առաջնորդների ընտրություն պատահական ընտրանքով թեկնածուների խմբից From Wikipedia, the free encyclopedia
Վիճակահանությամբ ընտրություն, կառավարման մեջ վիճակահանություն (նաև հայտնի է որպես ընտրություն վիճակահանմամբ, բաշխում, դեմարշի, ստոխոկրատիա, ալեատորիկ ժողովրդավարություն, ժողովրդավարական վիճակախաղ և վիճակակրատիա / լոտոկրատիա ), պետական պաշտոնյաների կամ երդվյալ ատենակալների ընտրություն՝ օգտագործելով պատահական ներկայացուցչական ընտրանքը[1][2][3]։ Սա նվազագույնի է հասցնում ֆրակցիոնիզմը, քանի որ ծառայության համար ընտրվածները կարող են առաջնահերթությունը տալ իրենց առջև եղած քաղաքական որոշումների քննարկմանը` քարոզարշավի փոխարեն[4]։
Հին աթենական ժողովրդավարության մեջ վիճակահանությունը քաղաքական պաշտոնյաների նշանակման ավանդական և առաջնային մեթոդն է եղել, և դրա օգտագործումը համարվում էր ժողովրդավարության հիմնական հատկանիշ[5][6]։
Մեր օրերում վիճակահանությունն օգտագործվում է սովորական իրավունքի համակարգերում ապագա երդվյալ ատենակալների ընտրության համար։ Վերջին տարիներին, երբ աճել է քաղաքական խորհրդատվական լիազորություններով օժտված քաղաքացական խմբերի (քաղաքացիական ժյուրի) թիվը[7][8], ավելացել է ընտրություններում վիճակահանությունն ավելի կարևորելու կոչերը, ինչպես Աթենքում, Վենետիկում և Ֆլորենցիայի հանրապետությունում էր[9][10][11][12]։
Աթենքի դեմոկրատիան զարգացել է մ.թ.ա. 6-րդ դարում այն ժամանակվա իզոնոմիայից (օրենքի և քաղաքական իրավունքների հավասարություն)։ Վիճակահանությունն այն ժամանակ արդարության հասնելու հիմնական միջոցն էր։ Այն օգտագործվում էր մագիստրատների[Ն 1] մեծամասնությանն[13] ընտրելու համար իրենց կառավարող կոմիտեների և երդվյալ ատենակալների համար (սովորաբար 501 տղամարդ)։
Աթենացիների մեծամասնությունը կարծում էր, որ ժողովրդավարական է վիճակահանությունը, այլ ոչ թե ընտրությունները[13] և օգտագործում էին բարդ ընթացակարգեր՝ նպատակային բաշխման հարմարանք ( kleroteria ), որպեսզի խուսափեն օլիգարխների կողմից իրենց պաշտոնը զբաղեցնելու համար օգտագործվող կոռուպցիոն պրակտիկաներից։ Ըստ Մոգենս Հերման Հանսենի՝ քաղաքացիական դատարանը բարձր էր ժողովից, քանի որ անդամները երդվում էին, ինչը չէին անում ժողովի շարքային քաղաքացիները, հետևաբար դատարանը կարող էր չեղյալ հայտարարել ժողովի որոշումները։ Հույն հեղինակներից շատերը, ովքեր նշում են ժողովրդավարությունը (ներառյալ Արիստոտելը[13][14][15], Պլատոնը[16], Հերոդոտոսը[17] և Պերիկլեսը[18]) ընդգծել են վիճակահանությամբ ընտրության դերը կամ ուղղակիորեն նշում են, որ վիճակահանությունն ավելի ժողովրդավարական է, քան ընտրությունները (որոնք դիտվում էին որպես օլիգարխիկ)։ Սոկրատեսը[19] և Իսոկրատեսն[20], այնուամենայնիվ, կասկածել են, թե պատահականորեն ընտրված որոշումներ կայացնողներն արդյոք ունե՞ն բավարար փորձ։
Հնում գիտնականները պնդում էին, որ վիճակահանության մեջ պատահականությունը աստվածների կամքի մարգարեացումն է, բայց այս տեսակետն այլևս տարածված չէ գիտնականների շրջանում[21]։ Հին հունական դիցաբանության մեջ Զևսը, Պոսեյդոնը և Հադեսը օգտագործում էին վիճակահանությունը՝ որոշելու համար, թե ով որ տիրույթի վրա է իշխում։ Զևսը ստացել էր երկինքը, Պոսեյդոնը՝ ծովը, իսկ Հադեսը՝ անդրաշխարհը[22]։
Աթենքի դեմոկրատիայում, վիճակահանությամբ ընտրվելու իրավունք ստանալու համար քաղաքացիներն իրենք էին ընտրում իրենց հասանելի փոսը, այնուհետև վիճակահանում կլերոտերիա հարմարանքով։ Վիճակահանությամբ նշանակված մագիստրատի ծառայության ժամկետն ընդհանուր առմամբ մեկ տարի էր։ Քաղաքացին իր կյանքի ընթացքում մեկից ավելի անգամ չէր կարող որևէ կոնկրետ տարածքի մագիստրատ լինել, բայց կարող էր այլ տարածքի մագիստրատ դառնալ։ Ընտրվելու իրավունք ունեին 30 տարեկանից բարձր բոլոր արական սեռի քաղաքացիները, ովքեր ըստ ատիմիայի իրավազրկված չէին։ Վիճակահանությամբ ընտրվածները փորձաքննության էին ենթարկվում, որը կոչվում էր դոկիմասիա՝ ապաշնորհ պաշտոնյաներից խուսափելու համար։ Հազվադեպ էր լինում, որ ընտրվածները, մերժվեին[23]։ Հաստատվելուց հետո մագիստրատները մշտական ստուգման էին ենթարկվում Ասամբլեայի կողմից։ Վիճակահանությամբ նշանակված մագիստրատները պետք է հաշիվ տային իրենց պաշտոնավարման մասին իրենց արձակուրդի ընթացքում, որը կոչվում էր էուֆինաի (euthynai): Այնուամենայնիվ, ցանկացած քաղաքացի կարող էր պահանջել մագիստրատի գործունեության կասեցում պատշաճ պատճառաբանությամբ[24]։
Կլերոտերիոնն օգտագործվել է երդվյալ ատենակալների պարտականությունները կատարելու համար իրավասու և պատրաստակամ քաղաքացիներ ընտրելու համար։ Սա ամրապնդել է սկզբնական աթենական ժողովրդավարության համակարգը՝ յուրաքանչյուր ցեղից ստանալով նոր և տարբեր ժյուրիի անդամներ՝ կոռուպցիայից խուսափելու համար[25]։ Ջեյմս Ուիքլիֆ Հեդլեմը բացատրում է, որ Աթենքի խորհուրդը[Ն 2] երբեմն սխալներ էր թույլ տալիս, ինչպես օրինակ՝ չափազանց բարձր հարկեր գանձելը։ Հեդլեմը հայտնաբերել է կոռուպցիայի չնչին դեպքեր, սակայն համակարգված ճնշումը և կազմակերպված խարդախությունն անհնար է եղել ուժեղ (և պատահականորեն) բաշխված իշխանության շնորհիվ` զսպման և հակակշիռների մեխանիզմների համատեղ կիրառմամբ[26]։ Ավելին, իշխանությունը չէր տրվում նրանց, ովքեր ձգտում էին դրան։ Աթենացիները ղեկավարներին բաշխելու համար օգտագործում էին բարդ մեքենա՝ կլերոտերիոն։ Ըստ Հեդլեմի` աթենացիները մեծապես վստահում էին պատահական ընտրության համակարգին՝ այն համարելով որպես նշանակման ամենաբնական և ամենապարզ ձևը[27]։ Թեև վիճակահանությունն օգտագործվում էր պաշտոնների մեծ մասի համար, բայց երբեմն ընտրություններն էին օգտագործվում այնպիսի պաշտոնների համար, ինչպիսիք են զինվորական հրամանատարները ( ստրատեգոս )[28]։
Բրեվիա է կոչվել վիճակահանությունը, որը օգտագործվել է Լոմբարդիայի քաղաքային նահանգներում 12-րդ և 13-րդ դարերում և Վենետիկում մինչև 18-րդ դարի վերջը[29]։ Պատահականության սկզբունքով ընտրված տղամարդիկ երդվում էին, որ կաշառքով չեն գործի, իսկ հետո ընտրում էին խորհրդի անդամներին։ Ընտրողների և թեկնածուների իրավասությունը հավանաբար ներառում էր սեփականատերեր, խորհրդականներ, գիլդիայի անդամներ և, հնարավոր է, երբեմն արհեստավորներ։ Վենետիկի Դոժը որոշվել է առաջադրման, քվեարկության և վիճակահանության բարդ գործընթացի միջոցով։
Վենետիկյան համակարգում լոտը / վիճակը օգտագործվում էր միայն այն կոմիտեների անդամներին ընտրելու համար, որոնք ծառայում էին Մեծ խորհրդի թեկնածուներ առաջադրելու համար։ Այս բազմափուլ գործընթացում օգտագործվել է ընտրության և վիճակի համադրությունը։ Միայն լոտը չէր օգտագործվում մագիստրատների ընտրության համար, ի տարբերություն Ֆլորենցիայի և Աթենքի։ Առաջադրողներ ընտրելու համար վիճակահանության օգտագործումը բարդացնում էր քաղաքական աղանդների իշխանություն գործադրելը և խանգարում նրանց քարոզարշավին[23]։ Նվազեցնելով ինտրիգը և ուժային ազդեցությունները Մեծ Խորհրդում, լոտը պահպանում էր միասնությունը վենետիկյան ազնվականների միջև՝ նպաստելով այս հանրապետության կայունությանը։ Բարձրաստիճան մագիստրատները, ընդհանուր առմամբ, շարունակում էին լինել էլիտար ընտանիքների ազդեցության գոտում[30]։
Scrutiny / հսկողությունը Ֆլորենցիայի հանրապետությունում օգտագործվել է ավելի քան մեկ դար՝ սկսած 1328 թվականից[29]։ Թեկնածուների առաջադրումների ու քվեարկության համատեղ կիրառմամբ ստեղծվում էր քաղաքի տարբեր հատվածների թեկնածուների մի խումբ։ Այդ մարդկանց անունները դրվում էր պարկի մեջ, և վիճակահանությամբ որոշվում էր, թե ով է դառնալու մագիստրատ։ Սքրութինին աստիճանաբար տարածվեց փոքր գիլդիաների ընտրության գործում՝ հասնելով Վերածննդի ժամանակաշրջանի քաղաքացիների մասնակցության ամենամեծ մակարդակին 1378–1382 թվականներին։
Ֆլորենցիայում հանրապետական ժամանակաշրջանում վիճակահանությունն օգտագործվում էր մագիստրատների և Սինյորիայի անդամների ընտրության համար։ Ֆլորենցիան օգտագործում էր վիճակի և ժողովրդի կողմից հսկողության /սքրութինիի համադրությունը, որը սահմանված էր 1328 թվականի հրամաններով[23]։ 1494 թվականին Ֆլորենցիան Վենետիկի օրինակով հիմնեց Մեծ խորհուրդ։ Առաջադրողներն այնուհետև ընտրվում էին վիճակահանությամբ Մեծ խորհրդի անդամներից, ինչը վկայում էր արիստոկրատական իշխանության անկման մասին[31]։
Լուսավորության դարաշրջանում շատ քաղաքական իդեալներ, որոնք ի սկզբանե պաշտպանում էին Հին Հունաստանի դեմոկրատական քաղաք-պետությունները, վերանայվեցին։ Վիճակահանության օգտագործումը որպես կառավարության անդամների ընտրության միջոց՝ արժանանալով լուսավորության ժամանակաշրջանի նշանավոր մտածողների գովասանքին, գրեթե չի դիտարկվել ամերիկյան և ֆրանսիական հանրապետությունների ձևավորման ընթացքում։
Մոնտեսքյոն, օրինակ, ում դասական «Օրենքների ոգին» աշխատությունը հաճախ մեջբերում է ի պաշտպանություն վիճակահանության, բերում է հայեցակարգի ամենաուղղակի քննարկումներից մեկը լուսավորչական քաղաքական գրության մեջ։ «Վիճակահանությամբ ընտրական իրավունքը,- պնդում է նա,- բնական է ժողովրդավարության համար, քանի որ ընտրության իրավունքը արիստոկրատիայի համար է»[32]։
Վիճակահանության դեմոկրատական բնույթի մասին այս հայտարարությունն անելիս Մոնտեսքյեն կրկնում է շատ ավելի վաղ մտածողների փիլիսոփայությունը, ինչպիսին է Արիստոտելը, ով նույնպես ընտրությունը համարում էր արիստոկրատիայինը[33]։ Մոնտեսքյոն նախազգուշացնում է իր աջակցության մասին՝ ասելով, որ պետք է լինեն նաև որոշակի մեխանիզմներ՝ իրավասու և ոչ կոռումպացված ընտրություն ապահովելու համար[34]։
Ռուսոն նաև պարզաբանում է, որ վիճակահանության և ընտրության խառը մոդելը ժողովրդավարության համար ավելի առողջ ճանապարհ է ապահովում, քան մեկը կամ մյուսն առանձին վերցրած[35]։ Զեյմս Հարինգթոնը նույնպես համոզիչ է համարում վիճակահանության վենետիկյան մոդելը՝ առաջարկելով այն Օկեանայի (The Commonwealth of Oceana) իր իդեալականհանրապետության համար[36]։ Էդմունդ Բերկը, ի հակադրություն, անհանգստացած էր, որ պատահականորեն ընտրվածները ծառայելու համար ավելի քիչ արդյունավետ կլինեն, քան ինքնառաջադրված քաղաքական գործիչները[23][37][38]։
Բեռնար Մանինը, ֆրանսիացի քաղաքական տեսաբան, 1997 թվականին իր «Ներկայացուցչական կառավարության սկզբունքները» գրքում մատնանշում է Լուսավորության դարաշրջանում վիճակահանության անկման զարմանալի բնույթը։ «Իսկապես ապշեցուցիչը,- ասում է նա,- հանրապետական ավանդույթի և դրա առաջացրած տեսության լույսի ներքո, ներկայացուցչական իշխանության առաջին տարիներին իշխանության բաշխման ժամանակ վիճակի օգտագործման վերաբերյալ բանավեճի իսպառ բացակայությունն է»։ Նա տալիս է մի քանի հնարավոր բացատրություններ, թե ինչ ուժեր են առաջացրել այս անտարբերությունը ժամանակակից կառավարությունում վիճակահանության կիրառման նկատմամբ։ Առաջին հնարավոր բացատրությունը, որ առաջարկում է Մանինը, այն է, որ վիճակահանությամբ կառավարիչների ընտրությունը կարող է դիտվել որպես անիրագործելի այնպիսի մասշտաբով, ինչպիսին ժամանակակից պետությունն է։ Երկրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ ընտրություններն ավելի մեծ քաղաքական համաձայնություն են արժանացել, քան վիճակը[33]։
Այնուամենայնիվ, Դեյվիդ Վան Ռեյբրուկը գտնում է, որ այս ժամանակաշրջանի վիճակահանութան անկման հետևյալ երկու պատճառներն ավելի ազդեցիկ են, քան Մանինինը[39].
1) Աթենքի դեմոկրատիայի մասին համեմատաբար սահմանափակ գիտելիքները. դրանց առաջին մանրակրկիտ քննությունը եղել է միայն 1891 թվականին Աթենքում լոտով ընտրված ընտրություն ուսումնասիրությամբ։
2) Հարուստ լուսավորչական գործիչները գերադասում էին ավելի շատ իշխանություն պահպանել՝ ընտրություններ անցկացնելով, ընդ որում մեծամասնությունը նույնիսկ արդարացումներ չէր առաջարկում գործնականության հիման վրա, այլ պարզ ասում էր, որ նախընտրում է պահպանել իշխանության զգալի էլիտարությունը։
Նա նաև մեջբերում է 18-րդ դարի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մեկնաբաններին, որոնք պնդում են, որ նրանք պարզապես արմատախիլ են արել ժառանգական արիստոկրատիային՝ փոխարինելով ընտրված արիստոկրատիայով[40]։
Քանի որ հնարավոր էր ֆինանսական օգուտ ստանալ քաղաքապետի պաշտոնի միջոցով, Շվեյցարիայի որոշ հատվածներ 1640-1837 թվականների ընթացքում օգտագործել են պատահական ընտրություն՝ կոռուպցիան կանխելու համար[41]։
Նախքան պատահական ընտրություն կատարելը, սահմանվում է թեկնածուների խումբը։ Համակարգերը տարբերվում են՝ արդյոք դրանք կազմված են իրավասու կամավորներից, նրանցից, ովքեր ստուգվել են կրթությամբ, փորձով կամ թեստի անցողիկ գնահատականով, թե ընտրությամբ ընտրվել են նախորդ փուլի պատահական ընտրությամբ ընտրվածների կողմից, թե անդամակցությունից կամ ընդհանուր բնակչությունից։ Այս բազմաստիճան գործընթացի ժամանակ պատահական ընտրությունը փոխարինվում է զննման այլ մեթոդներով, կարող է օգտագործվել, ինչպես վենետիկյան համակարգում։
Մեթոդներից մեկը թույլ է տալիս նախապես ընտրել պատահական թվերի մի քանի կոնկրետ աղբյուրներ (ինչպես վիճակախաղում), և սահմանվում է ալգորիթմ՝ այդ պատահական թվերի հիման վրա հաղթողներին ընտրելու համար։ Երբ պատահական թվերն արդեն հայտնի են, յուրաքանչյուրը կարող է որոշել հաղթողներին[42]։ Դեյվիդ Չաումն առաջարկել է պատահական ընտրանքով ընտրել ընտրելու իրավունք ունեցող անձանց` հանրային քաղաքականությունը ուսումնասիրելու և քվեարկելու համար[43]։ Իսկ Հունաստանում, Չինաստանում և այլ երկրներում շատ հաճախ օգտագործվել է հանրային կարծիքի հարցումը հանրությանը տեղեկացնելու կամ նույնիսկ որոշումներ կայացնելու համար[44]։
Ընտրական քաղաքականության քննադատությունը հասարակության մեջ քաղաքականապես ակտիվ խմբերի չափից ավելի ներկայացվածությունն է, որոնք որպես օրենք միանում են քաղաքական կուսակցություններին[28][45]։ Օրինակ՝ 2000 թվականին Միացյալ Թագավորության բնակչության 2%-ից պակասը[46] պատկանում էր քաղաքական կուսակցությանը, մինչդեռ 2005 թվականին կար լավագույն դեպքում ընդամենը 3 անկախ պատգամավոր, այնպես որ Մեծ Բրիտանիայի բոլոր պատգամավորների 99,5%-ը կուսակցական պատկանելություն են ունեցել։
Ճանաչողական բազմազանությունն աշխարհը տեսնելու և դրա ներսում իրադարձությունները մեկնաբանելու տարբեր ձևերի միաձուլում է[47], որտեղ տեսանկյունների և էվրիստիկայի բազմազանությունն առաջնորդում է անհատներին՝ գտնել տարբեր լուծումներ նույն խնդիրների համար[48]։ Ճանաչողական բազմազանությունը նույնը չէ, ինչ սեռը, էթնիկ պատկանելությունը, արժեքային կամ տարիքային բազմազանությունը, թեև դրանք հաճախ դրականորեն փոխկապակցված են։ Ըստ բազմաթիվ գիտնականների, ինչպիսիք են Փեյջը և Լանդեմորը[49], ճանաչողական բազմազանությունն ավելի կարևոր է հաջող գաղափարներ ստեղծելու համար, քան խմբի ընդունակությունների միջին մակարդակը։ Այս «բազմազանությունը գերազանցում է ընդունակություններին թեորեմը»[10] էական է այն բանի համար, թե ինչու վիճակահանությունը կենսունակ ժողովրդավարական տարբերակ է[48]։ Պարզ ասած, միջին ինտելեկտի մարդկանց պատահական ընտրությունն ավելի լավ է աշխատում, քան խնդիրներն անհատապես լավագույնս լուծողների խումբը[48]։
Մագնուս Վինդինգն իր «Պատճառաբանված քաղաքականություն» գրքում պնդում է, որ վիճակահանությունն ավելի արդյունավետ է՝ թույլ տալով որոշում կայացնողներին կենտրոնանալ դրական արդյունքի ջանքերի վրա, այլ ոչ թե զրոյական արդյունքով ընտրությունների վրա[50]։ Այս տեղաշարժը դեպի խնդիրներ և ընտրություններից հեռու կարող է օգնել նվազեցնել քաղաքական բևեռացումը[50] և փողի, նաև շահագրգիռ խմբերի ազդեցությունը քաղաքականության մեջ[40]։ Ադամ Գրանտը մեջբերում է սոցիալական հոգեբան Ալեքսանդր Հասլամի արդյունքները, որոնք ցույց են տալիս ավելի շատ ալտրուիզմ պատահականորեն ընտրված որոշումներ կայացնողների մոտ, ինչպես նաև այլ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս ընտրված պաշտոնյաների մոտ հոգեպաթիկ և նարցիսիստական հատկությունների գերակշռում[10]։
Վիճակահանության ժամանակակից ջատագով, քաղաքագետ Ջոն Բերնհեյմը ընդգծում է լեգիտիմության կարևորությունն այս պրակտիկայի արդյունավետության գործում[51]։ Լեգիտիմությունը կախված է ներկայացուցչականության հասնելու հաջողությունից, որը, եթե չապահովվի, կարող է սահմանափակել վիճակահանման կիրառումը որպես խորհրդակցական կամ քաղաքական օրակարգ սահմանող մարմիններ ծառայելու համար[52]։
Օլիվեր Դաուլենը մատնանշում է բոլոր քաղաքացիների հավասարազոր կամ էգալիտար բնույթը, որոնք ունեն պաշտոններ ստանձնելու հավասար հնարավորություններ՝ անկախ հասարակության ցանկացած կողմնակալությունից, որը հայտնվում է ներկայացուցչական մարմիններում, որոնք կարող են նրանց ավելի ներկայացուցչական դարձնել[53][54]։ Լեգիտիմությունն ամրապնդելու համար այլ վիճակահանության մարմիններ են օգտագործվում և առաջարկվում են սահմանել կանոններ՝ ընտրություններ չանցկացնելով հաշվետվողականությունը բարելավելու նպատակով[55]։ Խորհրդարանում պատահականորեն ընտրված անկախ օրենսդիրների փոփոխական տոկոսի ներդրումը կարող է բարձրացնել օրենսդիր մարմնի գլոբալ արդյունավետությունը՝ ինչպես ընդունված օրենքների, այնպես էլ ստացված միջին սոցիալական բարեկեցության առումով[Ն 3][57][58]:
Քանի որ մասնակիցների բանիմացությունն աճում է քննարկումներում մասնակցելուն զուգընթաց, նրանք նաև ավելի ներգրավված և հետաքրքրված են դառնում քաղաքացիական գործերով[59]։ Հասարակությունների մեծ մասն ունի քաղաքացիության կրթություն, սակայն վիճակահանության վրա հիմնված հանձնաժողովները հասարակ մարդկանց թույլ են տալիս զարգացնել իրենց սեփական ժողովրդավարական կարողություններն անմիջական մասնակցության միջոցով[60]։
Վիճակահանությունն առավել հաճախ օգտագործվում է քաղաքացիական ժյուրիներ ձևավորելու համար։ ՏՀԶԿ-ն հաշվել է քաղաքացիական հավաքների գրեթե 600 օրինակ՝ հանրային որոշումների կայացման համար վիճակահանությամբ ընտրված անդամներով[2]։ Որպես օրինակ՝ Վանկուվերի խորհուրդը նախաձեռնել է քաղաքացիների ժողով, որը հավաքվել է 2014-2015 թվականներին՝ քաղաքային պլանավորմանը աջակցելու նպատակով[61]։
Վիճակահանությունը սովորաբար օգտագործվում է անգլո-սաքսոնական ատենակալների ընտրության ժամանակ իրավական համակարգերում և փոքր խմբերում (օրինակ՝ դասարանի ավագ ընտրել՝ չոփիկ քաշելով )։ Հանրային որոշումների կայացման ժամանակ անհատները հաճախ որոշվում են բաշխման միջոցով, եթե ընտրության այլ ձևերը, ինչպիսիք են ընտրությունները, չեն կարողանում արդյունքի հասնել։ Օրինակներից են որոշ ընտրությունները (Hung parliament) և որոշակի ձայները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Որոշ ժամանակակից մտածողներ, ինչպիսիք են Դեյվիդ Վան Ռեյբրուկը, հանդես են եկել այսօրվա քաղաքական համակարգերում վիճակահանությամբ ընտրության ավելի շատ օգտագործման օգտին։
Վիճակահանությունն օգտագործվում է նաև զինվորական զորակոչում, որպես ԱՄՆ-ի գրին քարտեր շնորհելու և որոշ դպրոցներում աշակերտներին տեղավորելու եղանակներից մեկը[62]։
Վիճակահանությունը նաև ունի մեծ ասոցիացիաներին օգնելու ներուժ` ժողովրդավարական ճանապարհով կառավարելու առանց ընտրությունների։ Կոոպերատիվները, աշխատակիցներին պատկանող բիզնեսները, բնակարանային ասոցիացիաները, ինտերնետային հարթակները, ուսանողական խորհուրդները և անհամար այլ խոշոր անդամ կազմակերպություններ, որոնց անդամները, ընդհանուր առմամբ, չգիտեն շատ այլ անդամների, սակայն ձգտում են իրենց կազմակերպությունը ժողովրդավարական ճանապարհով ղեկավարել, հաճախ ընտրությունները խնդրահարույց են համարում։ Ղեկավարության հիմնական որոշումները կայացվում են առաջադրման գործընթացով, հաճախ առաջացնելով ինքնահաստատվող խորհուրդ, որի առաջադրող հանձնաժողովն ընտրում է իրենց իրավահաջորդներին։ Անդամների ներկայացուցչական նմուշի պատահական ընտրությունը` առաջադրող հանձնաժողով ստեղծելու համար, այն ընթացակարգերից մեկն է, որն առաջարկվել է հիմնարար վերահսկողությունը սովորական անդամների ձեռքում պահելու և խորհրդի ներքին կոռուպցիայից խուսափելու համար[63]։ Օրինակ, Սամարական նախարարությունների առողջապահական ծրագիրը երբեմն օգտագործում է 13 պատահական ընտրված անդամներից բաղկացած խումբ՝ վեճերը լուծելու համար, ինչը երբեմն հանգեցնում է քաղաքականության փոփոխությունների[64]։ Նաև «Դեմոկրատիան գործնականում» միջազգային կազմակերպությունը, որը նվիրված է ժողովրդավարական նորարարություններին, փորձերին և կարողությունների զարգացմանը, Բոլիվիայի դպրոցներում վիճակահանություն է իրականացրել՝ փոխարինելով ուսանողական խորհրդի ընտրությունները վիճակով[65]։ Վերջապես, 2013 թվականին Նոր Զելանդիայի Առողջապահության Հետազոտական Խորհուրդը սկսեց պատահականության սկզբունքով ֆինանսավորում տրամադրել հավասարապես որակավորված համարվող դիմորդներին[66]։
Թերևս այսօրվա պրակտիկայում ամենատարածված օրինակը դատական երդվյալ ատենակալներն են, որոնք ձևավորվում են վիճակահանության միջոցով որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը։ Առավել տարածված օրինակ են Քաղաքացիական ժողովները, որոնք ծառայում են քաղաքականություն մշակողներին տեղեկատվություն փոխանցելու համար ամբողջ աշխարհում, ներառյալ Իռլանդիայի և Դանիայի նման երկրներում։
2019 թվականին Բելգիայում գերմանախոս Օստբելգիեն շրջանը իրականացրեց Ostbelgien մոդելը, որը բաղկացած է 24 անդամ ունեցող Քաղաքացիական խորհրդից, որը հրավիրում է կարճաժամկետ Քաղաքացիական ժողովներ՝ իր խորհրդարանին ոչ պարտադիր առաջարկություններ տրամադրելու համար[67]։ Ավելի ուշ նույն տարում Բրյուսել-մայրաքաղաքային շրջանի և՛ հիմնական, և՛ ֆրանսախոս խորհրդարանները քվեարկեցին թույլ տալու ստեղծել խորհրդարանական խառը հանձնաժողովներ՝ կազմված խորհրդարանականներից և պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիներից՝ տվյալ հարցի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար[68]։
Ամիշ կրոնական շարժումն իր համայնքի ղեկավարներին ընտրելիս օգտագործել է թեկնածուների վիճակահանություն։ Իրենց գործընթացում համայնքի ֆորմալ անդամներից յուրաքանչյուրը գրանցում է մեկ անդամի անուն, և առաջադրումների նվազագույն շեմ ունեցող թեկնածուներն այնուհետև հանդես են գալիս հաջորդող պատահական ընտրության համար[69]։ Տեղական իշխանությունները Թամիլ Նադուի որոշ մասերում, օրինակ՝ Ուտիրամերուր գյուղում, ավանդաբար օգտագործում էին համակարգ, որը հայտնի է որպես kuda-olai, որտեղ գյուղի կոմիտեի թեկնածուների անունները գրվում էին արմավենու տերևների վրա և դրվում կաթսայի մեջ և դուրս հանվում երեխայի կողմից[70]։
Քաղաքագետ Ռոբերտ Ա. Դալն առաջարկում է, որ զարգացած դեմոկրատական պետությունը կարող է ձևավորել խմբեր, որոնք նա անվանում է մինիպոպուլի («minipopuli»): Յուրաքանչյուր խումբ բաղկացած կլիներ պատահականության սկզբունքով ընտրված թերևս հազար քաղաքացիներից և կամ կսահմաներ հարցերի օրակարգ, կամ կզբաղվեր որոշակի կարևոր հարցով։ Այն կանցկացներ լսումներ, հանձնաժողովային հետազոտություններ և կզբաղվի բանավեճերով և քննարկումներով։ Դալն առաջարկում է օրենսդիր մարմիններ ունենալ որպես լրացնող, այլ ոչ թե մինիպոպուլիին փոխարինող[71]։ Կլաուդիա Չվալիսը նաև հանդես է եկել վիճակահանության կարգով ընտրված քաղաքացիական ժողովների օգտագործման օգտին՝ շարունակական հիմունքներով քաղաքականություն մշակելու համար[72][73][74][75]։
Ջոն Բերնհեյմը պատկերացնում է քաղաքական համակարգ, որտեղ «քաղաքացիների ժյուրիների» շատ փոքր խմբերը կքննարկեն և որոշումներ կկայացնեն հանրային քաղաքականության վերաբերյալ[76]։ Նրա առաջարկը ներառում է պետության և բյուրոկրատիաների լուծարումը։ Նրա օգտագործած դեմարշի տերմինը ստեղծվել է Ֆրիդրիխ Հայեկի կողմից մեկ այլ` վիճակահանության հետ չկապված առումով[77], և այժմ երբեմն օգտագործվում է ցանկացած քաղաքական համակարգի համար, որտեղ վիճակահանությունը կենտրոնական դեր է խաղում[78]։
Լ. Լեոնը հորինել է լոտոկրատիա բառը վիճակահանության ընթացակարգի համար, որը որոշ չափով տարբերվում է Բերնհեյմի դեմարշից[79]։ Մինչ «Բերնհայմը ... պնդում է, որ պատահական ընտրությունը կատարվի միայն կամավորների կողմից»[44], Լեոնը նշում է, որ «առաջին հերթին աշխատանքը չպետք է դուր գա»[80]։
Քրիստոֆեր Ֆրեյը օգտագործում է գերմանական լոտոկրատիա - Lottokratie տերմինը և խորհուրդ է տալիս լոտոկրատիան փորձարկել քաղաքային խորհուրդներում։ Լոտոկրատիան, ըստ Ֆրեյի, կբարելավի յուրաքանչյուր քաղաքացու անմիջական ներգրավվածությունը և նվազագույնի կհասցնի Եվրոպայում քաղաքական կուսակցությունների պատճառած համակարգային սխալները[81]։ Բերնհեյմի ազդեցության տակ մարքսիստ տնտեսագետներ Փոլ Քոքշոթը և Ալին Քոթրելն առաջարկում են, որ հետկապիտալիստական հասարակության մեջ նոր սոցիալական էլիտայի ձևավորումից խուսափելու համար «պետական իշխանության տարբեր մարմինները կվերահսկվեն վիճակահանությամբ ընտրված քաղաքացիների կոմիտեների կողմից» կամ մասամբ ընտրված վիճակահանությամբ[82]։
Սահմանադրական փոփոխություններն ամենատարածվածներից են վիճակահանման միջոցով առաջարկներ ստանալու համար։ Էթյեն Շուարդը խստորեն ջատագովում է, որ նրանք, ովքեր ձգտում են իշխանության (ընտրված պաշտոնյաներ) չպետք է գրեն կանոնները՝ վիճակահանումը դարձնելով էական ընտրություն սահմանադրություններ ստեղծելու համար[83]։ Նա և մյուսները առաջարկում են ընտրությունները փոխարինել այնպիսի մարմիններով, որոնք օգտագործում են վիճակահանություն՝ առանցքային հարցերը որոշելու համար[37][84][85][86]։
Սայմոն Թրելկելդն առաջարկել է պետական պաշտոնյաների լայն շրջանակ ընտրել պատահականության սկզբունքով ընտրված ժյուրիների, այլ ոչ թե քաղաքական գործիչների կամ համաժողովրդական ընտրությունների միջոցով[87]։ Մայքլ Դոնովանն առաջարկում է, որ ընտրողների այն տոկոսը, ովքեր չեն մասնակցում, ընտրեն իրենց ներկայացուցիչներին վիճակահանման միջոցով։ Օրինակ, ընտրողների 60 տոկոս մասնակցության դեպքում պատահականության սկզբունքով ընտրվում են մի շարք օրենսդիրներ, որոնք կազմում են ընդհանուր խորհրդարանի 40 տոկոսը[88]։
Մի շարք առաջարկներ են եղել ամբողջ օրենսդիր մարմնի վիճակահանությամբ ընտրության օգտին` Միացյալ Նահանգների[89][90], Կանադայի[10], Միացյալ Թագավորության[91][92][93], Դանիայի[10] և Ֆրանսիայի համար[94][95]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.