From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Նոա Լևին (անգլ.՝ Adam Noah Levine, մարտի 18, 1979[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, մուլտի գործիքավորող և դերասան։ Հանդիսանում է Maroon 5 փոփ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։
Ադամ Լևին | |
---|---|
Լևինը 2011 թվականի ապրիլի 25-ին Սինգապուրում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Adam Levine |
Ի ծնե անուն | Ադամ Նոա Լևին |
Ծնվել է | մարտի 18, 1979[1][2][3] (45 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ ռոք |
Մասնագիտություն |
|
Երգչաձայն | կոնտրատենոր |
Գործիքներ |
|
Գործունեություն | 1994-ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | Brentwood School? և Five Towns College? |
Անդամակցություն | Maroon 5 |
Կապված | Maroon 5 |
Ամուսին | Բեհաթի Պրինսլու |
Պարգևներ | |
Կայք | maroon5.com |
Adam Levine Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերան սկսել է 1994 թվականին՝ հիմնադրելով Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որի գլխավոր վոկալիստն ու կիթառահարն է եղել[4]։ 1997 թվականին խումբը «The Fourth World» կոչվող առաջին ալբոմի գրանցած վաճառքի ցածր արդյունքի պատճառով այլևս չշարունակեց իր գործունեությունը[5]։ 2001 թվականին խմբի անդամները որոշեցին վերամիավորվել[6], և նրանց միացավ կիթառահար Ջեյմս Վալենթայնը[7]։ Նրանք ձևավորեցին Maroon 5 խումբը, որն ունեցել է զգալի հաջողություններ։ 2002 թվականին խումբը թողարկեց «Songs About Jane» անվանումը կրող առաջին ալբոմը, որը մի քանի անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել Միացյալ Նահանգներում[8]։ Այդ ալբոմին հաջորդեցին «It Won't Be Soon Before Long» (2007)[9], «Hands All Over» (2010)[10], «Overexposed» (2012)[11] և «V» (2014)[12] ալբոմները։ Որպես Maroon 5 խմբի անդամ՝ Լևինը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երեք Գրեմմի[13], երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ[14][15][16] և մեկ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ[17]։
2011 թվականից սկսած Լևինը հանդիսանում է NBC հեռուստաընկերության տաղանդներ փնտրող The Voice նախագծի ժյուրիի անդամ[18]։ Այդ նախագծի առաջին, հինգերորդ և իններորդ եթերաշրջանի հաղթողները եղել են իր թիմից[19][20]։ 2012 թվականին նա նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[21], իսկ նույն տարում ստացել է «Սկսել նորից» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[22]։ Maroon 5 խմբից առանձին (որպես անհատ կատարող) համագործակցել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Քանյե Ուեսթ[23], Ալիշա Քիզ[24], Սլեշ[25], Ֆիֆթի Սենթ[26], Gym Class Heroes[27] և այլք։
Լևինը զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ 2013 թվականին հիմնադրել է օծանելիքի իր սեփական հավաքածուն[28]։ Նույն տարում համագործակցել է Sears Holdings ընկերության հետ՝ որպեսզի մշակի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն[29]։ Լևինը նաև ունի իր ձայնագրման լեյբլը՝ 222 Records[30]:
Ադամ Նոա Լևինը[31] ծնվել է 1979 թվականի մարտի 18-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[32]։ Նրա հայրը՝ Ֆրեդ Լևինը, M. Fredric հագուստի ապրանքանիշի հիմնադիրն է, իսկ մայրը՝ Փեթսի Նոան, ընդունարանի խորհրդատու է[33][34]։ Նա ունի երկու եղբայր՝ Մայքլը և Սեմը[35]։ Լևինի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան էր։ Նրանց ամուսնալուծության պատճառով Լևինն անցել է թերապիա, սակայն դա անվանել է «ժամանակի անիմաստ կորուստ»՝ բացատրելով․ «Նրանք (ծնողները) չէին կարող ընդունել այն փաստը, որ ես կարող էի նորմալ վերաբերվել դրան։ Ես լալիս էի, գոռում ու ասում էի. «Ինչու՞»»[36]: Ծնողների ամուսնալուծությունից հետո նա ապրել է մոր հետ, իսկ հանգստյան օրերին՝ հոր հետ[37]։ Լրագրող Թիմոթի Նոան և հեռուստասերիալների պրոդյուսեր Փիթեր Նոան Լևինի քեռիներն են[38][39]։
Լևինն իր ընտանիքը «շատ երաժշտական»[40] է համարում։ Լևինի մայրը, ով The Beatles-ի, Simon & Garfunkel-ի և Fleetwood Mac-ի երկրպագու է, նրա մեջ սերմանել է երաժշտության նկատմամբ սերը[41]։ Ըստ Լևինի՝ The Beatles խումբը ձևավորել է իր երաժշտական ճաշակը[37]։ Լևինը հաճախել է այն նույն մանկապարտեզը, որտեղ նաև հաճախել են դերասաններ Ջեյսոն Սիգելը և Ջեյք Ջիլենհոլը[42]։ Նա սովորել է Լոս Անջելեսի Բրենտվուդի դպրոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա խմբի անդամներ Ջեսսի Կարմայքլին, Միքի Մեդենին ու Ռայան Դուսիկին[43]։ Դեռահասության շրջանում Լևինը օգտագործել է հալյուցինոգեն թմրամիջոցներ։ «Q» ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ օգտագործել է ցնորածին սնկեր, սակայն դրանք անվանել է «աղբ» և նշել է, որ երբեք թմրամիջոցները չի չարաշահել[44][45]։
Լևինի հայրը և մոր կողմից պապը հրեաներ են[37], իսկ նրա մորական կողմից տատը եղել է բողոքական[46]։ Լևինն իրեն նույնպես հրեա է համարում[47]՝ չնայած «The Jewish Chronicle» շաբաթաթերթի հետ հարցազրույցում ասել է, որ մերժում է ձևական կրոնական պրակտիկան և նախընտրում է ավելի ընդհանրացված հոգևոր կյանքի ճանապարհը[37]։ Մանուկ հասակում նա որոշել է չընդունել Բար Միցվա՝ բացատրելով, որ չի կարծում, թե դա Աստծու հետ հաղորդակցվելու ամենահարգալից ձևն է[37]։
1995 թվականի սեպտեմբերին Լևինը Ջեսսի Կարամայքլի, Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ միասին հիմնադրեց Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որտեղ նա հանդես էր գալիս որպես վոկալիստ և կիթառահար[4]։ Նրանք առաջին անգամ ելույթ ունեցան Արևմտյան Հոլիվուդի Whisky a Go Go գիշերային ակումբում[48]։ 1997 թվականին, երբ նրանք ելույթ էին ունենում Մալիբու քաղաքում, խմբին բացահայտեց պրոդյուսեր Թոմի Ալենը, ով առաջարկեց նրանց համագործակցել իր և Ջոն Դենիկոլայի հետ։ Նրանք օգնեցին խմբին երգ ձայնագրել, որն այնուհետև լսեց պրոդյուսեր Ռոբ Կավալլոն և խմբին օգնեց պայմանագիր ստորագրել Reprise Records ձայնագրման լեյբլի հետ[49]։ 1997 թվականի օգոստոսին թողարկվեց խմբի առաջին՝ «The Fourth World» ալբոմը[50]։ Նույն տարում խումբը հայտնվեց «Բևերլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի դրվագներից մեկում[33]։ Ալբոմն ունեցավ մոտավորապես 5000 օրինակի վաճառք[51], իսկ ալբոմի գլխավոր սինգլը՝ «Soap Disco» երգը, չունեցավ որևէ կոմերցիոն հաջողություն։ Անհաջողությունից հետո Reprise Records լեյբլը դադարեցրեց խմբի հետ իր աշխատանքը[52], իսկ խմբի անդամները որոշեցին այլևս չշարունակել իրենց համագործակցությունը[5]։
Kara's Flowers խմբի գործունեության դադարից հետո Լևինը և Ջեսսի Կարմայքլը որոշեցին լքել Լոս Անջելեսը և հետագա ուսումը շարունակել Նյու Յորքում[48]։ Այնտեղ նրանք ընդունվեցին Ֆայվ Թաունս քոլեջ, սակայն որոշ ժամանակ անց դուրս եկան քոլեջից ու կարճ ժամանակով աշխատեցին որպես մատուցող Johnny Rockets ռեստորանում[53]։ Ավելի ուշ նրանք որոշեցին վերամիավորվել Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ՝ ևս մեկ անգամ խումբ ձևավորելով[6]։ Մինչև երաժշտական ժանրն ընտրելը՝ նրանք իրենց փորձում էին մի քանի ժանրերում, այդ թվում՝ քանթրի և ֆոլկ[43]։ Ավելի ուշ Octone Records ձայնագրման լեյբլի աշխատակից Բեն Բերկմանի խորհրդով խմբի հինգերորդ անդամ դարձավ Ջեյմս Վալենթայնը, և խումբը վերանվանվեց Maroon 5[7]:
Այս ընթացքում Լևինն աշխատում էր որպես սցենարիստի օգնական CBS հեռուստաալիքի «Դատելով Էմիին» (անգլ.՝ Judging Amy) շոուի համար, որի պրոդյուսեր Բարբարա Հոլը նրա ընտանիքի բարեկամն էր[33]։ Այդ շոուի ընթացքում Լևինն իր ժամանակն անցկացնում էր գրելով երգեր իր նախկին ընկերուհու՝ Ջեյնի մասին։ Այդ երգերն ընդգրկվեցին խմբի առաջին՝ «Songs About Jane» ալբոմում, որը թողարկվեց 2002 թվականի հունիսին[8]։ Ալբոմը սկզբում շատ դանդաղ էր վաճառվում, սակայն շուտով դարձավ հիթ և Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը[54]։ 2005 թվականին խումբը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[55], իսկ հաջորդ տարի իր «This Love» երգի համար ստացավ Գրեմմի «Լավագույն փոփ վոկալ կատարում զուգերգի կամ խմբի կողմից» անվանակարգում[56]։
2006 թվականին երբ խումբը ձայնագրում էր իր երկրորդ՝ «It Won't Be Soon Before Long» ալբոմը, Ռայան Դուսիկը հայտարարեց խմբից դուրս գալու իր որոշման մասին[57]։ Ալբոմը թողարկվեց 2007 թվականի մայիսին[9]։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[54], իսկ ալբոմի վաճառքին նպաստելու համար խումբն ունեցավ համերգային շրջագայություն, որի ընթացքում համերգներով հանդես եկավ Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Մինեապոլիսի, Մայամիի և Նյու Յորքի փոքրիկ համերգասրահներում[58]։ Ալբոմի «Makes Me Wonder», «Won't Go Home Without You» և «If I Never See Your Face Again» սինգլները առաջադրվեցին Գրեմմի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում, սակայն միայն «Makes Me Wonder» երգը ստացավ մրցանակ[59][60]։
2009 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր երրորդ ալբոմը Շվեյցարիայում, որտեղ համագործակցում էր պրոդյուսեր Ռոբերտ Ջոն Լանգի հետ[61]։ «Hands All Over» ալբոմը թողարկվեց 2010 թվականի օգոստոսին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Billboard 200-ում[10][54]։ Ալբոմի առաջին 3 սինգլների հաջողությունից հետո 2011 թվականին «Moves like Jagger» երգը թողարկվեց որպես ալբոմի չորրորդ սինգլ։ Այդ երգը, որը անգլիացի երաժիշտ Միք Ջագերի մասին է, և որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան, Լևինը համարել է «այն մի քանի երգերից մեկը, որ իսկապես ռիսկ էր»[62]։ Այն գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը[63] և դարձավ 2011 թվականի իններորդ ամենաշատ վաճառված թվային սինգլը[64], իսկ 2016 թվականի դրությամբ համարվում է բոլոր ժամանակների ութերորդ ամենավաճառված թվային սինգլը[65]։
2012 թվականին հայտնի դարձավ, որ ստեղնաշարային գործիքներ նվագող ՓիՋեյ Մորտոնը, ով 2010 թվականից սկսած մասնակցել էր խմբի համերգային շրջագայություններին, պաշտոնապես դարձել է խմբի անդամ[66]։ Նույն տարվա հունիսին վաճառքի դուրս եկավ խմբի չորրորդ ալբոմը, որը կրում է «Overexposed» անվանումը։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[11], իսկ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում[67]։ Ըստ Լևինի՝ այդ ալբոմի երգերը «հին ոճով դիսկո մեղեդի» ունեն։ Ալբոմի «One More Night» սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը, իսկ «Payphone» սինգլը, որում ռեփ հատվածով է հանդես գալիս Վիզ Խալիֆան, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը այդ հիթ շքերթում[63]։ Ալբոմը գովազդելու նպատակով խումբը 2012 թվականի օգոստոսից մեկնեց համաշխարհային շրջագայությունների[68], որոնք ավարտվեցին 2014 թվականի հունվարին։ Ըստ «Billboard» ամսագրի կազմած ցանկի՝ այդ շրջագայությունը եղել է 2013 թվականի 18-րդ ամենավաճառված շրջագայությունը[69]։ Խումբը համերգային շրջագայություններով է հանդես եկել նաև ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի հետ[70]։
2014 թվականի օգոստոսին խումբը թողարկեց իր հինգերորդ՝ «V» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորեց Billboard 200-ը և դարձավ խմբի երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[12]։ Ալբոմի «Animals» և «Sugar» սինգլները դարձան հիթեր և զբաղեցրեցին համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները Billboard Hot 100-ում[63]։ Ալբոմի միակ համագործակցությունը՝ «My Heart Is Open» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին, Լևինը և Ստեֆանին կատարել են Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է 2015 թվականի փետրվարի 8-ին[71]։ Այդ ելույթից մեկ շաբաթ հետո, ալբոմը գովազդելու նպատակով խումբը սկսեց իր նոր համերգային շրջագայությունը[72]։
Լևինը համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ։ 2005 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել Ying Yang Twins հիփ հոփ դուետի «Live Again» երգում[73]։ Նույն տարում նա նաև իր մասնակցությունն է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի «Heard 'Em Say» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Late Registration» ալբոմում[23]։ Այդ երգի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Լևինը և Ուեսթը միասին ինքնաթիռով ուղևորվելիս են լինում[74]։ Այդ երգի կրկներգը օգտագործվել է Maroon 5-ի «Nothing Lasts Forever» երգում։ 2005 թվականին Լևինը և երգչուհի Ալիշա Քիզը The Rolling Stones խմբի «Wild Horses» երգով ելույթ են ունեցել միասին, իսկ այդ ելույթը տեղ է գտել երգչուհու «Alicia Keys: MTV Unplugged» համերգային ալբոմում[24]։ 2008 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել կանադացի ռեփեր K'naan-ի «Bang Bang» սինգլում[75], իսկ հաջորդ տարի նաև Սլեշի «Gotten» երգում[25]։ 2010 թվականին Լևինը եղել է այն 80 երաժիշտներից մեկը, ովքեր կատարել են Հաիթիի երկրաշարժին նվիրված «We Are the World 25 for Haiti» երգը[76]։ 2011 թվականին Gym Class Heroes ռեփ ռոք խումբը Լևինի հետ համագործակցությամբ թողարկել է իր «Stereo Hearts» սինգլը[27], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և դարձել է այդ խմբի ամենամեծ հաջողություն ունեցած երգը[77]։ 2012 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել ռեփեր Ֆիֆթի Սենթի «My Life» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Street King» ալբոմում[26]։ 2015 թվականին ամերկյան Rock City պրոդյուսերական դուետը թողարկեց իր «Locked Away» սինգլը, որում Լևինը նույնպես ունի իր մասնակցությունը[78]։ Այդ ստեղծագործությունը Billboard Hot 100-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[79]։
2007 թվականին Լևինը մասնակցեց «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) հեռուստածրագրի 33-րդ եթերաշրջանի շնորհանդեսին, որտեղ ներկայացրեց իր, Էնդի Սեմբերգի, Ջեյք Ջիլենհոլի և Ֆրեդ Արմիսենի համատեղ «Iran So Far» հումորային երգը[80]։ 2013 թվականին Լևինը և ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը իրենց մասնակցությունն ունեցան Lonely Island հումորային խմբի «YOLO» երգում և այդ երգի տեսահոլովակում, որը ներկայացվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստածրագրի եթերում[81]։ Այդ երգը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և ընդգրկվել է Lonely Island-ի «The Wack Album» ալբոմում[82]։
2011 թվականի ապրիլից սկսած Լևինը հանդիսանում է NBC հեռուստաընկերության The Voice նախագծի ժյուրիի անդամ[18]։ Առաջին եթերաշրջանի հաղթող Խավիեր Քոլոնը, հինգերորդ եթերաշրջանի հաղթող Թեսան Չինը և իններորդ եթերաշրջանի հաղթող Ջորդան Սմիթը եղել են նրա թիմից[19][20]։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո Լևինը հարցազրույցներից մեկում ասել է, որ հույս ունի, որ այս շոուի միջոցով մարդիկ կփոխեն իր մասին իրենց կարծիքը, քանի որ ըստ նրա՝ հանդիսատեսն իրեն ընկալում է որպես «երգիչ, ով հանդիպում է գեղեցիկ աղջիկների հետ», սակայն նա ցանկանում է, որպեսզի մարդիկ իմանան, որ «ես ունեմ ուղեղ»[35]։ Երրորդ եթերաշրջանում #TeamAdam և @AdamLevine հեշթեգները Թվիթթերում ունեցել են 2 միլիոնից ավել հիշատակում, որն ավելի շատ է, քան մյուս 3 ժյուրիների թիմերի մասին հիշատակումները։ 2013 թվականին «The Hollywood Reporter» ամսագիրը հրապարակել է, որ յուրաքանչյուր եթերաշրջանի համար Լևինը վաստակում է 10-12 միլիոն դոլար[33]։ 2014 թվականին այդ հեռուստաշոուում նկարահանվելու համար նա ստացել է «Լավագույն հեռուստատեսային անձ․ Տղամարդ» մրցանակը Teen Choice Awards մրցանակաբաշխությունում[83]։
2012 թվականին Լևինը նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի 5 սերիայում, որոնցում մարմնավորել է Լեո Մորիսոնի կերպարը[21]։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ չի դիտել իր մասնակցությամբ սերիաները, քանի որ այդ հեռուստասերիալի երկրպագու չէ և չի սիրում սարսափ ժանրի կինոնկարներ[84]։ 2012 թվականին նաև նկարահանվել է ռեժիսոր Ջոն Քարնիի «Սկսել նորից» երաժշտական ռոմանտիկ դրամայում, որտեղ մարմնավորել է Դեյվ Քոլին[22][85][86]։ Կատարել է նաև այդ ֆիլմի սաունդթերքը՝ «Lost Stars» երգը, որը 2015 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթել[87]։
2013 թվականի նոյեմբերին «People» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա ամենասեքսուալ տղամարդ»[88]։ Նա դարձել է առաջին երաժիշտը, ով ստացել է այդ տիտղոսը[88]։ 2008 թվականին նա հայտնվել էր այդ ամսագրի «Չամուսնացած սեքսուալ տղամարդիկ» ցանկում[89]։ Լևինը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը «Glamour» ամսագրի կազմած «2012-ի ամենասեքսուալ տղամարդիկ» ցանկում[90]։ 2012 թվականի ապրիլին «Shalom Life» կայքը հրապարակեց իր «Աշխարհի 50 ամենակրակոտ հրեա տղամարդիկ» ցանկը, որում Լևինը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[91]։ 2011 թվականի հունվարին նա նկարահանվել է բրիտանական «Cosmopolitan» ամսագրի կազմակերպած քաղցկեղի իրազեկմանը նվիրված մերկ ֆոտոշարքում[92]։
2008 թվականի հոկտեմբերին Լևինը համագործակցել է First Act ընկերության հետ և ստեղծել է իր «First Act 222 Guitar» կիթառների հավաքածուն, որոնք վաճառվում էին Target խանութների ցանցում[93]։ Երկու տարի հետո Լաս Վեգասում նա հիմնադրել է իր «222» կոչվող հագուստի ապրանքանիշը, որը ջինսերի, շապիկների և կաշվե բաճկոնների հավաքածու է[94][95]։ Այն հիմնադրելու համար Լևինին օգնել են նրա հայրն ու զարմիկը՝ Սեմի Քուփերը[95][96]։ Այդ հավաքածուն Լևինը անվանել է «պարզ, մաքուր և դիմացկուն»[94]։
2011 թվականի հունիսին Լևինը մասնակցել է Shire ընկերության կողմից կազմակերպված «Own It» կրթական արշավին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին։ Նախագծի նպատակն է եղել իրազեկել նախկինում դրանով ախտորոշված մարդկանց, քանի որ դա կարող է կրկնվել։ Լևինը, ով դեռահասության տարիքում նույնպես ախտորոշվել է դրանով, ասել է․ «Այս քարոզարշավը շատ կարևոր է ինձ համար, քանի որ այն կարող է օգնել երիտասարդներին և մեծահասակներին՝ գիտակցելու, որ կա հավանականություն, որ նրանք դեռ կարող են ունենալ ADHD, ինչպես որ ունեցել են մանուկ հասակում»[97][98]։ Այս մասին Լևինը նաև հոդված է գրել «ADDitude» ամսագրի համար, որում պատմել է այդ ախտորոշման հետ կապված իր սեփական փորձի մասին[99]։
2012 թվականի փետրվարին Լևինը հիմնադրեց 222 Records անվանումը կրող իր սեփական ձայնագրման լեյբլը[30]։ Այդ լեյբլի առաջին անդամ դարձավ երգչուհի Ռոզի Քրեյնը, իսկ հետագայում նաև «Glee» հեռուստասերիալի դերասան-երգիչ Մեթյու Մորիսոնը, մեքսիկացի երգիչ Դիեգո Բոնետան և The Voice-ի երկրորդ եթերաշրջանի մասնակից Թոնի Լուկան։ Մեթյու Մորիսոնը դարձավ առաջին արտիստը, ով այդ լեյբլի միջոցով թողարկեց ալբոմ («Where It All Began»)[100]: 2013 թվականին Լևինը ID Perfumes ընկերության հետ հիմնադրեց իր օծանելիքի տեսականին[101], որը ներկայացվեց նույն տարվա փետրվարին Լոս Անջելեսում[28]։ Օծանելիքի հավաքածուն, որոնք շշալցված են խոսափողի տեսք ունեցող սրվակներում և նախատեսված են կանանց ու տղամարդկանց համար, վաճառվում էր Macy's խանութների ցանցում։ 2013 թվականին Լևինը դարձավ Proactiv ապրանքանիշի գովազդի խոսնակը, որում նա պատմում է երիտասարդ տարիքում կորյակներ ունենալու մասին և գովազդում է դրանք վերացնող քսուքը[102]։
2013 թվականին հայտնի է դարձավ, որ Լևինը հագուստի հավաքածու ստեղծելու նպատակով համագործակցելու է Sears Holdings ընկերության հետ[29]։ Այդ ընկերությունը, որին պատկանում է Kmart և ShopYourWay խանութների ցանցը, նույն ժամանակահատվածում նաև համագործակցել է ռեփեր Նիքի Մինաժի հետ։ Տղամարդկանց համար նախատեսված հագուստի և աքսեսուարների ապրանքանիշը ներկայացվեց նույն տարվա հոկտեմբերի 1-ին[103]։ Հավաքածուի առաջին տեսականին վաճառքի է ներկայացվում Միացյալ Նահանգներում գործող Kmart-ի 500 խանութներում, ինչպես նաև առցանց տարբերակով[103]։
Լևինը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 10 տարեկանից, երբ սովորում է նվագել կիթառ։ Նա իր առաջին պրոֆեսիոնալ ելույթը հանրության առաջ ունեցել է 12 տարեկանում Արևմտյան Հոլիվուդի Troubadour ակումբում[33][104]։ Մանկության տարիներին ոգեշնչվել է այնպիսի խմբերի երաժշտությամբ, որոնցից են՝ The Beatles, Nirvana, Fleetwood Mac, The Who, Pearl Jam, Soundgarden և Alice in Chains, իսկ ավագ դպրոցում՝ Բոբ Մառլի, Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր, Բիլ Ուեզերս, Էլ Գրին և Մարվին Գեյ[105][106]։ Լևինն իր երաժշտության մեջ նաև ներառել է տարրեր The Police խմբի և երգիչ Փրինսի երաժշտությունից[107]։ Իրեն ոգեշնչող կատարողների բազմազանության մասին Լևինը «Billboard» ամսագրի հետ հարցազրույցում նշել է, որ սիրում է «ցանկացած տեսակի երաժշտություն»[108]։
Նյու Յորք տեղափոխվելուց հետո Լևինը սկսեց ավելի շատ հետաքրքրվել հիփ հոփ, R&B, գոսպել և սոուլ ժանրերի երաժշտությամբ։ Լևինը հիշում է, որ լսում էր երգչուհի Ալիյայի «Are You That Somebody?» երգը, որի շնորհիվ սկսեց ավելի շատ հոգի դնել Maroon 5-ի երգերում։ Նրա երաժշտական ոճի փոփոխության վրա նաև ազդեցություն է ունեցել Սթիվի Ուանդերը։ Maroon 5-ի դեբյուտային «Songs About Jane» ալբոմի թողարկումից հետո քննադատները սկսեցին խմբի ոճը համեմատել Busted խմբի[109], իսկ Լևինին համեմատեցին Jamiroquai խմբի վոկալիստ Ջեյ Քեյի հետ[110]։
Լևինն ունի չորս օկտավայի հասնող տենոր/կոնտրատենոր ձայն[111][112] և հայտնի է իր ֆալցետներով[113]։ «It Won't Be Soon Before Long» ալբոմի վերլուծական հոդվածում Allmusic կայքի լրագրողներից մեկը գրել է, որ Լևինը ստեղծում է «մեղեդային, նորաձև և հոգուց բխող» երաժշտություն[114]։ Չնայած Լևինի հին երգերի մեծ մասը հիմնականում ֆանկ, սոուլ և ռոք ժանրերի ուղղվածության են եղել[110], սակայն նրա վերջին աշխատանքները ներառում են տարրեր ռեգգի և փոփ ժանրերից[115]։ Քննադատներից ոմանք նրա նոր աշխատանքները համեմատել են Coldplay խմբի երաժշտության հետ[116]։ Լևինը չի ցանկանում իր երաժշտությունը կոնկրետ որևէ ժանրի դասել՝ ասելով, որ երաժշտության մեջ կա մեծ բազմազանություն, և «անհեթեթություն է» կոնկրետ ժանրի պատկանելը[107]։
Լևինին անվանել են «միայնակ կանգնած աստղ» (անգլ.՝ stand-alone star), ում ոչինչ անհրաժեշտ չէ աչքի ընկնելու համար, քանի որ նա արդեն հայտնի է իր սեփական անձով[117]։ Երաժշտական քննադատներից ոմանք նշել են, որ Լևինի հայտնիությունը Maroon 5-ի մյուս անդամներին մղում է հետին պլան, նույնիսկ իրենց սեփական երաժշտության մեջ[118]։ Քննադատներից որոշների կարծիքով էլ խմբի մեծ հաջողություն ունենալու ետևում հենց Լևինի համբավն է[119]։ «The Boston Globe» թերթը գրել է, որ խմբի հաջողությունն ու պարտությունը կախված է Լևինի մատուցման ձևից[120]։
2010 թվականին Լևինը սկսել է հանդիպել Victoria's Secret-ի մոդել Աննա Վյալիցինայի հետ, ում հետ ծանոթացել է Maroon 5-ի ելույթներից մեկի ժամանակ Լաս Վեգասում[121]։ Վյալիցինան նկարահանվել է խմբի «Misery» և «Never Gonna Leave This Bed» երգերի տեսահոլովակներում[122]։ 2012 թվականի ապրիլին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին[123], իսկ հաջորդ ամիս Լևինը սկսեց հանդիպել Victoria's Secret-ի նամիբիացի մոդել Բեհատի Փրինսլուի հետ[124][125]։ Նրանք 2013 թվականի մարտին բաժանվեցին[126], սակայն նույն տարվա հուլիսից կրկին շարունակեցին հանդիպել[127][128]։ 2014 թվականի հուլիսի 19-ին Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում կայացավ նրանց ամուսնական արարողությունը[129], իսկ 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը՝ Դասթի Ռոուզ Լևինը[130]։ Փինսլուն նկարահանվել է Maroon 5-ի «Animals» երգի տեսահոլովակում[131]։
2013 թվականին Լևինի դեմ մեղադրանք է ներկայացվել Լոս Անջելեսի վերադաս դատարանում, որտեղ Universal Music Publishing Group ընկերության անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ այդ ընկերության ներսում մարիխուանա են օգտագործում։ Անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ կանեփի ծխի հոտը գալիս է ամբողջ գրասենյակից, և երբ բողոքել է այդ մասին, նրան ասել են, որ դա Լևինն է, և եթե նա ցանկանում է ծխել դա, ապա կարող է անել դա, որտեղ ուզի։ Universal Music Publishing Group ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում այդ մեղադրանքը անվանել է «անհեթեթ»[132][133]։
Լևինը զբաղվում է յոգայով, ինչը նրան օգնում է «ֆիզիկապես հանգստանալ»[134]։ Լևինն ունի բազմաթիվ դաջվածքներ մարմնի վրա։ Նա իր առաջին դաջվածքը արել է 19 տարեկանում, որն ընդամենը մի դատարկ վանդակ էր։ Նա հետագայում այդ վանդակի մեջ թռչնանիշ է դաջել, քանի որ նրա կյանքի նպատակը եղել է երաժշտական կարիերա սկսելը[135]։ Լևինը դաջվածքներից մի քանիսը նվիրվել է իր մորը[136]։
Լևինը, ում եղբայրը համասեռական է, աջակցում է ԼԳԲՏ իրավունքներին[137]։ 2011 թվականին Լևինը տեսանյութ է տեղադրել Maroon 5-ի ՅուԹյուբի պաշտոնական էջում, որում աջակցում է «It Gets Better» ԼԳԲՏ նախագծին[138]։
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2005 | «Heard 'Em Say»[23] (Քանյե Ուեսթի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«Late Registration» |
2007 | «Say It Again»[139] (Նատաշա Բեդինգֆիլդի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«N.B.» և «Pocketful of Sunshine» |
2008 | «Bang Bang»[75] (K'naan-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«Troubadour» |
2011 | «Stereo Hearts»[27] (Gym Class Heroes-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«The Papercut Chronicles II» |
2012 | «My Life»[26] (Ֆիֆթի Սենթի սինգլը՝ Ադամ Լևինի և Էմինեմի մասնակցությամբ) |
«Street King Immortal» |
2013 | «YOLO»[81] (The Lonely Island-ի սինգլը՝ Ադամ Լևինի և Քենդրիկ Լամարի մասնակցությամբ) |
«The Wack Album» |
2014 | «Heavy»[140] (ՓիՋեյ Մորտոնի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«New Orleans» |
2015 | «Locked Away»[78] (Rock City-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«What Dreams Are Made Of» |
2016 | «I'm So Humble»[141] (The Lonely Island-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ) |
«Popstar: Never Stop Never Stopping (սաունդթրեք)» |
Տարի | Անվանում | Ալբոմ | Այլ կատարող(ներ) |
---|---|---|---|
2005 | «Live Again»[73] | «U.nited S.tate of A.tlanta» | Ying Yang Twins |
2005 | «Wild Horses»[24] | «Unplugged» | Ալիշա Քիզ |
2010 | «Gotten»[25] | «Slash» | Սլեշ |
2011 | «Stand Up»[142] | «Come Through for You» | Խավիեր Քոլոն |
2014 | «Lost Stars»[143] | «Begin Again (սաունդթրեք)» | – |
2014 | «No One Else Like You»[143] | «Begin Again (սաունդթրեք)» | – |
2014 | «A Higher Place»[143] | «Begin Again (սաունդթրեք)» | – |
2014 | «Lost Stars (Into the Night Mix)»[143] | «Begin Again (սաունդթրեք)» | – |
2015 | «Painkiller»[144] | «Space» | Ռոզի Քրեյն |
2016 | «Go Now»[145] | «Sing Street (սաունդթրեք)» | – |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | «Սկսել նորից»[22] | Begin Again | Դեյվ Քոլ | |
2015 | «Միասնություն»[146] | Unity | պատմող | վավերագրական ֆիլմ |
2015 | «Հիանալի ձայն 2»[147] | Pitch Perfect 2 | ինքը | |
2016 | «Փոփ աստղ. Երբեք չհանձնվեք, երբեք չկանգնեք»[148] | Popstar: Never Stop Never Stopping | ինքը |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1997 | «Բևերլի Հիլզ, 90210»[33] | Beverly Hills, 90210 | ինքը | 1 սերիա |
2009 | «30 Ռոք»[149] | 30 Rock | ինքը | 1 սերիա |
2012 | «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան»[21] | American Horror Story: Asylum | Լեո Մորիսոն | 5 սերիա |
2013 | «Գրիֆինների ընտանիքը»[150] | Family Guy | ինքը (հնչյունավորում) | 1 սերիա |
2016 | «Բրոդ սիթի»[151] | Broad City | ինքը | 1 սերիա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.