Արուս Տիգրանի Ոսկանյան (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարբասյան, ապրիլի 28 (մայիսի 10), 1889, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արուս Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 10), 1889 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 20, 1943 (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Էսայան վարժարան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին(ներ) | Հովսեփ Ոսկանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Արուս Ոսկանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ապրել է անկարիք մանկություն, ստացել լավ կրթություն։ Վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին[1]։ Ավարտել է Էսայան վարժարանի նախակրթական բարձրագույն բաժինները, ապա ուսանել ֆրանսիական քոլեջում։ Կրթությունն ավարտելուց հետո ընտրում է ուսուցչուհու գործը Ազգային հիվանդանոցի որբանոցում։ Նա Էսայան վարժարանում դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, որի մեջ մեծ դեր է ունեցել նրա ուսուցչուհին՝ բանաստեղծուհի Սիպիլը։ Բայց ուսուցչուհու գործը այնքան չէր գրավում նրան, որքան դերասանուհու աշխատանքը։ Եվ Արուսյակ Դարբասյանի համար առաջին առիթը եղավ երիտասարդ Վահրամ Փափազյանի ժամանելը Կոստանդնուպոլիս։ Աղջկան ոգևորում է երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ «Օթելլոյում» խաղալ Էմիլիայի դերը։ Նշանված օրիորդը շատ համարձակ է գտնվում և արհամարհում է դրության բարդ լինելը ու ստիպված է լինում նաև հատուցել դրա համար։ Շուտով փեսացուն հրաժարվում է նրանից, իսկ աղջկան ծնողները փախցնում են Բուլղարիա[2][3]։
Երկրորդ առիթը Արուսյակ Դարբասյանին կապում է թատերական արվեստին։ 1908 թվականին Բուլղարիայից վերադարձած օրիորդը դիտում է Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները։ Թատերախմբի այդ կազմը, նրա տված ներկայացումները, այդ հյուրախաղերն նրա մեջ առաջացնում են բեմին նվիրվելու մեծ ձգտում։ Շուտով Արուսյակ Դարբասյանը ծանոթություն է հաստատում Աբելյանի հետ, ստանում նրա մեծ հովանավորությունը, ստանում Սիպիլի օրհնությունը, և Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնում Կովկաս։ Իսկ երբ օրիորդը մտերմանում, ապա և ամուսնանում է այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, լիովին գտնում է իր տեղը թատրոնում։ Արուսյակ Դարբասյանին փոխարինում է դերասանուհի Արուս Ոսկանյանը, ով մեծ ճանապարհ է անցնում արվեստում։
Կովկաս գալով՝ Ոսկանյան ընտանիքը հաստատվում է Բաքվում։ Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սև Քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական և օպերետային ներկայացումներում։ Այստեղ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան և ինքնակամ ստանձնում նրա բեմական ուսուցիչը լինելու գործը։
Մինչև 1917 թվականը Ոսկանյանը հանդես է եկել Բաքվում, երբեմն էլ, Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ, շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում և այլուր։ Այդ տարիներին շատ դերեր է խաղացել երիտասարդ դերասանուհին. Սոնա, Սուսան, Մարգարիտ՝ Շիրվանզադեի դրամաներում և այլն։
Դերասանուհու գործունեության հաջորդ փուլը (1917-1921 թվականներ) ընթանում է Թիֆլիսում։ 1917 թվականից Ալեքսանդր Շիրվանզադեի՝ դերասանուհու հովանավորի խորհուրդներով ու աջակցությամբ, Ոսկանյանը հանդես է գալիս Թիֆլիսում, Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում։
Նրա մեծաթիվ դերերի մեջ առանձին նշանակություն է ստանում Կատերինան («Ամպրոպ», 1935 թվական)։ Այս դերի վրա դերասանուհին աշխատել է շատ ու խորին բավականությամբ և հասել հաջողության։
Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և դերասանուհին, ով տանել չէր կարողանում տարեց կանաց դերերը՝ հանձն է առնում Մարիա Նիկոլաևնայի դերը «Ռուս մարդիկ» ներկայացման մեջ։ Դա նրա վերջին դերն է լինում, ինչպես Զեյնաբի («Դավաճանություն») դերակատարումը 1943 թվականի հունիսի 29-ին՝ վերջին խաղը[4]։
Մահ
Դերասանուհին մահացել է 1943 թվականի հուլիսի 20-ին՝ որովայնային տիֆից[5]։
Խաղացած դերեր
Հեղինակ | Պիեսի անվանում | Դեր |
---|---|---|
Ա.Յուժին-Սումբատով | «Դավաճանություն» | Ռուքայա |
Ա.Օստրովսկի և Ն.Սոլովյով | «Բելուգինի ամուսնությունը» | Ելենա |
Ֆ.Շիլլեր | «Ավազակներ» | Ամալիա |
Ուիլյամ Շեքսպիր | «Օթելլո» | Դեզդեմոնա |
Հայզե | «Մարիամ Մագթաղինացի» | Մարիամ Մագթաղինացի |
Մ. Արցիբաշև | «Խանդ» | Ելենա |
Ա.Լունաչարսկի | «Կարմիր դիմակ» | Դիանա |
Ա.Լունաչարսկի | «Թույն» | Ռիմա |
Դ.Շչեգլով | «Բուք» | Օլան |
Բ.Ռոմաշով | «Հրե կամուրջ» | Իրինա |
Ա.Գլեբով | «Ինգա» | Ինգա |
Գ.Հաուպտման | «Ջրասույզ զանգ» | Ռաուտենդլայն |
Ա.Օստրովսկի | «Ամպրոպ» | Կատերինա |
Ս.Շանշիաշվիլի | «Արսեն» | Նենո |
Բ.Ռոմաշով | «Հրե կամուրջ» | Իրինա |
Դ.Շչեգլով | «Տրանսատլանտիկ» | Օլան |
Վ.Կիրշոն | «Ռելսերը զրնգում են» | Լյուդմիլա |
«Կացնի պոեմ» | Անկա | |
Ա.Աֆինոգենով | «Ահը» | Ելենա |
Վ.Շկվարկին | «Ուրիշի երեխան» | Մանյա |
Ջ.Ջաբարլի | «Սևիլ» | Սևիլ |
«Ռուս մարդիկ» | Մարիա Նիկոլաևնա | |
Ա.Յուժին-Սումբատով | «Դավաճանություն» | Զեյնաբ |
Պարգևներ
- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)
- Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1927 թվականի հունվարի 25)
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.