From Wikipedia, the free encyclopedia
Աղմուկ ականջներում ՝ տինիտուս (լատ.՝ Tinnitus), աղմուկի կամ խշշոցի զգացում ականջներում բացարձակ լռության պայմաններում[1]։ Հաճախ այն լինում է զնգոցի նման, սակայն կարող է լսվել նաև որպես չխկոց, ֆշշոց, երբեմն ոչ հստակ աղմուկի կամ երաժշտության նման[2][3]։ Աղմուկը կարող է նկարագրվել որպես կոպիտ կամ մեղմ, լինել բարձր և ցածր տոնայնության, լինել միակողմանի կամ երկկողմանի[2]։ Հաճախ այն առաջանում է աստիճանաբար, ժամանակի ընթացքում դառնալով ավելի արտահայտված[3]։ Որոշ մարդկանց մոտ տինիտուսը պատճառ է դառնում դեպրեսիայի, տագնապի և խանգարում մտավոր աշխատանքին[2]։
Աղմուկ ականջներում | |
---|---|
Տինիտուսը հաճախ նկարագրվում է որպես զնգոց։ | |
Տեսակ | առողջական խնդիր և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 388.3 |
ՀՄԴ-10 | H93.1 |
Tinnitus Վիքիպահեստում |
Տինիտուսը ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ, որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով[2]։ Ամենահաճախ հանդիպող պատճառն է խիստ բարձր աղմուկով հարուցված խլությունը[2]։ Այլ պատճառները ներառում են ականջի ինֆեկցիան, սիրտ-անոթային հիվանդությունները, Մենյերի հիվանդությունը, գլխուղեղի ուռուցքը, հոգեբանական սթրեսը, որոշ դեղորայքներ, նախկինում տարած գանգուղեղային վնասվածքը, ականջի ծծմբախցանը[2][4]։ Այն ավելի տարածված է դեպրեսիա ունեցող անձանց շրջանում[3]։
Ախտորոշումը դրվում է հիվանդի նկարագրության հիման վրա[3]։ Հատուկ հարցաշարերի միջոցով պարզվում է թե աղմուկը որքան է խանգարում անձին[3]։ Ախտորոշմանը օգնում է լսագրությունը և նյարդաբանական հետազոտությունը[1][3]։ Հետազոտության դեպքում խնդիրներ հայտնաբերելու դեպքում կատարվում է գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն[3]։ Երբ աղմուկը համապատասխանում է սրտի ռիթմին, ապա նշանակվում են հավելյալ հետազոտություններ[3]։ Հազվադեպ ստետոսկոպի միջոցով հնարավոր է լինում լսել աղմուկը, այդ դեպքում այն կոչվում է օբյեկտիվ (իրական, գոյություն ունեցող) տինիտուս[3]։ Սպոնտան օտոաուստիկ ձայնը նույնպես կարող է պատճառ դառնալ տինիտուսի[5]։
Կանխարգելումը կատարվում է խիստ բարձր ձայներից խուսափելով[2]։ Եթե աղմուկը երկրորդային է և հնարավոր է լինում բուժել պատճառը, այդ դեպքերում հաճախ աղմուկը անհետանում է[6]։ Այլ դեպքերում բուժումը ներառում է հոգեթերապիան[3]։ Լսողական որոշ սարքավորումներ նույնպես կարող են արդյունավետ լինել[2]։ 2013 թվականի դրությամբ արդյունավետ դեղամիջոց հայտնաբերված չէ[3]։ Տինիտուսը բավականին տարածված է, այն հանդիպում է 15-20% հաճախականությամբ[6]։ Դեպքերի մեծամասնությունում այն տանելի է և չի խանգարում առօրյա կյանքին[6], միայն 1-2% դեպքերում այն ունի նշանակալի ազդեցություն կյանքի որակի վրա[3]։
Տինիտուսը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի, երբեմն այն լսվում է այնպես, կարծես աղմուկը գալիս է գլխից։ Աղմուկը հաճախ նկարագրվում է որպես զնգոց, ավելի հազվադեպ խշշոց, նվվոց, էլեկտրական հոսանքի բզզոց, ֆշշոց, չխկոց կարող է լինել կանոնավոր ցածր տոնայնությամբ աղմուկի ձևով, նաև աղմուկ, որը հիշեցնում է մարդու ձայն կամ երաժշտություն[4]։ Երբեմն ձայնը կարող է լինել շառաչող՝ հիշեցնելով ծովի ալիքների ձայնը։ Աղմուկը լինում է պարբերաբար կրկնվող կամ մշտական, վերջինս առավել դժվար տանելի է և առավել անհանգստացնող։ Որոշ անձանց մոտ աղմուկի ուժգնությունը կարող է փոփոխվել ուսերի, գլխի, լեզվի, ստորին ծնոտի կամ աչքերի շարժման զուգահեռ[7]։ Տինիտուս ունեցող անձանց մեծամասնությունը ունի լսողության այս կամ այն աստիճանի նվազում[8]։
Աղմուկի ուժգնությունը տարբեր է, այն կարող է լինել շատ թույլ՝ այսպես կոչված «ֆոնային աղմուկ»-ի ձևով, և ընդհակառակը լինել շատ ավելի ուժեղ, քան արտաքին աշխարհից եկող ձայնը։ Ականջներում աղմուկի հատուկ տեսակը՝ բաբախող աղմուկը, որը համապատասխանում է անոթազարկին կամ մկանների կծկմանը՝ պայմանավորված է դեմքի և պարանոցի արյունահոսքով կամ ականջի մոտ գտնվող մկանների կծկմամբ[9]։
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ականջներում աղմուկի հաճախականությունը մեծանում է տարիքին համապատասխան, ամենահաճախը հանդիպելով ծերունական հասակում, սակայն միևնույն ժամանակ հիվանդության ընթացքին զուգահեռ այն դառնում է նվազ արտահայտված և քիչ անհանգստացնող[10][11][12]։
Մշտական աղմուկը կարող է պատճառ դառնալ տագնապի և դեպրեսիայի[13][14]։ Աղմուկի ազդեցությունը կյանքի որակի վրա կախված է ոչ այնքան աղմուկի ուժգնությունից, այլ հոգեբանական վիճակից[15][16]։ Հոգեբանական խնդիրները ինչպիսիք են տագնապը, դեպրեսիան, քնի խանգարումները և ցրվածությունը, բավականին հաճախ են հանդիպում այն անձանց շրջանում, ովքեր ունեն տինիտուս, որը դժվար տանելի է[17][18]։ Տինիտուս ունեցող անձանց 45%-ը կյանքի ընթացքում ունենում է տագնապային խանգարումներ[19]։
Հոգեբանական բազմաթիվ հետազոտություններ ուսումնասիրել են տինիտուսի դիսթրես պատասխանը, հասկանալու համար տինիտուսի ծանրության աստիճանը[17][20][21][22]։ Այսպես, տինիտուսը կապված է բացասական հույզերի հետ ինչպիսիք են՝ վախը և տագնապը։ Այն ակտիվացնում է լիմբիկ համակարգը և վեգետատիվ նյարդային համակարգը, որն էլ իր հերթին աղմուկը դարձնում է ավելի ընկալելի և արտահայտված[23]։
Գոյություն ունի տինիտուսի երկու տեսակ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ[3]։ Աղմուկը ավելի հաճախ սուբյեկտիվ է, որը նշանակում է, որ այդ աղմուկը արտաքինից հնարավոր չէ լսել որևէ տարբերակով[3]։ Սուբյեկտիվ աղմուկը անվանում են նաև «աուրիում», «ոչ լսողական» կամ «ոչ վիբրացիոն»։ Հազվադեպ հնարավոր է լինում ստետոսկոպի միջոցով արտաքինից լսել այդ աղմուկը կամ չափել այն օտոաուստիկ էմիսիոն մեթոդով, այդ դեպքերում աղմուկը համարվում է օբյեկտիվ, որը նաև կոչում են «կեղծ տինիտուս» կամ «վիբրացիոն»[3]։
Սուբյեկտիվ տինիտուսը առավել հաճախ հանդիպող տարբերակն է։ Այն կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, սակայն գլխավոր պատճառը լսողության կորուստ է[24]։ Երբ տինիտուսը պայմանավորված է ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ, այն անվանում են օտիկ։ Այս ախտահարումները կարող են պայմանավորված լինել դեղերով և վարակներով[25]։ Հաճախ հանդիպող պատճառներից է գերբարձր ձայնը, որը վնասում է ներքին ականջի մազմզուկավոր բջիջները։
Երբ տինիտուսը պայմանավորված չէ ներքին ականջի կամ լսողական նյարդի ախտահարմամբ այն անվանում են ոչ օտիկ։ Դեպքերի շուրջ 30%-ում տինիտուսը գտնվում է մարմնազգայական համակարգին վերահսկողության ներքո, օրինակ՝ մարդիկ կարողանում են փոխել աղմուկի ուժգնությունը շարժելով գլուխը, պարանոցը և դեմքը, այս դեպքում տինիտուսը կոչվում է մարմնական կամ պարանոցագլխային, քանի որ այս դեպքում միայն գլխի և պարանոցի շարժումներ ունի նշանակություն[24][26]։
Այժմ ձեռք են բերվում տվյալներ, որոնք ապացուցում են, որ տինիտուսը որոշ դեպքերում պայմանավորված է կենտրոնական լսողական ուղու նեյրոպլաստիկ փոփոխություններով։ Այս փոփոխությունները առաջանում են լսողության կորստի հետևանքով[27]։ Լսողության կորստին որպես պատասխան, կենտրոնական լսողական ուղու նեյրոններում զարգանում է հոմեոստատիկ փոփոխություններ, որոնց հետևանքով զարգանում է տինիտուս[28]։
Տինիտուսի ամենահաճախ հանդիպող պատճառն է գերբարձր ձայնով հարուցված խլությունը։ Այդպիսի լսողական կորուստը կարող է լինել թաքնված, ինչը նշանակում է, որ լսագրության արդյունքները կարող են լինել նորմալ[28]։ Խլությունը կարող է լինել տարբեր պատճառներից, սակայն տինիտուսի դեպքում այն հիմնականում պայմանավորված է ականջի խխունջի վնասմամբ[27]։
Օտոտոկսիկ որոշ դեղեր կարող են առաջացնել տինիտուս, քանի որ նրանք առաջացնում են լսողության կորուստ, այս դեղերի ընդունման դեպքում հաճախ գերբարձր ձայնով պայմանավորված լսողության կորուստը դառնում է ավելի հավանական։ Որոշ դեպերում հնարավոր է լսողության կորուստ նույնիսկ այն դեպքերում, երբ դեղերի դեղաչափը չի համարվում օտոտոքսիկ[29]։ Հաստատված են ավելի քան 260 դեղեր, որոնք կարող են առաջացնել տինիտուս[30]։ Այնուամենայնիվ դեպքերի մեծամասնությունում տինիտուսի պատճառը չի հաջողվում պարզել[2]։
Տինիտուս կարող է առաջանալ բենզոդիազեպինների հանման համախտանիշի հետևանքով։ Երբեմն, այն կարող է լինել բենզոդիազեպիների հանման համախտանիշի երկարատև նշաններից և կարող է տևել ամիսներ[31][32]։ Բուպրոպիոնը նույնպես կարող է առաջացնել տինիտուս[33]։
Գործոնները որոնք կապված են տինիտուսի հետ ներառում են[34]՝
Օբյեկտիվ տինիտուսի դեպքում աղմուկը հնարավոր է լինում լսել այլ մարդու կողմից կամ չափել օտոաուստիկ էմիսիոն մեթոդով, այն, երբեմն, պայմանավորված է լինում առանձին մկանի կամ մկանախմբերի ակամա կծկմամբ(միոկլոնուս) կամ անոթային գործոններով։ Տինիտուսի պատճառ կարող է հանդիսանալ սպոնտան օտոաուստիկ ձայնը, որը իրենից ներկայացնում է ցածր տոնայնությամբ և բարձր հաճախականությամբ ձայն, որը առաջանում է ներքին ականջում, այն հնարավոր է լսել հատուկ գերզգայուն բարձրախոսի միջոցով[9]։
Հայտնաբերված սպոնտան օտոաուստիկ ձայնի և տինիտուսի կապը կազմում է 8%, մինչդեռ տինիտուսի բոլոր դեպքերի միայն 4% է պայմանավորված սպոնտան օտոաուստիկ ձայնով[5]։
Երբեմն ականջներում աղմուկի ձայնը համապատասխանում է անոթազարկին, այդ դեպքում այն անվանում են բաբախող տինիտուս կամ անոթային տինիտուս[39]։ Բաբախող տինիտուսը իր բնույթով սովորաբար օբյեկտիվ է, այն սովորաբար պայմանավորված է արյան հոսքի փոփոխությամբ, ինչպես օրինակ աթերոսկլերոզի հետևանքով արյան հոսքի տուրբուլենտության մեծացմամբ, որի հետևանքով հնարավոր է դառնում լսել սեփական անոթազարկը[40], սակայն բացառված չէ նաև սուբյեկտիվ տարբերակը, որը լինում է լսողական համակարգի գերզգայնության պատճառով[39]։ Հազվադեպ բաբախող տինիտուսը կարող է վկայել կյանքին վտանգ սպառնացող որոշ վիճակների մասին, ինչպիսիք են՝ քնային զարկերակի անևրիզմայի կամ շերտազատման մասին[41][42]։ Բաբախող տինիտուսը կարող է վկայել վասկուլիտի՝ մասնավորապես հսկա բջջային վասկուլիտի մասին[43]։ Բաբախող տինիտուսը երբեմն հանդիպում է իդիոպաթիկ ներգանգային հիպերտենզիայի մասին։ Բաբախող տինիտուս կարող է լինել ներգանգային անոթների անոմալիաների ախտանիշ[44]։
Օբյեկտիվ տինիտուսի պատճառը հաճախ մնում է անբացատրելի։ Հայտնի է, որ ներքին ականջի ուղղակի վնասվածքը կարող է պատճառ դառնալ տինիտուսի, հավանական այլ ակնհայտ պատճառների (օրինակ՝ քունքա-ծնոտային հոդի դիսֆունկցիան) մեխանիզմը դժվար է բացատրել։
Այն կարող է պայմանավորված լինել ուղեղաբնի լսողական նեյրոնների ակտիվության բարձրացմամբ, այս վարկածը հիմնված է այն բանի վրա, որ տինիտուս ունեցող անձինք հաճախ ունենում են լսողության ամբողջական կորուստ ՝ խլություն[8]։
Ըստ 2016 թվականին լույս տեսած 3 հոդվածների, տինիտուսը բազմապատճառային հիվանդություն է, որն էլ իր հերթին նշանակում է, որ ամեն մի դեպք կարիք ունի անհատականացման և բուժման առանձին մոտեցման[45][46][47]։
Ախտորոշումը դրվում է հիվանդության պատմության, գլխի, պարանոցի և նյարդաբանական հետազոտության հիման վրա։ Հաճախ կատարվում է լսագրություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ճառագայթային ախտորոշում և էլեկտրոնիստագմոգրաֆիա։
Տինիտուսի գնահատումը կատարվում է լսաչափման միջոցով, որով գնահատվում է աղմուկի բարձրությունը և բնույթը։ Հաշվի է առնվում այլ ուղեկցող հիվանդությունները ինչպես օրինակ դեպրեսիան, տագնապը, սթրեսը որոնք կապված են տինիտուսի ծանրության աստիճանի հետ։
Քրոնիկ տինիտուսը ի տարբերություն առողջ ականջներում անցողիկ աղմուկի բնորոշվում է ականջներում աղմուկով որի տևողությունը գերազանցում է 5 րոպեն և այն լինում է շաբաթը երկու և ավելի անգամ։ Այնուամենայնիվ հիվանդների ճնշող մեծամասնությունը աղմուկ ունենում շատ ավելի անգամներ, հաճախ այն կարող է լինել շարունակական, դառնալով արտահայտված հատկապես գիշերը՝ այլ աղմուկների բացառության պայմաններում։
Քանի որ տինիտուս ունեցող անձինք հաճախ ունենում են խլություն, պարզ տոնային աուդիգրամմայի միջոցով հնարավոր է լինում պարզել տինիտուսի պատճառը, սակայն պետք է հաշվի առնել, որ հնարավոր է տինիտուսի առկայություն առանց խլության։ Աուդիոգրամը կարող է հեշտացնել լսողական սարքի տեղադրումը այն դեպքերում, երբ լսողության թուլությունը բավականին արտահայտված է։ Տինիտուսի մակարդակը հաճախ համապատասխանում է լսողության կորստին։
Տինիտուսի որակավորումը ներառում է մի քանի ակուստիկ պարամետրերի չափում, միատոն աղմուկի դեպքում այն ներառում է ձայնի հաճախականության որոշում, իսկ այն դեպքում երբ հաճախականությունը տատանվում է նեղ սահմաններում որոշվում է ինչպես հաճախականությունը այնպես էլ թողունակությունը, չափվում է ձայնի բարձրությունը տարբեր հաճախականության պայմաններում արտահայտված դեցիբելներով[48]։ Դեպքերի մեծամասնությունում հաճախականությունը կազմում է 5-10Հց[49], իսկ բարձրությունը 5-15 դեցիբել[50]։
Մեկ այլ կարևոր չափանիշ է մնացորդային արգելափակումը, որը բնութագրվում է աղմուկի ժամանակավոր նվազեցում կամ անհետացումը լսողական հատուկ սարքավորում տեղադրելուց հետո։ Այն շատ կարևոր չափանիշ է որի շնորհիվ հնարավոր է դառնում կանխատեսել սարքի միջոցով բուժման արդյունավետություն[51][52]։
Տինիտուսը հաճախ ուղեկցվում է հիպերակուսիսով[53][54]։ Մեկ այլ պարմետրի միջոցով հնարավոր է չափել աղմուկով հարուցված դիսկոնֆորտի աստիճանը արտահայտված դեցիբելներով, այն իրենից ներկայացնում է որոշակի հաճախականության ձայնի պայմաններում սուր դիսկոնֆոտի առաջացման գնահատման համակարգ։ Այն որոշում է դինամիկ մի միջակայք, որը որոշում է լսողության շեմը և ձայնի բարձրության այն մակարդակը երբ այն առաջացնում է անհանգստություն։ Առանձին հաճախականությունների դեպքում սեղմված դինամիկ միջակայքի առկայությունը կապված է սուբյեկտիվ տինիտուսի հետ։ Նորմայում լսողական շեմքը կազմում է 0-20 դեցիբել։ Նորմայում ձայնը սկսում է անհագստություն պատճառել 85-90+ դեցիբելի պայմաններում, որոշ հեղինակներ նշում են 100 դեցիբելի մասին։ Եթե դինամիկ միջակայքը 55 դեցիբելից պակաս է, ապա այն խոսում է հիպերակուսիսի մասին[55][56]։
Տինիտուսը գնահատվում է «շատ թեթևից» մինչև «աղետալի» հաշվի առնելով այն հանգամանքը թե աղմուկը որքանով է անդրադառնում առօրյա գործունեության, քնի և կյանքի որակի վրա[57]։ 2015 թվականին մի տղամարդ ով ուներ տինիտուսի «ծայրահեղ» տեսակը, ինքնասպան եղավ այն բանից հետո երբ բժիշկները նրան հայտնեցին հիվանդության անբուժելիության մասին[58]։
Տինիտուսի հոգեբանական ազդեցության գնահատման համար կիրառում են հատուկ հարցաշարեր։ Այս հարցաշարերի միջոցով անհատապես գնահատվում է տինիտուսով պայմանվորված սթրեսի մակարդակը, որքանով է այն ազդում լսողության, ապրելակերպի, առողջության և հուզականության վրա[17][18]։ Կարևոր է նաև ավելի ընդլայնված գնահատումը որը ներառում է տագնապի, դեպրեսիայի, սթրեսի, և քնի հետ կապված խնդիրներ ուսումնասիրումը, այս գործոնները կարող են պայմանավորված լինել տինիտուսով կամ այլ գործոններով, այս գործոնների զուգակցման դեպքում տինիտուսը կարող է դառնալ ավելի արտահայտված և անտանելի[59][60][61]։ Բուժման արդյունքների գնահատումը դժվար է, որը պայմանավորված է աղմուկի գնահատման բազմաթիվ մեթոդների առկայությամբ[62][63]։ Այնուամենայնիվ բազմաթիվ հարցաշարեր փաստում են որ դեպքերի մեծամասնությունում բուժումը ունենում է որոշակի արդյունք[64]։
Եթե ֆիզիկալ հետազոտությամբ հայտնաբերվում է բաբախող աղմուկ, ապա առաջանում է ներգանգային դոպլեր հետազոտության և մագնիսառեզոնանսային շերտագրության կատարելու անհրաժեշտություն[65][66][67]։
Հարկավոր է բացառել աղմուկի այլ հնարավոր աղբյուրները որոնք կապված են տինիտուսի հետ։ Օրինակ բարձր հաճախականության ձայնի աղբյուր կարող է լինել էլեկտրոմագնիսական դաշտը, որը բավականին տարածված է ժամանակակից աշխարհում պայմանավորված, ժամանակակից էլեկտրական լարերով և սարքավորումներով։ Բավականին տարածված և սխալ ախտորոշումների պատճառ դարձող բարձր հաճախականության ձայնի աղբյուր է ռադիո հաճախական ձայնը, որը իր բնույթով բավականին նման է տինիտուսի ժամանակ նկարագրվող աղմուկին[68][69]։
Բարձր ձայնի երկարտև ազդեցությունը կարող է պատճառ դառնալ տինիտուսի։ Ականջախցանի կամ այլ նմանատիպ հարմարանքների կիրառումը կարող է օգնել կանխարգելմանը[70]։ Այն աշխատողները որոնց մասնագիտությունը կապված է բարձր աղմուկի հետ, պետք է ունեն հատուկ մշակված ծրագիր, որը կբացառի աղմուկի այնպիսի մակարդակը որը հետագայում կարող է պատճառ դառնալ լսողության կորստի։ Որոշ կազմակերպություններ ինչպես օրինակ Աշխատողների առողջության պահպանման ազգային ինստիտուտը և Աշխատողների առողջության և անվտանգության ադմինիստրացիան զբաղվում են հատուկ աշխատանքային ուղեցույցերի մշակմամբ, որոնք ուղղված են աշխատանքային գործունեության ընթացքում վնասակար գործոնների ազդեցության նվազմանը կամ բացառմանը[71]։
Որոշ դեղորայքներ ունեն օտոտոքսիկ ազդեցություն, և երկարատև կիրառման դեպքում ունենում են կուտակային էֆֆեկտ, որի արդյունքում մեծացնում են լսողական համկարգի վնասման հավանականությունը բարձր ձայնից։ Եթե անհրաժեշտ է նշանակել օտոտոքսիկ դեղորայք, ապա բժշկի կողմից պետք է կատարվի դեղաչափի և կիրառման տևողության անհատականացում, հետագա վնասումից խուսափելու համար[72][73][74]։
Եթե հաջողվում է հայտնաբերել պատճառը, ապա պատճառի բուժումը կարող է բերել լավացման[3]։ Մնացած դեպքերում առաջնային տինիտուսի բուժումը ներառում է խոսքային թերապիան[6], ձայնային թերապիան և լսողական սարքավորումները։ Տինիտուսի բուժման արդյունավետ դեղորայքը դեռևս հայտնաբերված չէ[3][75]։
Տինիտուսի բուժման արդյունավետ տարբերակներից է կոգնիտիվ վարքային թերապիան, որը այժմ հնարավոր է ինչպես անհատական հանդիպումների այնպես էլ ինտերնետի միջոցով[6][64][76]։ Այն նվազեցնում է սթրեսի մակարդակը տինիտուս ունեցող անձանց մոտ[77]։ Այս դրական ազդեցությունը կապված չէ անձի սթրեսի կամ ընկճախտի վրա ազդեցության հետ[76]։ «Ակտ» (Acceptance and commitment therapy) թերպիան ունի որոշակի դրական ազդեցություն[78]։ Հանգիստը նույնպես օգտակար է[3]։ ԱՄՆ-ի վետերանների գործերի դեպարտամենտը մշակել է կլինիկական ուղեցույց հարաճող տինիտուսի վարման վերաբերյալ[79]։
2014 թվականի դրությամբ դեռևս բացակայում է արդյունավետ դեղորայք իդիոպաթիկ տինիտուսի բուժման համար[3][70]։ Հակադեպրեսանտների և ակամպրոսատի արդյունավետության մասին տվյալները բացակաում են[80][81]։ Նախմական տվյալների համաձայն բենզոդիազեպիները ունեն որոշակի արդյունավետություն, սակայն նրա կիրառման համար դեռևս բավարար հետազոտություներ չկան[3]։ Մելատոնինի արդյունավետությունը 2015 թվականի դրությամբ մնում է անորոշ[82]։ Հակացնցումային դեղորայքի արդյունավետությունը նույնպես ապացուցված չէ[3][83]։ Ներքին ականջում ստերոիդների ներարկումը անարդյունավետ է[84][85]։ Բացակայում են ապացուցողական տվյալներ բետահիստինի արդյունավետության մասին[86]։
Նկարագրված են հազվադեպ հանդիպող դեպքեր, տինիտուս պայմանավորված քիմքի առաջնային դողով, որը բուժվել է բոտուլոտոքսինի միջոցով[87][88]։
Որոշ երկրներում կիրառվում է կարովերինը, սակայն արդյունավետության մասին տվյալները բացակայում են[89]։
Ձայնային թերապիան, լսողական սարքավորումները և տինիտուսի քողարկիչները նպաստում են որոշակի հաճախականությունների անտեսմանը գլխուղեղի մակարդակում[3][90][91]։ Այս մեթոդները քիչ արդյունավետ են, սակայն չունեն կողմնակի ազդեցություններ։ Նախնական տվյալներով տինիտուսի ռետրեյնիգային թերապիան ունի որաշակի արդյունավետություն[3][92]։ Ներգանգային մագնիսական խթանումը նույնպես ունի որոշակի արդյունավետություն, սակայն այն խորհուրդ չի տրվում[3][70][93]։
Գինկգո երկբլթակը արդյունավետ չէ[94]։ ԱՄՆ-ի Քիթկոկորդականջաբանության ակադեմիան խորհուրդ չի տալիս տինիտուսի ախտանիշները նվազեցնելու նպատկով կիրառել մելատոնին կամ ցինկի պատրաստուկներ[70]։ 2016 թվականին Կոհրենյան պարբերականում լույս տեսաց հոդվածով խորհորդ չի տրվում ցինկի կիրառումը[95]։
Չնայած արդյունավետ բուժման բացակայությանը, տինիտուս ունեցող անձանց մեծամասնությունը ժամանակի ընթացքում ընտելանում է աղմուկի առկայությանը, ավելի հազվադեպ դեպքերում այն մնում է որպես բավականին արտահայտված խնդիր[6]։
Մեծահասակների մոտ տինիտուսը հանդիպում է 10-15% հաճախականությամբ[6]։ Հյուսիսային Ամերիկայում 55 տարեկանից բարձր տարիքի անձանց ամեն երրորդը ունի տինիտուս[96]։ Մեծահասակների ամեն երրորդը կյանքի ընթացքում ունենում է տինիտուս, սակայն միայն 10-15% դեպքերում է այն այնքան արտահայտված որ մարդիկ դիմում են բժշկի[97]։
Տինիտուսը համարվում է «մեծահասկների հիվանդություն», որի հետևանքով այն հաճախ անտեսվում է երեխաների մոտ։ Խլություն ունեցող երեխանիերի մոտ տինիտուսը հաճախ է հանդիպում, սակայն երեխաները ավելի հազվադեպ են գանգատվում աղմուկից[98]։ Երեխաները հազվադեպ են մշտապես գանգատվում ականջներում աղմուկից, որի հետևանքով նրանց գանգատները լուրջ չեն ընդունվում[99]։ Այն երեխաները ովքեր մշտապես գանգատվում են տինիտուսից ունեն մեծ հավանականություն ունենալու օտոլոգիական և նյարդաբանական խնդիրների ինչպես օրինակ՝ միգրեն, Մենյերի հիվանդություն, միջին ականջի քրոնիկական բորբոքում[100]։ Նորմալ լսողական շեմք ունեցող երեխաների մոտ նշված պաթոլոգիաները հանդիպում են 12-36% դեպքերում, խլություն ունեցող երեխաների շրջանում մինչև 66%, 3-10% այն երեխաների մոտ ովքեր նախկինում ունեցել են տինիտուս[101]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.