From Wikipedia, the free encyclopedia
Ջաֆար Փանահի (պարս.՝ جعفر پناهی, հուլիսի 11, 1960[1][2][3], Միանե (Իրանական Ադրբեջան), Արևելյան Ադրբեջան, Իրան), իրանցի կինոռեժիսոր և սցենարիստ, իրանական կինեմատոգրաֆի «նոր ալիքի» հայտնի ներկայացուցիչներից մեկը։
Ջաֆար Փանահի պարս.՝ جعفر پناهی | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Միանե (Իրանական Ադրբեջան), Արևելյան Ադրբեջան, Իրան |
Կրթություն | University of Islamic Republic of Iran Broadcasting? և Թեհրանի համալսարան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | Ադրբեջանցի |
Կրոն | շիա իսլամ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0070159 |
Ջաֆար Փանահին ծնվել է 1960 թվականի հուլիսի 11-ին Արևելյան Ադրբեջանում (Իրանի պրովինցիա)՝ Միայնեհ քաղաքում։ Ծագմամբ ադրբեջանցի է[5]։ Երիտասարդ տարիքում նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, ապա ծառայել բանակում, մասնակցել իրան-իրաքյան պատերազմին, 76 օր անցկացրել գերության մեջ քուրդ ապստամբների մոտ։ Ծառայությունից հետո Փանահին ընդունվել է համալսարան, նկարահանել մի քանի վավերագրական սիրողական ֆիլմեր, աշխատել որպես ռեժիսորի օգնական մի քանի գեղարվեստական ֆիլմերի նկարահանման ժամանակ, որոնց թվում է եղել Աբաս Քիառոստամիի «Ձիթապտուղների միջով» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1994 թվականին։ Մեկ տարի անց Քիառոստամին օգնել է գրել «Սպիտակ գունդ» ֆիլմի սցենարը, որի ռեժիսորը եղել է Փանահին[6]։
Փանահիի ֆիլմերն ստացել են հեղինակավոր միջազգաին կինոմրցանակներ, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» (1995 թվական, «Սպիտակ գունդ» ֆիլմ), Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» (1997 թվական, «Հայելին» ֆիլմ), Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (2000 թվական, «Շրջան» ֆիլմ) և Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» (2006 թվական, «Օֆսայդ» ֆիլմ)[7]։
2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ և հարցազրույց տալ քսան տարվա ընթացքում[8][9]։ Բանտարկության փոխարեն Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ, սակայն դա չի խանգարել նրա աշխատանքին։ Ջաֆարը նկարահանել է «Սա ֆիլմ չէ» (2011) կինոնկարը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմն Իրանի սահմաններից դուրս է բերվել խմորեղենի մեջ թաքցված ֆլեշ կրիչով։ Դրանից հետո ռեժիսորն իրավունք է ունեցել տեղաշարժվել Իրանում, սակայն նրա անձնագիրը մնացել է իշխանությունների մոտ, և նա չի կարողացել մեկնել արտասահման։ Չնայած նկարահանումների արգելքին՝ 2013 թվականին Բեռլինում տեղի է ունեցել «Փակ վարագույր» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել էր ռեժիսորի ամառանոցում։ Ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի լավագույն սցենարի համար։ 2015 թվականին նրա նոր աշխատանքը՝ «Տաքսի» ֆիլմը[10], նույն կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի», ինչպես նաև ստացել հեղինակավոր մրցանակ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից[11]։ Այն նկարագրվել է որպես «Իրանի մայրաքաղաք Թեհրանի դիմանկար»[12] և «վավերագրականի նմանվող ֆիլմ, որ նկարահանվել է Թեհրանի տաքսու մեջ, որը վարում է Փանահին»[13]։
2012 թվականի հոկտեմբերին Ջաֆար Փանահին դարձել է Սախարովի անվան մրցանակի դափնեկիր[14]։
2018 թվականի մայիսին Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում Ջաֆար Փանահիին շնորհվել է մրցանակ լավագույն սցենարի համար («Երեք դեմք» ֆիլմ), սակայն այդ ժամանակ նա գտնվել է Իրանում տնային կալանքի տակ[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.