսուրդական հումորով, վերածվել են ժողովրդական թևավոր խոսքերի[3]։
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1983 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 15:50-ին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության 2-րդ ծրագրով։
Մուլտֆիլմի գլխավոր հերոսը հիմար, պարզամիտ, ծույլ ու ագահ մարդ է։ Բացի այդ, նա նաև թլվատ է (չի կարողանում արտասանել «որոշ տառեր և թվեր»), շատ է սիրում գարեջուր խմել և անընդհատ հայտնվում է հիմար իրավիճակներում։ Բարեբախտաբար, նա ունի «խիստ և հեղինակավոր» կին։ Ամբողջ պատմությունը սկսվում է նրանից, որ կինն իր ամուսնուն ուղարկում է Նոր տարվա համար անտառից տոնածառ բերելու։ Բայց ամանորյա անտառը հեքիաթային վայր է՝ լի անսպասելի իրադարձություններով։ Շփոթվելով անտառի հրաշքներից՝ մարդը տուն է վերադառնում դատարկաձեռն։
Սյուժեն բաժանված է իրար հետ կապված երկու պատմությունների։ Առաջին պատմությունը հիմնված է աշխարհի շատ ժողովուրդների հեքիաթներում հանդիպող սյուժեի վրա. այն պատմում է ագահ մարդու մասին, որը, անտառում նապաստակ տեսնելով, երազում է, թե ինչպես է հարստանալու բռնված կենդանու շնորհիվ։ Արդյունքում, նա իր ճիչով վախեցնում է նապաստակին և զրկվում որսից։ Երկրորդ պատմության մեջ կինը կրկին գյուղացուն ուղարկում է տոնածառի հետևից, և նա ճանապարհին տեսնում հավի ոտքերով խրճիթ, որի ներսում գտնում է կախարդական փայտիկ. անզգուշորեն օգտգործելով այն՝ գյուղացին ենթարկվում է բազմաթիվ վերափոխումների՝ դժվարությամբ վերադարձնելով իր սկզբնական տեսքը։
Ֆիլմն ավարտվում է նրանով, որ տղամարդը դատարկաձեռն վերադառնում է գյուղ և կնոջից հանդիմանություն ստանալով՝ նստում է ձյունով ծածկված կամրջի եզրին։ Կադրից դուրս պատմողն ասում է, որ տղամարդը երրորդ անգամ է գնում եղևնու հետևից և վերջապես գտնում է այն, բայց քանի որ արդեն գարուն էր, նա ծառը հետ է տանում։ Այս խոսքերից հետո տղամարդը սկսում է սրինգ նվագել։ Նրան է մոտենում այն ագռավը, որի վրա նա նախկինում ձնագնդեր էր նետում, և իր թևերով գրկում է նրան։
Մուլտֆիլմն ունեցել է «Ёлки, палки, лес густой» սկզբնական աշխատանքային անվանումը։ Թաթարսկին նրա վրա աշխատել սկսել է Կիևի ստուդիայում. բոլոր հանրապետական ստուդիաները պետք է նկարահանեին իրենց հեքիաթը ԽՍՀՄ-ի 60-ամյակի կապակցությամբ, և դրա տնօրենը դիմել է Թաթարսկուն՝ պլաստիլինային մուլտֆիլմ նկարահանելու համար։ Այդ մասին Թաթարսկին պատմել է. «Եվ ռեժիսորը, որի հետ ես հրեշավոր հարաբերություններ ունեի, բայց նրան նույնպես պետք էր կատարել իր ծառայությունը... առաջարկեց Ուկրաինայի անունից պլաստիլինային ֆիլմ նկարահանել։ Նա հասկանում էր, որ դա հաղթաթուղթ կլինի, որ ոչ ոք դա չի անի։ Եվ ես համաձայնեցի»[4]։
Տնօրենի հետ երկար ձգվող կոնֆլիկտի պատճառով Թաթարսկին հեռացել է Կիևի ստուդիայից և տեղափոխվել Մոսկվա՝ շարունակելով աշխատանքը մուլտֆիլմի վրա արդեն «էկրան» ստուդիայում՝ «հրեշավոր» կերպով կրճատված բյուջեով և ժամկետներով[4][5]։
Նկարահանված առաջին տարբերակը ներկայացնում էր պատմություն մի հերոսի մասին, որը չի հնազանդվել պատմողին. կինը (նրան հնչյունավորել է Լիա Ախեջակովան) պատմում է մի հեքիաթ, բայց տղամարդը (Ստանիսլավ Սադալսկի) չի լսում նրան, ամեն ինչ անում է իր ձևով, և պատմությունը գնում է այլ ճանապարհով։ Չնայած ռեժիսորի և սցենարիստի հուսահատ դիմադրությանը՝ «Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմը ուղարկվել է «վերանայման»։ Ռեժիսոր Ալեքսանդր Թաթարսկին ասել է[3]. «Ձյուն»-ի հանձնման ժամանակ ինձ մոտ նախաինֆարկտային վիճակ էր։ Ինձ ասացին, որ ես անհարգալից եմ վերաբերվում ռուս մարդուն. «Դուք ունեք ընդամենը մեկ հերոս՝ ռուս մարդը, և նա էլ ապուշ է»։
Թաթարսկին ստիպված է եղել վերամոնտաժել մուլտֆիլմը և վերաշարադրել տեքստը՝ հրաժարվելով սկզբնական հայեցակարգից։ Լիա Ախեջակովան արդեն չի կարողացել հնչյունավորել հերսուհուն, այդ պատճառով Սադալսկին հնչյունավորել է երկուսին էլ՝ պատմողին ու տղամարդուն։ Թաթարսկու խոսքով՝ «դա լավ գաղափար չէր։ Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ հնարավոր էր, մենք դրանում փչացրինք»[4]։
Նաև պահանջվել է փոխել վերնագիրը. ասել են, որ «Ёлки, палки, лес густой» անպարկեշտ բառ է, սկսվում է «ё» տառով։ «Իջնում էր անցած տարվա ձյունը» անվանումը Թաթարսկին հորինել է երազում. արթնացել է, կնոջ շրթներկով այն գրել հատակին, որպեսզի չմոռանա, իսկ առավոտյան տեսել է և շատ զարմացել[4]։
Եզրափակիչ լուսագրերում Սադալսկուն չեն նշել։ Պետհեռուստառադիոյի նախագահ Սերգեյ Լապինին մուլտֆիլմի հանձնումից առաջ տեղեկություններ են տարածվել, որ Սադալսկին ձերբակալվել է «Կոսմոս» հյուրանոցի ռեստորանում օտարերկրյա քաղաքացու հետ (ըստ Ստանիսլավ Յուրիևիչի՝ դա եղել է նրա ազգականուհին, որն ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն)։ Օտարերկրացիների հետ շփվելու համար որպես պատիժ՝ դերասանի ազգանունը հանել են լուսագրերից[3][6][7], սակայն նրան հիշատակել են «հետգրությունում»՝ շնորհակալություն հայտնելով «նկարահանման համար ձայնը տրամադրելու համար»[8]։
Ըստ Գլադկովի՝ մուլտֆիլմի որոշ կոմպոզիցիաներում բնորոշ «կռնչան» ձայնը ստեղծվել է եղջյուրների դասի կազու կոչվող երաժշտական գործիքի միջոցով[9][10]։ Կոմպոզիտորին բացատրելով, թե ինչպիսին պետք է լինի վերջնական երգը՝ Թաթարսկին Գլադկովին ասել է. «Գրիշա, ստեղծիր այնպիսի մեղեդի, որի տակ մեզ կթաղեն»։ Այդպես էլ եղել է. «Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմի թեման հնչել է ռեժիսորի հուղարկավորության ժամանակ[11]։
«Իջնում էր անցած տարվա ձյունը» մուլտֆիլմն արժանացել է բազմաթիվ փառատոնային մրցանակների.
Фильм «Падал прошлогодний снег» получил много фестивальных наград:
1990-ականներին թողարկվել է մուլտֆիմի սցենարի վրա հիմնված բեմադրություն ձայներիզներով ու CD սկավառակներով։ 1997 թվականին Sony ընկերությունը մուլտֆիլմի հիման վրա թողարկել է Sony Trinitron հեռուստացույցի գովազդը։
2003 թվականին «1C» ընկերությունը մուլտֆիլմի մոտիվներով թողարկել է համանուն արկածային համակարգչային խաղ, որը պատմում է գյուղացու նոր արկածների մասին, և որը հնչյունավորել է Ստանիսլավ Սադալսկին[13], իսկ 2005 թվականին թողարկվել է դրա շարունակությունը[14]։ Երկու խաղերն էլ բացասական արձագանքներ են ստացել Absolute Games կայքում[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.