գերմանացի դադաիստ նկարիչ և բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Թեոդոր Բաառգելդը (գերմ.՝ Johannes Theodor Baargeld) գերմանացի դադաիստ նկարիչ և բանաստեղծ Ալֆրեդ Էմանուել Ֆերդինանդ Գրյունվալդի (գերմ.՝ Alfred Emanuel Ferdinand Grünwald, 1892 թ․ հոկտեմբերի 9, Շթեթին, Գերմանական կայսրություն - 1927 թ․ օգոստոսի 17 կամ 18, Մոնբլան) ստեղծագործական կեղծանունն էր։ Նկարիչը հանդես է եկել նաև Ցենթրոդադա (Zentrodada) կեղծանվամբ։ Բաառգելդը նաև զբաղվում էր էքստրեմալ լեռնագնացությամբ։
Յոհաննես Թեոդոր Բաառգելդ Johannes Theodor Baargeld | |
---|---|
Ի ծնե | Ալֆրեդ Էմանուել Ֆերդինանդ Գրյունվալդ |
Կեղծանուն | Ցենթրոդադա |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Շթեթին, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1927[1][4] (34 տարեկան) |
Մահվան վայր | Մոնբլան |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Բոննի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, նկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | դադաիզմ |
Johannes Theodor Baargeld Վիքիպահեստում |
Յոհաննես Բաառգելդը Մաքս Էռնսթի հետ ստեղծել է Քյոլնի դադաիստական խմբակը։ Նա նաև «Հովհարիչ» (Der Ventilator) պարբերականի խմբագիրն էր։ Այն 1919 թվականին հիմնադրել էին Էռնսթը և Ժան Արպը։ Բաառգելդը հրատարակել է նաև Bulletin D և die schammade թերթերը։
Յոհաննես Բաառգելդը մահացել է 1927 թվականին Ֆրանսական ալպերում, մնալով ձնահյուսի տակ։
Յոհաննես Բաառգելդը ծնվել է Շթեթինում։ Նա մեծացել է Քյոլն քաղաքում։ 1912-13 թթ. ուսումնական տարում Բաառգելդը սովորել է Օքսֆորդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, իսկ հաջորդ տարվանից ուսումը շարունակել է Բոնում։
Առաջին աշխարհամարտի տարիներին` 1914-1917 թվականներին Բաառգելդը պահեստազորի լեյտենանտ էր։ 1917 թ. նա սկսել է լիրիկական և քաղաքական տեքստեր գրել Ֆրանց Փֆեմֆերթի «Վարմունք» (Die Aktion) պարբերականի համար։ 1918 թվականին անդամակցել է Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։
1919 թվականի փետրվարին Յոհաննես Բաառգելդը և Մաքս Էռնսթը հիմնադրել են Քյոլնի դադաիստական խմբակը։ Բաառգելդը և Էռնսթը նաև համատեղ տպագրել են «Հովհարիչ» (Der Ventilator) պարբերականը։ Այդտեղ տպագրվել են տարբեր դադաիստ հեղինակների մեծ թվով գրական և նկարչական աշխատանքներ, որոնք հիմնականում երգիծական բնույթի էին[5]։
1920 թվականի փետրվարին Բաառգելդն ու Էռնստթը միասին սկսել էին die schammade թերթի տպագրությունը (դրա անվանումն անթարգմանելի հորինվածք է, որը բաղկացած է անձնատվություն, ամոթ, վանկախաղ ևն բառերից[6]), սակայն դրա միայն մեկ տպաքանակ է թողարկվել։ Թերթի կարգախոսն էր` «Դիլետանտնե՜ր ելե՜ք» և այն կարևոր դեր ուներ Քյոլնի դադաիստական կյանքի համար, քանի որ ներառում էր ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչների, այլ նաև` երեխաների, մտավոր խնդիրներ ունեցողների և սիրողական նկարիչների աշխատանքներ[5][7]։
Իրենց հրատարակած թերթերում Յոհաննես Բաառգելդը և Մաքս Էռնսթը ներկայացնում էին Քյոլնի, Փարիզի և Ցյուրիխի դադաիստական անցուդարձը։ Բաառգելդի արվեստն առանձնահատուկ է ոչ ավանդական ասամբլյաժներով և կոլաժներով, ֆոտոմոնտաժներով, տիպոգրաֆիկայով։ Բաառգելդի աշխատանքները հիմնականում բաղկացած են սադրիչ աստիճանի հասնող հանելուկային տեքստի և նկարազարդումների կամ պատրաստի նկարների համադրությամբ[5]։ Բացի այդ Բաառգելդի աշխատանքներում մշտապես առկա է առնչությունն ինքնությանը և տրանսվեստիզմին։ Իր Դադա Բաառգելդի արտապատկերումը տիպիկ ուղղահայաց խառնակույտի միջոցով աշխատության մեջ Բաառգելդն իր դիմալուսանկարը համադրել է Միլոսյան Վեներայի կրծքի հետ։
Յոհաննես Բաառգելդի գրական ստեղծագործություններին հատուկ էին երգիծական և սադրիչ երանգները, ինչի համար էլ դրանք արգելվել էին Հռենոսի մարզի բրիտանական օկուպացիոն իշխանությունների կողմից[6]։
Յոհաննես Բաառգելդը մասնակցել է 1920 թ. ամռանը Բեռլինում տեղի ունեցած Առաջին միջազգային դադաիստական ցուցահանդեսին։ 1921 թվականի մայիսի 2-ին Մաքս Էռնսթը Ռենե Իլսոմի փարիզյան Au sans pareil տպագրատանը կազմակերպել է իր Fatagaga պատկերաշարի ցուցադրությունը։ Ցուցադրված նկարներից շատերի ստեղծման համար օգտագործվել էին Բաառգելդի որոշ կոլաժներ։ Այդ ցուցահանդեսից ոչ շատ ժամանակ անց Բաառգելդը թողել է դադաիզմը և խզել իր կապը դրա հետ[8]։ Դրանից հետո Բաառգելդը սկսել է զբաղվել ժողովրդական տնտեսության ուսումնասիրությամբ։
1923 թվականին Բաառգելդը սկսել է զբաղվել էքստրեմալ լեռնագնացությամբ։ Նա իր առաջին ուսումնական վերելքներն արել է Ալպերում։ Այդ վերելքների ընթացքում նա արել է բնալուսանկարներ, որոնք պահվում են Քյոլնի Լյուդվիգ թանգարանում[9]։ 1927 թվականի օգոստոսի կեսերին 34-ամյա Յոհաննես Բաառգելդը սկսել է իր վերելքը Մոնբլանի վրա։ Նա մնացել է ձնահյուսի տակ։
Յոհաննես Բաառգելդը թաղված է Քյոլնի Մելաթեն գերեզմանատանը[10]։ Քյոլնի Յունքերսդորֆ թաղամասում Յոհաննես Բաառգելդի հիշատակին անվանակոչվել է փողոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.