Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բասեն, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Բասեն գավառի կենտրոնը, Էրզրումից մոտ 42 կմ արևելք։ Գտնվում է Տրապիզոն-Թավրիզ ճանապարհին, Ծիրանաց (Հասանկալա) լեռների ստորոտին։
Քաղաք | ||
---|---|---|
Բասեն | ||
թուրքերեն՝ Pasinler | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Էրզրումի մարզ | |
Համայնք | Էրզրումի մարզ | |
Մակերես | 1 257 կմ² | |
ԲԾՄ | 1692 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 14 762 մարդ (2008) | |
Խտություն | 33 267 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 442 | |
Փոստային ինդեքս | 25300 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
Պաշտոնական կայք | pasinler.gov.tr | |
|
Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Բոլորպահակ, Գալե, Գալիգալա, Գալիկալա, Դևեբոյնու, Դորոնք, Դրունք, Հասանբերդ, Հասանգալա, Հասանգալե, Հասանխալա, Հասանխալե, Հասանկալե, Հասանղալա, Հասանղալե, Հասանքալա, Հասանքալաաճ, Հասանքալե, Հասանքալեհ, Պատիր Ջավան, Ջավանկալե։
Հնում հայտնի է եղել Բոլորապահակ անունով։ Այնուհետև եղել է նշանավոր բերդաքաղաք՝ Դարոյնք անունով (չպետք է շփոթել Կոգովիտ գավառի Դարոյնքի հետ)։ Հասանակալ է կոչվել 14-15-րդ դարերից։
Ենթադրվում է, որ քաղաքի անվանումը կապված է կամ հայազգի Հասան իշխանի կամ Ակկոյունլու տիրակալ Ուզուն-Հասանի անվան հետ։ Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ՝ Բասենի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ազգական Հասանը։
Բասենի դաշտում, ժայռոտ բլուրների վրա կառուցված բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ (իր հերթին պարսպապատ Բասենն այդ պատճառով կոչվել է եռապարիսպ քաղաք)։
1829 թվականի հուլիսի 24-ին ռուսական բանակը գրավել է մոտ 500 բնակչություն (հայ և թուրք) ունեցող Բասենը, սակայն Ադրիանապոլսի պայմանագրով (1829) քաղաքը մնացել է թուրքական տիրապետության տակ։ Բասենի հայերի զգալի մասը 1830 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Ռուսական զորքը Բասենը գրավել է նաև 1878 թվականին, 1916 թվականին, սակայն թուրքերը 1918 թվականին դարձյալ զավթել են այն։ Բասենի հայերը (1909 թվականին՝ 45 ընտանիք) բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
XIX դարի սկզբներին ուներ 1700, 1880-ական թվականներին` 1500, 1909-1913 թվականներին ուներ 2500 տուն բնակիչ, որոնցից 45-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։Մինչև 1828-1829 թվականների ռուս թուրքական պատերազմը հայերը կազմում էին մեծամասնությունը։ Այդ պատերազմի ժամանակ թուրք բնակչությունը փախել էր Էրզրում։
Բնակավայրն ուներ ընդարձակ շուկա` իր տասնյակ կրպակներով ու արհեստանոցներով։
Հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով ու արհեստներով, թուրքերը՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։
Քաղաքի մոտակայքում բխում են 35-45° ջերմաստիճանով երկաթային և ծծմաբային հանքային ջրեր։ Այդ աղբյուրներից երեքը դեռ հին ժամանակներից օգտագործել են բուժման նպատակներով։
Բնակավայրի մոտակայքում կան նաև բորակի և քարածխի հանքեր։
Քաղաքի տները եղել են աղյուսաշեն կամ քարակերտ երկհարկանի տներ, որոնք շարքերով շարված են եղել բերդակիր լեռան լանջին ու ստորոտին։ Քաղաքի շինությունները կառուցվել են խառնիխուռն, դրա համար էլ քաղաքն ուներ ծուռումուռ փողոցներ։
Հին ժամանակներից ի վեր քաղաքն ունեցել է բնական տաք ջրերով գործող բաղնիքներ։ Նոր ժամանակներում պահպանվել էր 2 քարաշեն բաղնիքներ, որոնք գնտվում էին Հասանակալա (Մուրց) գետի աջ և ձախ կողմերում։
Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Հասանկալայի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոսի ազգական Հասանը։ Բերդը կառուցված է Բասենի դաշտում՝ ժայռոտ բլուրների վրա, որոնցից հարավ-արևմուտք հիմնվել է քաղաքը։ Բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ։ Պարսպապատ է եղել նաև քաղաքը։ Այդ պատճառով Հասանկալա հիշվում է որպես եռապարիսպ քաղաք։
Ենթադրվում է, որ բերդը կառուցվել է դեռևս մ.թ.ա. IX-VI դարերում, իսկ հետագայում այն մի քանի անգամ վերանորոգվել ու վերականգնվել է։ Բերդը գտնվում էր քաղաքի հյուսիսարևմտյան կողմում` բոլորաձև լեռան վրա` գետնից 2650 մետր բարձր։ Այն շրջանաձև էր և ուներ կրկնակի պարիսպներ ու աշտարակներ։ Բերդի ներքին և արտաքին շարքերին զուգահեռ փորված էր 6 մ լայնությամբ և 2.1 մետր խորություն ունեցող խրամ, որը վտանգավոր պահերին լցվում էր ջրով։
Բերդն ունեցել է երկու դուռ` Բասենի կամ Արևելյան դուռ և Էրզրումի կամ Արևմտյան դուռ։ Երկու դռների դիմաց կառուցված էին ջրամբարներ, որոնցից ստորեկրյա ճանապարհով ջուրն իջնում էր գետի եզրը` պաշարումների ժամանակ ջուր բերելու համար։
Հասանկալայի բերդը վերականգնվել է XVI դարում։ 1885 թվականին այն վերանորոգվել է անգլիացիների, իսկ ապա` գերմանացիների կողմից։
Հասանկալայի բերդը պահպանվել է մինչև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը[1]։
Քաղաքի լավագույն կառույցները համարվում էին մզկիթները, որոնցից երեքը նախկինում եղել են հայկական եկեղեցիներ։ Մզկիթի վերածված եկեղեցիներից մեկը գնտվում էր Հասանկալայի բերդում։ Քաղաքում XIX դարում կար ընդամենը մեկ փոքրիկ, բայց գեղատեսիլ եկեղեցի։
Քաղաքից 5 կմ հյուսիս գտնվում է Ս. Աստվածածին կամ Բասենո վանքը (նաև Հասանակալայի վանք)։ Այն գտնվում էր Արաքսի ձախ կողմում, Ծիրանաց լեռների հյուսիսարևելյան լանջին` լեռներով շրջափակված։
Ըստ ավանդության վանքը XI դարում կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի գերեզմանը գտնվում է վանքում։ Սակայն վանքը վերագրվում է VII-VIII դարերի հնության։ Վանքը կենտրոնագմբեթ էր և ուներ ակնահաճո սյունազարդ գավիթներ։ XIII-XVII դարերում վանքում կատարվել են վերանորոգումներ։ Վերջին վերանորոգումը եղել է 1800 թվականին։ Բասենո վանքը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի ամենահարուստ հաստատություններից մեկը։ Այն ուներ ավելի քան 300 գյուղ և ավան։ Եղել է գրչության հայտնի կենտրոն[2]։
Ս. Աստվածածին վանքից Արևելյան Հայաստան է բերվել «Յոթ վերք» սրբապատկերը, որը Շիրակի մարզի մի քանի եկեղեցիներում լինելուց հետո իր վերջնական հանգրվան է գտել Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Նկարի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[3]։
Հասանկալայի վանքն ավերվել ու ամայեցել է 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ XX դարի վերջին պահպանվել էին միայն ավերակներ[2]։
Հասանկալայում պահպանվում էր Մենուա թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրություն, որտեղ խոսվում էր ինչ-որ դղյակի կառուցման մասին։
Հասանկալայով էր անցնում Տրապիզոն-Պարսկաստան տարանցիկ առևտրական ուղին։ Քաղաքն ուներ Էրզրումի հետ կապող առաջնակարգ սայլային ճանապարհ, որը խճապատվել էր XVIII դարի կեսերից[1]։
Հասանկալայի մոտակայքում է գտնվել Ադկոնֆյուենտես անունով ճանապարհային կայանը՝ Արտաշատ-Սատաղ հին ճանապարհի վրա՝ նշանակված Պևտինգերյան քարտեզում։ Գտնվում էր Սատաղից հռոմեական 169 մղոն , իսկ Բագավանից 133 մղոն հեռավորության վրա[4]։
Հայերն ունեին իրենց վարժարանը։
XVI-XVII դարերում Հասանկալայում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնցից մեզ է հասել Բարսեղ քահանա գրչի կոմղից 1629 թվականին գրված Սաղմոսարան[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.