Գեշտալտ հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գեշտալտ հոգեբանություն/կոնֆիգուրացիոնիզմ[1], 20-րդ դարի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն դպրոցներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, հոգեկան գործընթացների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ։ Սկիզբ է առել Գերմանիայում։ Գեշտալտ (գերմ.՝ Gestalt) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք։ Ներկայացուցիչներն էին Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան, Կուրտ Լևինը։ Գեշտալտ հոգեբանությունը առաջացավ մեխանիստական բնագիտության ու բուրժուական հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության։ Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»։ Ամբողջականի կառուցվածքի գաղափարը գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները կիրառեցին ընկալման հոգեբանության մեջ՝ փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով։ Ընկալման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգեֆիզիկական, ապա հոգեբանության բոլոր պրոբլեմների վրա։ Գեշտալտ հոգեբանությունը մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ զգայության տեսակների ու որակների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը։ Ըստ գեշտալտ հոգեբանության՝ ընկալման կառուցվածքը ոչ թե առարկայի նյութական հատկանիշներով է որոշվում, այլ յուրահատուկ օրենքներով, այսինքն՝ մարդու սուբյեկտիվ վերաբերմունքով և ընկալումներով, որը իդեալիզմի և մեխանիզմի արտահայտության մի նոր ձև էր։ Գեշտալտ հոգեբանությունը պնդում էր, որ արտաքին գրգռիչների հետևանքով առաջացած գրգիռները գլխուղեղում գոյացնում են բնախոսական «կառուցվածքներ», որոնք համապատասխանում են հոգեկան երևույթների «կառուցվածքներին»։ Չնայած բուրժուական հոգեբանության վրա իր ժամանակին ունեցած մեծ ազդեցությանը, գեշտալտ հոգեբանությունը հոգեբանության ոլորտի ոչ պատմական ըմբռնման, ձևի, դերի գերագնահատման և մեթոդաբանական արատների հետևանքով չդիմացավ ժամանակի փորձությանը։