Անրի Պուանկարե (ֆր.՝ Henri Poincaré, ապրիլի 29, 1854[1][2][3][…], Նանսի, Մյորթ և Մոզել, Ֆրանսիա[4][5] - հուլիսի 17, 1912[6][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի մաթեմատիկոս, տեսական ֆիզիկոս, ճարտարագետ, և գիտության փիլիսոփա։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ է (1887), Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1908), Պետերբուրգի ԳԱ օտարերկրյա թղթակից անդամ (1895)։ Ուսանել է Փարիզի պոլիտեխնիկական (1873-1875) և ապա՝ Հանքային գործի բարձրագույն (1875-1879) դպրոցներում։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1886 թվականից)։
Նա հաճախ նկարագրվում է որպես էրուդիտ, իսկ մաթեմատիկայում որպես «վերջին ունիվերսալիստ», քանի որ իր կենդանության օրոք գերազանց մասնագետ էր հայտնի մաթեմատիկայի բոլոր ուղղություններում։ Որպես մաթեմատիկոս և ֆիզիկոս՝ նա բազմաթիվ ինքնատիպ հիմնարար ներդրումներ է կատարել դասական և կիրառական մաթեմատիկայում, մաթեմատիկական ֆիզիկայում և երկնային մեխանիկայում։ Պուանկարեի աշխատանքները մի կողմից եզրափակում են մաթեմատիկական դասական ուղղությունները, մյուս կողմից՝ բացում մաթեմատիկայի զարգացման նոր ուղիներ։
Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների որակական տեսությանը, ավտոմորֆ ֆունկցիաներին, մաթեմատիկական ֆիզիկային, տոպոլոգիային։ Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ ուսումնասիրել է լուծումների կախվածությունը սկզբնական պայմաններից և պարամետրերից, տվել է լուծումների եզակի կետերի դասակարգումը, ուսումնասիրել սահմանային ցիկլեր։ Նրան է պատկանում Պուանկարեի հիպոթեզի ձևակերպումը, որը մաթեմատիկայի ամենահայտնի չլուծված պրոբլեմներից մեկն էր մինչ 2002-2003 թվականները, երբ այն լուծվեց։ Պուանկարեն իր երեք մարմինների խնդիր հետազոտությունների ընթացքում առաջինը հայտնաբերել է դետերմինացված քաոսային համակարգը, որը ժամանակակից քաոսի տեսության հիմքը հանդիսացավ։ Նա տոպոլոգիայի հիմնադիրներից մեկն է. լուծել է կոմբինատորային տոպոլոգիայի հիմնական հասկացությունները (Բետիի թվեր, ֆունդամենտալ խումբ և այլն)։ Ավտոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ ապացուցել է հանրահաշվական կորերի ունիմորֆացման մասին հիմնական թեորեմը։ Մաթեմատիկական ֆիզիկայում Պուանկարեն ուսումնասիրել է եռաչափ կոնտինումների տատանումները, դիտարկել է ջերմահաղորդականությանը, պոտենցիալի տեսությանը, էլեկտրամագնիսական տատանումներին վերաբերող մի շարք խնդիրներ։ «էլեկտրոնի դինամիկայի մասին» (1905, 1906) աշխատությունում, Ալբերտ Այնշտայնից անկախ, զարգացրել է «հարաբերականության պոստուլատի» հետևանքները։ Պուանկարեն բնագիտության մեջ սկսած հեղաշրջման տարիներին անդրադարձել է գիտության և փիլիսոփայական մեթոդաբանական խնդիրներին, առաջադրել կոնվենցիոնալիզմի գաղափարներ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.