Արական սեռական հորմոն
From Wikipedia, the free encyclopedia
Արական սեռական հորմոններ (անդրոգեններ), հունարեն՝ andros-տղամարդ հիմնականում սերմնարանների Լեյդիգի միջհյուսվածքային բջիջներում առաջացող սեռական հորմոններ։ Հանդիսանում է բնական կամ սինթետիկ ստերոիդ հորմոն, որը կապվում է անդրոգենային ընկալիչների հետ և կարգավորում է արական հատկանիշների զարգացումը և պահպանումը[1][2]։ Անդրոգենների ֆունկցիաներից են էմբրիոնի արական սեռական օրգանների զարգացումը և դեռահասների երկրորդական սեռական հատկանիշների ձևավորումը։ Անդրոգենները սինթեզվում են ամորձիներում, ձվարաններում և մակերիկամներում։ Նրանց հիմնական և ակտիվ հորմոնը տեստոստերոնն է, որի փոխանակության արդյունքում առաջանում են միջանկյալ հորմոններ՝ անդրոստերոն և դեհիդրոէպիանդրոստերոն, անդրոստենեդիոն[3]։
Արական սեռական հորմոն | |
---|---|
Տեսակ | նմանատիպ կիրառությամբ կամ գործառույթով քիմիական նյութերի դաս |
Անդրոստենեդիոնի օգտագործումը մարզիկների կողմից արգելվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Դրանց քանակը խիստ տատանվում է կյանքի տարիքից կախված։ Այս հորմոնների արտադրությունը սկսվում է դեռևս սաղմնային շրջանում՝ մակերիկամների կեղևի կողմից, իսկ հետսաղմնային շրջանում ակտիվորեն սինթեզվում են Լեյդիգի բջիջներում` մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող լյուտեինացնող հորմոնի և ֆոլիկուլախթանիչ հորմոնի ազդեցությամբ։ Արյան մեջ տեստոստերոնի հիմնական մասը կապված է պլազմային հատուկ սպիտակուցի հետ, ինչի շնորհիվ հորմոնի կիսատրոհման ժամանակը մի քանի ժամով երկարում է։ Ի հավելումն դրանց դերին, որպես բնական հորմոններ, անդրոգեններն օգտագործվում են նաև որպես դեղամիջոցներ։
Դեռահասության ժամանակ անդրոգենների աճ դիտվում է և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ[4]։ Արական սեռի ներկայացուցիչների մոտ հիմնական անդրոգենը տեստոստերոնն է[5]։ Դիհիդրոտեստոստերոնը (ԴՀՏ) և անդրոստենդիոնը արական սեռի զարգացման համար հավասար կարևորություն ունեն[5]։ ԴՀՏ-ն ներարգանդային կյանքում ապահովում է արական սեռական օրգանների տարբերակումը։ Չափահաս տարիքում ԴՀՏ-ն պատասխանատու է ճաղատացման, շագանակագեղձի մեծացման և ճարպագեղձերի ակտիվացման համար։ Չնայած անդրոգենները հիմնականում դիտվում են որպես արական սեռական հորմոններ, կանանց մոտ դրանք նույնպես առկա են․ անդրոգենները մասնակցում են լիբիդոյի և սեռական գրգռման առաջացման մեխանիզմներում։