Աշխատուժ
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատուժ, ((անգլ.՝ Labor power, գերմ.՝ Arbeitskraft)), մարդու ֆիզիկական, կազմակերպական ու հոգևոր ընդունակությունների, ձեռք բերած գիտելիքների ու փորձի ամբողջությունն է, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ արտադրում է ինչ-որ սպառողական բարիք։ Հանդիսանում է Կառլ Մարքսի՝ կապիտալիստական քաղաքատնտեսության քննադատության հիմնական հասկացությունը։ Աշխատուժը ցանկացած արտադրաեղանակի արտադրողական ուժերի գլխավոր տարրն է, որն ապրանք է դառնում միայն կապիտալիզմի պայմաններում։ Դա բացատրվում է նրանով, որ աշխատողը զուրկ է արտադրության միջոցներից և գոյատևելու համար իր աշխատելու ընդունակությունն է վաճառում ձեռնարկատերերին աշխատավարձ ստանալու համար։
Արտադրության գործընթացում մարդը ոչ միայն ներգործում է բնության վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում աշխատուժը դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր աշխատուժը, որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր աշխատուժի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր աշխատուժը, որովհետև անձնական կախվածության մեջ էր կալվածատիրոջից։ Որպեսզի աշխատուժը դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրության միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։
Աշխատուժը, լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Աշխատուժի արժեքը որոշվում է դրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ Աշխատավարձը աշխատուժի արժեքի փողային արտահայտությունն է կամ դրա գինը։ Աշխատուժն ապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանով, որ այն ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը + հավելյալ արժեք)։
Աշխատանքի շուկայում աշխատուժի վարձատրման առաջին գործոնն առաջարկի ու պահաջարկի փոխգործողությունն է։ Այստեղ աշխատուժի գինը և աշխատանքի քանակը որոշվում են պահանջարկի և առաջարկի փոխհարաբերությամբ։
Աշխատուժի գնի ձևավորման շուկայական երկրորդ գործոնը մրցակցությունն է և մոնոպոլիան։ Աշխատանքի շուկայում մրցակցությունը նպաստում է աշխատավարձի մակարդակի հավասարակշռմանը։