Էլ Գրեկո
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Գրեկո (հուն․՝ Δομήνικος Θεοτοκόπουλος, Domenikos Theotokopoulos, հանդիպում են տարբերակներ Դոմինիկո, Դոմենիկո և Թեոտոկոպուլի իսպ.՝ El Greco, բառացի «հույնը», հոկտեմբերի 1, 1541(1541-10-01)[1][2], Հերակլիոն, Kingdom of Candia[3] - ապրիլի 7, 1614(1614-04-07)[4][5][6][…], Տոլեդո, Կաստիլիա և Լեոն[7]), իսպանացի նկարիչ՝ ազգությամբ հույն։
«Էլ Գրեկո»-ն նրա ծածկանունն էր, կապված ծագումով հույն լինելու հետ, նկարիչը սովորաբար իր նկարները ստորագրում էր իր ամբողջական անունով, հունարեն տառերով՝ Δομήνικος Θεοτοκόπουλος (Դոմենիկոս Թեոտոկոպուլոս), հաճախ ավելացնելով՝ Κρής (Կրետե)։
Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում, որը այն ժամանակ Վենետիկյան Հանրապետության մի մասն էր կազմում։ Կրետեն իր ժամանակի հետբյուզանդական արվեստի կենտրոնն էր, և Էլ Գրեկոն սովորեց ու այդ ավանդույթների շնորհիվ նախքան 26 տարեկանում Վենետիկ մեկնելը դարձավ իսկական վարպետ[10]։ 1570 թվականին նա գնում է Հռոմ, որտեղ բացում է արվեստանոց և աշխատում մի շարք կտավների վրա։ Իտալիայում ապրելու տարիներին Էլ Գրեկոն հարստացնում է իր ոճը Իտալական Վերածննդի և Մաներիզմի տարրերով։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվում է Իսպանիա, այնտեղ էլ մնում և ստեղծագործում է մինչև իր մահկանացուն կնքելը։ Տոլեդոյում նա ստեղծում է մի քանի խոշոր պատվերներ ու նկարում իր հայտնի կտավները։
Էլ Գրեկոյի դրամատիկ և էքսպրեսիոնիստական ոճը իր ժամանակակիցները ընդունում էին տարակուսանքով, սակայն 20-րդ դարում այն ստանում է իր արժանի գնահատականը։ Էլ Գրեկոն համարվում է կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, նրա անհատականությունն ու կտավները ներշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի մեծ պոետների համար, ինչպիսիք են՝ Ռայներ Մարիա Ռիլկե ու Նիկոս Կազանձակիս[11]։ Այժմյան արվեստագետների կողմից Էլ Գրեկոն բնորոշվում է որպես այնչափ յուրօրինակ նկարիչ, ով չի պատկանում կերպարվեստի և ոչ մի ավանդական դպրոցի։ Նա ճանաչված է իր չափից դուրս երկարացված պատկերներով և հաճախ անիրական կամ ուրվատեսիլային գունայնությամբ՝ միավորելով բյուզանդական և արևմտաեվրոպական նկարչական ավանդույթները[12]։