From Wikipedia, the free encyclopedia
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակ 2019 (անգլ.՝ COVID-19՝ corona virus disease[Ն 1]), վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2 (կորոնավիրուս)-ով[49], որը սերտ առնչվում է Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS) վիրուսային բնույթով հանդիսացող հիվանդության հետ[50][51][52]։ Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է[53][54]։ Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձինք շնչում կամ հազում են (կամ փռշտում)[55]։[56] Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում[57][58]։ Ձեռքերի լվացումը, հազող կամ փռշտացող անձանցից հեռավորության պահպանումը, ինչպես նաև դեմքին դիպչելուց խուսափումը խորհուրդ է տրվում հիվանդությունը կանխարգելելու նպատակով[59]։ Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում փռշտալիս և հազալիս փակել բերանը և քիթը ծալված արմունկով կամ կտորով (թաշկինակով), ապա ազատվել դրանից (անմիջապես նետել այն աղբամանի մեջ)[59]։
Հիվանդները կարող են քիչ ախտանշաններ ունենալ, կամ նրանց շրջանում կարող է զարգանալ տենդ, հազ և հևոց[60][61][62]։ Հիվանդությունը կարող է խորանալ՝ հանգեցնելով թոքաբորբի և բազմաօրգանային անբավարարության[53][54]։ Պատվաստանյութ կամ յուրահատուկ հակավիրուսային թերապիա դեռևս գոյություն չունի, և բուժման տարբերակներից են ախտանշանային, սատարող և փորձնական գործողությունները[63]։ Դեպքերի մահացության ցուցանիշը գնահատվել է 1-ից 3 տոկոսի միջև[64][65]։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնները խորհուրդ են տալիս, որ այն անձիք, ովքեր կարծում են, որ իրենք վիրուսը կրողներ են, բժշկական դիմակ կրեն և բժշկական խորհուրդ փնտրեն կանչելով բժշկին, անձամբ հիվանդանոց այցելելու փոխարեն։ Դիմակների կրումը խորհուրդ չի տրվում ընդհանուր հասարակության շրջանում[66][67]։ԱՀԿ-ն հայտարարել է, որ 2019-20 կորոնավիրուսային համաճարակը Հանրային Առողջությանը սպառնացող Անհետաձգելի Միջազգային Խնդիր է (PHEIC)[68][69]: 2020-ի փետրվարի 19-ի դրությամբ միայն Մայրցամաքային Չինաստանն է ներառված որպես հիվանդության հայտնի շարունակական հանրային տարածում ունեցող երկիր[70]։
Վարակված անձինք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը[60][61][62]։ Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում[71]։ Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազմաօրգանային անբավարարության և մահվան[53][54]։
Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տասը օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից[62][72]։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր[73]։
Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV)[51]: Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի[74]։
Հիվանդությունը հիմնականում տարածվում է մարդկանց միջև հազից կամ փռշտոցից առաջացած շնչառական կաթիլների միջոցով[75]։
Չինաստանի կողմից հրապարակված առաջին 72,314 դեպքերի համաճարակաբանական հետազոտությունը ենթադրել է «շարունակական վարակման ընդհանուր աղբյուրի» առկայություն, որը հիվանդության բռնկման պատճառ է դարձել 2019-ի դեկտեմբերին, ինչը նշանակում է, որ մի քանի կենդանուց մարդկանց վարակման զոոնոտիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հուանանի Ծովամթերքի Մեծածախ Առևտրի Շուկայում։ Այս վարկածի համաձայն մարդուց մարդուն փոխանցումը փոխանցման հիմնական ուղին է դարձել 2020-ի հունվարի սկզբում[76]։
ԱՀԿ-ն հիվանդության թեստավորման մի քանի ուղեցույցներ է հրապարակել[78][79]։ Թեստավորումն օգտագործում է իրական ժամանակում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիա (rRT-PCR)[80]: Թեստավորումը կարող է իրականացվել օգտագործելով շնչառական կամ արյան նմուշները[81]։ Արդյունքները հիմնականում հասանելի են դառնում ժամերի կամ օրերի ընթացքում[82][83]։ Չինացի գիտնականները մեկուսացրել են կորոնավիրուսի շտամը (SARS-CoV-2) և հրապարակել են դրա գենետիկական հաջորդականությունը, ուստի ամբողջ աշխարհի լաբորատորիաները կարող են անկախ և ինքնուրույն կերպով վիրուսային ինֆեկցիան հայտնաբերելու նպատակով ՊՇՌ իրականացնել[53][84][85]։ COVID-19-ի թեստավորումը կարող է նաև իրականացվել նուկլեինաթթու-հիմնված թեստերի կամ հակամարմինների հայտնաբերման միջոցով[86]։
Վուհանի Համալսարանի Ժոնյանի Հոսպիտալի կողմից հրապարակված ախտորոշիչ ուղեցույցներն առաջարկում են մեթոդներ, որոնք միտված են հիվանդության կլինիկական հատկանիշների և համաճարակաբանական ռիսկերի հիման վրա հիվանդությունը հայտնաբերելուն։ Վերջիններս ներառում են այն հիվանդների նույնականացումը, ովքեր ի լրացում դեպի Վուհան ճանապարհորդության կամ վարակված հիվանդների հետ շփման պատմությանը, ունեն հետևյալ ախտանշաններից գոնե երկուսը. տենդ, տեսապատկերմամբ (կրծքավանդակի ռենտգեն) թոքաբորբին բնորոշ հատկանիշներ, լեյկոցիտների նորմալ կամ նվազած քանակություն, կամ լիմֆոպենիա[87]։
Առողջապահական գլոբալ կազմակերոպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Խորհորդները նման են այլ կորոնավիրուսների համար առաջարկվածներին. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել[88][89]։
Հասարակության առողջ անդամների կողմից դիմակների օգտագործումը Չինաստանից դուրս խորհուրդ չի տրվում[90][91][92]։
Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձինք մնան տանը, և դուրս գան բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց[93]։
SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի[94]։
Հիվանդությունը բուժելու համար հաստատված յուրահատուկ հակավիրուսային դեղորայք գոյություն չունի։ Ախտանշանները վերահսկվում են սատարող թերապիայի միջոցով[95]։ ԱՀԿ հրապարակել է SARS-CoV-2 ինֆեկցիայի կասկածով ծանր սուր շնչառական վարակ ունեցող հոսպիտալացված հիվանդների բուժման մանրամասն ուղեցույցներ[96]։ ԱՀԿ-ն նաև հորդորել է կամավորներին ռանդոմիզացված վերահսկիչ խմբերով հետազոտություններում մասնակցություն ունենալ, պոտենցիալ բուժմների էֆեկտիվությունը և անվտանգությունը ստուգելու նպատակով[97]։
Բրյուս Այլվարդը, ով ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է[98], ասել է հետևյալը. «...այս պահին միայն մեկ դեղ կա, որը մեր կարծիքով կարող է իսկապես էֆեկտիվ լինել և դա Ռեմդեզիվիրն է»։ Այս դեղի կլինիկական փորձարկումները ընթացքի մեջ են և արդյունքները շուտով հասանելի կլինեն[99]։
Չինաստանի Ազգային Առողջապահական Հանձնաժողովի Բեյջինգի ճյուղն առաջարկել է օգտագործել Լոպինավիր/Ռիտոնավիր, որպես բուժման ծրագրի մի մաս, հաստատված էֆեկտիվություն ունեցող դեղորայքի բացակայության պայմաններում[100]։ Լոպինավիր/Ռիտոնավիր դեղորայքային համակցումը և ինտերֆերոնը կարելի է ձեռք բերել որոշ երկրներում առողջության ապահովագրության միջոցով[101]։
Քլորոքվինը փորձարկվել է Չինաստանում և նախնական արդյունքները բավականին դրական են թվում։ Այն ներառվելու է նրանց բուժման ուղեցույցների հաջորդ տարբերակում[102]։
Վարակված անձինք կարող են դիսթրեսի ենթարկվել կարանտինից, ճամփորդության սահմանափակումներից, բուժման կողմնակի էֆեկտներից և ինքնին՝ ինֆեկցիայի վախից։ Չինաստանի Ազգային Առողջապահական Հանձնաժողովը, այս մտահոգութունները հաշվի առնելով, հրապարակել է ազգային ուղեցույցներ հոգեբանական աջակցության համար 2020-ի հունվարի 27-ին[103][104]։
Չինաստանի առողջապահության հեղինակությունները խորհուրդ են տվել ավանդական Չինական բժշկության (ԱՉԲ) կիրառումը ի լրացում ստանդարտ բժշկական սատարող թերապիայի, հիվանդությունը կանխարգելելու կամ բուժելու նպատակով։ Հունվարի 22-ին Ազգային Առողջապահական Հանձնաժողովը COVID-ի ախտորոշման և բուժման ծրագրում ԱՉԲ-ին երրորդ տեղն է հատկացրել[105]։ Փետրվարի երկուսին Վուհանի իշխանությունները հրամայել են բոլոր հիվանդների յուրահատուկ ԱՉԲ բուժումներ տրամադրել[106][107]։ Փետրվարի 14-ին Վուհանում բացվել է ԱՉԲ-կողմնորոշված ժամանակավոր հիվանդանոց[108]։ ԱՉԲ-ի էֆեկտիվությունն ու անվտանգություն կորոնավիրուսային ինֆեկցիաները բուժելու համար հաստատված չէ[109][110]։
ԱՀԿ-ի համաձայն, Հուբեյ նահանգում COVID-19-ի 44,000 դեպքերի վերլուծության հիման վրա, հիվանդների 80 տոկոսը տանում են հիվանդության թեթև ձևը, 14 տոկոսի շրջանում զարգանում է ավելի ծանր հիվանդություն, ինչպիսին թոքաբորբն է, 5 տոկոսի շրջանում հիվանդությունը կրիտիկական է դառնում և 2 տոկոսը մահանում են[111]։ Մահացածներից շատերն ի սկզբանե ունեցել են պրեմորբիդ վիճակներ, ներառյալ հիպերտենզիան, դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունը[112], և նախնական ախտանշանների դրսևորումից մինչև մահը միջինում 14 օր է անցել (6-41 օրվա տիրույթ)[113]։
Վարակից ընդհանուր մահացությունը և հիվանդացությունը դեռևս լավ գնահատված չեն, մինչդեռ դեպքերի մահացության ցուցանիշը փոփոխվում է ժամանակի ընթացքում, ինֆեկցիաների հարաբերությունը, որը պրոգրեսիվել է ախտորոշելի հիվանդության դեռևս պարզ չէ[114][115]։ Սակայն ըստ նախնական հետազոտությունների տվյալների դեպքերի մահացության ցուցանիշը 2-ից 3 տոկոսի միջև է[64]։ 2020-ի հունվարին ԱՀԿ-ն հայտարարեց, որ դեպքերի մահացության ցուցանիշը շուրջ 3 տոկոս է[116], և 2 տոկոս 2020-ի փետրվարին Հուբեյում[117]։ Չվերադիտված նախատպված հետազոտությունը, որն իրականացվել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի կողմից 55 մահացու դեպքերն ուսումնասիրելով նշել է, որ մահացության վաղ գնահատականները կարող են շատ բարձր լինել, քանի որ անախտանշան ինֆեկցիաները չեն ախտորոշվում։ Նրանք գնահատել են ինֆեկցիայի միջին մահացության ցուցանիշը (ինֆեկցվածների շրջանում մահացությունը) 0.8 տոկոսից սկսած, երբ ներառված են անախտանշան կրողները, մինչև 18 տոկոս, երբ ներառված են միայն ախտանշաններով դեպքերը Հուբեյի նահանգից[118]։
Բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են հրապարակված գենոմները SARS-CoV-2-ի դեմ հնարավոր պատվաստանյութ ստեղծելու համար[119][120]։ Մարմինները, որոնք ընդգրկված են պատվաստանյութի ստեղծման պրոցեսում ներառում են Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Չինական Կենտրոնը[121][122], Հոնգկոնգի Համալսարանը[123] և Շանհայի Արևելյան Հիվանդանոցը[123]։ Այս նախագծերը սատարվում են Համաճարակաբանական Պատրաստվածության Նորամուծությունների Կոալիցիայի կողմից (CEPI), ներառյալ բիոտեխնոլոգիական այնպիսի ընկերությունների պրոյեկտները, ինչպիսիք են Մոդերնան և Inovio Pharmaceuticals-ը և մեկ այլ նախագիծ, որը ֆինանսավորվում է Քուինսլանդի Համալսարանի կողմից[124]։ ԱՄՆ-ի Առողջության Ազգային Ինստիտուտները (NIH) համագործակցում են Մոդերնայի հետ ՌՆԹ-պատվաստանյութ ստեղծելու նպատակով, նմանակելով կորոնավիրուսի մակերեսի փշաձև բարձրացումները, նպատակ ունեն սկսելու մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտությունները 2020-ի մայիսին[119]։ Inovio Pharmaceuticals-ը զարգացնում է ԴՆԹ-պատվաստանյութ և համագործակցում է չինական ընկերության հետ, հույս ունենալով սկսել մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները 2020-ի ամռանը[125]։ Ավստրալիայում, Քուինսլանդի Համալսարանը հետազոտում է պատվասոտումը մոլեկուլյար սեղմակների օգտագործումով, որը գենետիկորեն կմոդիֆիկացնի վիրուսային սպիտակուցները իմուն ռեակցիան խթանելու նատակով[124]։ Կանադայում, Պատվաստման Միջազգային Կենտրոնը (VIDO-InterVac), Սասկաչևանի Համալսարանը աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ[126], նպատակ ունենալով սկսել կենդանիների վրա փորձարկումները 2020-ի մարտին և մարդկանց վրա փորձարկումները 2021-ին[126]։
2020-ի հունվարին Յանսենի (Janssen) Ֆարմացևտիկ Ընկերությունները սկսել են աշխատել պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Էբոլայի փորձնական պատվաստանյութի ստեղծման ժամանակ[127]։ Հաջորդ ամիս ԱՄՆ-ի Առողջության և Մարդու Ծառայությունների Կենսաբժշկական Առաջընթաց Հետազոտությունների և Զարգացման Հեղինակության Դեպարտամենտը հայտարարել է, որ այն համագործակցելու է Յանսենի հետ և, հետագայում Sanofi Pasteur-ի հետ պատվաստանյութ ստեղծելու նպատակով[128][129]։ Sanofi Pasteur-ը նախկինում աշխատել է SARS-ի պատվաստանյութի վրա և նշել է, որ 6 ամսվա ընթացքում սպասվող պատվաստանյութի թեկնածու կարող է ունենալ, որը հնարավոր է պատրաստ լինի մարդկանց վրա փորձարկելու համար մեկ տարուց մինչև 18 ամսվա ընթացքում[128]։
Դեռևս ոչ մի դեղ չի հաստատվել մարդկանց շրջանում կորոնավիրուսային ինֆեկցիաները բուժելու համար[130]։ Բուժման հնարավոր տարբերակների հետազոտումը սկսվել է 2020-ի հունվարին և մի քանի հակավիրուսային դեղեր արդեն կլինիկական փորձարկումների փուլում են[119][120]։ Չնայած ամբողջովին նոր դեղի ստեղծումը կարող է տևել մինչև 2021 թվականը[131], սակայն որոշ դեղեր, որոնք փորձարկվում են, արդեն հաստատված են որպես այլ վիրուսների բուժման ցուցում, կամ արդեն առաջընթաց փորձարկումների փուլում են[130]։
Թեստավորվող հակավիրուսային դեղերը ներառում են Քլորոքվինը[132], Դարունավիր[133], Գալիդեսվիրը[130], Ինտերֆերոն β-ն[134], Լոպինավիր/Ռիտոնավիր համակցությունը[120][135], ՌՆԹ-պոլիմերազայի ինհիբիտոր Ռեմդեզիվիրը[134][136][137] և Տրիազավիրինը[138]։ Արբիդոլը և Դարունավիրը առաջարկվել են Ազգային Առողջապահական հանձնաժողովի կողմից[139]։
Բազմակենտրոն հետազոտության նախնական արդյունքները հայտարարվել են մամուլի ասուլիսի ժամանակ Ջիանջունի, Ժենքսյուի և Քսյու-ի կողմից, ովքեր նշել են, որ Քլորոքվինը էֆեկտիվ և անվտանգ է COVID-19 ասոցացված թոքաբորբը բուժելիս. «այն լավացնում է բժշկական տեսապատկերման տվյալները, վիրուս-բացասական կոնվերսիան և կրճատում է հիվանդության տևողությունը»[140]։
2020-ի Փետրվարի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել է, որ «COVID-19» լինելու է հիվանդության պաշտոնական անվանումը։ ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասել է, որ «co»-ն նշանակում է «corona», «vi»-ն «virus» և «d»-ն «disease» (հիվանդություն), իսկ «19» թվականն է մատնանշում, քանի որ առաջին բռնկումը նույնականացվել է 2019-ի Դեկտեմբերի 31-ին։ Թեդրոսն ասել է, որ անվանումն ընտրվել է յուրահատուկ աշխարհագրական (օրինակ Չինաստան) տեղամասերի, կենդանիների տեսակների, կամ մարդկանց խմբի հղումներ տալուց խուսափելու համար, ասպիսով միջազգային չափորոշիչներին համապատսխան անվանում տալով, կանխվել է ստիգմատիզացիան[141][142]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.