Դրուիդ
From Wikipedia, the free encyclopedia
Դրուիդ ( անգլ.՝ Druid)` կելտերի, ովքեր մեր թվարկության 1-ին դարում բնակեցնում էին Գալիան, Իռլանդիան և Բրիտանիան, առավել կրթված և բարձր դասի ներկայացուցիչ։ Թեև ավելի հայտնի են դրուիդ-կրոնական առաջնորդները, դրուիդների դասի ներկայացուցիչներ էին նաև բժիշկները, պոետները և այլ մասնագիտության տեր մարդիկ։ Դրուիդների մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նրանք իրենց մասին որևէ գրավոր տեղեկություն չեն թողել. միակ տեղեկությունները թողել են հույն և հռոմեացի գրողները, որոշ նկարագրություններ էլ թողել են իռլանդացի միջնադարյան գրողները։ Հնագիտական պեղումների արդյունքում հոգևոր ծիսակատարությունների բազմաթիվ նկարներ, նմուշներ են հայտնաբերվել, որոնք կապված են դրուիդների գործունեության հետ։ Հունա-հռոմեական մի շարք աղբյուրներ նշում են, որ դրուիդները կենդանիներ և անգամ մարդկանց էին զոհաբերում, հավատում էին վերամարմնավորմանը (անգլ.՝ reincarnation) և գալլական հասարակության մեջ բարձր դիրք էին գրավում։ Գրեթե ոչինչ հայտի չէ նրանց կրոնական ծեսերից, բացի կաղնու և մղամուրճի արարողությունը (անգլ.՝ ritual of oak and mistletoe), որը նկարագրել է Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder):
Առաջին գրավոր արձանագրությունը թվագրվում է մ.թ.ա. 200 թ., սակայն դրուիդների նկարագրությունն առաջին անգամ տվել է Հուլիոս Կեսարն իր «Գալլիական պատերազմ» (լատին․՝ Commentarii de Bello Gallico) աշխատության մեջ, որը թվագրվում է մ.թ.ա. 50 թ.։ Հետագայում մի շարք հեղինակներ, ինչպիսիք են Ցիցերոնը (լատին․՝ Cicero), Տակիտուսը (լատին․՝ Tacitus) և Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder), նույնպես նկարագրել են դրուիդներին։ Այն բանից հետո, երբ հռոմեացիները գրավեցին Գալլիան, հռոմեացի կայսրեր Տիբերիուսը (լատին․՝ Tiberius) և Կլաուդիուսը (լատին․՝ Claudius) կասեցրին դրուիդների գործունեությունը մ.թ. 1-ին դարում, և դրա մասին գրավոր տեղեկություններն ավարտվել են մինչև 2-րդ դարը։ 750-ական թթ. «դրուիդ» բառին հանդիպում ենք Բլաֆմաքի պոեմներում։ Հետագայում դրուիդների հանդիպում ենք նաև արդեն քրիստոնեություն ընդունած իռլանդացիների միջնադարում գրված հեքիաթներից մի քանիսում, որտեղ նրանք պատկերվել են որպես կախարդներ, ովքեր դիմադրում էին քրիստոնեության տարածմանը։ 18-19-րդ դարերում՝ Կելտական վերածննդի շրջանում, հատուկ խմբեր են ձևավորվում, որոնք հիմք են դնում Նոր-դրուիդիզմին։