From Wikipedia, the free encyclopedia
«Սերվեյոր» ծրագիր (անգլ.՝ Surveyor program), ամերիկյան ավտոմատ լուսնակայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվանում։ Նախատեսված են եղել Լուսնի վրա փափուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու համար։ «Սերվեյոր» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960 թվականի հունիսից և ավարտվել 1968-ի հունվարին։ Կայանները արձակվել են Ատլաս Կենտավր կրող հրթիռով։
Սերվեյոր 1 կայանը առաջին ամերիկյան տիեզերական սարքն է, որ կատարել է փափուկ վայրէջք այլ երկնային մարմնի վրա։ Կայանների թռիչքը կազմակերպվում էր ուղիղ դեպի Լուսին, հարվածային հետագծով, ապա թռիչքի վերջում կատարվում էր արգելակման մանյովր, և հետևում էր փափուկ վայրէջք։ Թռիչքը կազմում էր 63 - 65 ժամ, իսկ արգելակումը տևում էր մի փոքր ավելին քան երեք րոպեն[1]։
Ծրագիրն իրականացնում էր ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (ՌՇԼ) կողմից, որպես նախապատրաստում Ապոլոն ծրագրին, և սկիզբ է առել 1960 թվականին։ ՌՇԼ-ն ընտրեց «Հյուջես այրքրաֆթ» ընկերության որպես կայանի նախագծման մատակարար[1]։ Ծրագրի ամբողջական գինը կազմել է 469 միլիոն ԱՄՆ դոլլար։
Ընդամենը արձակվել են այս ծրագրի յոթ կայաններ, որոնցից հինգը հաջողությամբ վայրէջք են կատարել։ Երկու կայան կորսվել է՝ Սերվեյոր 2-ը բախվել է Լուսնին մեծ արագության տակ ու ոչնչացել, և Սերվեյոր 4-ի հետ կապն ընդհատվել է 2,5 րոպե վայրէջքից առաջ, համարվում է որ այն պայթել է։
Բոլոր յոթ կայանները այժմ գտնվում են Լուսնի վրա։ Սերվեյոր 3-ի ոորոշ մասեր բերվել են Երկիր Ապոլոն 12-ի անձնակազմի կողմից։ Այդ կայանի վրա տեղադրված տեսախցիկը այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային օդագնացության և աստղագնացության թանգարանում[2]։
Բաղկացած է շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։ Գիտական սարքավորումները մի փքր տարբերվում էր կայանից կայան՝ անդրադարձած ալֆա-ճառագայթումով Լուսնի գրունտի քիմիական բաղադրությունը որոշելու անալիզատոր (Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), գրունտի մեխանիկական բնութագրերը հետազոտելու շերեփ-բռնիչ (Սերվեյոր 3, Սերվեյոր 4, Սերվեյոր 7), գրունտի մեջ մագնիսական նյութերը հայտնաբերելու սարքեր (Սերվեյոր 4, Սերվեյոր 5, Սերվեյոր 6, Սերվեյոր 7), Լուսնին մոտենալու տեղամասում նկարահանելու հեռուստատեսային խցիկ (Սերվեյոր 1 և Սերվեյոր 2)։
Բոլոր Սերվեյորներում տեղակայված են եղել Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու (Լուսնի մակերևույթի, Արեգակի, մոլորակների մոտ 86500 նկարահանում) հեռուստատեսային խցիկներ։
Սերվեյորների առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 995,2—1040 կգ, վայրէջքից հետո՝ 294,3—306 կգ։
1966—1968 թվականներին արձակվել է 7 Սերվեյոր կայան, որոնցից միայն հինգն են հաջողվել։
Սերվեյոր կայանը | Արձակման ամսաթիվ | Լուսնին հասնելու ամսաթիվ | Վայրէջքի վայր |
---|---|---|---|
Սերվեյոր 1 | 30 մայիսի, 1966 | 2 հունիսի, 1966 | Մրրիկների օվկիանոս |
Սերվեյոր 2 | 20 սեպտեմբերի, 1966 | 23 սեպտեմբերի, 1966 | Կոպեռնիկ խառնարանի մոտ (անհաջող) |
Սերվեյոր 3 | 17 ապրիլի, 1967 | 20 ապրիլի, 1967 | Մրրիկների օվկիանոս |
Սերվեյոր 4 | 14 հուլիսի, 1967 | 17 հուլիսի, 1967 | Կենտրոնական ծովածոց (անհաջող) |
Սերվեյոր 5 | 8 սեպտեմբերի, 1967 | 11 սեպտեմբերի, 1967 | Հանդարտության ծով |
Սերվեյոր 6 | 7 նոյեմբերի, 1967 | 10 նոյեմբերի, 1967 | Կենտրոնական ծովածոց |
Սերվեյոր 7 | 7 հունվարի, 1968 | 10 հունվարի, 1968 | Տիխո խառնարանի մոտ |
Սերվեյոր ծրագրի իրականացման ընթացքում ԱՄՆ-ն և Խորհրդային միությունը գտնվում էին Տիեզերական մրցավազքում։ Մասնավորապես Սերվեյոր 1-ը վայրէջք կատարեց խորհրդային Լունա 9-ից միայն չորս ամիս անց[3] պարտվելով Լուսնի վրա փափուկ վայրէջքի մրցավազքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.