From Wikipedia, the free encyclopedia
Լեռ, հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի՝ համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է։ Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ։
Լեռները պատում են Ասիայի 64 %-ը, Եվրոպայի 25 %-ը, Հարավային Ամերիկայի 22 %-ը, Ավստրալիայի 17 %-ը և Աֆրիկայի 3 %-ը։ Երկրի ցամաքային զանգվածի 24 %-ը լեռներ են, և մարդկության 10 %-ը ապրում է լեռնային վայրերում[1]։ Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն։ Ըստ այդմ՝ լեռները կարող են լինել երիտասարդ և ծեր։
Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն. այդ ցուցանիշով աշխարհում ամենաբարձրը Արարատն է (4365 մ)։ Ծովի մակարդակից հաշված բարձրությունը կոչվում է «բացարձակ», որով առաջին տեղում է Էվերեստը (8848 մ)։ Բլուրները նույնպես լեռներ են, որոնք ունեն փոքր հարաբերական բարձրություն։
Մոլորակի վրա հազվադեպ են հանդիպում առանձին լեռներ։ Դրանք հիմնականում հանգած կամ գործող հրաբուխներ են։ Կազմելով խումբ՝ լեռները միանում են լեռնաշղթաների, իսկ լեռնաշղթաները՝ լեռնային համակարգերի ու լեռնաշխարհների մեջ։ Լեռնաշղթայի ամենաբարձր մասը կատարն է կամ գագաթը։ Սրածայր գագաթները կոչվում են պիկեր։ Կատարի վրայի իջվածքը, որը հարմար է լեռնաշղթայով անցնելու համար, կոչվում է լեռնանցք։
Լեռնաշղթաները կարող են ձգվել հարյուրավոր, իսկ լեռնային համակարգերը՝ հազարավոր կիլոմետրեր։ Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ Անդերը, գտնվում են Հարավային Ամերիկայի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 000 կմ երկարությամբ։
20-րդ դարի ընթացքում երկրաբանները հայտնաբերել են օվկիանոսների գրեթե կենտրոնով ձգվող երկար լեռնաշղթաներ, որոնք առաջացնում են ավելի քան 70 000 կմ երկարությամբ միասնական շղթա՝ 2000-3000 մ հարաբերական բարջրությամբ։ Ստորջրյա լեռների առանցքի երկարությամբ անցնում է մինչև 3 կմ խորություն ունեցող բեկվածք։ Դրանցում կան գործող և հանգած հրաբուխներ։ Հայտնի են Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոս), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս), Հավայան (Խաղաղ օվկիանոս), Կենտրոնական (Հնդկական օվկիանոս) լեռնաշղթաները և այլն։
Ստորջրյա լեռնաշղթաների գագաթները երբեմն դուրս են գալիս մակերևույթ և առաջացնում են կղզիներ։ Դրանցից հայտն են Իռլանդիան, Համբարձման կղզին, Ազորյան կղզեխումբը և այլն)։
Ըստ բարձրության՝ լեռները լինում են ցածր (500-1000 մ), միջին (1000-2500 մ) և բարձր (2500 մ և ավելի)։
Երկիր մոլորակի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը Հիմալայներն է (թարգմանաբար նշանակում է «երկրի տանիք»)՝ Նեպալի,Հնդկաստանի և Չինաստանի սահմանին։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180–350 կմ, տարածությունը՝ մոտ 650 000 կմ2։ Այն ունի ձյունով և սառցեդաշտերով ծածկված 11 գագաթ՝ ավելի քան 8000 մ բարձրությամբ, և դրանց մեջ է Երկրի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգմա 8848 մ)։
Եվրոպայի ամենաբարձր լեռնային համակարգը Ալպերն է՝ Շվեյցարիայի տարածքում և Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին։ Այն Միջերկրական ծովից 1200 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Առավելագույն բարձրությունը 4807 մ է (Մոնբլան լեռ)։
Երկրագնդի ամենաբարձր մեկուսի լեռնազանգվածը Մաունա-Լոա հրաբուխն է Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում, որի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 4170 է, իսկ օվկիանոսի հատակից՝ 9350 մետր։
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1 կմ-ում իջնում է 5–6օC-ով, ավելանում է տեղումների քանակը, ամպամածությունը և այլն։ Կլիմայական պայմանների փոփոխությունը, որն առաջանում է սրա հետևանքով, կոչվում է վերընթաց գոտիականություն։ Բարձրլեռնային երկրներում տարածված կործանարար և աղետալի երևույթներից են սողանքները, ձնահյուսերը։
Ըստ կառուցվածքի՝ տարբերում են ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային լեռներ։ Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը ճկվել են, առաջացրել ծալքեր, օրինակ՝ Կովկասյան, Հիմալայան, Պոնտական, Տավրոսի լեռները և այլն։ Ծալքաբեկորային լեռների կառուցվածքում կան միաժամանակ ծալքեր և ապարաշերտերի բարձրացումից ու իջեցումից առաջացած բեկորներ կան (Զանգեզուրի, Փամբակի լեռներ)։ Հրաբխային լեռներն էլ առաջանում են հրաբխի ժայթքման ժամանակ դուրս մղված լավայի կուտակումից։
Ըստ տարիքի՝ տարբերվում են երիտասարդ և հին լեռներ։ Առաջին խմբի լեռները սովորաբար բարձր են, սրածայր կատարներով ու զառիթափ լանջերով։ Նման օրինակ է Ալպ-հիմալայան գեոսինկլինալայաին օղակի լեռնաշղթաներն ու լեռնային համակարգերը, որոնց տեղում ժամանակին ջրային տարածություն է եղել։
Հին լեռները ցածր են՝ քայքայված ու հարթված լանջերով։ Դրանցից են Ուրալյան, Սկանդինավյան, Ապալաչյան լեռները։ Հին լեռները սովորաբար առավել հարուստ են օգտակար հանածոներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.