գիտական հոդված From Wikipedia, the free encyclopedia
Տուբերկուլոզ, Mycobacterium tuberculosis (MTB) բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն[17]։ Մեր օրերում տուբերկուլոզը դարձել է բուժելի:Այն հիմնականում ախտահարում է թոքերը,կարող է ախտահարել նաև այլ օրգաններ[17]։ Ինֆեկցիան հիմնականում ընթանում է անախտանիշ. այս երևույթը կոչվում է լատենտ (գաղտնի) տուբերկուլոզ[17]։ Լատենտ վարակի 10%-ը վերածվում է ակտիվ հիվանդության, որը, եթե մնա առանց բուժման, կհանգեցնի հիվանդների գրեթե կեսի մահվանը[17]։ Ակտիվ տուբերկուլոզի դասական նշաններն են հազը, խորխում արյան առկայությունը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը[17]։ Հիվանդությունը պատմության մեջ առկա է նաև որպես թոքախտ[18]։ Այլ օրգանների ախտահարումը կարող է հանգեցնել ախտանիշների մեծ բազմազանության[19]։
Տուբերկուլոզ Tuberculosis | |
---|---|
Խորացած տուբերկուլոզով հիվանդի կրծքավանդակի ռենտգեն. ինֆեկցված տեղամասերը 2 թոքերում ցուցադրված են սպիտակ սլաքներով, իսկ խոռոչը՝ սև սլաքներվ | |
Տեսակ | notifiable disease? և հիվանդության կարգ |
Պատճառ | Mycobacterium tuberculosis բակտերիա |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Քրոնիկ հազ, տենդ, արյունախխում, քաշի կորուստ |
Հետևանք | Ողնաշարաբորբ[2] և pulmonary toxicity?[3] |
Բուժաքննություն | կրծքավանդակի ռենտգեն[4], chest CT?[5], Mantoux test?[6], lung biopsy?[7], Tuberculosis radiology?[8], chest photofluorography?[9], խորխի մանրեաբանական հետազոտություն[10], GeneXpert MTB/RIF?[11], TB-LAM in the Diagnosis of TB?[12][13], QuantiFERON?[14], Ziehl-Neelsen stain?[15] և T-SPOT.TB?[16] |
Բժշկական մասնագիտություն | ֆթիզիատրիա, ինֆեկցիոն, թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 010 և 018 |
ՀՄԴ-10 | A15-A19 |
Հոմանիշներ | թոքախտ, պալարախտ |
Ռիսկի գործոններ | Ծխել, ՄԻԱՎ/ՁԻԱՀ |
Ախտորոշում | Կրծքավանդակի ռենտգեն, կուլտուրալ մեթոդ, Մանտուի մաշկային փորձ |
Տարբերակիչ ախտորոշում | Նեկրոտիզացնող թոքաբորբ, հիստիոցիտոզ, սարկոիդոզ |
Բուժում | antituberculous drug? |
Կանխարգելում | Վարակվածների հայտնաբերում և բուժում, ռիսկի խմբերի սկրինինգ հետազոտություններ, երեխաների ԲՑԺ պատվաստում |
Հանդիպման հաճախականություն | Մարդկանց 25%-ը (սակայն մեծ մասի մոտ՝ լատենտ ինֆեկցիա) |
Մահերի քանակ | 1.6միլիոն (2017) |
Tuberculosis Վիքիպահեստում |
Տուբերկուլոզը տարածվում է օդային ուղիով,երբ թոքերում ակտիվ տուբերկուլոզ ունեցող մարդը հազում է, թքում, խոսում կամ փռշտում[17][20]։ Գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ ունեցող մարդիկ այն չեն տարածում[17]։ Հիվանդության ակտիվ ձևը սովորաբար հանդիպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների և ծխողների մոտ[17]։ Ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումը հիմնված է կրծքավանդակի շրջանի ռենտգենագրության վրա[21]։ Գաղտնի տուբերկուլոզի հայտնաբերումն իրականացվում է տուբերկուլինային մաշկային փորձերով և արյան անալիզներով[21]։ Հիվանդության կանխարգելումը ներառում է բարձր ռիսկի խմբում գտնվողների սկրինինգ հետազոտություններ, դեպքերի վաղ հայտնաբերում և բուժում և ԲՑԺ պատվատում (bacillus Calmette-Guérin (BCG))[22][23][24]: Ռիսկի խմբում գտնվում են ակտիվ տուբերկուլոզով մարդկանց հետ շփվողները[24]։ Բուժումը հիմնված է հակաբիոտիկների երկարատև ընդունման վրա[17]։ Հակաբիոտիկակայունությունը գնալով աճող խնդիր է, քանի որ գնալով շատանում են մուլտիռեզիստենտ տուբերկուլոզի (MDR-TB) և ընդլայնված կայունություն ունեցող տուբերկուլոզի (XDR-TB)[17] դեպքերը։ Համարվում է, որ յուրաքանչյուր 4-ից մեկը վարակված է տուբերկուլոզով[25]։ Ամեն տարի պոպուլյացիայի 1%-ը վարակվում է[26]։ 2017 թվականին ակտիվ տուբերկուլոզի 10 միլիոն դեպք է գրանցված եղել, ինչը հանգեցրել է 1.6 միլիոն մահվան[27]։ Սա դարձնում է նրան մահվան թիվ մեկ պատճառը վարակիչ հիվանդությունների մեջ[27]։ Մահերի ավելի քան 95%-ը զարգացող երկրներում է գրանցվել, որից ավելի քան 50%-ը՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում և Ֆիլիպիններում[27]։ 2000 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի գրանցվող դեպքերի թիվը կրճատվել է[17]։ Աֆրիկայի ու Ասիայի բնակչության ավելի քան 80%-ը տուբերկուլինային թեստի դրական արդյունք ունեն, իսկ Միացյալ Նահանգներում այդ ցուցանիշը կազմում է 5-10%[28]։ Մարդիկ տուբերկուլոզով հիվանդացել են սկսած անհիշելի ժամանակներից[29]։
Տուբերկուլոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։ Հայտնաբերվել են տուբերկուլոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխարտադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլոզի հետազոտություններով զբաղվող գիտության՝ ֆթիզիատրիայի (հուն․՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը։ Այն ժամանակներում տուբերկուլոզը համարվում էր հույժ վարակիչ և ժառանգաբար փոխանցվող հիվանդություն։ Այդ պատճառով, օրինակ Պարսկաստանում, տուբերկուլոզով հիվանդներին բորոտների հետ միասին մեկուսնացնում էին, իսկ Հնդկաստանում արգելված էին նման հիվանդների կամ նրանց հարազատների հետ ամուսնությունը։
Հիվանդությունն իր տուբերկուլոզ անվանումով առաջին անգամ հայտնաբերվել է Հիպոկրատի աշխատություններում։ Հիվանդության մասին մանրամասն տեղեկություններ է տվել Ավիցենան։ Օրգանների ձևաբանական փոփոխությունների առաջին ուսումնասիրությունները կատարել է Սիլվիուս դե լա Բոէն, ով տարբեր օրգաններում առաջացած թմբիկների ծագումը կապում էր հենց տուբերկուլոզի հետ։ 1689 թվականին Ռիչարդ Մորտոնը գրեց տուբերկուլոզի մասին առաջին մենագրությունը՝ «Ֆթիզիոլոգիա, կամ տրակտատ թոքախտի մասին» անվանումով։ Պաթոլոգոանատոմիական և կլինիկական առավել մանրամասն նկարագրություն տվել է ֆրանսիացի գիտնական Լաեննեկը։ 1882 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը կարողացավ առանձնացնել տուբերկուլոզի հարուցիչը։ 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր»[30]։
Համաճարակաբանության տեսանկյունից կարևորվում են կենսաբանական (կապված մարդու օրգանիզմի և հիվանդության հարուցիչի փոխազդեցության հետ) և սոցիալական (բնակչության և նրա առանձին խմբերի առողջական ու սոցիալական վիճակ) գործոնները։ Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար (սննդի հետ) եղանակներով։ Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլոզով հիվանդ, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային (շփման միջոցով) եղանակներով։
Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն)[31]։
Տուբերկուլոզը տարածված է ամենուրեք։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների (1990 թվական) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 միլիոն մարդ, որից 3-4 միլիոն-ը մահանում են այդ հիվանդությունից։ Տուբերկուլոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում[32]։
Տուբերկուլոզը հիմնական առողջական խնդիր է Հայաստանում։ 2005 թվականին Հայաստանում եղել է տուբերկուլոզի 2000 նոր վարակ։ 2006 թվականին, նվազել են 1500 նոր վարակի[33]։ Հայաստանում 2010 թվականին գրանցվել է տուբերկուլոզի նոր 1331 դեպք[34]։
Տարբերում են տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը.
Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։ Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն՝ նույնիսկ ավելի)։ Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը՝ լավանում։ Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է։ Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին։ Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը։
Տուբերկուլոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ։ Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն։ Որոշ դեպքերում վիրաբուժական ճանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլոզով ախտահարված այլ հատվածներ։
Տուբերկուլոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել)։ Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում" դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն[35]։
Տուբերկուլոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով՝
Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է։ Այն ներառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը։
Տուբերկուլոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում։ Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ։ Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես՝ անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները։
Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին՝ 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ։ Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով։
Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել։ Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2%-անոց օճառասոդային լուծույթում)։ Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ։ Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից։ Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում։ Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել։
Առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ պատվաստանյութով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը։ Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան։ Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է։ Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է։ Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում։
Տուբերկուլոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում՝ հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.