Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
From Wikipedia, the free encyclopedia
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, տարբեր միներալային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։
Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ Հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, քրիզոլիտ, լաբրադորիտ և այլն) և գրանիտային պեգմատիտների (ծովակն, տոպազ, զմրուխտ, ամազոնիտ և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են հանքային ջրերից (արևակն, լեռնային բյուրեղապակի, փիրուզ, ագաթ և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքար և այլն)։ Թանկարժեք քար (անվանում են նաև գոհար, շքեղ գոհար, գանձ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քար)հանքային բյուրեղի մի կտոր է,որը կտրված և հղկված տեսքով օգտագործվում է զարդեր կամ այլ զարդարանքներ պատրաստելու համար[1][2][3]։ Այնուամենայնիվ, որոշ քարեր (ինչպես օրինակ՝ կապույտ քար և ծիածանաքար) և երբեմն օրգանական նյութեր, որոնք միներալներ չեն (օրինակ՝ սաթ, խեժածուխ և մարգարիտ) նույնպես օգտագործվում են զարդերի պարաստման համար, ուստի հաճախ համարվում են նաև թանկարժեք քարեր։ Թանկարժեք քարերի մեծ մասը կոշտ են, բայց որոշ փափուկ օգտակար հանածոներ օգտագործվում են զարդեր պատրաստելու մեջ՝ իրենց փայլի կամ գեղագիտական արժեք ունեցող այլ ֆիզիկական հատկությունների շնորհիվ։ Հազվադեպությունը ևս մեկ հատկություն է, որը արժեք է տալիս գոհարին։