From Wikipedia, the free encyclopedia
Փողկապ (գերմ.՝ Halstuch, բառացի` վզի թաշկինակ), հագուստի բաղադրիչ տարր, կտորի շերտ, որ փաթաթում են վզին։ Օգտագործվում է որպես աքսեսուար, հարդարանքի պարագա։ Հիմնականում գործածում են տղամարդիկ։
Եվրոպական լեզուներում տարածված է ֆր.՝ cravate բառից առաջացած անվանումը, այսպես` գերմ.՝ Krawatte, իսպ.՝ corbata, ուկրաիներեն՝ краватка, ռումիներեն՝ Cravată, թուրքերեն՝ kravat, լեհ.՝ krawat: Իսկ ֆրանսերեն բառը, ամենայն հավանականությամբ, ծագում է «խորվաթ» բառից[1]։
Իսկ ռուս.՝ галстук (գալստուկ) բառը ծագել է հոլ.՝ halsdoek և գերմ.՝ h.Halstuch բառերից, որ նշանակում է վզի թաշկինակ։
Փողկապի գունավորումն ու նախշն ընտրվում են հագուստի մնացած բաղադրիչներին համապատասխան։ Ամենօրյա կիրառման համար կիրառվում են մուգ երանգերով փողկապները` ոչ մեծ կրկնվող պատկերներով կամ առավել մեծ մեկ պատկերով, ինչն ուշադրություն չի գրավի։ Մուգ փողկապները, որպես կանոն, կրում են բաց գույնի վերնաշապիկների հետ։
Փողկապի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել Հին Եգիպտոսի պատմության մեջ, որտեղ կտորի` երկրաչափական ուղիղ ձև ունեցող հատվածը, որ գցում էին ուսերին, այն կրողի սոցիալական կարգավիճակի մասին ուղղակի ակնարկ էր։ Առաջիններից մեկը փողկապ կրել են նաև հին չինացիները։ Այդ մասին են վկայում Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ քարե արձանները, որոնց վզներին ժամանակակից փողկապներ հիշեցնող հանգույցներ են։ Սակայն այս բոլոր փողկապներն էլ հեռու են ժամանակակից փողկապներից թե' կրելու եղանակով և թե' ձևով, քանի որ նրանք զուրկ են ներկայիս փողկապների ամենագլխավոր բաղադրիչից` հանգույցից։
Մինչ այս գտածոները փողկապի «գյուտարարներն» էին համարվում հռոմեական լեգեոնների զինվորները, որոնք կրում էին, այսպես կոչված, ֆոկալե։ Նրանց կերպարանքները պահպանվել են Տրայանոսի սյունին, որը կանգնեցվել է 113 թվականին՝ ի պատիվ կայսեր կրած հաղթանակների։ Սյան բարձրաքանդակներում, որոնք գոտևորված են պտուտակաձև ժապավենի տեսքով, կարելի է հաշվել հռոմեական զինվորների մոտ 2 500 կերպար` ռազմական հանդերձանքով։ Նրանցից շատերի վզին հանգուցավոր թաշկինակներ են։ Հին Հռոմում թաշկինակների նման կիրառումը ժամանակակից փողկապների օգտագործման հիմք է հանդիսացել։
Սկսած 16-րդ դարի վերջերից` տղամարդիկ հագնում են կամզոլներ` մինչև ծունկն իջնող վերնազգեստ։ Որպես զարդարանք նրանք կրում էին կլոր, ամուր օձիք, որը հաճախ վիզն ընդգրկող սկավառակաձև աքսեսուար էր` մի քանի սանտիմետր հաստությամբ։ Այն պատրաստում էին սպիտակ կտորից, որն օսլայում էին ձևը պահպանելու համար։
Ժամանակի հետ նրան փոխարինելու եկավ լայն ատամնավոր օձիքը, որ ծածկում էր ուսերը։ Օձիքի նման տեսակը սկսեցին «վանդեյք» անվանել։ Այն կրում էին, օրինակ, պուրիտանները։
Ենթադրվում է, որ երբ խորվաթ սպաները, որոնք 17-րդ դարում` Երեսնամյա պատերազմի ժամանակ, կրում էին մետաքսե վառ վզկապներ, հրավիրվել են Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացու պալատ, նրանց անսովոր հարդարանքի միջոցը չի վրիպել Լյուդովիկոս XIV-ի աչքից. նա նույնպես սկսել է կրել համանման վզկապ` դրանով իսկ Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում հիմնավորելով փողկապի նորաձևությունը։ Այստեղից էլ վարկածներից մեկի համաձայն ծագում է ֆր.՝ cravate բառը, որ ծագում է խորվաթների ինքնանվանումից[2]։
17-րդ դարում նորաձև են համարվում երկար բաճկոնները, որոնք տղամարդիկ հագնում էին կամզոլների տակից։ Վզին փաթաթում էին շարֆ, որը մի քանի անգամ պտտում էին պարանոցի շուրջ, իսկ ազատ ծայրերը թողնում էին կրծքին։ 17-րդ դարավերջի գեղարվեստական կտավները վկայում են այն մասին, որ այդ ժամանակներում նման թաշկինակներն ունեին լայն տարածում։ Դրանք պատրաստում էին մուսլինից, բատիստից և նույնիսկ ժանյակներից։
Գոյություն ունեին նման թաշկինակների հանգույցների բազմաթիվ տեսակներ։ Այն հիշեցնում էր ժամանակակից թիթեռնիկ-փողկապը։ Ինչպես հայտնի է, կար փողկապ կապելու ավելի քան 100 տեսակ։ Ասում են, որ անգլիացի դենդի Բրամելը, ով մեծ ազդեցություն է ունեցել տղամարդկանց նորաձևության վրա, ամբողջ առավոտը կարող էր օգտագործել միայն այն բանի համար, որ բոլոր կանոններով կապեր փողկապը։
18-րդ դարում երկար ծայրերով վզի թաշկինակն սկսեցին անվանել փողկապ, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այն արդեն հիշեցնում էր ժամանակակից փողկապը։ Նորաձև են դառնում օձիքով վերնաշապիկները։ Արդեն փողկապը կզակի տակ կապում էին հանգույցով, իսկ նրա երկար ծայրերը թողնում էին օսլայած վերնաշապկի վրա։ Հենց այս ժամանակ էլ փողկապը ստանում է ներկայիս տեսքը։ Պետք է նշել, որ եթե փողկապ կրելու նորաձևությունը չտարածվեր Անգլիայում, դժվար թե այն ունենար այն նշանակությունը, ինչ այսօր ունի գործարար նորաձևության մեջ։ Անգլիայում փողկապի կրումը դասվում էր բարձր արվեստի կարգին, իսկ ջենտլմենները պետք է փողկապ կապելու մի քանի տասնյակ ձևեր իմանային։ Կար կարծիք, որ տղամարդու համար լուրջ վիրավորանք էր նրա փողկապի մասին արված ակնարկը, ինչը կարելի էր «մաքրել միայն արյունով»։
Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին (1789-1799) փողկապը մատնում էր այն կրողի քաղաքական համոզմունքների մասին։ 19-րդ դարում եվրոպական հասարակության դենդիներն իրենց համար կրկին բացահայտեցին այս աքսեսուարը։ Հենց այդ ժամանակվանից էլ փողկապը դադարեց միայն ռազմական ու քաղաքական շրջանակների սեփականությունը լինելուց` դառնալով սովորական քաղաքացիների հանդերձանքի անբաժան մասը։
1827 թվականին ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը գրել է «Փողկապ կրելու արվեստ» գիրքը, որտեղ նշել է փողկապ կապելու գեղագիտական անհրաժեշտության մասին։ «Բայրոնյան» փողկապը կոկորդին կապվող լայն փողկապ էր, «ողբերգական» փողկապն ուներ սև գույն և նախատեսված էր սգո հանդերձանքի համար։ «Վալտեր Սքոթ» փողկապները կարում էին վանդակավոր կտորից։ Սպիտակ փողկապը նախատեսված էր պարահանդեսների, երեկույթների տոնական հանդերձանքի համար։ Այն ընդունված էր կրել ֆրակի կամ սմոքինգի հետ, բայց ոչ երբեք պիջակի։ Բալզակի ժամանակ փողկապներ կարում էին մետաքսե, բրդե, ատլասե գործվածքներից` զանազան նախշերով։
1924 թվականին վզկապներ ու շարֆերի բոլոր տեսակները հետին պլան են մղվում. ամերիկացի գործարար Ջեսի Լանգսդորֆը հեղինակային իրավունք է սահմանում իր «իդեալական» փողկապի համար։ Այդպիսի փողկապներ, որոնք բաղկացած են երեք մասերից, կարվում են մինչ օրս։ Այս նորամուծությունից հետո ստանդարտացվում են երկար շերտով գծավոր, շեղ վանդակավոր փողկապները։ Այս պատկերներն օրինաչափ են դառնում անգլիական ակումբների ու քոլեջների համար, որ թույլ էր տալիս այն կրողին հայտնել իր պատկանելության մասին։
1990-ական թվականների վերջերին երկու հետազոտողներ` Թոմաս Քինգը և Յոնգ Մաոն, որոնք երկուսն էլ Քեմբրիջի համալսարանի Կավենդիշ լաբորատորիան են ներկայացնրել, կիրառել են մաթեմատիկական մոդելավորում, որի օգնությամբ հանգել են այն եզրակացության, որ փողկապ կապելիս, իմանալով ընդամենը 9 շարժում, կարելի է փողկապի 85 տարբեր հանգույցներ ստանալ։ Համապատասխանաբար, փողկապ կապելու առնվազն 85 եղանակ կա[3]։
Բրիտանացի գիտնականների հրապարակումներն ուսումնասիրելով` Ստոկհոլմի տեխնոլոգիական համալսարանի շվեդ մաթեմատիկոս Միքայել Վեյդեմո Յոհանսոնը նշել է, որ Ediety հանգույցը, որը կիրառում է «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմի կերպար Մերովինգենը, նշված չէ Քեմբրիջի համալսարանի հետազոտության մեջ։ Նա բացահայտել է, որ այս հետազոտությունը անտեսել է այն հանգույցները, որոնցում մի քանի փոքր հանգույցներ կան։ Վեյդեմո Յոհանսոնը և իր երեք գործընկերները մշակել են փողկապային հանգույցների հատուկ կոդավորում` դրանք նշելով տառերով` W, T և U, որտեղ, օրինակ, U-ն նշանակել է լայն եզրը մտցնել նեղի տակ։ Համակարգչային հաշվարկների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կա հանգույցների ավելի քան 177.000 տեսակ։ Ընդ որում, մաթեմատիկոսները նաև նշել են, որ հանգույցների ոչ բոլոր տեսակներն են ենթակա գործնական կիրառման[4]։ tieknots.johanssons.org Արխիվացված 2017-10-02 Wayback Machine կայքը ներկայացնում է փողկապների հանգույցներ։
Հանրահայտ որոշ հանգույցներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.