Առանցքային ժամանակ
From Wikipedia, the free encyclopedia
Առանցքային ժամանակ (գերմ.՝ Achsenzeit), եզրույթ՝ ներմուծված գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսի կողմից՝ մարդկային պատմության այն ժամանակահատվածի նշանակման համար, որի ընթացքում առասպելաբանական աշխարհայացքին փոխարինելու է գալիս ռացիոնալ-փիլիսոփայականը՝ ձևավորելով ներկայիս մարդուն։ Առանցքային ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 800-200 թվականներին, երբ աշխարհի տարբեր մասերում՝ Հունաստան, Պաղեստին, Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, գրեթե միաժամանակ անցում եղավ մարդկության հոգևոր զարգացման բարձր աստիճանի՝ առասպելաբանական դարաշրջանից դեպի բարդ սոցիալական կառույցներ։ Յասպերսի կարծիքով առանցքային ժամանակի բոլոր ուսմունքները (որոնք գոյություն ունեն մինչւ այժմ) տարբերվում են ռացիոնալիզմով և մարդու ձգտմամբ՝ վերաիմաստավորելու եղած ավանդույթները, նորմերը, սովորությունները։ Նախաառանցքային որոշ քաղաքակրթություններ (Հին Եգիպտոս, Ասորա-բաբելոնական քաղաքակրթություն) չեն կարողացել հարմարվել փոփոխություններին և դադարել են գոյություն ունենալ։
«Առանցքային ժամանակ» հասկացությունը Յասպերսը ներմուծել է իր «Պատմության նշանակությունը և իմաստը» (գերմ.՝ Vom Ursprung und Ziel der Geschichte)[1] գրքում՝ հրապարակված 1949 թվականին։ Յասպերսը չի ընդունում մշակույթների ցիկլների մասին տեսությունները, որ սկզբից մշակվել է Օսվալդ Շպենգլերի, հետո Առնոլդ Թոյնբիի կողմից, որոնց համաձայն՝ մշակույթները միմյանցից անկախ են։ Նա համարում է, որ մարդկությունն ունի ընդհանուր հիմքեր և ընդհանուր նպատակ։ Այդ հիմքերը, նպատակը մեզ անհայտ չեն, համենայն դեպս՝ որպես հավաստի գիտություն։ Ի տարբերություն նպատակի՝ նրա իմաստը մեկն է՝ միասնություն։
Հեղինակը առաջ է քաշում համաշխարհային պատմության չորս փուլ.
- Նախապատմականից անցում՝ դեպի հին մշակույթներ։
- Անցում հին մշակույթներից՝ առանցքային ժամանակի
- Առանցքային ժամանակից անցում՝ դեպի գիտատեխնիկական
- Անցում գիտատեխնիկականից։ (Յասպերսը չի տալիս հստակ պատասխան, թե ու՞ր)։
Միայն ամբողջ մարդկության պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք իմաստավորել այն, ինչ կատարվում է այժմ։ Այն, որ մենք ընդհանրապես պատմություն ունենք, որ այդ պատմությունը մեզ այսպիսին է դարձրել, որպիսին այժմ ենք, մեզ բազում հարցերի առաջ է կանգնեցնում։ Որտե՞ղից է այն, ու՞ր է գնում, ի՞նչ է այն նշանակում։ Մարդն իր համար միշտ էլ ստեղծել է ունիվերսումներ, սկզբում առասպելերի տեսքով, ապա աստվածային գործունեության տեսքով, որն առաջ է տանում աշխարհի քաղաքական ճակատագիրը. ներմուծելով մարգարեների գաղափարը՝ ավելի ուշ՝ պատմությունը ընկալվում է աշխարհաստեղծման ժամանակից մինչև աշխարհի վերջ՝ ահեղ դատաստան[1]։