From Wikipedia, the free encyclopedia
Բոտուլիզմ սննդային թունավորում, հարուցվում է Կլոստրիդիում բոտուլինումի կողմից արտադրվող թույներով (տոքսիններ)[1]։ Հիվանդությունը սկսվում է թուլությամբ, հոգնածությամբ, տեսողության և լսողության խանգարմամբ[1]։ Ավելի ուշ կարող է միանալ ձեռքերի, կրծքավանդակի մկանների և ոտքերի թուլություն[1]։ Կարող է դիտվել նաև փսխումներ և դիարեա[1]։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ջերմության բարձրացման[1]։
Ենթակատեգորիա | առաջնային բակտերիալ վարակիչ հիվանդություն, բակտերիալ հիվանդություն, acquired neuromuscular junction disease, նյարդային համակարգի վարակիչ հիվանդություն, geonosis, Սննդային թունավորումներ | |
---|---|---|
Պատճառ | Clostridium botulinum, Բոտուլոտոքսին | |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն | |
Բուժում | դետոքսիկացիա, hyperbaric medicine, Ստամոքսի լվացում, enema, սիմպտոմատիկ բուժում, mechanical ventilation | |
Minimal incubation period in humans | 6 ժամ | |
Maximal incubation period in humans | 10 օր | |
Has natural reservoir | հող |
Բոտուլիզմը կարող է տարածվել տարբեր ճանապարհներով[1]։ Բակտերիալ սպորները, որոնք առաջացնում են հիվանդությունը, տարածված են ինչպես հողի, այնպես էլ ջրի միջոցով[1]։ Որոշակի պայմաններում նրանք արտադրում են բոտուլոտոքսին[1]։ Սննդային բոտուլիզմով մարդիկ հիվանդանում են, երբ ընդունում են բոտուլոտոքսին պարունակող սնունդ[1]։ Մանկական տարիքում բոտուլիզմը առաջանում է, երբ բակտերիաները հայտնվում են աղիներում և արտադրում են թույն[1]։ Սովորաբար դա լինում է մինչև վեց ամսական երեխաների մոտ, քանի որ դեռևս օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները լիովին զարգացած չեն[1]։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են թմրանյութեր[1]։ Այդ դեպքում սպորները հայտնվում են վերքային խողովակում և թթվածնի բացակայության պայմաններում արտադրում են թույն[1]։ Այն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց մինչև[1]։ Ախտորոշումը հաստատվում է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է բակտերիան կամ թույնը[1]։
Առաջնահերթ կանխարգելումը ճիշտ սննդի պատրաստումն է[1]։ Թույնը ոչնչանում է 85 °C ջերմաստիճանային պայմաններում 5 րոպե եռացնելիս[1]։ Մինչև 12 ամսական երեխաներին չի թույլատրվում օգտագործել մեղր, քանի որ այն իր մեջ պարունակում է հարուցիչը[1]։ Բուժումը կատարվում է հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով[1]։ Մահացությունը կազմում է 5-10%[1]։ Հիվանդության անվանումը ստացել է լատիներեն բոտուլուս բառից, որը նշանակում է երշիկ[2]։ Առաջին անգամ այս հիվանդության մասին խոսվել է 1793 թվականին Գերմանիայում[3]։
Սովորաբար առաջինը ախտահարվում է XII գանգուղեղային նյարդերի կորիզները, որի հետևանքով դիտվում է ակնային ախտանիշներ՝ երկտեսություն, ակնագնդերի շարժման սահմանափակում ընդհուպ լրիվ անհնարինություն (հայացքի պարեզ), կլման ակտի խանգարում և դեմքի միմիկայի մկանների ախտահարում։ Կարող է ախտահարվել նաև վեգետատիվ նյարդային համակարգը, որի հետևանքով դիտվում է բերանի և կոկորդի չորություն (թքարտադրության նվազման հետևանքով), պոստուրալ հիպոտենզիա (արյան ճնշման անկում հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի անցնելիս) և փորկապություն (աղիների գալարակծկանքի նվազման հետևանքով)[4]։
Որոշ թույներ (B և E) առաջացնում են սրտխառնոց, փսխում, խոսքի խանգարում[4]։ Այնուհետև մկանային թուլությունը տարածվում է ձեռքերի և ոտքերի մկանների վրա[4]։
Ծանր դեպքերում բոտուլիզմը բերում է շնչառական մկանների աշխատանքի թուլացման, որն էլ բացասաբար է ազդում գազափոխանակության վրա։ Շնչառության խանգարումն ու կանգը բոտուլիզմով հիվանդների մահվան հիմնական պատճառն է հանդիսանում[4]։
Մանկական բոտուլիզմը առաջին անգամ արձանագրվել է 1976 թվականին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն բոտուլիզմի ամենատարածված տեսակն է։ Մանկական բոտուլիզմը ախտահարում է կյանքի առաջին տարում, որից դեպքերի 90%-ը բաժին է հասնում մինչև վեց ամսական երեխաներին[5]։ Մանկական բոտուլիզմը առաջանում է, երբ բոտուլինումի սպորները ներթափանցում են աղիներ և ենթարկվում գաղութացման։ Երեխաների աղիները կարող են գաղութացվել, երբ նորմալ միկրոֆլորայի բակտերիաների քանակությունը և կազմը բավարար չէ ճնշելու Կ. Բոտուլինումին, ինչպես նաև դրան նպաստում է լեղաթթուների ցածր մակարդակը[6]։
Կ. Բոտուլինումի սպորները արտադրում են բոտուլոտոքսին, որը ներծծվելով անցնում է արյան հուն և տարածվում ամբողջ օրգանիզմով առաջացնելով պարալիչներ՝ արգելակելով նյարդամկանային միացման հատվածում ացետիլխոլին միջնորդանյութի ձերբազատումը։ Մանկական բոտուլիզմին բնորոշ ախտանշաններն են ՝ փորկապություն, լեթարգիա, թուլություն, կերակրման դժվարություն, ձայնի փոփոխություն, պրոգրոսիվող լուծանք (պարալիչ)։ Մեծ մասամբ նորածինների մոտ առաջին կլինիկական ախտանիշը լինում է փորկապությունը, որը հաճախ մնում է աննկատ[7]։
Մեղրը համարվում է բոտուլինումի հարուցիչների պահեստ։ Այդ պատճառով մինչև մեկ տարեկան երեխաներին արգելված է մեղր օգտագործել[6]։ Ենթադրվում է, որ մանկական բոտուլիզմի դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունենում բնական միջավայրերից սպորներ ձեռք բերելու միջոցով։ Կ. Բոտուլինումը ամենուրեք տարածված հողատարածքային մանրէ է։ Բոտուլիզմով հիվանդներից շատերը ապրում են շինհրապարակների հարևանությամբ[8]։
Մանկական բոտուլիզմը հայտնաբերվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 50 նահանգներից 49-ում (բացի Ռոդ Այլենդ) և դեպքեր գրանցվել են 26 երկրներում[9]։
Մանկական բոտուլիզմը չունի հեռակա կողմնակի էֆեկտներ, բայց կարող է նպաստել ներհիվանդանոցային վարակների տարածմանը։ Բոտուլիզմը կարող է բերել մահվան շնչառական անբավարարության հետևանքով։
Բուժական ծառայության բարելավման հետևանքով վերջին 50 տարիներին մահացությունը նվազել է 50%-ից մինչև 7%։ Բոտուլիզմի ծանր դեպքերում հիվանդին հնարավոր է անհրաժեշտ լինի թոքերի արհեստական շնչառություն (ԹԱՇ), ինչպես նաև հիվանդին անհրաժեշտ է վերականգնողական բուժում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո[10]։
Բոտուլինում կլոստրիդիան դա անաէրոբ, գրամ դրական, սպոր առաջացնող ցուպիկ է։ Բոտուլոտոքսինի մեկ միկրոգրամի ներշնչումը մահացու չափաբաժին է համարվում մարդու համար[11]։ Բոտուլոտոքսինը շրջափակման է ենթարկում խոլինէրգիկ նյարդային վերջույթներում ացետիլխոլինի ձերբազատումը, ինչի հետևանքով զարգանում է ծայրամասային լուծանք (պարալիչ)։ Ծանր դեպքերում բոտուլիզմը կարող է բերել շնչառական անբավարարության, կրծքավանդակի մկանների լուծանքի, որն էլ կարող է հանգեցնել մահվան[12]։
Բացի դրանից, շրջափակման է ենթարկում ացետիլխոլինի ձերբազատումը մուսկարինային նյարդի նախասինապտիկ թաղանթից։ Դա հանգեցնում է վերը նշված տարբեր վեգետատիվ ախտանիշների առաջացմանը։ Հիվանդությունը առաջանում է ոչ թե մանրէի անմիջական ազդեցությունից, այլ անաէրոբ պայմաններում նրա կողմից արտադրված թույնից։
Թույնն ազդում է նյարդերի վրա, որոնք ի սկզբանե ապաբևեռացման են ենթարկվում ավելի բարձր հաճախականությամբ[13]։
Արևմուտքի երկրներում ամենատարածված ձևը բոտուլիզմի մանկականն է։ Դա լինում է այն երեխաների շրջանում, որոնց աղիները գաղութացվում են հարուցչով կյանքի վաղ փուլերում։ Այնուհետև մանրէները արտադրում են թույն, որը ներծծվում է արյան մեջ։ Կյանքի առաջին տարում մեղրի օգտագործումը հանդիսանում է մանկական բոտուլիզմի առաջացման ռիսկի գործոն[4]։
Սխալ պատրաստված և ոչ ճիշտ պայմաններում պահված պահածոներն հանդիսանում են սննդային բոտուլիզմի առաջացման հիմնական պատճառ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր գրանցվում են ապխտած մսից և ձկնեղենից։ Ձուկը, որը եղել է մարինացված առանց աղի, նատրիումի բարձր պարունակությամբ կամ ոչ թթու միջավայրում նույնպես ռիսկի գործոն է հանդիսանում սննդային բոտուլիզմի։ Ինչպես նաև ապխտած ձուկը պահպանված բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Սննդային բոտուլիզմը առավել հաճախ առաջանում է տնային պայմաններում պատրաստված պահածոներից[14]։
Սննդային բոտուլիզմը առաջանում է այն աղտոտված սննդից, որտեղ կան նպաստավոր պայմաններ սպորների աճի համար։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեկից ավելի մարդիկ են օգտվում միևնույն սննդից, ապա հիվանդանում են միաժամանակ մի քանի հոգի։ Սիմպտոմները հաճախ առաջանում են ուտելուց 12–36 ժամ անց, սակայն կարող են առաջանալ նաև 6 ժամից մինչը 10 օրվա ընթացքում[15]։
Վերքային բոտուլիզմը առաջանում է, երբ վերքը աղտոտվում է մանրէով, որից հետո թույնը ներթափանցում է արյան մեջ։ Այն ավելի տարածվեց 1990-ական թվականներին, երբ սկսեցին օգտագործել ինյեկցիոն (ներարկում նարկոտիկներ)[4]։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է 29% դեպքերում։
Բոտուլիզմի եզակի դեպքեր նկարագրվում են լաբորատորիայում ինհալյացիայից (շնչելու միջոցով դեղանյութերն օրգանիզմ ներմուծելու մեթոդ հետո)։
Բոտուլիզմ առաջացել է նաև կոսմետիկ միջամտության՝ բոտեքսի ժամանակ[4]։
Բոտուլինոտոքսինը՝ դա սպիտակուց է, որն անաէրոբ պայմաններում (որտեղ թթվածինը բացակայում է) վերածվում է բակտերիա Կլոստրիդիում բոտուլինումի։
Կլոստրիդում բոտուլինումը անաէրոբ, գրամ դրական միկրոբ է, որը արտադրում է սուբտերմինալ էնդոսպորներ[16]։
Գոյություն ունի ութ սերոլոգիական տարբեր բակտերիաներ, որոնք նշվում են A-ից H տառերով։ Տոքսինը ազդում է միևնույն մեխանիզմով՝ խոլինէրգիկ նյարդային վերջույթներում ացետիլխոլինի ձերբազատում և առաջացնում է հետևյալ ախտանշանները՝ մկանային պարալիչ, տեսողության խանգարում, պտոզ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն, շնչառության դժվարացում։
Տարբերում ենք բոտուլինոտոքսինի 8 տիպեր ( A, B, C [C1, C2], D, E, F и G), որոնք հակամարմիններով և սերոլոգիապես տարբեր են, բայց նրանց ազդեցության մեխանիզմը նույնն է։ Մարդուն ախտահարում է հիմնականում A, B, E և հազվադեպ F տիպը։ C և D տիպերը ախտահարում են միայն կենդանիներին[17]։
2013 թվականի հոկտեմբերին հայտնաբերվեց H տիպը, հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ H տիպը իրենից ներկայացնում է քիմիական թույն, որն բաղկացած է F և A (FA) տիպերից[18]։
Որոշ տիպեր ունեն բնորոշ հոտ և ունեն պրոտեոլիտիկ հատկություն (տիպ A և մի քանիսը B-ից և F-ից)։ Տիպ E և մի քանի տիպեր B, C, D և F պրոտեոլիտիկ հատկություն չունեն և կարող են մնալ աննկատ, քանի որ չունեն բնորոշ հոտ[16]։
Երբ բակտերիաները գտնվում են սթրեսային պայմաններում նրանք առաջացնում են սպորներ, որոնք ավելի կայուն են։ Նրանց բնական միջավայրերն են հողը, լճերը, օվկիանոսների ափամերձ տարածքները։ Որոշ տեսակներ հանդիսանում են կաթնասունների աղիքային տրակտի մշտական բնակիչները (օրինակ, ձիեր, անասուններ, մարդիկ)։ Սպորները կարող են գոյատևել երկար տարիներ[19]։
Տոքսինը արտադրվում է այն ժամանակ, երբ միջավայրի պայմանները բարենպաստ են սպորների աճման և բազմացման համար, բայց այն գենը, որը կոդավորում է տոքսինը իրականում ներդրվում է այն ժամանակ, երբ բակտերիան վարակվում է վիրուսով կամ ֆագով։ Ցավոք քիչ տվյալներ են հայտնի, թե ինչ պայմաններում է բակտերիան վարակվում և բազմանում՝ ներդնելով իր գենը[20]։
Սպորների համար բարենպաստ պայմաններ են բարձր ջերմաստիճանը, սպիտակուցի աղբյուրի առկայությունը, անաէրոբ միջավայրը և խոնավությունը, որպեսզի սպորը ակտիվանա և արտադրի տոքսին։ Բնության մեջ նեխած բուսականությունը և անողնաշարավորների առկայությունը բարձր ջերմաստիճանային պայմանների հետ միասին ապահովում են իդեալական պայմաններ բակտերիայի ակտիվացման և տոքսինի արտադրման համար։ Սպորները չեն ոչնչանում եռացնելիս, սակայն բոտուլիզմ հիվանդություն առաջանում է շատ հազվադեպ, քանի որ բոտուլոտոքսինի արտադրման համար սպորներին անհրաժեշտ են հատուկ պայմաններ՝ անաէրոբ միջավայր, աղի քիչ քանակություն և միջավայրի բարձր ջերմաստիճան[21]։
Բոտուլոտոքսինը արգելակում է նյարդային վերջավորություններում ացետիլխոլինի ձերբազատումը, որը պատասխանատու է շարժիչ նյարդերի մկանային բջիջների միացման համար։ Բոտուլիզմի բոլոր տեսակները բերում են պարալիչի, հիմնականում սկսվելով դեմքի մկաններից և տարածվելով դեպի վերջույթներ։ Ծանր դեպքերում ախտահարում է շնչառական մկանները բերելով սուր շնչական անբավարարության[4]։ Բոլոր կասկածելի դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, ինչպես նաև անհրաժեշտ է գտնել վարակի աղբյուրը և կանխել նոր վարակվածության դեպքերը[4]։
Բոտուլոտոքսին A, C, և E–ն կազմափոխում են SNAP-25 սպիտակուցը (պատասխանատու A–ի դուրս բերումը սինապսից), որը ի վերջո բերում է պարալիչի։
Բոտուլիզմը երեխաների մոտ ախտորոշվում է ախտանշանների առկայության դեպքում։ Ախտորոշումը հաստատվում է կղանքի նմուշի հետազոտությամբ։
Բժիշկները կարող են ենթադրել, որ հիվանդի մոտ կա թունավորում, երբ առկա է բնորոշ հիվանդության պատմություն և ֆիզիկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է բոտուլիզմին բնորոշ նշաններ։ Սակայն սա դեռ բավարար չէ վերջնական ախտորոշում դնելու համար։ Այլ հիվանդություններ ինչպիսիք են՝ Գիեն-Բարրե, կաթված, Միասթենիա գրավիս նույնպես կարող են առաջացնել նույն ախտանշանները և այդ պատճառով հարկավոր է անցկացնել սպեցիֆիկ հետազոտություններ ժխտելու այդ հիվանդությունները։ Այդ հետազոտություններն են՝ գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտություն, էլեկտրոմիոգրաֆիա, էդրոֆոնիումի փորձ (Միասթենիա Գրավիսի ախտորոշման համար)։ Վերջնական ախտորոշումը դրվում է, երբ սննդում, ստամոքսի կամ աղիքային պարունակության մեջ, փսխման զանգվածում, կղանքում հայտնաբերվում է բոտուլոտոքսին։ Բոտուլոտոքսինը երբեմն հայտնաբերվում է արյան մեջ՝ սուր դեպքերում։ Բոտուլոտոքսինը հայտնաբերվում է տարբեր եղանակներով՝ էլեկտրո-լյումինեսցենտային (ECL), ELISAs թեստ կամ մկանը պատվաստում են հիվանդի արյունով[22]։
Բակտերիայի վեգետատիվ ձևը ոչնչանում է տաքացման ժամանակ ի տարբերություն սպորի, որը կայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ[23][24]։ Դա հնարավորություն է տալիս աճել և կրկին արտադրել թույն նորմալ պայմաններում[25][26]։
Մինչև 12 ամսական երեխաներին արգելվում է մեղրի օգտագործումը, քանի որ մեղրը պարունակում է բոտուլինումի սպորներ։ 12 ամսականից մեծ երեխաները և մեծահասակները ունեն նորմալ աղիքային ֆլորա, որը ճնշում է բոտուլինումի սպորներին[27]։ Պահածոները պետք է եռացվեն 121 °C (250 °F)-ում մոտավորապես 3 րոպե, այդ պայմաններում հազվադեպ է առաջանում բոտուլիզմ, բայց իհարկե կան բացառություններ՝ Ալյասկայում 1978 թվականին և Կասլբերի գործարանում 2002 թվականին։
Սննդային բոտուլիզմը հազվադեպ հանդիպող տեսակ է մոտ 15%-ը դեպքերի (ԱՄՆ) և այն հաճախ առաջանում է տնային պայմաններում պատրաստված այն պահածոյացված մթերքներից, որոնց թթվայնությունը ցածր է, օր․ գազարի հյութ, ծնեբեկ, կանաչ լոբի, ճակնդեղ և եգիպտացորեն։ 2002 թվականի հուլիսի 14–ին ալյասկայի բնակիչները կերել են կետի միս և նրանցից 8 հոգու մոտ նկատվել է բոտուլիզմի ախտանշաններ, որոնցից 2 հոգին կարիք են ունեցել թոքերի արհեստական շնչառության[28]։ Մնացած ավելի հազվադեպ հանդիպող պատճառներն են (ամեն տասնամյակ ԱՄՆ-ում)[29]՝ սխտորը կամ խոտաբույսերը[30], չիլի պղպեղը[29] ջեռոցում ոչ ճիշտ պատրաստված կարտոֆիլը[29] տոմատը[29], տնային պայմաններում պատրաստված ֆերմենտացված ձուկը։
Տնային պայմաններում պահածոներ պատրաստելիս պետք է ուշադրություն դարձնել հիգիենային, ճնշմանը, ջերմաստիճանին։ Պահածոներում պետք է լինի միայն թթու մթերքներ, օր․ խնձոր, տանձ, հատապտուղներ։ Տրոպիկական մրգերն ունեն ցածր թթվայնություն և պետք է դրանց պահածոյացման ժամանակ ապահովել թթու միջավայր[31]։
Ցածր թթվայնություն ունեցող մթերքների pH բարձր է 4,6-ից։ Դրանցից են՝ կարմիր միսը, ծովամթերքը, կաթը և թարմ բանջարեղենները, բացառությամբ լոլիկի։ Թթվային մթերքների рН 4,6 է կամ դրանից ցածր։ Դրանք մրգերն են, թթու վարունգը, դոնդողը, ջեմը, մարմելադը և այլն[32]։
Չնայած լոլիկը համարվում է թթվային սնունդ, սակայն ներկայումս հայտնի է, որ կան տեսակներ, որոնց pH քիչ բարձր է 4,6-ից։ Այդ պատճառով պահածոյացման ժամանակ պետք է թթվայնությունը բարձրացնել կիտրոնի հյութի կամ կիտրոնաթթվի միջոցով[32]։ Ալյումինե փայլաթիթեղի մեջ փաթաթված և ջեռոցում պատրաստված կարտոֆիլը պետք է տաք մնա մինչև սառնարան դնելը[33]։
Քանի որ բոտուլիզմի տոքսինը ոչնչանում է բարձր ջերմաստիճանային պայմաններում, ուստի տանը պատրաստված պահածոները պետք է եռացնել մոտավորապես 10 րոպե ուտելուց առաջ[34]։ Ցանկացած պահածոյի աման, որը ջերմամշակման ժամանակ վնասվել է այլևս ենթակա չէ օգտագործման։
Գոյություն ունի պատվաստանյութ, որի օգտակարությունը ապացուցված չէ հաշվի առնելով բազմակի կողմնակի էֆեկտների առկայությունը[1]։ 2013 թվականից շարունակվում են աշխատանքները գտնել ավելի օգտակար պատվաստանյութ[1]։
Բոտուլիզմը հիմնականում բուժվում է հակաթույնի միջոցով[1]։
Օժանդակ միջոցներից են շնչառական ֆունկցիայի մոնիտորինգը։ Շնչառական անբավարարության առաջացման պատճառը շնչառական մկանների պարալիչն է, որի բուժման համար անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառություն մոտ 2-8 շաբաթ տևողությամբ և ինտենսիվ բժշկական օգնություն և հսկողություն[35]։
Որոշ դեպքերում բժիշկները կարող են փորձել հեռացնել աղտոտված սնունդը, որը դեռևս գտնվում է մարսողական ուղիներում և առաջացնում է փսխում։ Հաճախ այն հեռացվում է վիրահատական ճանապարհով, որպեսզի վերացվի տոքսին արտադրող բակտերիայի աղբյուրը[36]։
Բոտուլինումի հակաթույնը կազմված է հակամարմիններից, որոնք չեզոքացնում են տոքսինները շրջանառող համակարգից պասիվ իմունիզացիայի եղանակով[37]։ Այն խափանում է նոր տոքսինի միացումը նյարդամկանային հանգույցին, բայց չի վերացնում արդեն առկա պարալիչը[37]։
Մեծահասկաների բուժման նպատակով հաճախ կիրառվում է եռավալենտ հակաթույն պարունակող հակամարմիններ, որոնք ազդում են բոտուլինոտոքսին A, B և E-ի դեմ, գոյություն ունի նաև հյոթավալենտ հակաթույն, որը հայտնաբերվել է ԱՄՆ-ում 2013 թվականին[12][38]։ Երեխաների շրջանում հաճախ խուսափում են ձիուց ստացված հակաթույնը կիրառել վախենալով, որ կարող է առաջանալ շիճուկային հիվանդություն, գերզգայունություն ձիուց ստացված սպիտակուցի նկատմամբ[39]։ Բոտուլիզմի բուժման նպատակով ԱՄՆ-ում 2003 թվականին մշակվել և հաստատվել է մարդու կողմից ստացված հակաթույն[40]։ Այս հակաթույնը բազմիցս ապացուցվել է, որ անվտանգ և օգտակար է մանկական բոտուլիզմը բուժելու համար[40][41]։ Սակայն բավարար փաստեր չկան, որոնք վկայում են ձիուց ստացված հակաթույնի վնասակարության մասին, կա մի հետազոտություն, որը ցույց է տալիս, որ այն նույնիսկ անվտանգ և օգտակար է է երեխաների բոտուլիզմի բուժման համար[39]։
Եռավալենտ հակաթույնը (A,B,E) ստացված է ձիու սպիտակուցից։ ԱՄՆ-ում այդ հակաթույնը առկա է միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում (CDC)։ Երկրորդ հակաթույնը, որը յոթավալենտ է ստացված է <<վտանգավոր>> ձիու IgG հակամարմիններից, որոնք ունեն Fc սպիտակուցային մաս բաժանված 2 մասի F (ab ')։ Այս ավելի քիչ իմունոգեն հակաթույնը օգտակար է բոլոր տեսակի բոտուլինումի շտամերի դեմ և չունի հակացուցումներ։
Բոտուլիզմի հետևանքով առաջացած պարալիչը կարող է պահպանվել 2-8 շաբաթ[35]։ Մահացությունը կազմում է 5%-10%.[1]։ Բուժման բացակայության ժամանակ լետալ ելքը 40%-50% է[41]։
Երեխաների մոտ բոտուլիզմը սովորաբար չի թողնում երկարատև հեռակա կողմնակի հետևանքներ, բայց կարող է բարդանալ կողմնակի երևույթներով կապված բուժման հետ։ Լետալ ելքը բուժման ժամանակ կազմում է 1%-ից քիչ։
Ամբողջ աշխարհում բոտուլիզմը հանդիպում է հազվադեպ[1], տարեկան գրանցվում է 1,000 դեպք[42]։
ԱՄՆ-ում մոտավորապես ամեն տարի գրանցվում է 145 դեպք։ Որից 65%-ը բաժին է ընկնում մանկական բոտուլիզմին, 20%-ը վերքային բոտուլիզմին և 15%-ը սննդային բոտուլիզմին[43]։ Մանկական բոտուլիզմի դեպքում գրանցվել է են սպորադիկ դեմքեր, որոնք կապված չեն եղել էպիդեմիայի (համաճարակ) հետ։ Օրինակ 1974-1996 թվականներին մանկական բոտուլիզմի բոլոր դեպքերի 47%-ը գրանցվել է Կալիֆոռնիայում[43]։
1990-2000 թվականներին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հայտնեց 263 սննդային բոտուլիզմի դեպքի մասին, որից 4%-ը ավարտվել է մահվանբ։ 39%-ը տեղի է ունեցել Ալյասկայում, ընդորում բոլոր դեպքերը կապված են եղել ազգային սննդակարգի հետ։ ԱՄՆ-ի 49 նահանգներում 70 (91%) գրանցված դեպքի պատճառը եղել է տան պայմաններում ոչ ճիշտ պատրաստված պահածոները։ Ամենաշատ դեպքեր գրանցվել են Ալյասկայում, Վաշինգտոնում, Այդահոյում և Օրեգոնում։ Մնացած բոլոր նահանգներում հիվանդացությունը կազմում է 1 դեմք 10 միլիոն բնակչի հաշվով կամ ավելի քիչ[44]։
Սննդային և մանկական բոտուլիզմի դեպքերի թիվը քիչ է փոփոխվել վերջին տարիներին, բայց վերքային բոտուլիզմի հանդիպման հաճախականությունը ավելացել է ի հաշիվ հերոինի օգտագործման, հատկապես՝ Կալիֆոռնիայում[45]։
Բոլոր տվյալները, որը վերաբերվում է բոտուլիզմի լաբորատոր հաստատման և հակաթույնի թողարկման ամեն տարի գրանցվում և հրապարակվում է ինտերնետային կայքի միջոցով[43]։
Մեծ Բրիտանիայում սննդային բոտուլիզմի բռնկում տեղի է ունեցել 1989 թվականի հունիսին։ Տուժել են 27 մարդ, որոնցից մեկը մահացել է։ 25 պացիենտ կերել են ախտանիշների դրսևորումից մոտ մեկ շաբաթ առաջ նույն ֆիրմայի պնդուկով յոգուրտը։ Վերահսկողության միջոցառումները ներառում էին՝ արգելել յոգուրտների արտադրությունը և վաճառքը, ինչպես նաև ընդհանուր հանրությանը խորհուրդներ, որպեսզի խուսափեն բոլոր այդ տեսակի մթերքներից[51]։
1958-1983 թվականներին Չինաստանում բոտուլիզմի 986 բռնկման դեպք է գրանցվել, որոնցում ներգրավված է 4 377 մարդ `548 մահվան ելքով[52]։
1985 թվականից ի վեր Կանադայում հայտնաբերվել է 91 հաստատված սննդայինի բոտուլիզմի դեպք, որից 85% -ը տեղի է ունեցել Ինուիտի համայնքում, հատկապես Նինավիկում։ Դեպքեր գրանցվել են նաև ծովամթերքից պատրաստված ազգային ուտեստներից[53]։
2017 թվականին Ուկրաինայում գրանցվել է 70 բոտուլիզմի դեպք՝ 8 մահվան ելքով։ Նախորդ տարի գրանցվել է 115 դեպք `12 մահվան ելքով[54]։
Բոտուլիզմը կարող է հանդիպել շատ ողնաշարավորների և անողնաշարավորների մոտ, օրինակ՝ մկների առնետների, գորտերի, խեցգետինների, խխունջների, դրոզոֆիլ ճանճերի և այլն[55]։
Բոտուլիզմից մահը հանդիպում է ջրային թռչունների մոտ, ամեն տարի բոտուլիզմից մահանում է 10 000-100 000 թռչուն։ Որոշ խոշոր բռնկումների ժամանակ կարող է մահանալ միլիոն կամ ավելի շատ թռչուն։ ԱՄՆ-ի արևմուտքում և Կանադայում բադերը ամենահաճախն են հիվանդանում, այդ իսկ պատճառով այն ավելի հայտնի է որպես «արևմտյան բադի հիվանդություն» անվանմամբ[56]։ Թռչունների մահացության մակարդակը տատանվում է մի քանի թռչունից մինչև թռչունների 40%-ը։
Բոտուլիզմը կարծես թե համեմատաբար հազվադեպ է հանդիպում տնային կաթնասունների մոտ։ Այնուամենայնիվ, աշխարհի որոշ մասերում համաճարակների բռնկման ժամանակ դեպքերի մինչև 65%-ը ավարտվում է մահվան ելքով։
Նրանց բնորոշ ախտանշանները կարող են լինել՝ անհանգստություն, թքահոսություն, կոորդինացիայի խանգարում, միզակապություն, դիսֆագիան։ Այն կենդանիները, որոնք ընդունում են կողքի պառկած դիրք հաճախ ավելի մոտ են մահվան։ Ոչխարների մոտ կարող է դիտվել քթից շճային հեղուկի արտադրություն, կոորդինացիայի խանգարում, թքահոսություն, շնչառության խանգարում։ Հիվանդության խորացման ժամանակ առաջանում է վերջույթների պարալիչ և կարող է վրա հասնել մահը։
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս պատվաստանյութի օգտակարության մասին Կլոստրիդիում բոտուլինումի C և D սերոտիպերի դեմ[57]։
Ձիերի մոտ հանդիպող կլինիկական ախտանշաններն նման են կաթնասունների նշաններին։ Մկանային պարալիչը պրոգրեսիվում է, հաճախ այն սկսվում է հետին վերջույթներից և դանդաղ տարածվում է դեպի առջևի վերջույթներ, պարանոց և գլուխ։ Մահը հաճախ վրա է հասնում ախտանշանները սկսվելուց 24-72 ժամ անց և խոսում է շնչառական մկանների պարալիչի մասին[58] ։
Բոտուլիզմ հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվող ձիերի մոտ, որոնց մոտ մահվան հիմնական պատճառը կոկորդի մկանների պարալիչն է։
Տնային շների մոտ կարող է առաջանալ համակարգային տոքսեմիա C տիպի բոտուլիզմի էկզոտոքսինի ազդեցությունից[58]։ Ավելի հաճախ այն ունենում է ավելի ծանր հետևանքներ, օր․ մկանային պարալիչ։ Մկանային պարալիչը կարող է հանգեցնել մահվան՝ սրտի կամ շնչառության կանգի պատճառով[59]։
Խոզերը ավելի դիմացկուն են բոտուլիզմի նկատմամբ։ Բնորոշ ախտանշաններն են՝ անոռեքսիա, հրաժարվում են խմելուց, փսխում, բբի լայնացում և մկանային պարալիչ[60]։
Տնային և վայրի թռչունների մոտ հաճախ դիտվում է ոտքերի, թևերի, պարանոցի և կոպերի մկանների պարալիչ։ Հավերի մոտ կարող է դիտվել նաև փորլուծություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.