Remove ads
գեղասահորդուհի From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Նավկա (ռուս.՝ Татья́на Алекса́ндровна На́вка, ապրիլի 13, 1975[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն (2003, 2004, 2006 թթ.), Եվրոպայի եռակի չեմպիոն (2004-2006 թթ.), պարեր սառույցի վրա ձևում՝ Ռոման Կոստոմարովի հետ՝ օլիմպիական չեմպիոն (2006 թ.): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2004 թ.)[3][4][5]:
Տատյանա Նավկան ծնվել է 1975 թվականի ապրիլի 13-ին՝ Դնեպրոպետրովսկում։ Նա ունի իրենից փոքր քույր՝ Նատալյան։ Ծնողները՝ տնտեսագետ Ռաիսա Անատոլևնան և ինժեներ Ալեքսանդր Պետրովիչը, երիտասարդ ժամանակ զբաղվել են սպորտով, այդ պատճառով էլ ողջունել են աղջկա գեղասահքով զբաղվելը, ինչի ցանկություն առաջացել է նրա մոտ, երբ հեռուստատեսությամբ տեսել է Ելենա Վոդորեզովայի ելույթը։ Սկզբում Տատյանայի համար գնում են անիվավոր չմուշկ, և նա սովորում է սահել դրանցով։ 1980 թվականին՝ հինգ տարեկանում, ապագա չեմպիոնուհին առաջին անգամ սառույց դուրս եկավ։ Նրա առաջին մարզիչներն էին Թամարա Յարչեվսկայան և Ալեքսանդր Ռոժինը։ Նավկան դառնում է Ուկրաինայի չեմպիոն պատանիների կարգում[6]։ 1987 թվականին Տատյանայի հասակն աճում է 14 սմ-ով, ինչն էլ հանգեցնում է նրան, որ խախտվում է նրա թռիչքի տեխնիկան։ Դրանից հետո մարզիչները Տատյանայի մորը խորհուրդ են տալիս դստերը տեղափոխել պարեր սառույցի վրա մարզաձև։ 1988 թվականին 13-ամյա գեղասահորդուհին տեղափոխվում է Մոսկվա՝ Նատալյա Դուբովայի խումբ («Москвич» սպորտակումբ)[7], ով էլ բազմաթիվ պատանի սպորտսմեններից Տատյանայի համար պարազույգ է ընտրում Սամվել Գյոզալյանին։ Սկզբում մարզվում էին Սոկոլնիկի Սառցե պալատում, այնուհետև Դուբովայի կողմից ընտրվում է զույգ, որը պայմանագիր է կնքում Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) մարզվելու համար։ Այդպես Նավկան հայտնվեց Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում ապրեց ավելի քան 15 տարի[8]։ Որոշ լրագրողներ պնդում են, որ Նավկան, բացի ռուսականից, ունի ԱՄՆ քաղաքացիություն[9][10]։ Ինքը՝ Նավկան, հերքում է իր ԱՄՆ քաղաքացիությունը[11]։ Ըստ Հակակոռուպցիոն հիմնադրամի, նա ԱՄՆ-ի հարկային ռեզիդենտ է[12][13][14]։
Արդեն 1991 թվականին այս զույգը ընդգրկվեց ԽՍՀՄ-ի ազգային հավաքական, դարձավ «Skate America» և «Nations Cup» միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող։ Խորհրդային Միության փլուզումից հետո Տատյանան և Սամվելը սկսեցին հանդես գալ՝ ներկայացնելով Բելառուսիան, ներկայացրին այդ երկիրը Լիլեհամերում կայացած Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում, որտեղ զբաղեցրեցին 11-րդ հորիզոնականը[15]։ Աշխարհի առաջնությունում (1994) զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը և Եվրոպայի առաջնությունում՝ չորրորդ հորիզոնականը (1995)[8][16]:
1996 թվականից մինչ 1998 թվականը Նավկայի պարընկերը Նիկոլայ Մորոզովն էր։ Այս զույգը նույնպես ներկայացնում էր Բելառուսիան, դարձել է Կարլ Շեֆեր հուշամրցաշարի հաղթող, մասնակցել է Նագանոյի օլիմպիական խաղերին։ 1996 թվականին ԱՄՆ-ում Տատյանան հայտնվեց մեկ այլ մարզչի՝ իր երիտասարդության տարիների կուռք աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ժուլինի տեսադաշտում, ում հետ ծանոթացել էր դեռ 1993 թվականին՝ իր համար՝ Պրահայի աշխարհի ոսկե առաջնությունում[3]։ Շուտով նրանց միջև սկսվեցին շրջապատող մարդկանց աչքերից թաքնված ռոմանտիկ հարաբերություններ՝ չնայած նրանց միջև եղած 12 տարիների տարբերությանը[17]։
1998 թվականից Նավկան ներկայացրել է Ռուսաստան՝ հանդես գալով Ռոման Կոստոմարովի հետ։ Վերջինս հեռանկարային սպորտսմեն էր, Տատյանայից փոքր էր երկու տարով. նրան Նավկայի համար որպես պարընկեր ընտրել էր Ժուլինը։ Գեղասահորդների մեջ կար հասակների իդեալական զուգակցում՝ Նավկան` 170 սմ, Կոստոմարովը` 182 սմ[7]։ Սկզբում նրանք մարզվում էին Նատալյա Լինիչուկի խմբում, որը, սակայն, շուտով առաջարկեց Կոստոմարովին փոխել պարընկերուհուն՝ նախընտրելով Աննա Սեմենովիչին։ Այդ պահին Կոստոմարովը չհամարձակվեց չհնազանդվել փորձառու մարզչին։ 1999-2000 թթ. մրցաշրջանում Տատյանան մնաց առանց պարընկերոջ, նա նաև հղի էր. պատրաստվում էր ունենալ առաջին աղջկան։ Արդեն ամռանը, սառույց դուրս գալով, ընդունեց Ռումանի ներողությունը, և նորից սկսեցին սահել միասին։ 2000 թվականից նրանք մարզվել են Ժուլինի ղեկավարությամբ։ Կարիերայի ավարտից հետո Նավկան նշել է նրա մանկավարժական և մարզչական ձիրքը[18]։ 2000 թվականից մուգ գույնի մազերով Տատյանան սառույցի վերջնականապես ընդունում է շիկահերի իմիջ, սակայն բացառություն է անում 2008 թվականին «Շինդլերի ցուցակը» ցուցադրական համարի համար։ Տարբեր ժամանակներում օլիմպիական ապագա չեմպիոններին խորհուրդներ էին տալիս նաև Ելենա Չայկովսկայան և Տատյանա Տարասովան[17]։
Առաջին խոշոր հաջողությունը գեղասահորդներն ունեցան 2003 թվականին, երբ Նավկա/Կոստոմարով զույգը առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Նույն տարում էլ նրանք Շվեդիայի Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ զբաղեցրին մրցանակային տեղ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց արագորեն առաջադիմող զույգը չէր իջնում մրցանակային պատվանդանի ամենաբարձր տեղից[7]։
Թուրինում կայանալիք 2006 թվականի Օլիմպիական խաղերին Նավկան և Կոստոմարովը բացարձակ ֆավորիտներ էին. 2004 թվականից նրանք չեն պարտվել Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկ, ամենուր վերցրել են «ոսկի»։ Հիմնական առանցքը գեղասահորդները կատարեցին ազատ ծրագրում «Կարմեն» պարով՝ բեմադրված խորեոգրաֆ Տատյանա Դրուչինինյաի կողմից, ով 1987 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն էր։ Ինչպես Նավկան է խոստովանել, իսպանական պարին պատրաստվելիս նա «ներշնչված էր բալետի փայլուն պարուհի Մայա Պլիսեցկայայի պատկերով»։ Օլիմպիական խաղերի նախօրեին ծրագիրը լավ ընդունվեց ֆրանսիացի հանդիսատեսի կողմից Լիոնում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Օլիմպիական մեկնարկը հեշտ չէր։ Զույգի պայքարի մեջ մտնելու պահին Ռուսաստանի հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ ուներ զուգասահքում և տղամարդկանց մենասահքում։ Պարտադիր ծրագրից հետո առաջատարները տանտերերն էին՝ 2001 թվականի աշխարհի չեմպիոններ Բարբարա Ֆուզար-Պոլին և Մաուրիցիո Մարգալոն։ Օրիգինալ ծրագրում իտալացի զույգը կոպիտ սխալ կատարեց. ընկավ ամենահեշտ էլեմենտի կատարման ժամանակ։ Սրանով նա հնարավորություն տվեց ռուսներին առաջ անցնել՝ մեկ ու կես միավորով հետ թողնելով ամերիկացի Թանիթ Բելբին/Բենջամին Ագոստո զույգին։ Որոշիչ ազատ ծրագրում ամերիկացի գեղասահորդները երկու անգամ սխալվեցին, իսկ այդ ժամանակ Նավկան և Կոստոմարովը Ելենա Վայցեխովսկայայի գնահատականով զարմանալի արդյունք ցույց տվեցին։ Դատավորի գնահատականը ավելի մեղմ էր` 101.37 միավոր, ինչը ցածր էր զույգի ռեկորդից (113.17), սակայն բավական էր օլիմպիական ոսկին նվաճելու համար։ «Երջանկության արցունքները հոսում էին Կարմենի դեմքով»,-խանդավառությամբ գրում էին թերթերը։ Շատ զգացմունքային կատարում էր Մարկ Մինկովի և Վերոնիկա Տուշնովայի «Սիրուց չեն հրաժարվում» ռոմանսի վրա ստեղծված համարը, որը դիտարժան էֆեկտիվ հիշվող եզրափակիչով չեմպիոնները ցուցադրեցին եզրափակիչ գալա-համերգին՝ բազմիցս ցուցադրելով այն տարբեր ներկայացումներում[8][19][20]։
2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի հաղթանակից հետո Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովը որոշեցին ավարտել իրենց սպորտային կարիերան։ Անմիջապես որոշվեց, որ զույգը կպահպանվի և կշարունակի հանդես գալ ցուցադրական ելույթներով ու պրոֆեսիոնալ շոուներում[21]։
Մայա Պլիսեցկայայի կարծիքով Նավկան սառույցի վրա ստեղծել է Կարմենի համոզիչ ու կրքոտ կերպար[17]։ Տարբեր գեղասահորդուհիների հետ պարել փորձած Ռոման Կոստոմարովը նշել է, որ Տատյանան իր համար հենց ամենասկզբից էլ եղել է միակ պարընկերուհին, ում հետ նա կարող էր հասնել նման տպավորիչ հաջողությունների։ Ըստ Աննա Սեմենովիչի, Նավկայի մեջ «ինչ-որ բան կա շատ կրքոտ, սեքսուալ և ճակատագրական»։ Տատյանա Տարասովան առանձնացրել է գեղասահորդուհու աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, նշել է, որ Նավկան մեկն է այն քիչ գեղասահորդուհիներից, ով երկար տարիների ընթացքում «չի կորցրել հաճույքը իր ամենօրյա շփումը մեր մասնագիտության հետ»[8]։ Իլյա Ավերբուխը և Ալեքսանդր Ժուլինը հատուկ ընդգծել են գեղասահորդուհու արտիստիզմը, վտանգի և ռիսկի հակումը, ինչի շնորհիվ էլ նա կարողացել է սառույցի վրա ստեղծել գեղարվեստական պատկերների բազմազանություն[22][23][24]։ Ժուլինը նշել է նաև, որ Նավկան օժտված է «ֆենոմենալ ինտուիցիայով»[3]։
Թուրինում կայացած օլիմպիական խաղերի՝ Նավկայի հաղթանակից հետո այլ նշանավոր մարզիկների հետ նա հրավիրվել է Կրեմլ՝ կառավարության մրցանակների հանձնման արարողությանը և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Տատյանան երկրի ղեկավարին ասում է, որ նա Մոսկվայում ապրելու տեղ չունի։ Շուտով օլիմպիական չեմպիոններ Նավկան և Կոստոմարովը Մոսկվայում բնակարաններ են ստանում[3]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի կողմից հայրենիքին մատուցած մարզական ծառայությունների համար գեղասահորդուհին ստանում է 180 մ² մակերեսով 5 սենյականոց բնակարան՝ Յակիմանկայում գտնվող «Коперник» բնակելի համալիրում[25]։ 2006 թվականի սեպտեմբերից Ռուսաստանում Իլյա Ավերբուխի նախաձեռնությամբ Առաջին ալիքը (Ռուսաստան) սկսում է ամենամյա հեռուստատեսային սառցե շոուներ՝ հայտնի պրոֆեսիոնալ գեղասահորդների և ճանաչված դերասանների մասնակցությամբ։ Այդ կապակցությամբ 2006 թվականի օգոստոսին Նավկան և Ժուլինը, ովքեր այդ ժամանակ ամերիկյան քաղաքացիություն էին ստացել[26][27], Ռուսաստան են վերադառնում ԱՄՆ-ից, որտեղ էլ դառնում են բարձր վարկանիշ ունեցող հեռուստատեսության նախագծի գլխավոր անձանցից[3]։
2006 թվականից մինչև 2016 թվականը Նավկան ամեն տարի (բացառությամբ 2011 թ.) մասնակցել է սառցե շոուների, որտեղ էլ նրա մասնակցությամբ զույգը միշտ եղել է կամ առաջին հորիզոնականում, կամ հասել է եզրափակիչ փուլ[28][29].
Միլիոնավոր հանդիսատեսի խոստովանություն և մեծ ճանաչում ստացան Նավկա/Կոստոմարով զույգի ցուցադրական համարները՝ Кони привередливые», «Ой, да не вечер», «Юнона и Авось», «Не отрекаются, любя», «Анна Каренина», «Wow», «Жестокая любовь», «Кармен», «My Way», «Всё в твоих руках» և այլն։ Բորիս Բերմանի կարծիքով բոլոր ելույթներում հանդիսատեսը հիացած է ոչ միայն նրանց գեղարվեստական վարպետությամբ և կատարողական հմտությամբ, այլև չեմպիոնական զույգից բխող «հզոր սեքսուալ էներգիայով»[18]։
Նավկան հաջողությամբ պարում էր նաև հատակին։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին պրոֆեսիոնալ պարող Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ մասնակցում է «Պարային Եվրատեսիլի» պարահանդեսային պարերի մրցույթին, որտեղ էլ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[36]։
Համարվում է Օրիֆլեյմ ընկերության դեմքը[37]։ 2012 թվականին եղել է փոխվարչապետի և Ռուսաստանի նախագահական ընտրություններ 2012-ում ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձը[38]։ 2014 թվականին ունեցել է օլիմպիական դեսպանի կարգավիճակ Ձմեռային օլիմպիական խաղեր 2014-ում[37]։ 2014 թվականից Նավկայի գործունեության հիմանական ոլորտը համարվում է տոների, հանդիսությունների և կորպորատիվ միջոցառումների վարումը[39]։ 2015 թվականի ամռանը Սոչիի «Айсберг» սառցե պալատում տեղի ունեցած Իլյա Ավերբուխի երեքժամյա տևողությամբ «Կարմեն» մյուզիքլում եղել է գլխավոր դերակատարը[40][41]։ Ռուսաստանի նախագահական ընտրություններ-2018-ում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[42]։
2010 թվականին Առաջին ալիքը ցուցադրեց գեղասահորդուհու սպորտային կարիերային նվիրված «Սառույց և կրակ» վերնագրով վավերագրական ֆիլմը[17][22]։ 2011 թվականին Նավկան եղել է «Բոլերո» պարային հեռուստապրոեկտի ժյուրիի անդամ[43]։ 2013 թվականին «Զվեզդա» հեռուստաընկերությունում Տատյանան առաջին անգամ հանդես եկավ որպես հաղորդավար և վարում էր «Ազատ ծրագրեր» ծրագիրը[44]։ 2014 թվականին Առաջին ալիքում վարում էր «Օլիմպիական գագաթներ» դոկումենտալ ֆիլմերի փուլեր՝ նվիրված տափօղակով հոկեյի, բիաթլոնի և գեղասահքի պատմություններին[43]։ 2015 թվականից Նավկան «Матч ТВ» հեռուստաընկերությունում հաղորդավար էր[45][46]։ 2018 թվականի ապրիլի 1-ից Առաջին ալիքում «Սառցե շրջան։ Երեխաներ» հեռուստապրոեկտի ժյուրիի անդամն ու թիմի մարզիչն է։
Տասնամյակների ընթացքում գեղասահորդուհու բուռն անձնական կյանքը եղել է «Յուրաքանչյուրը պայքարում է իր սեփական երջանկության համար» կարգախոսի ներքո[48]։
1992 թվականից Նավկան ապրել և մարզվել է ԱՄՆ-ում՝ Մոնտկլերում (Նյու Ջերսի)։
2000 թվականին ամուսնացել է իր մարզիչ, պարեր սառույցի վրա ձևում աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ժուլինի հետ։ Ամուսնությունը գրանցվել է Նյու-Յորքի քաղաքապետարանում[4]։ Ըստ Ժուլինի, իր և Նավկայի հարաբերությունները սկսվել են 1994 թվականին՝ Լեյք Փլեսիդում, որտեղ Դուբովայի խմբում մարզվում էին Նվակա/Գյոզալյան, Ուսովա/Ժուլին զույգերը։ 1999 թվականին ամուսինները տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ նրանք վարկով Հուդզոնում ձեռք են բերել 400 մետրանոց թաունհաուս[3][7]։ 2007 թվականին Նավկան Մանհեթենում ձեռք է բերել 123 քմ տարածքով 2.4 մլն դոլար արժողությամբ բնակարան։ 2016 թվականին այս բնակարանը վաճառքի է հանվել սեփականատիրոջ կողմից[49]։
2000 թվականի մայիսի 2-ին Նյու Յորքում ծնվում է նրանց դուստր Ալեքսանդրան։ Ըստ Նավկայի, նա ունի ամերիկյան քաղաքացիություն[50]։ Ալեքսանդրան որպես երգչուհի հանդես է գալիս Ալեքսիա կեղծանունով[51][52]։
2006 թվականի օգոստոսին «Աստղերը սառույցի վրա» պրոեկտի սկսվելու հետ միասին Նավկան ամուսնու և դստեր հետ վերադառնում է Մոսկվա։ 2008 թվականին ամուսնությունը, ըստ էության, փլուզվեց, իսկ 2010 թվականին Տատյանան և Ալեքսանդրը պաշտոնապես հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Այդ թվում՝ Նավկան բացատրեց, որ իրականում այդ ամուսնությունը տևել է 14 տարի[3][22][43][53]։ 2012 թվականի մարտին «Սառցե շրջան։ Պրոֆեսիոնալների գավաթ» ծրագրի շրջանակներում ընտանեկան բախումների հետքերով նախկին ամուսինները ամուսնալուծությունից հետո առաջին ու վերջին անգամ հանդես եկան միասին՝ դրամատուրգիայով հագեցած պարի ներքո՝ «Ամեն ինչի համար շնորհակալ եմ, բարի ընկեր…» ռոմանսի. այն «Մենք ապագայից ենք» ֆիլմից էր՝ Ելիզավետա Ստյուարտի խոսքերով և Եկատերինա Կլիմովայի կատարմամբ։ «Ենթատեքստով» օրիգինալ նոստալգիկ համարը բարյացակամ վերաբերմունք ունեցավ մամուլի կողմից, այն համարվեց ռոմանտիկ և ոչ կեղծ[54][55]։
Որոշ ժամանակ Նավկայի անձնական հարաբերությունները կապում էին սառցե շոուների իր երկու պարընկերների՝ դերասան Մարատ Բաշարովի և երաժիշտ Ալեքսեյ Վորոբյովի հետ[3][48]։ 2010 թվականին Նավկան ծանոթանում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Հետագայում նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվում[4][56]։ 2014 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայի տարածաշրջանում ծնվում է Տատյանայի երկրորդ դուստրը՝ Նադեժդան։ Երեխայի հայրը Դմիտրի Պեսկովն է[57][58][59][60][61]։ 2015 թվականի օգոստոսի 1-ին Սոչիում կայանում է Նավկայի և Պեսկովի հարսանիքը[56][62][63][64]։
Տատյանայի հոբբին՝ երաժշտությունը, խոհանոցը, Շեքսպիրի պոեզիան, կինեմատոգրաֆիան, ձիասպորտը, դահուկային սպորտը[3][7]։ Նավկան նշել է, որ ցանկանում է ինքն իրեն փորձել դերասանական ամպլուայում և երազում է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, ձգտում է որակապես երգել սովորել։ Մի անգամ նա արդեն փորձել է համերգին հանդես գալ՝ երգելով Միխայիլ Բոյարսկու հետ «Իսկ ձյունը գալիս է» երգը։ Նրա սիրելի դերասանուհիներն են Չուլպան Խամատովան և Իննա Չուրիկովան[18]։
Դմիտրի Պեսկովի հայտարարագրի համաձայն՝ կնոջ՝ Տատյանա Նավկայի հայտարարագրած տարեկան եկամտի ընդհանուր գումարը 2016 թվականի համար 120 միլիոն 815 հազար ռուբլի է։ Նա ունի բնակարան ԱՄՆ-ում՝ 126 մ ² տարածքով[65]։
2015 թվականի սեպտեմբերին Ալեքսեյ Նավալնին իր բլոգում տեղադրեց մի նյութ, որը մեջբերել էր Ռոսբիզնեսկոնսալթինգից, Ռոսգրանցման փաստաթղթերի պատճենները, համաձայն որի Տատյանա Նավկան 2015 թվականի հունվարին Մերձմոսկովյան «Третья охота» գյուղում, Նովորիժսկի մայրուղում ձեռք է բերել 779.2 քմ մակերեսով տուն և 9373 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս, ինչը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի, արժի մոտ 1 մլրդ ռուբլի[66]։ Նավալնիի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հիմնադրամը պատրաստվում է դիմել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն, քանի որ Պեսկովների ծախսերը շատ անգամ գերազանցում են իրենց պաշտոնական եկամուտներին, և հիմնադրամը դա համարում է անօրինական հարստացում։ Նավկան «Խոսում է Մոսկվան» կայանի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս հայտարարությունները՝ Նավալնուն կոչելով «մոլագար»[67]։
Մրցումներ/մրցաշրջան | 1998—1999 | 2000—2001 | 2001—2002 | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 10 | 1 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 12 | 12 | 8 | 4 | 1 | 1 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 11 | 9 | 7 | 3 | 1 | 1 | 1 |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 | |
Գրան-Պրիի սերիաների եզրափակիչներ | 2 | 1 | 1 | 1 | |||
Գրան-Պրիի փուլեր. Skate America | 4 | 2 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada | 1 | ||||||
Գրան-Պրիի փուլեր. Cup of China | 1 | 1 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard | 1 | ||||||
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia | 3 | 4 | 4 | 2 | 1 | 1 | 1 |
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy | 5 | 6 | 2 |
Մրցումներ | 1996—1997 | 1997—1998 |
---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 16 | |
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 14 | 10 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 12 | 10 |
Cup of Russia | 6 | |
Գեղասահքի Բելոռուսիայի առաջնություն | 1 | 1 |
Կարլ Մեմորի հուշամրցաշար | 1 |
Մրցումներ/մրցաշրջան | 1991—1992 | 1992—1993 | 1993—1994 | 1994—1995 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 11[69] | |||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 9 | 5 | 7 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 9 | 10 | 4 | |
Skate America | 1 | |||
Skate Canada International | 2 | |||
Nations Cup | 1 | |||
NHK Trophy | 7 | 4 | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.