Գորդոն Ջեյմս Ռամզի կրտսեր (անգլ.՝ Gordon James Ramsay, Jr., /ˈræm.ziː/), (նոյեմբերի 8, 1966(1966-11-08)[1][2][3], Johnstone, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ավագ խոհարար և ռեստորանատեր։ Նրա ռեստորանները ստացել են Միշլենի 15 աստղ և ներկայումս պահպանել են 14-ը[4][5][6]։ Նրա անվամբ ռեստորանը՝ Գորդոն Ռամզի ռեստորանը, որը գտնվում է Չելսիում (Լոնդոն), 2001 թվականից պահպանում է 3 աստղը։ Ռամզին հայտնի է նաև խոհարարությանը և սննդին վերաբերող այնպիսի հեռուստատեսային ծրագրերից, ինչպիսիք են բրիտանական բազմասերիանոց «Դժոխային խոհանոց»-ը (անգլ.՝ Hell's Kitchen), «Ֆ բառը» (The F Word) և «Ռամզիի խոհանոցային մղձավանջները» (Ramsay's Kitchen Nightmares)։ Հայտնի են նաև «Դժոխային խոհանոցի», «Խոհանոցային մղձավանջների», «Վարպետ խոհարար»-ի (MasterChef), «Վարպետ խոհարար կրտսեր»-ի (MasterChef Junior) և «Դժոխային հյուրանոց»-ի ամերիկյան տարբերակները։

Արագ փաստեր Գորդոն Ռամզի, Բնագիր ԱԱՀ ...
Գորդոն Ռամզի
Thumb
Գորդոն Ռամզի
հունիս, 2006 թվական
Բնագիր ԱԱՀGordon James Ramsay, Jr.
ԱմուսինՏանա Ռամզի
Խոհարարական կարիերա
Խոհարարական ոճֆրանսիական
իտալական
բրիտանական
gordonramsay.com
Փակել

Վաղ կյանք

Ռամզին ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 8-ին[7] Շոտլանդիայում[8]։ 5 տարեկանից մեծացել է Անգլիայի Էյվընի Սթրեդֆորդ քաղաքում[9]։ Գորդոնն ընտանիքի 4 երեխաներից երկրորդն է՝ ավագ քույրը՝ Դիանան, կրտսեր եղբայրը՝ Ռոննին և կրտսեր քույրը՝ Իվոնեն։ Ռամզիի հայրը՝ Գորդոն Ջեյմս ավագը (մահացել է 1997 թվականին)[10] տարբեր թվականներին եղել է լողավազանի մենեջեր, եռակցող, խանութպան։ Քույրը՝ Իվոնեն և մայրը՝ Հելենը (օրիորդական ազգանունը՝ Քոսգրով)[10] բուժքույրեր են[11]։

Ռամզին իր վաղը կյանքը նկարագրել է որպես «անհույս թափառական»։ Ընտանիքը հաճախ էր տեղափոխվում հոր ձախողումների և ձգտումների պատճառով, ով այդ ժամանակ տառապում էր հարբեցողությամբ[10] 1976 թվականին նրանք վերջնականապես հաստատվեցին Էյվընի Սթրեդֆորդում, որտեղ նա մեծացավ քաղաքի Բիշոփտոն թաղամասում[12]։ Humble Pie ինքնակենսագրական գրքում[11] Գորդոնը նկարագրում է, որ իր կյանքը լի է եղել բռնությամբ և արհամարհանքով կնամոլ, հարբեցող հոր պատճառով[11][13]։ 16 տարեկան հասակում Ռամզին ընտանեկան տնից հեռացավ և սկսեց ապրել Բանբերիում գտնվող մի բնակարանում[14]։

Ֆուտբոլային կարիերա

Ռամզին ֆուտբոլ էր խաղում և նրան առաջինն ընտրեցին, որպեսզի 12 տարեկանում խաղա 14 տարեկանից ցածրերի թիմում։ Պետք է հանդես գար Ուորվիքշիրում։ Գորդոնի ֆուտբոլային կարիերան ուղեկցվեց բազմաթիվ վնասվածքներով։ Հետագայում նա նշում էր․ «Միգուցե ես արդեն դատապարտված էի վնասվածքներ ստանալ, երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ»[11] 1984 թվականի կեսերին Ռամզին դատական գործընթացի մեջ էր Ռեյնջերսի հետ, որտեղ խաղում էր երիտասարդ ժամանակ։ Մարզումների ժամանակ նա լրջորեն վնասեց ծունկը՝ կոտրելով աճառը[15]։ Սակայն Ռամզին շարունակեց մարզվել և խաղալ վնասված ծնկով՝ սքվոշ խաղի ժամանակ պատռելով խաչաձև կապանները։

Ռամզիից պահանջեցին խաղալ առաջին 2 խաղերը Ռեյնջերսի թիմում[16]։ Ըստ նրա ինքնակենսագրության՝ Գորդոնը խաղաց մի քանի ընկերական խաղերում որպես նորեկ[17] և 15 տարեկան հասակում պայմանագիր կնքեց ակումբի հետ[18]։

Լուսանկարիչ Ալան Քեիրնսը, ով լուսանկարեց Ռամզիին 1985 թվականի սեպտեմբերին, ասեց, որ նա Ռեյնջերսի առաջին խաղացողներից չէ․ նրան թիմ են վերցրել, որ հանդես գա փորձնական խաղերում։ Ռեյնջերսի մամլո խոսնակն ասաց․ «Ռամզին փորձնական խաղացող էր այդ բախտորոշ խաղում։ Այդ խաղից հետո նա մի քանի ամիս մարզվել է մեզ հետ և դրանից հետո վնասվածք ստացել»[19]։

Այցելություն Ռեյնջերսին

The F Word հեռուստաշոուի (առաջին անգամ ցուցադրվել է 2008 թվականի հուլիսի 29-ին)[20] 4-րդ եթերաշրջանի 12-րդ դրվագում Ռամզին այցելեց Այբրոքս՝ իր սիրելի թիմի՝ Ռեյնջերսի հայրենի քաղաք և բացականչեց․ «Տո՜ւն, սիրելի՜ տուն» և ասաց․ «Երազանքս իրականացավ, երբ ինձ նկատեցին 1980-ական թվականների կեսերին, և ես միացա Այբրոքսի երիտասարդական թիմին»։ Նա նշեց, որ իր ամենասիրելի հիշողություններից մեկը Շոտլանդիայի ֆուտբոլի լեգենդ Էլի ՄակՔոինստի հետ խաղալն է, ով Ռամզիի մասին ասել է․ «Ես նրան լավ եմ հիշում և միակ բանը, որ երբեք չի փոխվի այն է, որ, նա մրցունակ է և ցանկանում է անել ու լինել լավագույնը»։ Ի պատասխան՝ Ռամզին ասաց․ «Վնասվածք ստանալուս փաստը սկսեցի թեթև տանել միայն մի քանի տարի անց և Միշլենի 3-րդ աստղը ստանալուց հետո։ Առանց Այբրոքսում տեղի ունեցած իրադարձությունների՝ ես չէի դառնա այն ավագ խոհարարը, որ այժմ եմ»[21]։

Խոհարարական վաղ տարիներ

Thumb
Ոչխարի մսից պատրաստված ուտեստ «Գորդոն Ռամզի ռեստորան»-ից

Վնասվածքից հետո Ռամզին սկսեց հետաքրքվել խոհարարությամբ և 19 տարեկանում վնասված ծնկով[11] ֆուտբոլիստը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել իր խոհարարական կրթությանը։ Ծանրութեթև անելով ամեն ինչ՝ Ռամզին ընդունվեց Հյուսիսային Օքսֆորդշիրի տեխնիկական քոլեջ՝ Հյուրանոցային մենեջմենթի բաժին։ Քոլեջ ընդունվելու որոշումը նա բնորոշում է որպես պատահականություն[11]։

1980-ական թվականների սկզբներին նա Ռոքստոն հաուս հյուրանոցում (անգլ.՝ Wroxton House Hotel) աշխատում էր որպես խոհարար, այնուհետև ղեկավարում էր Wickham Arms-ի խոհանոցը և 60 տեղանոց ճաշասրահը մինչև ռեստորանի տիրոջ կնոջ հետ սիրավեպն ամեն ինչ բարդացրեց[22]։ Ռամզին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ աշխատեց մի շարք ռեստորաններում մինչև սկսեց աշխատել Հարվիում՝ տաքարյուն Մարկո Պիեռ Ուայթի համար[11]։

Երկու տարի 10 ամիս Հարվիում աշխատելուց հետո Ռամզին, հոգնելով բռնություններից, ծաղրանքներից և բուլինգից, որոշեց, որ կարիերայում առաջ գնալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ֆրանսիական խոհանոցը։ Ուայթը խորհուրդ չէր տալիս աշխատել Փարիզում, փոխարենը քաջալերում էր աշխատել Ալբերտ Ռուսի համար՝ Le Gavroche ռեստորանում (այստեղ նա ծանոթացավ իր ապագա մետրդոտել Ժան Կլոդ Բրետոնի հետ, ով այժմ աշխատում է իր Royal Hospital Road ռեստորանում)։ Մեկ տարի Le Gavroche-ում աշխատելուց հետո, Ալբերտ Ռուսը հրավիրեց Ռամզիին իր հետ աշխատել Դիվա հյուրանոցում որպես իր աջ ձեռք։ Դիվան դահուկային հանգստավայր էր Ալպերում։ Այնտեղից Ռազին տեղափոխվեց Փարիզ՝ աշխատելու Գի Սավուայի և Ջոել Ռոբուշոնի հետ․ երկուսն էլ Միշլենի աստղակիր ավագ խոհարարներ են։ Master Chef հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանում, 18-րդ դրվագում Գորդոն Ռամզին արձանագրում է, որ Գի Սավուան է եղել իր ուսուցիչը։ 3 տարի նա շարունակեց իր ուսումը Ֆրանսիայում, այնուհետև որպեսզի թոթափի ֆիզիկական և մտավոր սթրեսը մեկ տարի աշխատեց Բերմուդյան կղզիներում՝ մասնավոր զբոսանավի վրա որպես անձնական ավագ խոհարար[11]։

Գլխավոր ավագ խոհարար

Thumb
Գորդոն Ռամզի

1993 թվականին վերադառնալով Լոնդոն՝ Ռամզիին առաջարկեցին գլխավոր ավագ խոհարարի պաշտոն (Պիեռ Կոֆման ավագ խոհարարի ղեկավարությամբ) Չելսիում գտնվող Միշլենիի 3 աստղակիր La Tante Claire ռեստորանում։ Քիչ անց Մարկո Պիեռ Ուայթը կրկին մտավ Գորդոնի կյանք՝ վերջինիս առաջարկելով գլխավոր ավագ խոհարարի պաշտոն և Ռոսմորի եկամտից 10%։ Ռեստորանը վերանվանվեց Aubergine և 14 ամիս անց նվաճեց Միշլենի իր առաջին աստղը։ 1997 թվականին Aubergine-ը ստացավ Միշլենի երկրորդ աստղ։ Չնայած ռեստորանի հաջողություններին՝ Ռամզիի տարաձայնությունները բիզնես գործընկերների հետ և սեփական ռեստորան ունենալու երազանքը ստիպեցին նրան հեռանալ այնտեղից 1997 թվականին[11] 1998 թվականին Ռամզին աներոջ՝ Քրիս Հաչեսոնի օգնությամբ, Չելսիում բացեց իր սեփական՝ Գորդոն Ռամզի ռեստորանը (անգլ.՝ Restaurant Gordon Ramsay)։ Այն 2001 թվականին ստացավ Միշլենի 3-րդ աստղ՝ Ռամզիին դարձնելով առաջին շոտլանդացին, ով հասավ նմանատիպ հաջողության[23]։

Առաջին ռեստորանից հետո Ռամզիի կայսրությունն արագ ընդարձակվեց․ հաջորդը բացվեց Պետրուսը, այնուհետև Ամարիլիսը՝ Գլազգոյում (որը հետո ստիպված էր փակել) և ավելի ուշ՝ Gordon Ramsay at Claridge's-ը։ Նա աշխատանքի վերցրեց իր ընկերոջը՝ մետրդոտել Ժան Ֆիլիպ Սուսիլովիչին, ով այժմ աշխատում է Պետրուսում և հանդես է գալիս Ռամզիի՝ «Դժոխային խոհանոց» հեռուստաշոուի ամերիկյան տարբերակում։ Այնուհետև բացվեցին Dubai Creek-ը և Connaught հյուրանոցները։ Ռամզին բացեց ռեստորաններ նաև Մեծ Բրիտանիայից դուրս՝ սկսելով Դուբայից, որտեղ բացեց Verre ռեստորանը։ 2005 թվականին 2 ռեստորան բացեց Տոկիոյում՝ Gordon Ramsay at Conrad Tokyo-ն և Cerise by Gordon Ramsay-ը։ 2006 թվականի նոյեմբերին Գորդոն Ռամզին Նյու Յորքում բացեց Gordon Ramsay at the London ռեստորանը[24]՝ դառնալով քաղաքի լավագույն նորեկը՝ չնայած պրոֆեսիոնալ քննադատների տարաբնույթ արձագանքներին[25]։

2007 թվականին Ռամզին Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում՝ Փաուերսկորթի Ռից Քարլտոն հյուրանոցում բացեց իր առաջին ռեստորանը՝ Gordon Ramsay at Powerscourt[26], որը 2013 թվականին փակվեց։ 2008 թվականի մայիսին ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Լոս Անջելեսի London West Hollywood հյուրանոցում բացեց իր առաջին ռեստորանը՝ Բոքսվուդը։

2011 թվականի օգոստոսի 9-ին Գորդոնը Կանադայի Մոնրեալ քաղաքում բացեց իր առաջին ռեստորանը՝ Laurier Gordon Ramsay[27]։ 2012 թվականի փետրվարին Դենի Լևին՝ ռեստորանի տերը, հայտարարեց, որ խզում է համագործակցությունը Ռամզիի հետ, քանի որ վերջինս քիչ է ներգրավված աշխատանքում[28]։ 2013 թվականին ռեստորանը փակվեց[29]։

Մրցանակներ

Բացվելով 1998 թվականին՝ Գորդոն Ռամզի ռեստորանը, Ռամզիի առաջին սեփական ռեստորանն էր։ Այն գտնվում է Լոնդոնի Ռոյալ Հոսփիտալ Ռոուդ փողոցի վրա։ 2001 թվականին Լոնդոնի Zagat Survey ընկերության հարցումների արդյունքում այն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենաառաջատար ռեստորաններից մեկը և ստացել Միշլենի 3-րդ աստղ՝ Գորդոն Ռամզիին դարձնելով առաջին շոտլանդացի ավագ խոհարարը, ում ռեստորանը ստացել է Միշլենի 3 աստղ[30]։ 2011 թվականին Daily Mail թերթը պահանջեց, որպեսզի Ռամզին ավելի շատ ժամանակ անցկացնի հեռուստատեսությունում, քան խոհանոցում, և չնայած սուղ ժամանակին՝ նա դեռևս պահպանում է Չելսիի իր ռեստորանի 3 աստղը։ Այդ ժամանակ Ռամզին Մեծ Բրիտանիայի 4 ավագ խոհարարներից մեկն էր, ով իր ռեստորանի համար պահպանեց Միշլենի 3 աստղերը (մյուս 3 ավագ խոհարարներն էին Հեստոն Բլումենթալը, Ալեն Դյուկասը և Ալեն Ռուսը)[31]։

2006 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան շնորհում է Բրիտանական կայսրության ասպետ տիտղոսը՝ հյուրընկալության ոլորտում մատուցած ծառայությունների համար, սակայն ինքնաթիռի ուշացման պատճառով չի ստանում մրցանակը հանդիսավոր արարողության ժամանակ, այլ ստանում է այն հայրենի Շոտլանդիայում[32]։

2006 թվականի հուլիսին Ռամզին ստացավ Catey մրցանակ՝ «Տարվա անկախ ռեստորանատեր» անվանակարգում՝ դառնալով երրորդ անձը, ով ստացել է 3 Catey մրցանակ։ Ռամզին նախկին 2 Catey մրցանակները ստացել է 1995 թվականին՝ որպես տարվա նորեկ և 2000 թվականին՝ որպես տարվա ավագ խոհարար։ Մյուս եռակի մրցանակակիր ավագ խոհարարներն են Միշել Ռուսը և Ժակի Պերնը[33]։ 2006 թվականի սեպտեմբերին ամենամյա Caterersearch 100 ցուցակում ճանաչվել է Մեծ Բրիտանիայի հյուրընկալության ոլորտի ամենաազդեցիկ անձը։ Ցանկը հրապարակվել է Caterer and Hotelkeeper ամսագրի կողմից։ Նա առաջ անցավ Ջեյմի Օլիվերից, ով գլխավորում էր ցուցակը 2005 թվականին[34]։ 2006 թվականին նրան առաջադրել են նաև Սուրբ Էնդրյու համալսարանի ռեկտորի պաշտոնում, սակայն քվեներով տարվել է Սայմոն Փեփերին[35]։

Ռամզիի գլխավոր ռեստորանը՝ Գորդոն Ռամզի ռեստորանը, 8 տարի շարունակ ճանաչվել է որպես Լոնդոնի ամենաառաջատար ռեստորան, սակայն 2008 թվականին Պետրուս ռեստորանն առաջ է անցնում, որը ղեկավարում էր իր նախկին սան Մարկուս Վարիգը[36]։ 2013 թվականի հունվարին Ռամզին իր տեղը զբաղեցրեց Խոհարարագիտության Փառքի սրահում[37]։

Գորդոն Ռամզի Հոլդինգս

Thumb
Ռամզիի «Պետրուս» ռեստորանի ճաշասրահը

Ռամզիի բոլոր բիզնեսները՝ ռեստորաններ, մեդիա, խորհրդատվություն, վարում է Գորդոն Ռամզի Հոլդինգս լիմիթեդ ընկերությունը, որը ղեկավարում է աներոջ՝ Քրիս Հաչեսոնի հետ միասին։ Ռամզիին է պատկանում ընկերության 69%-ը, որը գնահատվում է £67 միլիոն[38]։

2006 թվականի նոյեմբերին Ռամզին հայտարարեց ԱՄՆ-ում 3 ռեստորան բացելու ծրագրերի մասին, որն իրականացնելու էր մասնավոր ներդրումային ընկերության՝ Բլեքստոուն գրուպի հետ համատեղ, որը £100 միլիոն գումարով ցանկացած հյուրանոց դարձնում է 5 աստղանի։ Ընկերությունը 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր ռեստորանի համար £3 միլիոն գումար ներդրեց։ Բոլոր ռեստորանները կրելու էին ավագ խոհարարի ապրանքանիշը և մատուցվելու էին եվրոպական խոհանոցի ուտեստներ։ 2006-2007 թվականներին բացվեցին՝

2006 թվականի վերջին Գորդոն Ռամզի Հոլդինգսը Լոնդոնում 3 գինետուն գնեց, որը վերածեց պանդոկների։ Դրանք են՝ Ներոուն՝ Լայմհաուսում, որը բացվեց 2007 թվականի մարտին, Դևոնշիրը՝ Չիսվիքում, որը բացվեց 2007 թվականի հոկտեմբերին և Ուորինգտոնը՝ Մեյդա Վեյլում, որը բացվեց 2008 թվականի փետրվարին։ Դևոնշիրը և Ուորինգտոնը 2011 թվականին վաճառվեցին, և Ներոուն մնաց Հոլդինգի միակ պանդոկը[39]։

Ռամզին մի շարք հասարակական սննդի կազմակերպություններին խորհրդատվական ծառայություններ է մատուցում, ինչպես նաև Սինգապուր ավիաընկերության "International Culinary Panel"-ի խորհրդատուներից մեկն է[40]։

2008 թվականի մայիսին հաստատվեց այն փաստը, որ Ռամզիի սանը՝ Մարկուս Վարինգը, ում հետ աշխատել էր 15 տարի, առանձնանում է՝ աշխատեցնելով Գորդոն Ռամզի Հոլդինգսի կողմից 2003 թվականին բացած Պետրուս ռեստորանը Բերքլի հյուրանոցում[41]։

Thumb
Գորդոն Ռամզիի «Pub and Grill»-ը «Կեսարի պալատ» հյուրանոց-խաղատանը, Լաս Վեգաս, Նևադա

2010 թվականի ապրիլին Ջեյսոն Աթերտոնը՝ աշխարհահռչակ Մեյզ ռեստորանների գլխավոր ավագ խոհարարը, հեռացավ՝ որպեսզի իր սեփական ռեստորանը բացի Մեյֆեյրում[42]։

2010 թվականի հոկտեմբերի 19-ին Գորդոն Ռամզի Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունը հայտարարեց, որ Քրիս Հաչեսոնը հեռանում է գործադիր տնօրենի պաշտոնից։ Քիչ անց Ռամզին մամուլի հաղորդագրություն ուղարկեց, որտեղ նկարագրում էր, թե ինչպես է բացահայտել «խարդախ» Հաչեսոնի արարքները մասնավոր հետախույզի օգնությամբ, ում վարձել էր՝ հետևելու վերջինիս։ Ընկերության հաշվապահույթունը ցույց տվեց, որ Հաչեսոնն անձնական նպատակներով Հոլդինգից վերցրել է £1.5 միլիոն գումար գործադիր տնօրեն լինելու ժամանակ, թեև զեկուցել է այդ գումարի մասին և որ այն վերադարձրել է[43]։

2012 թվականի հոկտեմբերին Ռամզին Լոն Անջելեսում բացեց The Fat Cow ռեստորանը US at The Grove առևտրի սրահում, որը հանրահայտ է նաև զբոսաշրջիկների շրջանում[44]։ Ռամզին իր մտադրությունը բացատրում է այսպես․ «The Fat Cow-ի միտքն առաջացավ նրանից, որ ցանկանում էի հարևանությամբ մի ռեստորան ունենալ, որտեղ կարող ես գնալ, երբ ցանկանաս՝ ուղղակի հանգստանալու և սարսափելի ուտելիք վայելելու համար»[45]։

2013 թվականի սեպտեմբերին Ռամզին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ Լոնդոնի Սաութուորք թաղամասում բացեց Union Street Café սրճարանը, որտեղ շոֆ խոհարար Դավիդ Դեջիովանիի ղեկավարությամբ մատուցվում են իտալական խոհանոցի ուտեստներ[46]։

2013 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի Gordon Ramsay at The London ռեստորանը կորցրեց Միշլենի 2 աստղ։ Միչելին ուղեցույցի տնօրեն Մայքլ Էլիսն ասաց, որ իրեն մատուցել են «վատ ուտելիք»։ 2013 թվականի հունիսին փակվեց Ռամզիի ևս մեկ ռեստորան[47]։

Հեռուստատեսություն

Thumb
Ռամզին BBC-ի Gardeners' World շոուի ժամանակ, 2008

Ռամզին առաջին անգամ հեռուստատությամբ հանդես է եկել Եռման կետ (անգլ.՝ Boiling Point) (1998) և Եռման կետից այն կողմ (անգլ.՝ Beyond Boiling Point) (2000) հաղորդումներում։ Սակայն սրանից առաջ՝ 2007 թվականին, իր ապագա գործընկերոջ հետ եղել է երիտասարդ ուսանող-խոհարարների մրցույթի ժյուրին։

2001 թվականին Ռամզին հայտնվեց նաև Faking It 3 սերիաներում՝ օգնելով խոստումնալից ավագ խոհարար, բուրգեր ֆլիպեր Էդ Դևլինին տիրապետել խոհարարական հմտություններին։ 2001 թվականի BAFTA-ում այդ դրվագը ստացավ մրցանակ՝ որպես «Լավագույն հեռուստատեսային դրվագ»[48][49]։

2004 թվականին Ռամզին նկարահանվեց 2 բրիտանական հեռուստատեսային նախագծերում։ Ռամզիի Խոհանոցային մղձավանջները, որոնք եթեր էին հեռարձակվում Channel 4 հեռուստաալիքով, 2007 թվականին հանդես եկավ 5-րդ եթերաշրջանով։ Դժոխային խոհանոցը ռիելիթի շոու էր, որը հեռարձակվում էր ITV1 հեռուստաալիքով։ Նախագծի ընթացքում Ռամզին փորձում էր 10 բրիտանացի հայտնի մարդկանց դարձնել ավագ խոհարարներ, ովքեր այդ ընթացքում աշխատում էին Բրիք լեյնում գտնվող մի ռեստորանում, որը շոուի 2 շաբաթների ընթացքում բաց էր հասարակության առաջ։

2005 թվականի մայիսին FOX ցանցը Ռամզիին ներկայացրեց ամերիկյան հանդիսատեսին Դժոխային խոհանոցի ամերիկյան տարբերակում, որը թողարկվում էր Granada Entertainment and A. Smith & Co-ի կողմից։ Շոուն նման էր բրիտանական տարբերակին, որտեղ ցուցադրվում էր Ռամզիի պերֆեկցիոնիստ լինելը և շուտ բորբոքվելը։ Շոուն ավարտեց իր 13-րդ եթերաշրջանը 2014 թվականին, և Fox-ը պատվիրեց ևս 3 եթերաշրջան։ Ռամզին հյուրընկալեց նաև Խոհանոցային մղձավանջների ամերիկյան տարբերակը 2007 թվականի սեպտեմբերի 19-ին Fox հեռուստաալիքով։ Շոուն այժմ ունի 7 եթերաշրջան․ վերջինը ցուցադրվել է 2014 թվականին։

Ռամզին ներկայացրեց The F Word նախագծի 5 եթերաշրջանները, որի պրեմիերան կայացավ 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Channel 4 հեռուստաալիքով։ Շոուն կառուցված է մի քանի իրադարձությունների շուրջ՝ թիմերի մրցակցություն, հյուր խոհարարի մրցույթ, սննդի հետազոտական զեկույց և ընտանի կենդանիների բուծում, որոնցից վերջում ուտեստներ են պատրաստվելու։ Շոուի ընթացքում հյուր խոհարարը, ով սովորաբար հայտնի անձ է լինում, պատրաստում է որևէ ուտեստ, որը «մրցում» է Ռամզիի պատրաստած ուտեստի հետ։ Ուտեստները գնահատվում են ռեստորանի հաճախորդների կողմից, ովքեր տեղյակ չեն, թե որ ուտեստն ով է պատրաստել։ Եթե հաղթում է հյուրը (որը բազմիցս պատահում է), ուտեստն ընդգրկվում է Ռամզիի ռեստորանի ճաշացանկում։

The F Word-ի առաջին եթերաշրջաններում Ռամզին հեգնանքով բուծվող հնկահավերին անվանեց հայտնի ավագ խոհարարների անուններով՝ Էնթոնի, Էյնսլի, Ջեյմի, Դելիա, Գարի և Նիգելա։ Երկրորդ եթերաշրջանի ժամանակ Ռամզին 2 խոզերին անվանեց Տրինի Վուդոլ և Սուսաննա Կոնստանտին․[50] վերջիններս այս փաստը շատ զվարճալի համարեցին[51]։ 2006 թվականի հուլիսին Channel 4 հեռուստաընկերությունը հայտարարեց, որ կրկին պայմանագիր է կնքել Ռամզիի հետ՝ ևս 4 տարի՝ մինչև 2011 թվականը հեռուստաշոուում հանդես գալու համար[52]։ Երրորդ եթերաշրջանում Ռամզին Հյուսիսային Ուելսից բերված ոչխարներին անվանեց 2 հայտնի ուելսցիների անունով՝ Շառլոթ Չըրչ և Գավին Հենսոն։ Եթերաշրջանները դարձան ամենաբարձր վարկանիշ ունեցող շոուները, որ յուրաքանչյուր շաբաթ ցուցադրվում էր Channel 4-ով[53]։ The F Word-ի հաղորդաշարերից մեկի ժամանակ Ռամզին ուտեստներ էր պատրաստում բանտարկյալների համար Դոնկաստեր բանտում։ Ավագ խոհարարն այնքան էր տպավորված բանտարկյալներից մեկի՝ բանջարեղենն արագ կտրտրելու ունակությամբ, որ վերջինիս աշխատանք առաջարկեց իր ռեստորանում, երբ նա ազատ կարձակվեր 2007 թվականին[54]։

2010 թվականին Ռամզին դարձավ Վարպետ խոհարարի (անգլ.՝ MasterChef) ամերիկյան տարբերակի պրոդյուսերը և ժյուրին[55]։ Երկրորդ եթերաշրջանը սկսվեց 2011 թվականի հունիսին։ Շոուի ժամանակ նրան ընկերակցեցին խոհարարական դատավորներ Գրեհեմ Էլիոտը և Ժոզեֆ Բաստիանիչը։

2012 թվականի մարտին Fox-ը հայտարարեց Ռամզիի՝ Hotel Hell անվամբ հեռուստաշոուի 4 եթերաշրջանները[56]։ Հեռուստաշոուն նման է Խոհանոցային մղձավանջներին՝ այն տարբերությամբ, որ այս անգամ մրցակցում են ԱՄՆ-ի տարբեր հյուրանոցներ, մոթելներ և այլն[57]։ Պրեմիերան կայացավ 2012 թվականի օգոստոսի 13-ին[58]։

2012 թվականի օգոստոսի 18-ին Ռամզին ֆինանսավորում է The Inferno կոչվող դրաման[59]։

Հաղորդաշարերին հյուր

Thumb
Գարի Ռոդսն անակնկալի է բերում Գորդոն Ռամզիին

2005 թվականի սեպտեմբերին Ռամզին Ջեյմի Օլիվերի, Հեստոն Բլումենթալի, Վոլֆգանգ Փաքի և Սանջեև Կապուրի հետ մասնակցեց CNN International-ի Quest հաղորդաշարին[60]։

2006 թվականին Ռամզին մասնակցեց ITV հեռուստաընկերության հաղորդաշարերին, մասնավորապես բարեգործական նպատակներով կազմակերպված ֆուտբոլային հանդիպմանը, որտեղ ոտքի վնասվածքի պատճառով խաղաց միայն առաջին խաղակեսը։ Ռամզին Rest of the World XI թիմի կապիտանն էր, ով խաղում էր England XI թիմի դեմ, ում կապիտանը Ռոբի Ուիլյամսն էր[61]։

Top Gear-ում երկրորդ անգամ հայտնվելու ժամանակ նա հայտարարեց, որ տվյալ պահին վարում է Ֆեռարի F430 և Ռեյնջ Ռովեր Սպորտ Սուպերչարջդ ավտոմեքենաներ։ Բենթլի Քոնտինենտալ GT-ին փոխարինել էր Ռեյնջ Ռովերով։ 2006 թվականի մայիսի 14-ին մասնակցեց Top Gear-ի «Star in a Reasonably-Priced Car» հաղորդմանը։ Ռամզին առաջին տեղն էր զբաղեցնում հաղորդմանը մասնակցող հայտնիների ցանկում մինչև պարտվեց Սայմոն Քոուելին։

Ռամզին մասնակցեց Արյան ազգային ծառայության կողմից նախաձեռնված «Արյուն տուր» (անգլ.՝ Give Blood) հեռուստաակցիային, որտեղ ասաց, որ կմահանար փայծաղի պատռվելուց, եթե չհայտնվեր դոնոր։ 2006 թվականի հոկտեմբերի 13-ին որպես հյուր հանդես է եկել Have I Got News for You հաղորդաշարի 32-րդ հաղորդմանը։ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Ռամզին մասնակցեց է Extras-ի ամանորյա հատուկ թողարկմանը։

2008 թվականի հունվարին եղել է Channel 4 հեռուստաալիքով հեռարձակվող Big Brother հաղորդման հյուրը։

2011 թվականին American Idol երաժշտական մրցույթի առաջատար 5 մասնակիցները ցույց տվեցին իրենց խոհարարական հմտությունները Գորդոն Ռամզիի հետ։ Նրանց 10 րոպե ժամանակ էր տրվել՝ օմլետներ պատրաստելու համար։

2011 թվականի նոյեմբերին Ռամզին հայտնվեց Սիմփսոնների The Food Wife դրվագին։

Դատական հայցեր

2006 թվականի հունիսին Ռամզին շահեց London Evening Standard թերթի դեմ ընթացող դատական գործը, որտեղ Վիկտոր Լյուիս Սմիթը պնդում էր, որ, ելնելով նախկին տիրոջ՝ Սյու Ռեյի զեկույցներից, Ռամզիի Խոհանոցային մղձավանջներ հեռուստաշոուի տեսարանները պատճենված են Bonaparte-ից։ Ռամզիին վճարեցին £75,000՝ գումարած նաև դատական ծախսերը[62]։ Այդ ժամանակ Ռամզին հայտարարեց․ «Ես թույլ չեմ տա, որ մարդիկ գրեն այն, ինչ ցանկանան։ Մենք ոչինչ չենք կրկնօրինակել»։

2007 թվականի հունիսին Ռամզիի շոուին դատի տվեց նյույորքյան Purnima ռեստորանի գլխավոր մենեջեր Մարտին Հայդը, ով նրան մեղադրում էր կրկնօրինակման մեջ։ Հայդիին հեռացրել էին իր պաշտոնից շոուի ընթացքում, երբ Ռամզին առաջարկել էր աշխատանքի վերցնել հնդիկ ավագ խոհարար Վիկաս Խաննային։ Հայցում նշվում էր․ «հանդիսատեսին անհայտ է, որ «Խոհանոցային մղձավանջներ»-ի որոշ մասեր կրկնօրինակումներ են և որ Ռամզիի կողմից հայտնաբերված և լուծված խնդիրները մեծ մասամբ հենց ինքը՝ Ռամզին է ստեղծում, որպեսզի թվա, թե ինքը բարելավում է ռեստորանը»[63]։ 2007 թվականի օգոստոսին հայցը կասեցվեց[64]։

2012 թվականի մարտի 21-ին $2.7 միլիոն ԱՄՆ դոլարի հայց ներկայացրեց Մոնրեալի (Քվեբեկ) իր՝ Laurier Gordon Ramsay ռեստորանի (որը հետագայում վերանվանվեց The Laurier 1936) նախկին գործընկերոջ դեմ՝ սուտ տեղեկություններ տարածելու և լիցենզիաների հետ կապված խնդիրների համար[65][66]։ 2013 թվականի ապրիլի 16-ին՝ մեկ տարի անց, The Laurier 1936 ռեստորանը փակվեց[67]։

Հասարակական կերպար

Որպես անձ

Ռամզիի հեղինակությունը կառուցված է նրա՝ խոհանոցում կատարելության ձգտելու նպատակի վրա։ «Եռման կետ»-ի թողարկվելուց հետո, որին հաջորդեց Միշլենի 3 աստղերի ստանալը, ավագ խոհարարը հայտնի դարձավ նաև իր տաքարյունությամբ և հայհոյախառն բառապաշարով[68]։ Մի անգամ սննդի քննադատ Ա․ Ջիլն ասաց, որ Ռամզին հրաշալի ավագ խոհարար է, սակայն որպես մարդ՝ երկրորդ կարգի[23] Իր ինքնակենսագրական գրքում Ռամզին նշեց, որ եթե Ջիլը վիրավորեր իր ուտեստները, ապա չէր վրդովվի, սակայն իրեն ուղղված վիրավորանքները նա տանել չի կարող։ Ռամզին տարաձայնություններ ուներ նաև իր աշխատակազմի հետ․ մի անգամ նույնիսկ հրուշակեղենի խոհարարը ոստիկանություն կանչեց[69]։ 2005 թվականին պատրաստված հաղորդումից պարզ դարձավ, որ Ռամզին 1993 թվականից պահպանել էր իր աշխատակազմի 85%-ը[70]։ Ըստ Ռամզիի՝ իր ղեկավարման ոճը ժառանգել է իր նախորդ ուսուցիչներից՝ հայտնի ավագ խոհարարներ Մարկո Պիեռ Ուայթից և Գի Սավուայից, աներոջից՝ Քրիս Հաչեսոնից, Ռեյնջերսի՝ իր ֆուտբոլային մարզիչ Ջոք Ուոլասից[71]։

Ռամզիի վայրագ բնավորությունը բողոքի ալիք է առաջացրել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որտեղ թողարկվում են նրա հաղորդաշարերը[72][73]։ MSN Careers-ը հոդված հրապարակեց վատագույն հեռուստատեսային ղեկավարների մասին, որտեղ Ռամզին համարվում էր միակ ոչ մտացածին ղեկավարը։ Նրանք նշում էին Գորդոնի՝ հաճախակի համբերությունը կորցնելը և սուր քննադատությունները, հատկապես երբ նա փնովում է որևէ մեկի խոհարարական ունակությունները՝ վերջինիս անվանելով օրինակ «հաղթանդամ կապիկ»[74]։

Թեև Ռամզին հաճախ է ծաղրում ֆրանսիացիներին, նրա ամենավստահելի մետրդոտելներից մեկը՝ Ժան Բատիստ Ռեկիեն (Royal Hospital Road ռեստորան) ֆրանսիացի է[75][76]։ Ռամզին սահուն խոսում է ֆրանսերեն այն ժամանակվանից, երբ սովորում էր Փարիզում[77]։

2007 թվականի նոյեմբերին Ռամզին Լոնդոնում գտնվող իր 3 Միշլենի աստղ ունեցող գլխավոր ռեստորանի գլխավոր ավագ խոհարար նշանակեց 29-ամյա Քլեր Սմիթին[78]։ Սմիթը Անջելա Հարթնեթից հետո երկրորդ կին ավագ խոհարարն է, ում վարձել է Գորդոնը։

Ռամզիին հաճախ են քննադատում իր հաղորդումների ժամանակ հայհոյախառն բառապաշար օգտագործելու համար։ Առաջինը նրան քննադատել է բրիտանացի հայտնի խոհարար Դելիա Սմիթը[79], այնուհետև Ավստրալիայի դաշնային պառլամենտի անդամներից մեկը՝ տեսնելով Խոհանոցային մղձավանջներ հեռուստաշոուն[80]։ Իր ինքնակենսագրական գրքում Ռամզին խոստովանեց, որ չափազանց շատ հայհոյելու մասին չգիտեր այնքան ժամանակ, երբ մի օր դիտեց «Եռման կետ»-ի դրվագներից մեկը։ Թեև նա ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, սակայն «մայրս սարսափած էր»։

2009 թվականի հունիսի 5-ին Ռամզին ազգային հեռուստաընկերությամբ վիրավորեց լրագրող Թրեյսի Գրիմշոուին։ Հարցազրույցից մեկ օր անց նա Melbourne Food and Wine փառատոնի հյուրն էր, որտեղ իր ելույթի ժամանակ նա ենթադրաբար վիրավորել էր Գրիմշոուին և անվանարկել նրա սեքսուալությունը։ Հաջորդ օրը Գրիմշոուն պատասխանեց՝ Ռամզիին անվանելով «ամբարտավան, ինքնահավան խուլիգան»[81][82]։ Ռամզին ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ ընդամենը կատակել է[83][84]։

Ռամզին արժանացավ նաև բուսակերների զայրույթին։ 2005 թվականին նա մի անծանոթ բուսակերի ազդրապուխտ մատուցեց «Խոհանոցային մղձավանջներ»-ի դրվագներից մեկում (Ռամզին ասաց, որ չգիտեր, որ խոհարարը ազդրապուխտը դրել է բանջարեղենի տակ)։ Նա BBC-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ խաբել է բուսակեր հաճախորդներին՝ թաքցնելով ապուրի մեջ հավի մսի առկայությունը[85]։

TV Guide-ը 2013 թվականին Ռամզիին ներառել է իր՝ բոլոր ժամանակների 60 ամենազզվելի սրիկաների ցանկում[86]։

Սնունդ

Thumb
Տավարի մսից կարպաչիո «Պետրուս» ռեստորանից

The F Word-ի երկրորդ եթերաշրջանում Ռամզին մեղմեց իր վերաբերմունքը բուսակերության նկատմամբ այն բանից հետո, երբ տիրապետեց խոզաբուծության, կրտման և պոչատման հմտություններին։ Հաղորդմանը Ռամզին ասաց․ «Ի սեր Աստծո, բավական է մարդկանց բուսակեր դարձնեք։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է կարելի բաց թողնել մսի զարմանահրաշ համը»[87]։

Այլ ավագ խոհարարներ

Ռամզին սուր քննադատում է սննդի ցանցը և ամերիկյան պողպատե ավագ խոհարար, աստղ Մարիո Բատալիին։ Նյու Յորք Փոսթը հրապարակեց, որ 2009 թվականին Բատալին արգելել է Ռամզիին այցելել իր ռեստորաններ։ Այս թշնամությունն իբր սկսվել է այն բանից հետո, երբ Բատալին քննադատել է Ռամզիի խոհարարական ոճը՝ այն անվանելով «ձանձրալի և հնաոճ»[88]։ Բատալին իր հերթին ասել է, որ թշնամությունն առաջացել է մի քանի լրագրողների պատճառով, այնուհետև ավելացրել՝ շատ կցանկանայի զվարճանալ Ռամզիի հետ[89]։

Անձնական կյանք

Ընտանիք

Ռամզին 1996 թվականին ամուսնացել է Կայետանա Հաչեսոնի (հայտնի որպես Տանա) հետ, ով Մոնտեսորիի կրթական մեթոդների կողմնակից ուսուցչուհի է։ Զույգն ունի 4 երեխա՝ Մեգանը, Մաթիլդան և երկվորյակներ Ջեքը և Հոլին։ Ապրում են Ուանդսուորթ Քոմմոնում[90]։ Մինչև 2010 թվականը Ռամզիի աները՝ Քրիս Հաչեսոնը, Ռամզիի ռեստորանային կայսրության բիզնես պատասխանատուն էր[91][92]։

Իրավական խնդիրներ

2002 թվականի նոյեմբերի 15-ին Ռամզիին Լոնդոնում ձերբակալեցին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար։ Ոստիկանությունը գրավի դիմաց ազատ արձակեց նրան և հայտնեց, որ գործը կասեցված է։

Բարեգործություններ

Thumb
Գորդոն Ռամզի

Ռամզին մասնակցել է բարեգործական մի շարք երեկույթների և միջոցառումների։ Նա հասավ իր նպատակին՝ 10 տարում ավարտելով 10 մարաթոն։ 10-րդը 2009 թվականի ապրիլի 26-ին էր Լոնդոնի Մարաթոնը, որը հովանավորվում էր շոտլանդական Scottish Spina Bifida միության կողմից[93]։

Ռամզին 2004 թվականից Scottish Spina Bifida միության պատվավոր անդամ է և 2005 թվականին սկսեց The Gordon Ramsay "Buy a Brick" ակցիան, որպեսզի օգնի միությանը դրամահավաքում։ Այդ գումարով պետք է կառուցվեր նոր «Ընտանիքի աջակցման կենտրոն» և գլխամասային գրասենյակ Գլազգոյում։ 2006 թվականին նոր ակցիա սկսեց որպեսզի ավելի շատ գումար հավաքվի կենտրոնին աջակցելու համար։ 2007 թվականի նոյեմբերին Ռամզին Ստիրլինգ ամրոցում Սուրբ Էնդրյուի օրվան նվիրված ճաշկերույթ կազմակերպեց՝ միությանն օգնելու համար և այս ճաշկերույթ-դրամահավաքը դարձրեց ամենամյա[94]։

2005 թվականի մարտին Ռամզին հնդիկ ավագ խոհարար Մադհուր Ջեֆրիի հետ հիմնեց միջազգային բարեգործական խումբ որպեսզի աջակցի VSO-ի Spice Up Your Life միջոցառմանը։ Ռամզին և Մադհուրը հուսով էին հավաքել £100,000 գումար, որն ուղղվելու էր Հնդկաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարին[95]։ Ռամզիներն առաջին զույգն էր, ով 2005 թվականին դարձան «Օգնություն կանանց» բարեգործական միջոցառման դեսպանները։ Զույգը ղեկավարում էր Ֆլորա Ֆեմիլիս մարաթոնը[96], որն ուղղված էր «Օգնություն կանանց» միջոցառմանը[97]։

Կյանքին վտանգ սպառնացող փորձեր

2008 թվականին Իսլանդիայի Վեսթման կղզիներում նկարահանումների ժամանակ Ռամզիի ոտքը սայթաքեց և 26 մ ժայռից ընկավ սառցե ջուրը։ Այդ ժամանակ նա մտածեց․ «Կարծեցի, թե սա վերջն է․․․»: Հանելով ծանր կոշիկներն ու հագուստը՝ նրան հաջողվեց ջրի երես դուրս գալ։ Նկարահանող խումբը, ովքեր փրկեցին Ռամզիին՝ նրան պարան գցելով, հայտարարեցին, որ նա ջրի տակ է մնացել մոտ 45 վայրկյան։ Գորդոնն ասաց, որ այդ ժամանակ նա խուճապի մեջ էր ընկել, թոքերը լցվում էին ջրով։ Երբ կոշիկները հանեց և ջրի երես դուրս եկավ, շոկի մեջ էր, գլուխն ամբողջովին ուռել էր[98]։

Նախապես պատրաստված սնունդ

Thumb
Ազնվամորիով աղանդեր «Պետրուս» ռեստորանից

2009 թվականի ապրիլի 17-ին բացահայտվեց, որ Ռամզիի՝ Չելսիի ռեստորանը՝ Foxtrot Oscar-ն օգտագործում է նախապես պատրաստված սնունդ, որը տաքացվում է և մատուցվում հավելագնով։ Բացահայտվեց նաև, որ նրա՝ Լոնդոնի 3 գաստրոպանդոկները ևս նույն բանն են անում։ Ռամզիի մամլո խոսնակը բացատրեց․ «Գորդոն Ռամզի ավագ խոհարարը ուտեստի բաղադրամասերը պատրաստում է նախօրոք՝ Գորդոն Ռամզիի բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ Այս պրակտիկան կիրառվում է այնպիսի խոհանոցներում, որոնք սահմանափակ տարածք ունեն, ինչպիսիք են Foxtrot Oscar-ը և Գորդոն Ռամզիի մեծ պահանջարկ ունեցող պանդոկները՝ ներառյալ Ներոուն։ Այդ բաղադրամասերը հերմետիկորեն փակ են և սառնարաններով ամեն օր տեղափոխվում են նշված խոհանոցները։ Ամբողջական ճաշացանկը պատրաստվում է ռեստորանների խոհանոցներում։ Սա միայն արվում է Foxtrot Oscar-ում և 3 պանդոկներում, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր հաստատությանը վերահսկել մատուցվող սննդի որակը»[99][100]։ 2010 թվականին Ռամզին արդարացավ՝ նշելով․ «Երբ ես տարիներ առաջ աշխատում էի Gavroche-ում, բադի պաշտետը հենց այնտեղ չէր պատրաստվում։ Այն պատրաստում էին դրսում, այնուհետև բերում ռեստորան՝ պլաստիկով փաթաթած։ Սա ստանդարտ պրակտիկա է։ Ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար»[101]։ Ռամզիի այս հայտարարությունը հակասում էր այն ամենին, ինչ ասել էր իր մամլո խոսնակը։

Կոսմետիկ միջամտություններ

Ուռած դեմքով և բժշկական գլխարկով լուսանկարվելուց հետո, խոսակցություններ սկսվեցին, որ Ռամզին վիրահատության է ենթարկվել։ Սկզբում նա բացատրեց, որ ուռած դեմքը վարակի և ալերգիկ ռեակցիայի արդյունք է[102]։ Այնուհետև բացահայտվեց, որ նա ենթարկվել է £30,000 արժողությամբ մազերի փոխպատվաստման վիրահատության[103]։

Ռամզիի ռեստորանները

Thumb
Ռամզիի ռեստորանը Քլարիջում, 2008 թվականի հունիս: Փակվել է 2013 թվականի հունիսի 30-ին:

Ցանկերում ներառված են այն ռեստորանները, որոնք պատկանում են Ռամզիին կամ էլ նա է ղեկավարում դրանք։

Միացյալ թագավորություն

Մանրամասն տեղեկատվություն Ռեստորան, Վայր ...
Ռեստորան Վայր Վարկանիշ Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ
Գորդոն Ռամզի ռեստորան Չելսի, Լոնդոն, Անգլիա 3 Michelin stars 1998 -
Պետրուս ռեստորան Լոնդոն, Անգլիա 1 Michelin star մարտ, 1999 -
Սավուա գրիլ Սավուա հյուրանոց, Լոնդոն, Անգլիա 1 Michelin star November 2010 (Remodel) -
Foxtrot Oscar Չելսի, Լոնդոն, Անգլիա -
Մեյզ Լոնդոն, Անգլիա 1 Michelin star 2005 -
Մեյզ գրիլ Լոնդոն, Անգլիա ապրիլ, 2008 -
Gordon Ramsay's Plane Food Հիթրոու օդանավակայան, Լոնդոն, Անգլիա մարտի 27, 2008 -
York and Albany Ռեջենթս Փարք, Լոնդոն, Անգլիա հուլիս, 2008 -
Bread Street Kitchen One New Change, Լոնդոն, Անգլիա սեպտեմբեր, 2011[104] -
Յունիոն Ստրիթ կաֆե Լոնդոն, Անգլիա սեպտեմբեր 2013 -
Բոքսվուդ կաֆե Բերքլի հյուրանոց, Լոնդոն, Անգլիա 2003 ապրիլ, 2010[105]
Gordon Ramsay at Claridge's Քլարիջ, Լոնդոն, Անգլիա 2001 հունիս 2013[106]
La Noisette Sloane Street, Լոնդոն, Անգլիա 1 Michelin star 2007[107] մարտ, 2009[108]
Փակել

Հյուսիսային Ամերիկա

Մանրամասն տեղեկատվություն Ռեստորան, Վայր ...
Ռեստորան Վայր Վարկանիշ Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ
Gordon Ramsay at The London Լոնդոնի Արևմտյան Հոլիվուդ, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա 1 Michelin star -
Բոքսվուդ կաֆե Լոնդոնի Արևմտյան Հոլիվուդ, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա -
Gordon Ramsay at The London Լոնդոն, Նյու Յորք հոկտեմբեր 2014[109]
Maze by Gordon Ramsay Լոնդոն, Նյու Յորք -
Սիելո Բոկա Ռատոն, Ֆլորիդա
Gordon Ramsay BurGR Փլենիթ Հոլիվուդ, Լաս Վեգաս, Նևադա հունվար, 2013[110] -
Gordon Ramsay Steak Փարիզ Լաս Վեգաս, Լաս Վեգաս, Նևադա մայիս, 2012[111] -
Gordon Ramsay Pub & Grill Կեսարի պալատ, Լաս Վեգաս, Նևադա դեկտեմբեր, 2012[112] -
The Fat Cow The Grove at Farmers Market, Լոս Անջելես, Կալիֆորնիա հոկտեմբեր, 2012[113] մարտ, 2014[114]
Laurier Gordon Ramsay Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա օգոստոս, 2011 (ձեռք է բերվել) փետրվար, 2012
Փակել

Եվրոպա

Մանրամասն տեղեկատվություն Ռեստորան, Վայր ...
Ռեստորան Վայր Վարկանիշ Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ
Gordon Ramsay at Fortevillage Սարդինիա, Իտալիա հուլիս, 2009[115] -
Gordon Ramsay at Castel Monastero Տոսկանա, Իտալիա -
Gordon Ramsay au Trianon Վերսալ, Ֆրանսիա 2 Michelin stars -
Gordon Ramsay at Powerscourt Էնիսկերի, Իռլանդիա -
Փակել

Արտասահմանյան այլ վայրեր

Մանրամասն տեղեկատվություն Ռեստորան, Վայր ...
Ռեստորան Վայր Վարկանիշ Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ
Verre at the Hilton Dubai Creek Դուբայ, ԱՄԷ հոկտեմբեր, 2011[116]
Maze by Gordon Ramsay Դոհա, Քատար 2010[117] մարտ, 2012[118]
Gordon Ramsay at Conrad Tokyo Տոկիո, Ճապոնիա 1 Michelin star հուլիս, 2005 հունիս, 2013[119]
Maze by Gordon Ramsay Քեյփ թաուն, Հարավային Աֆրիկա ապրիլ, 2009 հուլիս, 2010[120]
Maze / Maze Grill by Gordon Ramsay Մելբուռն, Ավստրալիա մարտ, 2010 օգոստոս, 2011
Bread Street Kitchen & Bar Հոնգ Կոնգ սեպտեմբերի 19, 2014[121]
Փակել

Ֆիլմագրություն

  • Եռման կետ (5 մասանոց) (Channel 4, 1998)
  • Եռման կետից այն կողմ (6 մասանոց) (Channel 4, 2000)
  • Ramsay – Trouble at the Top (2002)
  • Love's Kitchen (2011)

Հեռուստատեսային ծրագրեր

  • Top Gear (BBC 2, դեկտեմբերի 22, մայիսի 14, 2006)
  • Ռամզիի Խոհանոցային մղձավանջներ (Channel 4, 2004 – 2009)
  • Դժոխային խոհանոց, Մեծ Բրիտանիա (ITV, 2004)
  • Դժոխային խոհանոց, ԱՄՆ (Fox, 2005– ներկա)
  • Ֆ բառը (Channel 4, հոկտեմբերի 27, 2005 – հունվարի 7, 2010)
  • Soccer Aid (ITV, մայիս, 2006, սեպտեմբեր, 2008, հունիս, 2010, մայիս, 2012, հունիս, 2014)
  • Extras Christmas Special (BBC 2, 2007)
  • Խոհանոցային մղձավանջներ (Fox, 2007–2014)
  • Gordon Ramsay: Cookalong Live (Channel 4, հունվարի 18, 2008 – դեկտեմբերի 12, 2008)
  • Gordon Ramsay: Cookalong Live US (Fox, դեկտեմբերի 15, 2009)
  • Gordon's Great Escape (Channel 4, հունվար, 2010)
  • Վարպետ խոհարար, ԱՄՆ (Fox, հուլիսի 27, 2010 – ներկա)
  • Ramsay's Best Restaurant (Channel 4, սեպտեմբերի 14, 2010 – նոյեմբերի 9, 2010)
  • Christmas with Gordon (Channel 4, դեկտեմբեր, 2010)
  • The Simpsons – "The Food Wife" (Fox, նոյեմբերի 13, 2011)
  • Gordon Behind Bars (Channel 4, հունիսի 26, 2012 – հուլիսի 17, 2012)
  • Hotel Hell (Fox, օգոստոսի 13, 2012 – ներկա)
  • Gordon Ramsay's Ultimate Cookery Course (Channel 4, սեպտեմբերի 10, 2012)
  • Hotel GB (Channel 4, հոկտեմբերի 1, 2012 – հոկտեմբերի 5, 2012)
  • Gordon Ramsay's Home Cooking (Channel 4, 2013)
  • MasterChef Junior (Fox, 2013– ներկա)
  • Ant & Dec's Saturday Night Takeaway (ITV, մարտի 1, 2013)
  • Ramsay's Costa del Nightmares (Channel 4, սեպտեմբերի 23, 2014)
  • Masterchef Poland (TVN, հոկտեմբերի 19, 2014)

Մատենագրություն

Thumb
Ռամզին Gordon Ramsay's Healthy Appetite գիրքը ստորագրելիս, Տորոնտո, փետրվար, 2009

1996 թվականից Ռամզին գրել է 21 գիրք, ինչպես նաև սննդին վերաբերող սյունակ է վարում Թայմս շաբաթաթերթում։

Վարպետ խոհարար շարքից
Խոհանոցային քարտեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.