Ադրենալին (էպինեֆրին, β,3,4-տրիհիդրօքսի-N-մեթիլֆենիլալանին), հորմոն, նեյրոմիջնորդանյութ և դեղամիջոց[1][2]։ Հիմնականում արտադրվում է մակերիկամների միջուկային գոտու քրոմաֆինային բջիջների կողմից և դոֆամինի ու նորադրենալինի հետ միասին համարվում է սիմպաթոադրենալային համակարգի հորմոն, որոնք, արտադրվելով սիմպատիկ նյարդային վերջույթներում, ծառայում են որպես նյարդային ազդակի փոխանցման միջնորդանյութեր[3]։ Բացի մակերիկամների միջուկից, ադրենալինն առաջանում է նաև օրգանիզմի այլ հատվածներում առկա քրոմաֆինային բջիջներում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրենալին (այլ կիրառումներ)
Thumb
Ադրենալին (էպինեֆրին)
Thumb
Ադրենալինի կառուցվածքը
Արագ փաստեր Ադրենալին, Նույնացուցիչներ ...
Ադրենալին
Thumb
Նույնացուցիչներ
CAS համար51-43-4
PubChem CID139148732 5816, 139148732
DrugBankDB00668
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.090 Խմբագրել Վիքիդատայում
Փակել

Մակերիկամների միջուկային մասում արտադրվող հիմնական կատեխոլամինը ադրենալինն է (շուրջ 80 %-ը), իսկ արտամիջուկային բջիջներում՝ նորադրենալինը։ Արտասահմանյան գրականությունում ադրենալինն ու նորադրենալինն ավելի հաճախ անվանվում են համապատասխանաբար՝ էպինեֆրին և նորէպինեֆրին։ Ադրենալինը միաժամանակ հորմոն է և միջնորդանյութ։ Սակայն այն հիմնականում հանդես է գալիս որպես հորմոն[4]։

Ադրենալինը սիմպաթոադրենալային մյուս հորմոնների հետ մասնակցում է օրգանիզմի ուժերի մոբիլիզացմանը կրիտիկական իրավիճակներում, սթրեսի կամ «խփիր կամ փախիր» բնույթի ռեակցիաների ժամանակ[5][6]։

Սինթեզ

Thumb
Ադրենալինի սինթեզի ընթացքը

Սինթեզվում է թիրոզին ամինաթթվից։ Կոչվում է կատեխոլամին, քանի որ կառուցվածքում պարունակում է կատեխոլի (պիրոկատեխինի) միջուկ։ Կատեխոլամինների սինթեզն ընթանում է հետևյալ փուլերով՝ թիրոզին - դիօքսիֆենիլալանին (ԴՕՖԱ) - դոֆամին - նորադրենալին - ադրենալին։ Մակերիկամների միջուկում և սիմպաթիկ նյարդային վերջույթներում արտադրվող ադրենալինն ու նորադրենալինը վատ են թափանցում արյուն-ուղեղային պատնեշով։ Սակայն հսկայական քանակով կատեխոլամիններ արտադրվում են նաև ուղեղում, որոնք համակարգային արյան հուն չեն անցնում վերը նշված պատճառով[7]։

Արյան մեջ անցած ադրենալինի կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Այն քայքայվում է մոնոամինոօքսիդազով և կատեխոլ-Օ-մեթիլտրանսֆերազով, իսկ քայքայման արգասիքները հեռացվում են մեզով։

Հայտնաբերում

Մակերիկամների արտամզվածքը առաջին անգամ ստացել է լեհ ֆիզիոլոգ Նապոլեոն Ցիբուլսկին 1985 թվականին։ Այդ արտամզվածքը, բացի ադրենալինից, պարունակում էր նաև այլ կատեխոլամիններ[8]։ Ճապոնացի քիմիկոս Ջոկիցի Թակամինեն և իր ասիստենտ Կեյզո Ուենկան իրարից անկախ հայտնաբերեցին ադրենալինը 1900 թվականին[9][10]։ 1901 թվականին Թակամինեն ոչխարների և ցլերի մակերիկամներից հաջողությամբ անջատեց հորմոնը։ Ադրենալինը առաջին անգամ 1904 թվականին սինթեզվել է Ֆրեդրիխ Շտոլցի և Հենրի Դրիսդալե Դակինի լաբորատորիաներում՝ անկախ իրարից[11]։

Ազդեցություն

Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում է սիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ[12]։

Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների և մաշկի արյունատար անոթները, իսկ սրտի և գլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում է սրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդել թափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։

Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում է բրոնխների և միզապարկի մկանները, ընկճում ստամոքսա-աղիքային ուղու հարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում է բբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։

Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը և գլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնում գլյուկոզի քանակն արյան մեջ[13]։ Ադրենալինն ուժեղացնում է ճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։

Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային և կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ու սրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևական սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում է դիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։

Ադրենալինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում է կորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնում ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացած կորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։

Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում է հիստամինի, սերոտոնինի, կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնում արյան մակարդումը, որին նպաստում է նաև արյունատար անոթների նեղացումը։

Ազդեցությունն արյան ճնշման վրա

Ադրենալինի ազդեցությամբ տարբերում են արյան ճնշման փոփոխման չորս փուլ.

  • Սրտային՝ պայմանավորված է β1-ադրենաընկալիչների դրդմամբ, որի ժամանակ սրտային արտամղման մեծացման պատճառով բարձրանում է արյան սիստոլիկ ճնշումը։
  • Վագուսային՝ պայմանավորված է աորտայի աղեղի և քնային զարկերակի ճնշումընկալիչների դրդմամբ, որն ակտիվացնում է թափառող նյարդի կենտրոնի դորսալ կորիզը և առաջացնում ապաճնշող (դեպրեսոր) ռեֆլեքս։ Այս փուլում սրտի կծկումների հաճախությունը նվազում է և ժամանակավորապես կասեցվում է զարկերակային արյան ճնշման բարձրացումը։ Բացի այդ, ադրենալինն անմիջապես ազդում է թափառող նյարդի կենտրոնի վրա և ակտիվացնում այն։
  • Անոթային՝ ադրենալինի անոթասեղմիչ ազդեցությունը գերակշռում է վագուսային փուլին։ Այս փուլը պայմանավորված է α1- և α2-ադրենընկալիչների դրդմամբ։
  • Անոթային, կապված β2-ադրենընկալիչների դրդմամբ՝ բնութագրվում է արյան ճնշման նվազմամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.