![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Sow_with_piglet.jpg/640px-Sow_with_piglet.jpg&w=640&q=50)
Ընտանի խոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ընտանի Գոռ (լատին․՝ Sus scrofa domesticus), վայրի խոզի ենթատեսակ, որը մարդու կողմից ընտելացվել է մոտ 7.000 տարի առաջ (նույնիսկ ավելի վաղ)[1], և որը տարածված է գրեթե ողջ աշխարհում։ Երկսմբակավոր կենդանի է, ունենում է 0.9-ից 1.8 մետր երկարություն (գլխից մինչև պոչ), հասուն ժամանակ՝ 50-ից 350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի)։ Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են, բայց ընտանի խոզը, ինչպես և իր իր վայրի նախնին՝ վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում)։ Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3 անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև խոճկորատվությամբ. մայր խոզը ծնում է 10–12-ից մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ; Հարկ է նշել, որ ընտանի խոզերի չափերը, քաշը, խոճկորատվության ցուցանիշը մեծապես կախված են դրանց ցեղատեսակից։
Ընտանի խոզ | |
![]() Ընտանի խոզ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Խոզեր (Suidae) |
Ցեղ | Sus |
Տեսակ | Վարազ (S. scrofa) |
Ենթատեսակ | Ընտանի խոզ (S. s. domesticus) |
Միջազգային անվանում | |
Sus scrofa domesticus Erxleben, 1777 |
Ամբողջ աշխարհում հաշվվում է ընտանի խոզերի շուրջ հարյուր ցեղատեսակ։ Հայաստանում հիմնականում պահում են սպիտակ խոշոր, լանդրաս, ուելսյան, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան ցեղատեսակների խոզեր (ՀՀ-ում մսատու խոզաբուծությամբ զբաղվում են գլխավորապես հյուսիսարևելյան մարզերում և Արարատյան դաշտում)։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ստացել են նաև ընտանի խոզի դեկորատիվ տեսակներ՝ մինիփիգեր, որոնց պահում են տանը, սենյակային պայմաններում։ Իսկ Ֆրանսիայում բուծում են հատուկ ցեղի ընտանի խոզեր, որոնց օգտագործում են գետնի տակ աճող մեծարժեք սունկեր՝ տրյուֆելներ որոնելու համար։
Ընտանի խոզերը բուծվում են հիմնականում մսատվության համար։ 2006 թ-ին աշխարհում արտադրվել է 98,9 միլիոն տոննա խոզի միս[2]։ Արտադրական, առևտրային նպատակներով օգտագործվում է ընտանի խոզերի ոչ միայն միսը, այլև ոսկրերը, կաշին, ստևը (մազերը)։