Դին Լիրեն
From Wikipedia, the free encyclopedia
Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1], Վենչժոու, Չինաստան[2]), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։
Դին Լիրեն | |
---|---|
չինարեն՝ 丁立人 | |
Պետություն(ներ) | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Վենչժոու, Չինաստան[2] |
Կոչում | գրոսմայստեր[3] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2762 |
ՖԻԴԵ համար | 8603677 |
365chess | Liren_Ding |
Chesstempo համար | 51504 |
ICCF համար | 51504 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023 և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022 |
Պարգևներ և մրցանակներ | |
Ding Liren Վիքիպահեստում |
Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։
2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։
2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։
COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ[6][7][8]։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։