![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Shaqi_jrvej.jpg/640px-Shaqi_jrvej.jpg&w=640&q=50)
Բնություն
From Wikipedia, the free encyclopedia
Բնություն (լատին․՝ natura, հուն․՝ physis (φύσις) մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/Aphthona_flava_flea_beetle.jpg/640px-Aphthona_flava_flea_beetle.jpg)
Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։
Այս առումով այն համընկնում է բնական միջավայր հասկացության հետ, որն ներառում է միջավայրի անկենդան և կենդանի բնության օբյեկտները։