Թարգմանչաց վանք (Խաչակապ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա[1]։
Թարգմանչաց վանք (Խաչակապ) | |
Վանքային համալիր | |
---|---|
Վանքի ավերակները | |
Տեղադրություն | Խաչակապ, Դաշկեսանի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Պատմական երկիր | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Սուրբ Մեսրոպ Մաշտոց |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 4-րդ դար |
Կառուցման ավարտ | 5-րդ դար-ի սկիզբ |
40°34′05″ հս․ լ. 46°05′25″ ավ. ե.HGЯO | |
Վիքիպահեստում |
Եկեղեցին փոքր է, խաչաձև հատակագծով՝ շարված անտաշ քարերով։ Ունի գմբեթ և ցածրիկ փոքր դուռ, կաթողիկե, տասը լուսամուտ, երկու խորհրդարան, խաչաձև կամարների վրա հանգչող գավիթ՝ կառուցված 1800 թվականին, ինչպես նաև հյւորասենյակներ և օժանդակ շինություններ։ Ողջ համալիրը շրջապատված է եղել պարիսպներով։ Վանքը կառուցվել է 989 թվականին, իսկ ըստ ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, մահարձաններ ու տապանաքարեր, գետնափոր դամբարան։ Համալիրի շուրջը կան պտղատու այգիներ, սառնորակ աղբյուր՝ Թարգմանչաց աղբյուր անունով։ Վանքը գործում էր մինչև 20-րդ դարի սկզբները։ 19-րդ դարի վերջին այն վերանորոգվել է գանձակեցի Ներսես Բեկ Աբրահամ Տես-Ներսիսյանի միջոցներով։ Միջին դարերում եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն։ Մակար Բարխուդարյանի վկայությամբ՝ վանքում պահպանվում էին երեք ձեռագիր ավետարաններ, որոնցից երկուսը գրված են եղել 1312 և 1640 թվականին։ Սրանից մեկը, ըստ նրա, արվեստի հիասքանչ կոթող էր։ Վանքում պահվում էին նաև եպիսկոպոսական թագ և այլ հնություններ։ Այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում վերոհիշյալ 13-րդ դարի ձեռագիրը, որն անվանվում է Թարգմանչաց Ավետարան։ Վանքը լքվել ու ամայացել է 20-րդ դարի սկզբներին[2]։ 1989 թ-ին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը մեծ դժվարությամբ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը (17-րդ դար, 1608 թ.), որը գյուղի բնակիչների համար դարձել է յուրօրինակ սրբատեղի։
Աղբյուրներում վանքը հիշատակվում է նաև հետևյալ անուններով. Թարգմանչա վանք, Թարգմանչաց անապատ, Խաչակապի Թարգմանչաց վանք, Խաչլաբակա վանք[2]։
Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը)։ Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը[3]։
Վանքի միակ եկեղեցին օծվել է Սբ. Սահակ-Մեսրոպի անվամբ[4]։
Բարերար-խնամակալի մահից (1896) հետո՝ հաջորդ երկու տասնամյակներում, վանքի դերը սկսել է նվազել, որից մտահոգված՝ Էջմիածնի հոգևոր իշխանությունը որոշում է կայացրել.
...Վրաստանի թեմի ժամ. կառավարիչ Տ. Եփրեմ եպիսկոպոսին կարգադրել, որ Գանձակի փոխանորդ Տ. Լևոն վարդապետը կանոնաւոր վերահսկողութիւն ունենայ Թարգմանչաց վանքի վրայ»։ Տեղին է նշել, որ դեռևս 1888 թ. վեհափառին հղած մի նամակում վանքի խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցն իր մտահոգությունն էր հայտնել Թարգմանչաց վանքի ապագա կացության առթիվ, մասնավորապես գրելով. «...ինձ աւելի և աւելի զբաղեցնում է մի ծանրակշիռ հոգս, այն է՝ արդեօք ո՞ւմ յուսով պէտք է մնան և պահպանուին այն թանկագին կարասիքը, եկեղեցական սպասները, մատենադարանը, նոր կառուցած շէնքերը և այլն. և այլն, եթէ վանահայր Թէոդորոս վարդապետն Շիրակունի վախճանի, իբրև ծերունի և հիւանդոտ մարդ, չլինի թէ մեր աշխատածը ի կորուստ և յափշտակութիւն մատնուի, որոյ օրինակը Հայոց շատ վանքերում և եկեղեցիներում տեսնվում է ի ցաւ զգացող սրտերի և ի նախատինս ազգի...[5] |
Ցավոք, Ն. Տեր-Ներսիսյանցի մտավախությունն ու կանխատեսումներն իրականանում են և այն էլ ոչ թե վանահոր մահից հետո, այլ հենց նրա կենդանության ու վանահայրության օրոք[6]։
Խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցի մահից հետո՝ 1898 թ. վանահայրը որոշ նորոգություններ ու պակաս կահ-կարասին լրացնելու նպատակով դրամական հանգանակության թույլտվության համար դիմում է Վրաստանի և Իմերեթի Հայոց կոնսիստորիային, որը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվում[7]։
Այնուհետև, շուրջ 70 տարի, հինավուրց ու նվիրական վանքը ոչ մեկի կողմից չի մտաբերվել[8]։
Հայտնի է, որ վանքը շրջապարսպից ներս հնուց ի վեր ունեցել է մի շարք շինություններ միաբանների և ուխտավորների համար։ 1847 թ., օրինակ, եղել է «Ի պարսպին մէկ մեծ տուն և երեք փոքրագոյն սենեակք յորս մնան միաբանք»[9]։
1904 թ. վախճանված Կ.Պոլսի պատրիարք Մելքիսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանի կտակի համաձայն՝ Թարգմանչաց վանքին էր ուղարկվել հանգուցյալի զգեստը։ Հայտնի է, որ 1924 թ. փետրվարի 7-ին Գանձակի Հայոց առաջնորդ Լևոն եպիսկոպոսը բողոքել էր Էջմիածնի հոգևոր խորհրդին՝ գյուղի գործկոմի կողմից Թարգմանչաց վանքի եկեղեցական իրերը վաճառելու համար.
Խաչակապ գյուղի գործկոմը ինքնագլուխ բերել է գյուղ Ս. Թարգմանչաց վանքի պղնձե կաթսաները, խալիչաները, ժամացույցը, շենքերի տախտակները, որոնցից վաճառել է 75 միլիոն ռ. մինչև 1923 թվի փետրվարը[10] |
Վանքը բազմիցս ավերվել ու վերաշինվել է։ Դա ոչ միայն հստակ նկատելի է պատերի շարվածքից, այլև վկայված է ժամանակին գրի առնված մի ավանդությամբ.
...Լանկթամուրի ժամանակ այս տաճարը քանդել աւերել են, և հազիւ գետնից բարձր կանգունաձև մնացել են պատերը...[11] |
Իրականացված բազում նորոգությունների հետքերն աչքի առաջ ունենալով՝ 1885 թ. այցելուն նշել է. «...դարերի ընթացքում մի քանի անգամ կործանուել և վերստին նորոգուել է և ամեն մի նորոգութեան ժամանակ կորցրել է իւր հնութեան մի մասը։ Ներկայումս եկեղեցու սեղանի կողմը, որ ինչպէս երևում է իւր սկզբնական դիրքը պահպանել է, աւելի մեծ է. այնուհետև տասներորդ դարի սկզբին (1029 թ.) նորոգութեան ենթարկուելով դասը և ժողովրդեան կանգնելու տեղը աւելի նեղ ու փոքր դիրք են առել»[12]։
Հայտնի է, որ 1872-1890 թթ. վանքի վերանորոգման համար հավաքված գումարը կազմել էր 9116 ռուբլի, իսկ ծախսը՝ 9880 ռուբլի, մինչդեռ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ էր ևս 15.000 ռուբլի։ Անդրադառնալով անավարտ մնացած աշխատանքների կարևորությանը՝ 1888 թ. մասնակից լինելու հայց էր ուղղվել ժողովրդին[13][14]։
1902 թ. վանքի սենյակների նորոգության համար վանահորը փոխանցվել է հանգանակված 220 ռուբ. գումարը։ Սակայն, ինչպես երևում է 1910 թ. կազմված տեղեկագրից, վիճակը բնավ էլ չի շտկվել, այլ ընդհակառակը, սենյակները գնալով ավելի ու ավելի են խարխլվել. «...գտայ քայքայւած հացատան և խոհանոցի տանիքները, միւս սենեակները խարխալած, կեղտոտ, որոնք կարօտ են վերանորոգութեան, իսկ այժմ անհրաժեշտ է կարգել խիստ հսկողութիւն, որպէս զի գէթ կործանումից ազատ մնայ»[15][16]։
1880-ական թվականներին ժամանակակիցը հիացմունքով է խոսել վանքի բարեկարգ վիճակի մասին
Երբ ճանապարհորդը, անցնելով հարուստ ու զուարճալի լեռնադաշտերից, ճոխ անտառներից և փարթամ վարելահողերից, մոտենում է այն ձորագլխին, որին ներկայ խնամակալը Արջաձոր է անուանել, նորա առաջ, բարձրաւանդակի լանջին, ձորի բերանում, գրաւիչ կերպով պատկերանում է ս. Թարգմանչաց վանքը, շրջապատուած մաքուր ու վայելչաշէն բնակարաններով, պարտէզներով, խոտհարքներով, արտերով և նորաբոյս անտառով։ ...Խնամակալի (հայ վաճառական-արդյունահանող Ներսես Տեր-Ներսիսյանց - Ս.Կ.) բացառիկ ջանքերով և թէ իրան ու թէ այլ բարեմիտ անձանց նուէրներով ս. Թարգմանչաց վանքը ներկայումս ունի մի բնակարան չորս ընդարձակ սենեակից բաղկացած, երկու նախասենեակ և մի կրաշէն ներքնատուն։ Այդ բնակարանին կից կայ վանահոր կացարանը՝ մի ընդարձակ ու վայելուչ սենեակ, որի նմանը ս. էջմիածնայ սրբազան եպիսկոպոսներից քիչերն ունին գուցէ։ ...Ինքը եկեղեցին էլ շատ վայելուչ զարդարած ու նորոգած է. նա ունի երկու գաւիթ, ներքին և արտաքին. արտաքին գաւթի մէջ է անասնատունը։ Վանքին կից ընդարձակ պարսպապատի մէջ, նոր սկսվում է պարտէզ շինուել. պարտիզի վերին մասում դուրս է բերած պարտուական աղբիւր՝ գեղեցիկ աւազանով...[12] |
1890-ական թվականներին վանքը այցելաց եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցը նշել է.
Վանքն ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր։ Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս։ Նորոգուած է վանքս, գաւիթն, շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ։ Այս բոլոր նորոգութիւները, պայծառութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձակեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան Տէր-Ներսիսեանցին - Մակար Բարխուտարեանց[17] |
Սակայն արդեն 1980-ական թվականներին իսպառ անհետացած էր երբեմնի դպրոցն ու օժանդակ մյուս շինությունները, գրեթե աննշմար էր շրջապարիսպը, տակնուվրա՝ գերեզմանոցը։ Քայքայված, սակայն կանգուն էին Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին, գավիթն ու զանգակատունը, ինչպես նաև ստորգետնյա թաղակապ մի շինություն (հավանաբար, ինչ-որ կառույցի նկուղը)[8]։
Թարգմանչաց վանքն ավանդաբար տիրապետել է ընդարձակ կալվածքների։ Սակայն, դրանց զբաղեցրած սահմանների, տնտեսական կացության և եկամուտների մասին որոշակի տվյալներ պարունակող վավերագրերը 19-րդ դարից ավելի հին չեն[8]։
Հայտնի է, որ 1840-1860-ական թվականներին Տեր Մովսես քահանա Եպիսկոպոսյանցը վանքապատկան կալվածքներից ապօրինաբար նվիրել էր իր ազգականներին[18]։
Վանքապատկան անտառի անխնա շահագործման հետևանքով ստեղծված կացությանը տրվել է ահա այսպիսի գնահատական.
աւելի արօտատեղի կարող է լինել, որովհետև ծառերը առաջուց անխնայ կոտորած լինելով, այժմ թփերով է ծածկուած միայն[12] |
Վանական կալվածքների բարձիթողի վիճակը առաջացրել է և՛ գյուղացիների և՛ հոգևոր իշխանությունների արդարացի դժգոհությունը[8]։
Վանահայր Թեոդորոս Շիրակունին, 1872 թվականից վանքի խնամակալ նշանակված Ներսես Տեր-Ներսիսյանցի հետ միասին, մեծ աշխատանքներ է տանում վանքապատկան կալվածների պահպանման ուղղությամբ։ Նրանց ջանքերով հնարավոր է եղել պահպանել «183 դեսիատին հող, որի մեջ կայ՝ վարելահողեր, խոտհարք և անտառ»։ Իրականացվել են նաև անտառի վերականգման աշխատանքներ[12][19]։
Կալվածական եկամուտը (վարելահողերից, արոտատեղերից և պարտեզից) 1880 թ. կազմել է 451 ռուբլի[20]։
1886 թ. վանքապատկան են հիշվում վարելահողեր, բանջարանոց, նաև 5 սենյակ[21]։
Հակառակ ձեռնարկված միջոցներին՝ վանքապատկան կալվածքի սահմանները (վարելահող, անտառ) դարձյալ կրճատվել են և 1890 թ. կազմել 10 դեսյատին[18]։
1901 թ. վանքի անշարժ ունեցվածքը բաղկացած էր մի այգուց, վարելահողից և 5 սենյակից[22]։
1910 թ. կազմված տեղեկագրի համաձայն՝ վանքի անվեճ կալվածքը կրճատվել էր մինչև 92 դեսիատին (30-ը՝ վարելահող, 30-ը՝ արոտատեղի, 32-ը՝ անտառ) և այն էլ գտնվում էր բարձիթող վիճակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.