![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/High-rises_of_Puerto_Madero_%252840022145164%2529.jpg/640px-High-rises_of_Puerto_Madero_%252840022145164%2529.jpg&w=640&q=50)
Արգենտինայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինան ագրարային-ինդուստրիալ երկիր է, Լատինական Ամերիկայի զարգացած երկրներից մեկը։ Նրա տնտեսությանը բնորոշ են հիմնական ճյուղերի ենթարկումը արտասահմանյան կապիտալին, կախումը արտաքին շուկայից և ագրարային հարաբերությունների հետամնացությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական երկրներում գյուղատնտեսական մթերքների պահանջարկի ավելացման ազդեցությամբ ձևավորվեց Արգենտինայի միակողմանի գյուղատնտեսական մասնագիտությունը։ 20-րդ դարի սկզբին Արգենտինան դարձավ աշխարհի հացահատիկային և անասնապահական մթերքների արտադրության խոշոր կենտրոններից մեկը։ Արտասահմանյան կապիտալի ներթափանցումը Արգենտինային դրեց կախյալ վիճակի մեջ։ Արգենտինայում օտարերկրյա մասնավոր կապիտալ ներդրումները կազմում էին 2,5 մլրդ. դոլար, որի 50 % բաժին էր ընկնում ԱՄՆ-ին, 20 % Մեծ Բրիտանիային և 15 % Իտալիային։ Օտարերկրյա կապիտալը վերահսկում է անասունների սպանդի 30 %, մսի արտադրության 80 %, նավթամթերքների ներքին շուկայի 39 %, կաուչուկի արտադրության 85 %, ցեմենտի 50 %, ավտոմեքենաների 90 %, տրակտորների 100 %, ողջ դեղագործական արդյունաբերությունը և արհեստական թելի արտադրությունը։
![]() Բուենոս Այրեսի կենտրոնական բիզնես շրջան | |
Առևտրային կազմակերպություններ | Առևտրի համաշխարհային կազմակերպություն (WTO) Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա (Mercosur) |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 631 133 384 439,94 $[1] |
ՀՆԱ-ի աճ | −2,3 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 14 398 $[3] |
Արգենտինայի էկոնոմիկայի կառուցվածքում զգալի տեղաշարժեր կատարվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած և նրանից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմամբ, որով և արդյունաբերական արտադրանքի արժենքը գերազանցեց գյուղատնտեսական արտադրանքի արժեքին։ 1971 թվականին համախառն ազգային արդյունքն ավելացավ 3,8 %-ով և կազմեց 1426 մլրդ. պեսո (1960 թվականի գներով)։ Նույն թվականին համախառն ազգային արդյունքի 13,5 % տվել են գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը, 44 % արդյունաբերությունը, տրանսպորտը և կապը 7,5 %, առևտուրը` 17,8 %, պետական ադմինիստրացիան, կոմունալ և այլ ծառայությունները` 17,2 %։ Սակայն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջվա պես Արգենտինայի տեղը որոշվում է գյուղատնտեսության արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զգալի չափով աճեց պետական-կապիտալիստական սեկտորը։ Արգենտինայի պետական խոշորագույն ընկերությունը «Յասիմեթոս պետրոլիֆերոս ֆիսքալեսն» է, որի տնօրինության տակ են գտնվում բոլոր նավթահանքերը։