ձմեռը Ռուսաստանում, որը հանգեցրել է մի շարք ռազմական հաջողությունների հօգուտ ռուսների From Wikipedia, the free encyclopedia
Գեներալ Մորոզ[1] (հաճախ նաև՝ Գեներալ Սառնամանիք, Ռուսական ձմեռ կամ Գեներալ Ձմեռ[2]), Ռուսաստանի կլիմայի առանձնահատկություն, որը նպաստել է դեպի Ռուսաստան ու Խորհրդային Միություն մի շարք ներխուժումների ձախողմանը։ Ցեխը ևս հանդիսացել է նպաստող գործոն, որը խաթարել է ներխուժած զորքերի մանևրումները Ռուսաստանում և այլուր․ այդ գործոնը հաճախ անվանվում է «Գեներալ Ցեխ»[3][4]։ Ռուսները այս ցեխոտ պայմաններն անվանել են ռասպուտիցա, որը Ռուսաստանում ուղեկցվում է աշնանային անձրևներով և գարնանային հալոցքներով, որոնք դժվարացնում են ոչ բարվոք ճանապարհներով շարժվելը:
Ռուսաստանում ձմեռային ռազմական գործողությունների վերաբերյալ Ալլեն Ֆ․ Չյուի ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Գեներալ Մորոզը» եղել է էական, բայց ոչ որոշիչ գործոն թե՛ Նապոլեոնի, թե՛ Հիտլերի՝ Ռուսաստան և ԽՍՀՄ ներխուժումների ժամանակ ռազմական անհաջողությունների համար։ Նա նշել է, որ Նապոլեոնի բանակը նախքան ձմեռն արդեն ունեցել է էական կորուստներ՝ մատակարարումների բացակայության, հիվանդությունների, դասալքության և ռազմական գործողություններում կորուստների պատճառով։ Նույն կերպ Հիտլերի Վերմախտը դեռևս 1941 թվականի նոյեմբերին՝ նախքան ձմռան սկիզբը, ունեցել է 734 հազար զոհ, իսկ պաշարներն սպառվելիս են եղել[2]։
Հյուսիսային պատերազմի ժամանակ Շվեդիայի Կարլ XII թագավոր ներխուժել է Ռուսական կայսրություն՝ 1708 թվականի հունվարի 1-ին անցնելով Վիսլա գետը։ Ռուսները նահանջելով որդեգրել են այրված հողի մարտավարություն։ 1708-1709 թվականի ձմեռը 18-րդ դարի ամենադաժան ձմեռներից մեկն էր։ Դա այնքան սաստիկ ձմեռ էր, որ Վենետիկի նավահանգիստը սառել էր 1709 թվականի մեծ ցրտահարության ժամանակ։ Կարլի 35 հազարանոց բանակը ջախջախվել է, ինչի արդյունքում 1709 թվականի գարնանը բանակում մնացել էին 19 հազար զինվոր։ 1709 թվականի հունիսի վերջին ուկրաինական Կազակական հետմանությունում տեղի ունեցած Պոլտավայի ճակատամարտի արդյունքում վերջ է դրվել Շվեդական կայսրությանը[5]։
Նապոլեոնի 610 հազար հոգուց բաղկացած Grande Armée-ն 1812 թվականի ամռան սկզբին՝ հունիսի 24-ին, ներկայիս Բելառուսի տարածքով ներխուժել է Ռուսաստան և շարժվել դեպին Մոսկվա։ Ռուսները նահանջել են՝ այրելով իրենց մշակաբույսերը և գյուղերը՝ թույլ չտալով հակառակորդին օգտագործել այն։ Նապոլեոնի բանակը ի վերջո հասել է 100 հազարի։ Նրա բանակը հետագայում էլ ավելի շատ կորուստներ է ունեցել, հատկապես Մոսկվայից հոկտեմբերին սկսված նահանջի ժամանակ՝ կրելով աղետալի կորուստներ։ Մի շարք աղբյուրներ նշում են, թե ձմեռը և դրա հետևանքները միայն նպաստող հանգամանքներից մեկն էին, որոնք հանգեցրել են նապոլեոնյան բանակի պարտության և նահանջի[6][7][8]։
Հակառակ պնդումները հերքելու համար, ըստ որոնց՝ Ֆրանսիայի պարտության պատճառը ձմեռային եղանակն է հանդիսացել, Դենիս Դավիդովը հրատարակել է ռազմական-պատմական վերլուծություն, որի վերնագիրն էր «Արդյոք սառնամանիքն է ոչնչացրել ֆրանսիական զորքը 1812 թվականին» վերնագրով, որտեղ նա ներկայացրել է, որ ֆրանսիական բանակը կորուստներ է կրել նաև մեղմ եղանակային պայմաններում տեղի ունեցած ճակատամարտերում, և նշել մի շարք պատճառներ, որոնք հանգեցրել են պարտության։ Նա օգտագործել է ինչպես սեփական, այլնպես էլ այլ վերլուծաբանների դիտարկումները, այդ թվում՝ ֆրանսիացի հեղինակների[9]։
Ըստ Չյուի՝ Նապոլեոնի Grande Armée-ի հիմնական մասը՝ առնվազն 378 հազար զինվոր, «կիսով չափ նվազել է ներխուժման առաջին 8 շաբաթների ընթացքում՝ նախքան արշավանքի հիմնական ճակատամարտը։ Այս կրճատումը մասամբ պայմանավորված էր մատակարարման կենտրոններում կայազորների տեղակայմամբ, սակայն հիվանդությունները, դասալքությունը և տարբեր փոքր մարտական գործողությունների ընթացքում կրած զոհերը ևս հանգեցրել են հազարավոր կորուստների: 1812 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայից 110 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտում, որը այս արշավանքի միակ մեծ ռազմական բախումն էր Ռուսաստանում, Նապոլեոնը կարողացել է ռազմադաշտ դուրս բերել միայն 135 հազարանոց բանակ, որից առնվազն 30 հազարին նա կորցրել է այդ ճակատամարտում 600 մղոն թշնամական պետության մեջ խորանալուց հետո՝ տանելով պյուռոսյան հաղթանակ։ Դրա հետևանքներն էին Մոսկվայի՝ ձախողման դատապարտված օկուպացիան և նվաստացուցիչ նահանջը, որը սկսվել է հոկտեմբերի 19-ին՝ նույն ամսվա վերջին առաջին ուժեղ սառնամանիքներից և նոյեմբերի 5-ին տեղացած առաջին ձյունից առաջ»[10]։ Լիվենը նշում է, որ ձմռանը զինվորների համար սնունդ և ձիերի համար կեր գտնելու դժվարությունը ևս հանդիսանում էր պարտությանը նպաստող կարևոր գործոն[6]:
Ռուսական քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ Անտանտի ռազմական միջամտության ժամանակ, երկու կողմերն էլ՝ Անտանտը և բոլշևիկյան Կարմիր բանակը, իմացել կամ արագորեն յուրացրել են ձմեռային պատերազմի սկզբունքները և կիրառել են դրանք ցանկացած հնարավորության դեպքում: Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ունեցել են մատակարարման խնդիրներ, ինչի արդյունքում երբեմն այս կամ այն կողմը տառապում էր անպատրաստության հետևանքներից։ Այնուամենայնիվ, Չյուն եզրակացրել է, որ ձմեռը որոշիչ առավելություն չի տավել պատերազմող կողմերից որևէ մեկին[11]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտը չի ունեցել անհրաժեշտ պարագաներ, ինչպես օրինակ ձմեռային համազգեստներ, ինչը հանգեցրել է գերմանական բանակի առաջխաղացման մի շարք ձգձգումների։ Միևնույն ժամանակ Հիտլերի՝ 1941 թվականին Խորհրդային միություն ներխուժելու Բարբարոսա ռազմագործողությունը ձախողվել է մինչև ձմեռային դաժան եղանակի սկիզբը։ Ո՛չ Հիտլերը, ո՛չ գերմանական գլխավոր շտաբը չէին ակնկալում երկար ռազմական գործոողություններ, որոնք կշարունակվեին ձմռանը։ Ուստի նրանք չեն կարողացել պատշաճ կերպով պատրաստվել հնարավոր ձմեռային արշավին․ նրանք զորքին չեն բաժանել տաք հագուստներ, ինչպես նաև փոխադրամիջոցները և քսանյութերը չեն նախապատրաստել ձմռանը[12]։ Արդյունքում՝ ներխուժման առաջին հինգ ամիսների ընթացքում՝ նախքան գրավյալ Լեհաստանում, Խորհրդային Ուկրաինայում, Բելառուսում և Արևմտյան Ռուաստանում ձմռան սկսվելը, գերմանական արևելյան բանակը տվել է ավելի քան 734 հազար զոհ (իր 3 մլն 200 հազարանոց զորքի մոտ 23%-ը)[13]։ 1941 թվականի նոյեմբերի 27-ին գերմանական բանակի գլխավոր կվարտերմաստեր Էդուարդ Վագները զեկուցել է, որ «մեր ռեսուրսները, ինչպես մարդակային, այնպես էլ նյութական, սպառվում են։ Մենք պատրաստվում ենք բախվել խորը ձմռան վտանգներին»[14]։ Հարկ է նշել նաև այն փաստը, որ 1941 թվականի անսովոր շուտ սկսված ձմեռը կրճատել է ռասպուտիցիայի սեզոնը՝ բարելավելով նյութատեխնիկական ապահովումը նոյեմբերի սկզբին, երբ եղանակը դեռ չափավոր ցուրտ էր[15]:
1981 թվականին հրատարակված իր ուսումնասիրության՝ «Ձմռանը ռուսների դեմ պայքար. երեք դեպքի ուսումնասիրության» մեջ Չյուն անդրադարձել է 1918-1919 թվականների ձմռանը Ռուսաստանի հյուսիսում Անտանտի միջամտության փորձին, խորհրդային 44-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ոչնչացմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանա-խորհրդային պատերազմին՝ բացահայտելու ձմեռային պատերազմի գործոնները, որոնք կապված են ռազմական մարտավարության, նյութական և մարդկային պաշարների հետ[16]․
Ռազմավարություն՝ ձմեռային մարտական գործողությունները ջերմությունն ու պաշտպանությունը պահպանելու ունակության շնորհիվ առավել ձեռնտու են պաշտպանվող կողմին՝ համեմատած ձմռան ցրտին հարձակվող կողմի հետ։ Շարժունակությունն ու նյութատեխնիկական ապահովումը հաճախ սահմանափակվում են ձյան պատճառով, ինչը առաջացնում է թրթուրավոր տեխնիկայով ձյունը մաքրելու անհրաժեշտություն։ Խորը ձյան մեջ հետևակի տեղաշարժը պահանջում է դահուկներ կամ ձյունամուճակներ՝ հյուծումից խուսափելու համար: Ձայնը լավ է տարածվում սառցաձյան վրա, ինչը նվազեցնում է անակնկալ հարձակման ազդեցությունը: Պայթուցիկ նյութերը արդյունավետ են սառեցված հողում աղվեսափոսեր և ավելի մեծ ապաստարաններ փորելու համար: Հարձակվելով դաշտային խոհանոցների և ճամբարների վրա՝ հակառակորդը զրկվում է սննդից և կացարանից։ Մարտադաշտից վիրավորների արագ տարհանումը անհրաժեշտ է ցուրտ պայմաններում նրանց գոյատևման համար:
Նյութական միջոցներ՝ զենքերն ու փոխադրամիջոցները պահանջում են հատուկ քսանյութ՝ ցածր ջերմաստիճանում աշխատելու համար: Ձմռանը ականները խորը ձյան պատճառով անվստահելի են, որը կարող է մեղմացնել պայթուցիչը կամ դետոնատորի վրա սառցե ծածկ առաջացնել:
Մարդկային ռեսուրսներ՝ մարմինը տաք պահելու և ցրտահարության նման վնասները կանխելու համար անհրաժեշտ է պատշաճ ձմեռային հագուստ: Զինծառայողների արդյունավետությունն ու գոյատևումը բարձրացնելու համար անհրաժեշտ է կամ օգտագործել առկա ապաստարանները, կամ զորքին վերազինել շարժական ապաստարաններով:
Սենդի Վուդվորդը, որը Թագավորական նավատորմի օպերատիվ միավորման հրամանատարն էր Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում ձմռան գալուստից առաջ մղվող Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ, իր հուշերում նշել է. «Այդ ժամանակ ես առաջին անգամ մտածեցի Գեներալ Սառնամանիքի ժամանման մասին։ Եթե նա այստեղ լիներ տասը օր առաջ, նա շատ չէր օգնի արգերին [արգենտինացիներին], որոնք խրամատավորվել էին բարձունքներում՝ հնարավորություն չունենալով, որ իրենց գերագույն հրամանատարությունը երկինք բարձրացնի իր ռազմաօդային ուժերը: Բայց ես կարծում եմ՝ նա մեր վերջը կտար»[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.