Միխայիլ Իվանովիչ Գլինկա (ռուս.՝ Михаил Иванович Глинка, մայիսի 20 (հունիսի 1), 1804[1], Նովոսպասկոե, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2][3] - փետրվարի 15, 1857(1857-02-15)[4][5][6][…], Բեռլին, Գերմանական միություն[7][8][6][…]), նշանավոր ռուս երգահան, առաջինը, որի ստեղծագործությունները ճանաչում են ստացել Եվրոպայում, հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր։

Հիմնական ստեղծագործություններն են՝ «Կյանքը հանուն ցարի» («Жизнь за царя», 1836 թ.) և «Ռուսլան և Լյուդմիլա» («Руслан и Людмила», 1837 - 1842 թթ.) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ «Հզոր խմբակի» վրա։

1837-1839 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը Ա. Ս. Պուշկինի, Ա. Ս. Գրիբոյեդովի և դեկաբրիստների հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագիտական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանինը» ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետոն՝ բարոն Գ. Ֆ. Ռոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի Մեծ թատրոնում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։

Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա. Ս. Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայական խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ Հ. Այվազովսկին

Իր երկու օպերաներով Գլինկան նշագծել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակադիր կերպարների բախման («Իվան Սուսանին») և համադրման ու առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա («Ռուսլան և Լյուդմիլա»)։

Նրա «Վալսֆանտազիան» (նվագախմբային խմբ. 1845 թ., 1856 թ.) ռուսական սիմֆոնիկ վալսի առաջին դասական օրինակն է։ Գլինկան ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշկինի, Ն. Կուկոլնիկի և ուրիշների խոսքերով)։ «Իսպանական նախերգանքները» («Արագոնյան խոտա», 1845 թ., «Գիշերը Մադրիդում», 1848 թ.) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գլինկայի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկերցոյում (1848 թ.) մշակված թեմատիկ զարգացման սկզբունքները, որ բխում են ժողովրդական արվեստից, ռուսական դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև Ն. Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն։

Գլինկայի արվեստը իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն էր։

«Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942 թվականին (դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, Անտոնիդայի դերում՝ Հ. Դանիելյան)։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.