Դան
From Wikipedia, the free encyclopedia
Դան (չինարեն՝ 旦), չինական օպերայում առաջին պլանի կանացի ամպլուա, որը կատարում է սովորաբար տղամարդ։ Յուրաքանչյուր ամպլուա ունի իր գրիմը, հանդերձանքը, շարժման ուրույն ձևը, տարբերվում են նաև կատարման ձևերով և դերերգերի տարատեսակությամբ (որոշները ավելի բարդ են, վոկալային, մյուսները՝ խոսքային)։
1772 թվականին Ցյանլուն կայսրն արգելեց կանանց դերեր կատարել, այդ պատճառով մինչկոմունիստական Չինաստանում հազվադեպ բացառությամբ բոլոր դերերը Պեկինի օպերայում կատարում էին տղամարդիկ[1]․ ընդ որում դան-դերասանի կարիերան կարճ էր՝ սովորաբար տևում էր 5 տարի[2]։ 1850-ական թվականներից դանը դարձավ երկրորդական և քիչ հայտնի ամպլուա[1]։ 1920-ական թվականներին չորս դերասանների՝ Մեյ Լան Ֆանի, Շան Սյաոյունի, Սյուն Հուեյշենի և Չեն Յանցյուի շնորհիվ «դան» ամպլուան կրկին հայտնի դարձավ[3]․ այս դերերը հավասարազոր էին պիեսներում տղամարդկանց կատարած դերերին և կատարողական բարդությամբ[4]։ 1950-ական թվականներից դանը սովորաբար կատարում էին կանայք[4][1]։
19-րդ դարում դան դերերը կատարող դերասանները և դերասանուհիները հաճախ զբաղվում էին մարմնավաճառությամբ[5], իսկ կեսօրից հետո բեմադրում էին ռոմանտիկ բովանդակությամբ պիեսներ․ ներկայացումից հետո դանը վերադառնում էր իր սիրեկանների մոտ։ Երեկոյան ներկայացումները հիմնականում պատմական դրամաներ էին՝ շեն ամպլուայի առաջատար տղամարդ դերասաններով[1]։ Ընդ որում երիտասարդ դերասանների սիրային հարաբերությունները հայտնի և ազդեցիկ մարդկանց հետ հասարակության կողմից դիտվում էր որպես հոգատարություն առաջինների նկատմամբ, այնքան ուժեղ, որ հաղթահարում է դասակարգային տարբերությունները[1][5]։ Երևան եկավ նույնիսկ «սյանգուն» դերասան-մարմնավաճառի միջին դերը (չինարեն՝ 相公)[5]:
Դանը կատարում էին կատարյալ կանայք՝ երիտասարդ, սիրունատես, համեստ, փոքր ոտքերով (սակայն տղամարդիկ ոտքերը չէին երիզակապում, միայն փոքրիկ մաշիկներ էին հագնում ոտքերի մատերին՝ այդպիսով բարձրացնելով կրունկը)․ նրանց նկարագրում էին էրոտիկ, իգականացված երանգով[2]։