Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դեկաբրիստներ (ռուս.՝ декабристы), ռուս հեղափոխականներ, որոնք ապստամբեցին ինքնակալության և ճորտատիրության դեմ, 1825 թվականի դեկտեմբերին (այստեղից էլ՝ դեկաբրիստ անվանումը)։ Դեկաբրիստների ապստամբությամբ բացվեց Ռուսաստանի հեղափոխական շարժման առաջին՝ «ազնվականական» շրջանը (1825-1861 թվականները)։ Վ. Ի. Լենինը, Դեկաբրիստներին անվանելով «ազնվականական հեղափոխականներ», նշել է նրանց գաղափարախոսության և մարտավարության սահմանափակությունը, բայց միաժամանակ ընդգծել նրանց շարժման հեղափոխական բնույթը[1]։ Դեկաբրիստների աշխարհահայեցողությունը ձևավորվել է Ռուսաստանում ֆեոդալաճորտատիրական տնտեսության քայքայման և կապիտալիստական կացութաձևի զարգացման պայմաններում։ Ռուսական բուրժուազիայի թուլացումը նպաստեց, որ Ռուսաստանում «ազատության առաջամարտիկներ» դառնան հեղափոխական ազնվականները։ 1812 թվականի Հայրենական պատերազմը, որին մասնակցեցին Դեկաբրիստների ապագա շարժման գրեթե բոլոր ակտիվ անդամները, ինչպես նաև 1813-1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքները, նրանց համար դարձան քաղաքական դպրոց։ 1816 թվականին երիտասարդ սպաներ Ա. Մուրավյովը, Ս. Տրուբեցկոյը, Ի. Յակուշկինը, Ս․ Մուրավյով-Ապոստոլը, Ն. Մուրավյովը (հետագայում անդամագրվեց նաև Պ. Պեստելը, ընդամենը 30 մարդ) հիմնեցին առաջին գաղտնի քաղաքական ընկերությունը՝ «Փրկության միությունը» կամ «Հայրենիքի իսկական և հավատարիմ ընկերությունը»։ Ներքին տարաձայնությունների հետևանքով «Փրկության միությունը» 1818 թվականին փակվեց և կազմակերպվեց նոր գաղտնի ընկերություն՝ «Բարօրության միությունը» (շուրջ 200 անդամ), որն ուներ պրակտիկ գործողության ծրագիր։ 1820 թվականին «Բարօրության միության» ղեկավար մարմնի (Коренная управа) խորհրդակցությունը Պեստելի զեկուցման հիման վրա միաձայն արտահայտվեց հանրապետության օգտին։ Հեղաշրջման հիմնական ուժը լինելու էր բանակը, որը պետք է ղեկավարեին գաղտնի ընկերության անդամները։ Դեկաբրիստների կարծիքով հեղափոխությունը պետք է կատարվեր ժողովրդի համար, սակայն առանց նրա մասնակցության, որպեսզի հնարավոր լիներ խուսափել «ժողովրդական հեղափոխության սարսափներից»։ Կազմակերպության ներսում գաղափարական պայքարը, լավագույն մարտավարության որոնումները, ինչպես նաև անհուսալի տարրերից ազատվելու հանգամանքն առաջ բերեցին ընկերության հիմնովին վերակառուցման անհրաժեշտություն։ 1821 թվականին «Բարօրության միությունը» լուծարվեց և կազմակերպվեց սկզբում Դեկաբրիստների Հարավային ընկերությունը, իսկ ավելի ուշ՝ Դեկաբրիստների Հյուսիսային ընկերությունը (Պետերբուրգ կենտրոնով)։ Հարավային ընկերության (ղեկավար՝ Պ. Պեստել) անդամները դեմ էին Սահմանադիր ժողովի գաղափարին և կողմ էին ժամանակավոր գերագույն հեղափոխական կառավարչության դիկտատուրային, որը հեղաշրջումից հետո պետք է վերցներ իշխանությունը և հաստատեր սահմանադրական կարգ։ Նրանց սկզբունքները շարադրված էին ավելի ուշ «Ռուսսկայա պրավդա» անվանված վավերագրում։ Ռուսաստանը հայտարարվում էր հանրապետություն, ճորտատիրական իրավունքն անհապաղ վերացվում էր, գյուղացիներն ազատվում էին հողով։ Նշվում էր դասերի կատարյալ ոչնչացման ու օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության անհրաժեշտությունը, հռչակվում էին խոսքի, մամուլի, ժողովների, դավանանքի, զբաղմունքի ընտրության և այլ ազատություններ։ Ժողովրդական վեչեն (պառլամենտը) իրականացնում էր ամբողջ օրենսդիր իշխանությունը։ Գործադիր իշխանությունը պատկանում էր Տերունական դումային, որը կազմված էր լինելու ժողովրդական վեչեից՝ ընտրված 5 անդամից։ Գերագույն ժողովը, բաղկացած ցմահ ընտրված 120 անդամից, պետք է հսկեր սահմանադրության ճիշտ կիրառմանը։ «Ռուսսկայա պրավդա»-ում տրվում էին նաև պետության ապագա սահմանները։ Ռուսաստանի կազմի մեջ էին ներգրավվելու Անդրկովկասը, Մոլդավիան և այլ տարածքներ, որոնց ձեռքբերումը Պեստելն համարում էր տնտեսական և ռազմավարական մեծ կարևորություն։ Դեմոկրատական կարգը տարածվելու էր պետության տարածքներում բնակվող բոլոր ազգերի վրա։ Պեստելը, սակայն, վճռականորեն դեմ էր ֆեդերացիային։ Նրա նախագծով ամբողջ Ռուսաստանը պետք է լիներ միասնական և անբաժան պետություն։ Բացառություն էր կազմում Լեհաստանը, որին տրվում էր անջատվելու իրավունք։ Դեկաբրիստների, Հյուսիսային ընկերության ղեկավարը Ն. Մուրավյովն էր, ղեկավար միջուկը՝ Ն. Տուրգենևը, Մ. Լունինը, Ս. Տրուբեցկոյը, Ե. Օբոլենսկին։ Այս ընկերության սահմանադրական նախագիծը մշակել էր Ն. Մուրավյովը։ Նախագիծը պաշտպանում էր Սահմանադիր ժողովի գաղափարը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.