![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/RobertFuddBewusstsein17Jh.png/640px-RobertFuddBewusstsein17Jh.png&w=640&q=50)
Գիտակցություն
Մարդու ներաշխարհի վիճակը / From Wikipedia, the free encyclopedia
Գիտակցություն, օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև։ Գիտակցությունը մարդկության ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում ձևավորված զգայական (սենսոր), ինտելեկտուալ, կամային և հուզական գործընթացների համակարգ է, որոնք ուղղված են մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։ Դա մարդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևն է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/RobertFuddBewusstsein17Jh.png/640px-RobertFuddBewusstsein17Jh.png)
Գիտակցության բովանդակությունը հանդիսանում է զգայությունների, ըմբռնման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով ձեռք բերված և խոսքի ու լեզվի միջոցով ամրապնդված գիտելիքների ամբողջությունը։ Գիտակցությունը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքն իրեն, դառնալ գործունեության սուբյեկտ, անձնավորություն։ Գիտակցության միջոցով անհատը տարբերակում է «Ես»-ը «ոչ-Ես»-ից, իրեն շրջապատող աշխարհից, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեփական անձը, իր հոգեկան գործունեությունը ուղղել իր վրա։ Գիտակցության այն կողմը, որի միջոցով անհատը ճանաչում է ինքն իրեն, դառնում սեփական իմացության օբյեկտը, կոչվում է ինքնագիտակցություն։
Գիտակցության բարձրագույն մակարդակը հանդիսանում է բանականությունը։ Գիտակցությունը սերտորեն կապված է խոսքի հետ և բարձրագույն ձևերում առանց դրա գոյություն չունի։
Ի տարբերություն զգայությունների և ըմբռնման, պատկերացումների և հիշողության գիտակցական արտացոլումը իմաստավորված է, այսինքն՝ խոսք-հասկացությունների միջոցով ձեռք է բերում որոշակի իմաստ[1]։