հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Թորոս Հարությունի Թորամանյան (մարտի 18, 1864[1], Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 1, 1934[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ և լուսանկարիչ։ Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրը։
Թորոս Թորամանյան | |
---|---|
Թորոս Թորամանյանը Անիում, 1907 թվական | |
Ծնվել է | մարտի 18, 1864[1] |
Ծննդավայր | Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 1, 1934[2][1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Istanbul State Academy of Fine Arts? |
Աշխատավայր | Հայաստանի Պատմության Թանգարան |
Պարգևներ | |
Թորոս Թորամանյան Վիքիքաղվածքում | |
Թորոս Թորամանյան Վիքիդարանում | |
Toros Toramanian Վիքիպահեստում |
Ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թվականին, հողագործի ընտանիքում։ 1878 թվականին 14 տարեկանում զրկվել է ծնողներից։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Մուշեղեան վարժարանում։ 1883 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Կ. Պոլիս, որտեղ աշխատել որպես քարկոփի եւ ապա հյուսնի աշկերտ, նույն ժամանակ պատրաստվելով համալսարանական մուտքի քննություններին։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։
Ավարտելուց հետո նույն քաղաքում աշխատում է որպես ճարտարապետ, նախագծում մենատներ։ 1895 թվին Կ.Պոլսո հայ բնակչության հանդեպ երկօրյա կոտորածներից հետո լքել է Կ.Պոլիսը և մեկնել է Բուլղարիա։ 1896-1900 թթ. ապրել է Բուլղարիայում, զբաղվել շինարարությամբ, նախագծելով մի քանի շենքեր, գլխավորապես հարուստ հայերի (Մանուկյանների, Սարգիս Ֆադյանի, Դանիել Բուլղարացու և այլն) համար։ Մի կարճ ժամանակով ապրել է նաև Ռումինիայում։ Սակայն նրան ավելի շատ հետաքրքրել է ճարտարապետության տեսությունը։ Այդ նպատակով 1900 թվականին այցելել է Հունաստան, ապա Եգիպտոս և Իտալիա անձամբ մոտիկից հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներին ծանոթանալու համար։ 1902 թվականին մեկնել է Փարիզ՝ Սորբոն, ուր հետևել է ժամանակի հայտնի ճարտարապետության պատմության պրոֆեսորների դասախոսություններին, ճարտարապետության պատմության և արվեստի մասին։ Զբաղվել է արևելյան հնագիտական առարկաների ուսումնասիրությամբ։
Թորամանյանը 1903 թվականին կարճ ժամակով վերադարձել է Բուլղարիա։ Սակայն նույն թվականին գարնանը Փարիզաբնակ հայագետ Կարապետ Պասմաճյանի առաջարկով, եւ նրա հետ, երեք ամսով գնացել է Անի՝ ուսումնասիրություններ կատարելու համար։ Սակայն Անին մեծ անակնկալ եղավ Թորամանյանի համար։ Այս կապակցությամբ Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝ «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»։
Այս տողերով Թորամանյան ակնարկել է, որ մինչեվ XX դարի սկիզբը, հայկական ճարտարապետությունը ճանաչված չէր որպես ինքնուրույն ճարատարապետական ոճ ունեցող առանցին դպրոց։ Այս մասին Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝«Դժբախտաբար, ոչ մեկ տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժնի մը, ոճերու ուսումնասիրությանց շարքին մէջ։ Հետեւաբար հայ ոճի մը գոյութեանը չէի երեվակայեր իսկ»։ Հենց այս պատճառով Թորամանյանը որոշել է մնալ Անիում եւ անձամբ ուսումնասիրել հայ ժողովրդի քարակերտ ժառանգությունը։ Այդ որոշման իրականացմանը նպաստել է հայտնի հնագետ Նիկողայոս Մառի Անիում լինելը, որը երկրորդ անգամ էր եկել Անի՝ պեղումներ կատարելու։ Թորամանյանն ունեցել է Մառի նյութական աջակցությունը։
1904 թվականին մեկնել է Էջմիածին՝ վաղ միջնադարյան հայ ճարտարապետության հուշարձաններն ուսումնասիրելու համար։ Այդպիսով, նա հասել է Զվարթնոց, որտեղ 1900 թվականից պեղումներ էր սկսել Խաչիկ Վարդապետ Դադյանը։ Խաչիկ Վարդապետը չունենալով այն մասնագիտական որակավորումը, որ ուներ Թորամանյանը, պեղումներն արդեն դադարեցրել էր, երբ Թորամանյանը հասել է այնտեղ, առանց կարողացած լինելու գործը ավարտին հասցնել։ Մինչ այդ պեղումները, Զվարթնոց տաճարի ավերակները թաղված են եղել հողի թանձր շերտի տակ։ Տաճարը, ինքնատիպ կոթող լինելով եւ գրեթե ավերակ վիճակով մեզ հասած լինելով, իսկական հանելուկ է այն տեսնողների համար։ Կառույցի սկսբնական տեսքը, ինչպես նաեւ հատակագծում երեւացող յուրահատուկ ձեւերի իմաստը ոչ ոք չէր կարողացել հասկանալ։ Թորամանյանի գլխավորությամբ պեղումները վերսկսել են։ Նա լծվել է տաճարի հորինվածքի մանրամասն ուսումնասիրության գործին, որի արդյունքները 1905 թվականին տպագրել է Թիֆլիսում հրատարակվող Մուրճ մասագրում՝ «Զվարթնոց եկեղեցին» վերնագրված հոդվածով։ Այստեղ Թորամանյան առաջարկել է տաճարի իր վերակազմությունը, ըստ որի այն եղել է բոլորակաձեվ հատակագծով եռահարկ գմբեթավոր կառոյց։ Թորամանյանի տեսությունը կասկածանքով է ընդունվել հայ հասարակության կողմից, եւ բազմաթիվ վեճերու առիթ էր հանդիսացել, պարզ այն պատճառավ որ մինջ այդ ոչ ոք նման բան տեսել էր, եւ այն ժամանակվա համար դա մի չափազանց անսովոր բան էր։
Վեճերը վերջապես վերջ են գտել երբ Նիկողայոս Մառը Անիում Գագիկաշեն սբ.Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերել է Գագիկ Ա. թագավորի արձանը՝ տաճարի մանրակերտը ձեռքին։ Այսպիսով հաստատվել է որ Թորամանյանին հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն վերարտադրել շինության ծավալատարածական կառուցվածքը, քանի որ համաձայն պատմական աղբյուրների, Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։
1913 թվականին Թորամանյանը Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով մեկնել է Վիեննա, միասնաբար հայկական ճարտարապետության մասին աշխատություն մը գրելու նպատակավ։ Որոշ ժամանակ անց նա որոշել է հետ վերադառնալ Հայաստան, որոշ լրացումներ կատարելու համար։ Սակայն սկսել է Առաջին աշխարհամարտը, եւ նա հետ չի կարողացել գնալ Վիեննա։ Թորամանյան իր հետ տարած է եղել իր ահագին արխիվը, ինչպես գծագիրներ, լուսանկարներ, գրարումներ եւ այլն, եւ որոնք վերջնականապես մնացել են այնտեղ, Ստրժիգովսկու մոտ, առանց որ Թորամանյանը կարողանա նրանք հետ վերադարձնել։ 1918 թվականին Ստրժիգովսկին ինքնուրույն հրատարակում է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» իր երկհատորանոց աշխատությունը, ամբողջությամբ հիմնվելով Թորամանյանի նյութերի վրա, ի հարկե առանց մոռանալու հիշել Թորամանյանին որպես նյութերի հեղինակի։
1905-1909 թթ. հայտնի հնագետ Նիկողայոս Մառի արշավախմբի հետ մասնակցել է Անիում տարվող պեղումներին, ուսումնասիրել, չափագրել եւ լուսանկարել է նրա ավերակների ողջ ճարտարապետական ժառանգությունը (եկեղեցիներ, պալատներ, պարիսպներ և այլն), ինչպես նաև կատարել նրանցից որոշների վերակազմությունը։
Որպես հետազոտողի, Թ. Թորամանյանը իր բեղուն գործունեության տարիներին կատարել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների չափագրություններ, լուսանկարներ եւ վերակազմություններ։ Ան Հրատարակել է նաև բազմաթիվ հոդվածներ, սակայն չի հասցրել գրել ամբողջական գրքեր։ Իր մահվանից հետո տպագրված գրքերը ավելի շուտ իր աշխատանքների ժողովածումեր են։
1921 թվականին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։
Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Թ. Թորամանյանը չափազանց կարեվոր ներդրում է ունեցել հայկական ճարտարապետության միջազգային գնահատման գործում։ Նրա արած գործը, բազմաթիվ զրկանքների գնով, կարելի է համեմատել ամբողջ գիտահետազոտական հիմնարկի մը աշխատանքին հետ։ Նա ոչ միայն եղել է հմուտ մասնագետ, այլ նվիրյալ հայ մը, որ զինված էր անսահման սիրով դեպի հայ ճարտարապետությունը։ Հայ մշակույթի համար իր ըրած վիթխարի գործին համար, իրավամբ, նրան համարում ենք հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հայր։
Իր աշխատանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները։
Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։
Թ. Թորամանյանի ստեղծած նյութերով՝
Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս Ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի։ Նա մեր հոյակապ ավերակների ու հուշարձանների, նույնքան հոյակապ երգիչն է։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.